Ամենօրյա «կանաչ» մոտեցումներ, որ կօգնեն բարելավելու ձեր կյանքը և կաջակցեն բնությանը
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ պատրաստել ենք նյութեր, որոնք կօգնեն ձեզ պարզ մոտեցումների միջոցով տանը խնայել էլեկտրաէներգիան, ջուրը, թուղթը, հրաժարվել պլաստիկից ու բարելավել տան օդի որակը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Հունիսի 5-ին Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Տարեցտարի շրջակա միջավայրն ավելի ու ավելի է աղտոտվում, ինչը բերում է կլիմայի փոփոխության։ Վերջինս բացասական է ազդում բոլորիս վրա, ուրեմն բոլորս էլ պետք է պայքարենք դրա դեմ։
Դրա համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը հավաքել են պարզ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուրը կարող է կիրառել տանը և իր ներդրումն ունենալ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։
Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։ Հավատացե՛ք դա հնարավոր է անել, միայն պետք է սկսել։
Մեր երիտասարդները՝ հանուն բարենպաստ կլիմայի, մեր երկրի և մեր ապագայի
«Ես կուզեի՝ մարդիկ չմոռանան, որ բնության մի մասնիկն են, բնությունն իրենց ամբողջականությունն է։ Երբ ուղղակի կամ անուղղակի վնաս են հասցնում բնությանը, վնաս են հասցնում առաջին հերթին իրենք իրենց։ Իսկ հայրենասեր քաղաքացիներին ուզում եմ ասել՝ պահպանելով բնությունը պաշտպանում ենք հայրենիքը։ Երբեմն մեծ բաներ անել պետք չէ։ Եթե մենք մեր տարածքը ավելի լավ դարձնենք, կունենանք հզոր, կանաչ հայրենիք ու մոլորակ։ Ես ինքս այդ նպատակին հասնելու համար սովորում եմ, սովորեցնում եմ, գործում եմ»։ Նարեկ
«Աղբը տեսակավորեցինք, դարձրինք թափոն: Հաջորդ քայլն այն վերամշակման ուղարկելն է, բայց ինչպե՞ս․ նախ միասին ուսումնասիրեցինք դաշտը և պարզեցինք, որ Հայաստանում 24 վերամշակող կամզակերպություն կա։ Շատ են, չէ՞»։ Անի
«Բայց ցավոք, մեր համայնքում հատուկ աղբամաններ չկան։ Անիի հետ որոշեցինք, որ մենք՝ որպես համայնքի բնակիչ, նույնպես իրավունք ունենք դիմել համայնքապետարանին՝ Չարենցավանում թափոնների հավաքագրման կետ հիմնելու առաջարկով։ Դիմումն արդեն ուղարկել ենք՝ տեսնենք՝ ինչ արձագանք կլինի»։ Ալլա

«Օրինակ ես ժամանակին շատ եմ ոգևորվել Գրետա Թունբերգի շարժումից։ Հասկացել եմ, որ ամեն ոք կարող է իր դերն ունենալ աշխարհը ավելի լավը դարձնելու գործում, եթե ցանկությունը մեծ է։ Դա էր նաև պատճառը, որ շատ ոգևորվեցի այս նախագծով։ Թեման իրոք հոգեհարազատ էր։ Ու ես հույս ունեմ, որ մեր խոսքն էլ տեղ կհասնի ու ինչ-որ մեկին կոգևորի»։ Դանիելա
«Մենք պատրաստ ենք իրավիճակը փոխելու համար մեր ներդրումն ունենալ։ Օրինակ, ես կարող եմ բացահայտել մեկի ասելիքը կամ առաջարկած լուծումը, որ դեռևս բացահայտված չէ։ Կարող եմ նրանց ասելիքի բացահայտողը լինել, այդ խոսքը տարածողը լինել»։ Դավիթ
Գործե՞նք՝ հազարավոր բառերի փոխարեն
Հազարավոր պլաստիկ շշերի փոխարեն՝ մեկ շիշ
Հազարավոր ցելոֆանե տոպրակների փոխարեն՝ մեկ կտորե տոպրակ