Նարեկի նպատակը՝ 0 աղբ

Նարեկը մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերին և սոցիալական ցանցերի միջոցով հասակակիցներին կոչ է անում «0 աղբ» կենսակերպ վարել

Մարինե Քոչարյան
Նարեկը կանգնած է իրենց տան այգում՝ կանաչ ծառի մոտ։
UNICEF Armenia/2021/Gevorgyan
13 Օգոստոս 2021

Նարեկ Օհանյանը բնապահպան է։ Ապրում է Վեդիում։ Տարբեր դասընթացների միջոցով ծանոթացել է կլիմայական խնդիրներին և հասկացել, որ իր անելիքը հենց այդ խնդիրների լուծմանը պիտի ուղղի։ Նարեկն իր համայնքում էկո ակումբ է հիմնել ու տարբեր բնապահպանական ծրագրեր է իրականացնում։ Նպատակը 0 աղբ կենսակերպի հասնելն է։

Այս անգամ միացել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերին և իր սոցիալական ցանցերի միջոցով հասակակիցներին կոչ է անում վերանայել առօրյա գործողություններն ու «0 աղբ» կենսակերպի։
Մարտահրավերի ավարտին նա կիսվում է իր դժվարություններով ու հաջողություններով, խոսում կանաչ ու մաքուր մոլորակ կառուցելու իր գաղափարների մասին։

 

«Աղտոտումը լուրջ սպառնալիք է մարդկության համար»

Կլիմայական փոփոխությունները դժվար չէ նկատել։ Օրինակ, այս տարի ունեցանք անոմալ ձմեռ, հետո եկավ բացառիկ շոգ ամառ։ Բոլոր գյուղատնտեսներն էլ ասում են, որ բերքի սեզոնը շատ է առաջ ընկել, շատ մրգեր ու բանջարեղեններ իրենց ժամանակից շուտ են հասունանում։ Այս ամենը գնալով ավելի զգալի է դառնում։ Իսկ դրա վրա մեծ ազդեցություն ունի աղտոտումը։ Աղտոտումն ու արտանետումները լուրջ սպառնալիք են ողջ մարդկության համար։

 

«Մեր խոսքն ավելի արագ է տեղ հասնում»

Ուրախ եմ, որ այսօր շատ կազմակերպություններ սկսել են երիտասարդների միջոցով որոշ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Կարծում եմ՝ երիտասարդներն ավելի բաց են ու պատրաստակամ։

Եթե օրինակ 40-ամյա մարդը նույն բանն ասի, ինչ 15 տարեկանը, պարզ է, որ 40 տարեկան մարդու ասածն ավելի լուրջ կընդունեն։ Բայց, այս դեպքում, երբ մենք մեր խոսքը տարածում ենք սոցիալական մեդիայում, լուրջ առավելություն ունենք։ Մեր էջերն ավելի ակտիվ են, մեր խոսքն ավելի արագ է տեղ հասնում։

Բացի այդ, ես գործնական հմտություններ ձեռք բերեցի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած լուսանկարչության և սոցիալական մեդիայի կառավարման դասընթացների ժամանակ և այժմ ավելի վստահ եմ իմ էջը կառավարելու և ավելի շատ մարդկանց հասնելու մարտավարությամբ:

Նարեկը համակարգչով մշակում է իր ստեղծած իլուստրացիաները։
UNICEF Armenia/2021/Gevorgyan
Փաստ, միտք, հումոր
UNICEF Armenia/2021/Gevorgyan

«Հումորի միջոցով ավելի հեշտ ես ասելիքդ փոխանցում»

Մի գրառում էի դրել Գագիկ Սուրենյանի նկարով, որտեղ իբր ասում է «Շոգե՛ք, շոգե՛ք, մինչև չսկսեք 0 աղբ կենսակերպ վարել, հովերը չեմ միացնելու»։ Այս գրառումն ամենամեծ արձագանքն էր ստացել, քանի որ հումորային էր։ Հումորի միջոցով ավելի հեշտ ես ասելիքդ փոխանցում։ Երբեմն նաև քաղաքական գործիչների հայտնի խոսքերն եմ ձևափոխում ու այդպիսով կոչ անում, որ վերանայեն իրենց կենսակերպը։

Շատերը զարմանում են իմ գրառումներից, շատերը գրում են, որ առաջին անգամ են ծանոթանում նման փաստերի։ Ինստագրամի ընկերներիցս մեկը գրեց, որ իմ գրառումներից հետո որոշել է տեսակավորել աղբը։ Ես էլ առաջարկել եմ օգնել նրան։ Սա ամենատպավորիչ արձագանքներից է։

Նարեկը խնամում է տան բույսերը։
UNICEF Armenia/2021/Gevorgyan
Նարեկը խնամում է տան բույսերը։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

«Մարդիկ հաստատ կփոխեն իրենց մտածելակերպը, եթե իրազեկ լինեն»

Կարծրատիպերը, կարծիքների բախումն ու անտարբերությունն այս թեմայի նկատմամբ շատ է հանդիպում։ Ես փորձում եմ շատ զրուցել ընկերներիս ու հարազատներիս հետ այս թեմայով, դա օգնում է։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ։ Երբ տեղափոխվեցի ավագ դպրոց, մի ճանապարհի ընկեր ձեռք բերեցի։ Մի օր տուն գնալիս թխվածք գնեցինք, կերանք, հետո նկատեցի, որ թխվածքի թուղթն իր մոտ չէ, պարզվեց՝ գցել է ճանապարհին։ Այդպես սկսեցինք քննարկել աղտոտման թեման ու վերլուծել, թե ինչ ազդեցություն կունենա այդ մեկ կտոր թուղթը ոչ ճիշտ տեղում նետելը։ Ընկերս շատ հետաքրքրվեց այս թեմայով, հետո միացավ մեր էկո ակումբին ու հիմա շատ խորացած է բնապահպանական թեմաների մեջ։

Այս օրինակն ապացուցում է, որ մարդիկ հաստատ կփոխեն իրենց մտածելակերպը, եթե իրազեկ լինեն։ Եթե պարզապես հետաքրքրվեն ու շատ փոքր սովորություններ վերանայեն, արդեն դրական փոփոխություն է։ Իրազեկելու նպատակով ես հիմա օնլայն սեմինարներ ու դասընթացներ եմ կազմակերպում, մեծամասամբ երիտասարդներ են մասնակիցները, թեև տարբեր տարիքային խմբերի համար է նախատեսված։ Օրինակ, իմ ծնողների երիտասարդության տարիներին ինֆորմացիայի պակաս է եղել և նրանց էլ հաճախ պետք է կարողանանք իրազեկել։
 

Նարեկը կոմպոստացնում է տան սննդի մնացուկները։
UNICEF Armenia/2021/Gevorgyan
Նարեկը կոմպոստացնում է տան սննդի մնացուկները։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

«Մեր արարքները կաթիլներ են, բայց էդ ծովը, որ անպայման լուծելու է խնդիրները հենց այդ կաթիլներից է բաղկացած»

Մեր տան սննդի մնացորդներն ինքս կոմպոստավորում էի։ Հետո եկավ մի շրջան, որ շատ զբաղված էի դասերով ու պարապմունքներով ու նկատեցի, որ հայրիկս իմ գործը շարունակում է։ Շատ էի ուրախացել։ Առաջ օրինակ այրում էինք խոտը։ Իսկ հիմա այդ խոտերը շարում ենք ծառերի բների շուրջ ու դրա միջոցով կարողանում ենք նվազեցնել ջրելը։
Այո, գուցե մեր արարքները բոլորն էլ կաթիլներ են, բայց այդ ծովը, որ անպայման լուծելու է խնդիրները, հենց այդ կաթիլներից է բաղկացած։ Կլիմայական փոփոխությունը գլոբալ խնդիր է, բոլորիս է վերաբերում։ Պետք է բոլորը միանան ու գործեն ու պետք է անկեղծ լինեն իրենց անելիքներում։

 

«Կլիմայական շարժման մասնակցի կերպարը պետք է անկեղծ լինի»

Եթե պետք է ասենք «կոմպոստացրե՛ք», բայց ինքներս մեր սննդամթերքը աղբամանը նետենք, կամ ասենք «մի՛ գնեք լրացուցիչ փաթեթավորված ապրանքներ», բայց ինքներս գնենք, ապա մեր անելիքն անիմաստ է։ Սպառողականության քննադատ Աննա Մարիո Բոննոն ասել է․ «Մեզ պետք չեն մի բուռ մարդիկ, որոնք կատարյալ զրո աղբ կենսակերպ են վարում։ Մեզ միլիոնավոր մարդիկ են պետք, որոնք ուղղակի դա անում են, թեկուզ՝ ոչ կատարյալ»։ Ես էլ եմ այս կարծիքին։ Ինձ թվում է, եթե գոնե մեկը որոշի, որ սրանից հետո պլաստիկ չի օգտագործելու կամ սկսելու է տեսակավորել, արդեն հաղթանակ է։ Հիանալի կլինի, եթե նման որոշումներ կայացնեն միլիոնավոր մարդիկ։ Կարծում եմ, որ կլիմայական շարժում անող մարդու կերպարը իդեալական կերպար չէ։ Դա կարող է պարզապես մի սովորական մարդ լինել, որը որոշել է իր փոքրիկ ներդրումն ունենալ աշխարհն ավելի լավը դարձնելու գործում։
 

Նարեկը նայում է պատուհանից դուրս։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

«Պահպանելով բնությունը պաշտպանում ենք հայրենիքը»

Այս նախագծի ավարտից անմիջապես հետո ես սկսում եմ նոր նախագիծ, որի շրջանակում նախատեսել եմ մեր համայնքում տարածել 0 աղբ կենսակերպը։ Ցանց ենք ստեղծելու, որին անդամակցելու են շրջակա գյուղերից ու քաղաքներից եկած երիտասարդները ու սովորելու են երկրորդ կյանք տալ թափոններին։ Ծաղիկներից ու տերևներից մագնիսներ ենք պատրաստելու, պլաստիկից՝ հուշանվերներ, տիկնիկներ և այլն։ Մեր այս գործունեությունը շարունակական է լինելու մինչև իրոք հասնենք 0 աղբ կենսակերպին։

Ես կուզեի՝ մարդիկ չմոռանան, որ բնության մի մասնիկն են, բնությունն իրենց ամբողջականությունն է։ Երբ ուղղակի կամ անուղղակի վնաս են հասցնում բնությանը, վնաս են հասցնում առաջին հերթին իրենք իրենց։ Իսկ հայրենասեր քաղաքացիներին ուզում եմ ասել՝ պահպանելով բնությունը պաշտպանում ենք հայրենիքը։ Երբեմն մեծ բաներ անել պետք չէ։ Եթե մենք մեր տարածքը ավելի լավ դարձնենք, կունենանք հզոր, կանաչ հայրենիք ու մոլորակ։ Ես ինքս այդ նպատակին հասնելու համար սովորում եմ, սովորեցնում եմ, գործում եմ։