Ավելի կանաչ Հայաստան. դարձնենք իրականություն
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են մի շարք խորհուրդներ և հնարքներ, որոնք օգտագործելով՝ կարող եք նվազագույնի հասցնել տանը գոյացող թափոնները

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
2012 թվականին աշխարհը ձեռնամուխ եղավ իրականացնելու պատասխանատու սպառում և արտադրություն, այն է՝ Կայուն զարգացման նպատակների 12-րդ նպատակը: «Պատասխանատու սպառում և արտադրություն» նշանակում է «սակավ ռեսուրսներով անել ավելին և ավելի լավ»: Խոսքը վերաբերում է նաև շրջակա միջավայրի դեգրադացիայից տնտեսական աճի տարանջատմանը, ռեսուրսների արդյունավետության բարձրացմանը և կայուն կենսակերպի խթանմանը:
Ամեն տարի արտադրված սննդամթերքի մոտ մեկ երրորդը՝ 1,3 միլիարդ տոննային համարժեք, շուրջ 1 տրիլիոն դոլար արժողությամբ, փտում է սպառողների և վաճառողների ամբարներում կամ փչանում է վատ տեղափոխման և բերքահավաքի վատ աշխատաեղանակների պատճառով:
Եկեք պատկերացնենք, թե ինչպես են լոլիկները հայտնվում մեր ափսեում: Ֆերմերը տնկում և հավաքում է լոլիկը, որի մի մասը կորցնում է վատ եղանակի կամ մակաբույծների պատճառով: Բերքահավաքի ընթացքում որոշ քանակության լոլիկ կարող է չհավաքվել կամ փչանալ ոչ պատշաճ աշխատաեղանակի հետևանքով: Այնուհետև այդ լոլիկները տեղափոխվում են հանրախանութներ, և կրկին տեղափոխման ձգձգման և փոխադրամիջոցներում ջերմաստիճանի պատճառով լոլիկների մասը կարող է փչանալ: Հանրախանութներն ընտրում են այն լոլիկը, որը լավ տեսք ունի, և որը ավելի հավանական է, որ դուր կգա գնորդներին:
Փաստն է այն, որ ամեն ինչ չէ, որ վաճառվում է, և ապրանքի մի մասը ժամկետանց է դառնում: Ենթադրենք, Զառան գնում է երեք կիլոգրամ լոլիկ և այն հիմնականում օգտագործում է աղցաններ ու ճաշ պատրաստելու համար, բայց վերջին լոլիկը փչանում է սառնարանում: Նա համեղ ապուր է պատրաստում և մատուցում դստերը, որը հաճույքով ուտում է, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ մայրը շատ էր լցրել ափսեի մեջ, ուստի Զառան թափում է իր պատրաստած լոլիկով ապուրի մնացորդը: Իսկ հիմա եկե՛ք անդրադառնանք այն հանգամանքին, թե որքան լոլիկ էր հավաքվել, և որքանն էր սպառվել, ու որքանը՝ վատնվել…
Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը ամբողջ աշխարհում գոյացող կոշտ կենցաղային աղբի քանակությունը կավելանա մոտ 70 տոկոսով՝ կազմելով 3,4 միլիարդ տոննա: Սա պայմանավորված է մի շարք գործոններով, այն է՝ սպառման սովորությունների և գնումների վարքագծի, բնակչության թվի աճի, ուրբանիզացման, տնտեսական աճի:
Տնային տնտեսության մակարդակում մենք պետք է փոփոխության ենթարկենք մեր կենսակերպը՝ այն էկոարդյունավետ դարձնելով և նվազագույնի հասցնելով մեր «էկոլոգիական ոտնահետքը»:
Միացե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Ավստրիայի զարգացման գործակալությանը՝ ավելի քիչ աղբ թափելու և հրաժարվելու մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերից`լինի տանը, ճանապարհորդելիս, գրասենյակում թե դպրոցում:
Գնե՛ք ավելի քիչ և ավելի լավը և մի՛ գործածեք մեկանգամյա օգտագործման իրեր կամ առնվազն մի քանի անգա՛մ օգտագործեք: Ահա թե ինչպես կարող եք դա անել:

1. Միասին կազմե՛ք առանց թափոնի էկո-հավաքածու, որը ներառում է.
1. Տաք և սառը հեղուկների համար բազմակի օգտագործման բաժակ կամ շիշ
2. Թաշկինակ կամ որևէ կտոր՝ որպես անձեռոցիկ օգտագործելու համար
3. Բազմակի օգտագործման սպասք, ձողիկներ և կերակրափայտիկներ
4. Գնումների բազմակի օգտագործման պայուսակներ
2. Հրաժարվե՛ք մեկանգամյա օգտագործման իրերից:
Պլաստիկ փաթեթավորումը, փայլաթիթեղը, թղթե սրբիչները և փականով պլաստիկե պայուսակները կարող են հարմար լինել, բայց դրանց օգտագործման արդյունքում մեծ քանակի թափոն է առաջանում: Որևէ բան թխելիս փոխարինե՛ք փայլաթիթեղը կամ յուղաթուղթը սիլիկոնե գորգիկով, թղթե սրբիչները և անձեռոցիկները՝ կտորե սրբիչներով, որոնք կարելի է լվանալ և նորից օգտագործել: Օգտագործե՛ք կտորե անձեռոցիկներ, լաթեր, սպասքի սրբիչներ և նույնիսկ տակդիրներ, ինչպես նաև սննդի պահման բազմակի օգտագործման տարաներ և լվացվող պայուսակներ:
3. Հրաժե՛շտ տվեք մեկանգամյա օգտագործման իրերին, փոխարենը սկսե՛ք հավաքել:
Այնպիսի պարագաները, ինչպիսիք են խորտիկների համար տուփերը, սուրճի պատիճները և մեկանգամյա օգտագործման դանակ-պատառաքաղները, քիչ ժամանակ ու ջանք են պահանջում, բայց դրանց փաթեթավորման հետևանքով գոյանում են զգալի թափոններ: Գնե՛ք չփաթեթավորված սննդամթերք կամ հանրախանութ գնալիս ձեզ հետ վերցրե՛ք բազմակի օգտագործման տարաներ և պայուսակներ՝ դրանով իսկ խնայելով ձեր ժամանակն ու գումարը:
4. Ո՛չ ասեք մեկանգամյա օգտագործման ջրի շշերին և սուրճի բաժակներին:
Հակառակ տարածված կարծիքի՝ սուրճի մեկանգամյա օգտագործման թղթե բաժակները չեն վերամշակվում ներքին ծածկույթի պատճառով: Փոխարենը գավա՛թ օգտագործեք: Եվ ինչո՞ւ չփորձել թերմոս օգտագործել, ինչպես տաք, այնպես էլ սառը ըմպելիքների համար:
5. Խուսափե՛ք թեյի փաթեթներից և փոխարենը քամի՛չ օգտագործեք:
Թեյի պլաստիկե փաթեթը մեկ բաժակ թեյի մեջ կարող է արտազատել միկրոպլաստի շուրջ 11 միլիարդ մասնիկ: Նույնիսկ թեյի թղթե փաթեթները պարունակում են փոքր քանակությամբ պոլիպրոպիլեն, ինչի պատճառով դրանք ենթակա չեն վերամշակման և կենսաքայքայման: Վայելե՛ք թեյը առանց թափոնի՝ գնելով չփաթեթավորված թեյ և օգտագործելով թեյի քամիչ:

6. Փոխե՛ք ցնցուղ/լոգանք ընդունելու սովորությունը՝ շշալցված ապրանքների փոխարեն օգտագործելով օճառի սալիկներ:
Խնամքի և կոսմետիկական միջոցներ արտադրող ընկերությունները սկսել են արտադրել շամպուն, կոնդիցիոներ և լոգանքի համար օճառ սալիկների տեսքով: Եթե ձեր մազերը լվանում եք շաբաթը երեք կամ չորս անգամ, դա նշանակում է մեկ տարվա ընթացքում օգտագործում եք 24, իսկ 10 տարվա ընթացքում՝ 240 սրվակ, և այս ամենը վերածվում է պլաստիկ թափոնի:
7. Վերաօգտագործե՛ք ապակե տարաներն ու պլաստմասե սպասքը:
Պիտակները հեռացնելուց հետո վերաօգտագործե՛ք սննդի դատարկ տարաներն ու ապակյա իրերը: Օգտագործե՛ք պլաստիկե տոպրակը կամ պլաստմասե տարաները հնարավորինս երկար:
8. Ինքնե՛րդ պատրաստեք ձեռքի ախտահանող միջոցներ:
Օրգանական ծագման, ոչ թունավոր ախտահանող միջոցը պատրաստվում է սպիրտի, ջրի, բուսական գլիցերինի, հալվեի և եթերայուղերի խառնուրդով: Այս անվտանգ հակաբակտերիալ միջոցը օգտակար է թե՛ ձեր դրամապանակի, թե՛ շրջակա միջավայրի համար: Այն պետք է պարունակի 60 % սպիրտ՝ կորոնավիրուսային բոլոր մանրէները ոչնչացնելու համար:
9. Ատամի խոզանակը, բամբակյա բարձիկները, զուգարանի թուղթը և նույնիսկ հագուստը փոխարինե՛ք բամբուկից պատրաստված տարբերակներով:
Բամբուկը օրական աճում է մոտ 3,5 ֆուտ (106.7 սմ), ինչը նրան դարձնում է պլաստիկի լավագույն փոխարինիչը: Էկոլոգիապես մաքուր է և կենսաքայքայվող: Պարզապես հիշե՛ք նախքան դեն նետելը բամբուկե ատամի խոզանակից հեռացնել խոզանը:
10. Միջադիրների փոխարեն օգտագործե՛ք հատուկ դաշտանային բաժակներ:
Սկսե՛ք օգտագործել դաշտանային բաժակ և բազմակի օգտագործման միջադիրներ: Եթե ուզում եք ձեր ներդրումն ունենալ միջավայրի պահպանման գործում կամ գումար խնայել, նկատի՛ ունեցեք, որ դաշտանային բաժակներից թափոն չի գոյանում՝ բացի սկզբնական փաթեթավորումից:
11. Եթե հնարավոր է, շշալցված ջրի փոխարեն ընտրե՛ք ծորակի ջուրը:
Աշխարհում յուրաքանչյուր րոպե գնում են խմելու ջրի 1 միլիոն պլաստիկե շիշ: 1 միլիոն՝ յուրաքանչյուր րոպեում…
12. Գրասենյակում խուսափե՛ք թղթիկների վրա նշումներ անելուց և մի՛ տպեք կամ տպեք երկկողմանի:
Նշումներ կատարելու համար օգտագործե՛ք ձեռքի տակ եղած օգտագործված թղթերը կամ գրատախտակ: Ցանկալի է խուսափել թղթի վրա նշումներ անելուց: Օգտագործե՛ք թղթի երկու կողմերը՝ փոխելով ձեր համակարգչի կարգավորումներն այնպես, որ երկկողմանի տպվի: Պակաս կարևորության փաստաթղթեր կազմելիս նվազեցրե՛ք միջտողային հեռավորությունը և լուսանցքները:
13. Վերամշակելի պարագաները տո՛ւն տարեք:
Եթե ձեր գրասենյակում վերամշակման ենթակա պարագաները բազմակի չեն օգտագործվում, տո՛ւն տարեք դրանք կամ նախաձեռնե՛ք թափոնի վերամշակման ծրագիր գրասենյակում: Նախ խոսե՛ք ղեկավար անձնակազմի հետ կամ դիմե՛ք «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ին: