Դեռահասները և ուսուցիչները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի կենտրոնում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանի հետ զրուցել ենք կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր հետազոտության արդյունքների, երկրում կլիմայական կրթությունը բարելավելու առաջնահերթության մասին:

Անի Գրիգորյան
Two adolescent boys are creating a poster with plastic, writing on it "keep clean''.
UNICEF Armenia/2021/Margaryan
05 Մայիս 2022

Կլիմայի փոփոխությունը վաղուց արդեն մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է։ Դրա հետևանքով առաջացող բացասական երևույթներն ու ռիսկերը սպառնում են բոլորին, սակայն որքանով է հանրությունը գիտակցում և տեղյակ կլիմայական փոփոխությունների՝ իր վրա ազդեցության և դրա մեղմման գործում իր մասնակցության կարևորության մասին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ մշակել է գործողությունների մի ամբողջ ծրագիր, որը միտված է պարզել՝ Հայաստանի համայնքներում, հատկապես դեռահասների շրջանում, ինչպիսին է կլիմայական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ իրազեկվածությունը, բարելավել կլիմայական կրթությունը՝ դեռահասներին անհրաժեշտ գիտելիք և հմտություններ փոխանցելու նպատակով, ինչպես նաև խրախուսել դեռահասների կողմից իրենց համայնքներում կլիմայական փոփոխությունները մեղմելու ծրագրերի իրականացումը։

«Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող ճգնաժամը գլոբալ է և որպես կանոն, ամենից շատ տուժում են երեխաները և դեռահասները: Այս առումով ամենախոցելին աղքատության մեջ ապրող երեխաներն ու դեռահասներն են, որոնք ավելի շատ են ենթարկվում ցնցումների», - պարզաբանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանը՝ հավելելով, որ ըստ վերջին հետազոտությունների՝ ավելի քան մեկ միլիարդ երեխայի ապագան վտանգված է կլիմայական երևույթների պատճառով:

UNICEF Climate Change Officer Vigen Shirvanyan
UNICEF Armenia/20212/Ghazaryan

«Մենք անցնում ենք տարբեր ցնցումներով, հասարակությունն իհարկե տարբեր խնդիրներ ունի, հատկապես սահմանային գյուղերում մարդիկ այլ առաջնահերթություններ ունեն և կլիմայի փոփոխությունը, որպես այդպիսին, դիտվում է հեռավոր խնդիր։ Այնինչ, այն ամենօրյա կյանքի և ապագայի մեծ ազդեցություն ունի: Կլինեն տարածքներ, որոնք ամբողջությամբ երաշտային իրավիճակում կհայտնվեն։ Այսօր գրեթե բոլոր համայնքներում  մարդիկ ջրի խնդիր ունեն նաև խմելու ջրի խնդիր և սա կապված է ինչպես ռեսուրսների կառավարման, այնպես էլ կլիմայական փոփոխության հետ: Կլիմայի փոփոխությամբ ու նաև մարդկանց միջամտությամբ ռիսկերը մեծացել են,  հողերի դեգրադացումը, անտառների, կանաչ տարածքների սակավացումը, եղանակային կտրուկ փոփոխությունները  բերում են այդ համապարփակ խնդրի ուժգնացմանը, որը պետք է պատշաճ ուշադրության արժանանա հասարակության բոլոր շերտերի կողմից»,-

նշում է Վիգեն Շիրվանյանը:

Կլիմայի փոփոխությունները մեղմելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շղթայական քայլերի միջոցով աշխատում է փոխել հանրության մոտեցումները և վարքագիծը՝ հիմնվելով նաև հետազոտության արդյունքների վրա:

Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ նոր հետազոտություն

Որպես ծրագրի առանցքային քայլ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շրջակա միջավայրի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակությամբ հրապարակել է Հայաստանի 52 խոշորացված համայնքներում առաջին անգամ իրականացված կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի հետազոտություն։

«Այս հետազոտության առաջնային նպատակը դեռահասների և համայնքի  չափահաս բնակչության շրջանում բնապահպանական խնդիրների և բնապահպանական ակտիվության վերաբերյալ ելակետային իրավիճակը հասկանալն էր։ Պետք է պարզեինք, թե ինչ ընկալում ունեն մարդիկ կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ, արդյոք գիտեն՝ ինչ է կլիմայի փոփոխությունը և ինչպես է այն ազդում կյանքի, համայնքի և իրենց գործողությունների վրա, և արդյոք այդ ուղղությամբ, դրա մեղմանն ու դրա դիմակայունության իմաստով գործողություններ արվում են»,-

նշում է Վիգեն Շիրվանյանը:

Պարզվել է, որ երկրի կլիմայի կամ եղանակային պայմանների փոփոխության մասին դեռահասներն (96,2%) ավելի շատ են լսել, քան մեծահասակները (79,8%), բայց ամբողջական գիտելիք չունեն դրա պատճառների և երևույթի բովանդակության վերաբերյալ։ Չնայած հարցվածների մեծ մասը տեղյակ են կլիմայի փոփոխության գոյության մասին, սակայն նշել են, որ ունեն գիտելիքի պակաս և տեղյակ չեն, թե որոնք են դրա հնարավոր հետևանքները և ինչ կարող են անել փոփոխության ազդեցությունից պաշտպանվելու և այն մեղմացնելու ուղղությամբ։

Բացի դրանից, դեռահասները նշել են, որ ուսուցիչները խոսել են կլիմայի փոփոխության որոշ պատճառների և հնարավոր հետևանքների մասին, սակայն հարցվածների միայն կեսն է լսել ուսուցիչներից, թե ինչ կարելի է անել կլիմայի փոփոխության ազդեցությունը նվազեցնելու համար, ինչպես կարող են իրենց ընտանիքներին պաշտպանել այդ փոփոխություններից և այլն։

Ուշագրավ է, որ դեռահասների 90%-ը պատրաստ է ավելին սովորելու կլիմայի փոփոխության մասին, և նրանց համար նախընտրելի աղբյուրը դպրոցի ուսուցիչներն են և դպրոցի տնօրենությունը: Ավելին, դեռահասների գրեթե 76%-ը պատրաստ է միջոցներ ձեռնարկելու՝ կանխելու կամ նվազեցնելու կլիմայի փոփոխության ազդեցությունն իրենց համայնքներում՝ այդ թվում հրաժարվելով իրենց որոշ սովորություններից:

«Հստակ է, որ դեռահասները պիտի լինեն հանուն բարենպաստ կլիմայի կենտրոնում, քանի որ ավելի տեղեկացված են, ավելին են ուզում սովորել և ավելի շատ են պատրաստ հստակ գործողությունների: Եվ նրանց համապատասխան հմտություններ և գործիք փոխանցելու համար ԿԳՄՍ-ի հետ սերտորեն աշխատում ենք դպրոցներում բարելավելու կլիմայական կրթությունը»,-նշեց Շիրվանյանը:

said Shirvanyan.
An adolescent girl is reusing plastic bottles.
UNICEF Armenia/2021/Margaryan

«Կլիմայի փոփոխությունը»՝ դպրոցներում

«Մենք առաջարկել ենք որ «կլիմայի փոփոխություն» եզրույթը, ի թիվս գլոբալ այլ մարտահրավերների, ընդգրկված լինի կրթության պետական ռազմավարության մեջ։ Գործընկերների հետ համատեղ պիտի աշխատենք ռազմավարության հիման վրա գործողությունների ծրագրի մշակման ուղությամբ, որպեսզի ամրագրենք կլիմայական կրթությունը շարունակաբար բարելավելու քայլերը ու դրա կարևորությունը։ Այս ամենում կա պետական գերատեսչության աջակցությունը և խնդրի կարևորումը»:

Ի լրումն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ և Ավստրիական Զարգացման գործակալության աջակցությամբոլորտային փորձագետները երկու կարևոր ձեռնարկ են մշակել նախագծային կրթության ուղղությամբ, որ կարող է օգտագործվել և՛ ֆորմալ և՛ ոչ ֆորմալ կրթության մեջ:

«Առաջին ձեռնարկը մշակել ենք ուսուցիչների համար՝ նախագծահեն  ուսուցում իրականացնելու համար: Իսկ երկրորդ ձեռնարկը մոդելային 10 դասապլաններ են, թե ինչպես, օրինակ, մաթեմատիկայի ուսուցիչը կարող է իրականացնել կլիմայի փոփոխության դասընթաց, կամ մաթեմատիկայի և կենսաբանության ուսուցիչները համատեղ միջդիսցիպլինար ձևով կարող են իրենց աշակերտների համար նախագծեր իրականացնել»- մանրամասնում է Շիրվանյանը՝ հավելելով, որ ձեռնարկներից մեկն արդեն ԿԳՄՍ նախարարի միջոցով երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ՝ դպրոցներում ուսուցիչների համար կիրառելի, իսկ երկրորդն առաջիկայում նույնպես կուղարկվի նախարարություն երաշխավորության համար։

Այս ամենից զատ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև գործընկեր այլ կազմակերպությունների միջոցով նախատեսում է թիրախային 400-ից ավելի բնակավայրներում իրականացնել դասընթացավար-ուսուցիչների վերապատրաստում։

«Ծրագրի հաջորդ փուլում դասընթացավար-ուսուցիչների կողմից էլ կվերապատրաստվեն 400-ից ավելի բնակավայրների ուսուցիչները։ Սա նախատեսվում է անել առաջիկա ամիսների ընթացքում՝ մայիսից-օգոստոս ամիսներին, որից հետո նոր ուսումնական տարում այս բոլոր ուսուցիչները աշակերտների հետ միասին կարող են իրականացնել նախագծային աշխատանքներ՝ հիմնվելով ուսուցիչների համար մշակված ձեռնարկի,առաջարկվող դասապլանների և ստացած  նոր հմտությունների վրա»,- մանրամասնում է Շիրվանյանը։

Կրթության նոր չափորոշիչների ընդունումից հետո 7-12-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտ պարտավոր է տարվա ընթացքում մեկ նախագիծ իրականացնել, որը կարող է լինել ցանկացած առարկայից։ «Ունենալով գիտելիքի և հմտությունների անհրաժեշտ բազան՝ աշակերտները թիմի ղեկավար ուսուցչի օգնությամբ կիրականացնեն նախագծեր՝ հաշվի առնելով հենց իրենց  բնակավայրի համար կլիմայի փոփոխության առաջնային ռիսկերը և խնդիրները»,- նշում է Շիրվանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր համայնքի համար կա նախատեսված դրամաշնորհային փաթեթ, և   նախագծերը մրցակցային տրամաբանությամբ կընտրվեն ու կֆինանսավորվեն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է նաև կլիմայական ռիսկերի բացահայտման մոտեցումների մշակում որպես տեղական մակարդակում ռիսկերի կառավարման գործող մեթոդաբանության մաս։ «Նախնական, պիլոտային աշխատանքներն արվել են Լոռու Թումանյան համայնքի բնակավայրերում և Ալավերդի քաղաքում։ Եվ սա պետք է իրականացվի խոշորացված համայնքների մոտ 400 բնակավայրում։ Սա հնարավորություն կտա յուրաքանչյուր բնակավայրում բացահայտելու կլիմայի փոփոխության հետ կապված համապարփակ ռիսկերը»,- նշում է Շիրվանյանը։

Այս բոլոր գործողություններից հետո ծրագրի ավարտին ևս մեկ հետազոտություն է նախատեսվում իրականացնել, որը կբացահայտի կատարված միջամտությունների արդյունքը: Կգնահատվի, թե արդյոք ծրագրի շրջանակներում հասել են թիրախներին և կարողացել փոփոխել ելակետային հետազոտության որոշ ցուցանիշներ:

«Կատարվելիք այս բոլոր գործողություններով՝ այս ծրագիրը համահունչ է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առանցքային արժեքներից հատկապես երեքին՝ հոգատարությանը՝ մեզ շրջապատող բնության, երկրի նկատմամբ, մեկս մյուսի նկատմամբ։ Հարգանքին՝հարգելով դիմացինին, արժևորում ես այն, ինչ ունես ու կիսում ես դիմացինիդ հետ նույն հոգսերն ու ռիսկերը, անտարբեր չես,և երրորդը՝ հաշվետվողականությանը, թե մենք ինչ հաշվետվողականությամբ ենք մեր ամենօրյա վերաբերմունքի, վարքագծի մեջ մոտենում մեր երկրին, երկիր մոլորակին, մեր շրջապատին, բնությանը և ինչպես ենք դրանք փոխանցում մյուս սերնդին և մյուս սերունդը ինչ պատասխանատվությամբ է դա վերցնում և փորձում շարունակել»-

եզրափակում է Շիրվանյանը։