Կողմերի տասնյոթերորդ համաժողով

Դոկտոր Ղասսան Խալիլի ելույթը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի անունից

28 Հոկտեմբեր 2026
Հայտարարություն բառը հայոց լեզվով ցիան ֆոնի վրա
UNICEF

ԵՐԵՎԱՆ 2026 թվական, 28 հոկտեմբերի 

Ձե՛րդ գերազանցություն, Կողմերի համաժողովի տասնյոթերորդ նիստի մեծարգո՛ նախագահ, 

Ձե՛րդ գերազանցություններ,

հարգարժա՛ն պատվիրակներ

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ այս կարևոր նիստը հյուրընկալելու, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում առաջնորդություն ստանձնելու համար։

Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև երեխայի իրավունքների ճգնաժամ է։ Երեխաների կյանքն ու բարեկեցությունը պայմանավորված են առողջ էկոհամակարգերի առկայությամբ, որոնք ապահովում են մաքուր օդ և ջուր, առողջ սնունդ, պաշտպանություն հիվանդություններից ու աղետներից, ինչպես նաև նպաստում նրանց ֆիզիկական ու հոգեկան առողջության պահպանմանը։ Թեև երեխաները ամենաքիչն են պատասխանատու շրջակա միջավայրի վատթարացման համար, դրա հետևանքներից ամենից շատ տուժում են հենց նրանք։

Ուստի երեխաներին պետք է դիտարկել ոչ միայն որպես պաշտպանության կարիք ունեցող խմբի, այլև որպես գործընկերների և փոփոխությունների ակտիվ դերակատարների։

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կողմերին և գործընկերներին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկելու չորս ուղղությամբ․

  • Առաջին՝ կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և գործողությունների ծրագրերում, մշտադիտարկման շրջանակներում ու ֆինանսավորման վերաբերյալ որոշումներում ներառել երեխայի իրավունքներն ու կարիքները, տարիքային առանձնահատկությունները հաշվի առնող ցուցանիշներ։
  • Երկրորդ՝ ներդրումներ կատարել բնության վրա հիմնված լուծումների իրականացման և էկոհամակարգերի վերականգնման գործում՝ պահպանելու այն ծառայությունները, որոնցից օգտվում են երեխաները։ Դրանց թվում են դպրոցները, առողջապահական հաստատությունները, ջրամատակարարման, սննդի և սնուցման ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերը։
  • Երրորդ՝ ընդլայնել կենսաբազմազանության վերաբերյալ կրթությունը և ապահովել երեխաների, երիտասարդների ու կանանց բովանդակալից մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում։
  • Չորրորդ՝ կենսաբազմազանության պահպանության համար հատկացվող ֆինանսական միջոցներն ուղղել երեխաների և կանանց համար չափելի արդյունքների ապահովմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող, աղքատության մեջ ապրող, գյուղական և բնիկ ժողովուրդների համայնքներում բնակվող երեխաներին ու կանանց։

Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի հաջողությունը պետք է գնահատվի ոչ միայն պահպանված կամ վերականգնված հեկտարների քանակով, այլև նրանով, թե որքանով է այն նպաստում ԲՈԼՈՐ երեխաների և կանանց համար ավելի առողջ, անվտանգ ու դիմակայուն կյանքի ապահովմանը։

Եկե՛ք կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողություններն ի սկզբանե նախագծենք այնպես, որ դրանք հաշվի առնեն երեխաների կարիքները, ֆինանսավորվեն բավարար չափով և ուղեկցվեն հստակ հաշվետվողականությամբ։

Պաշտպանելով բնությունը՝ մենք պաշտպանում ենք յուրաքանչյուր երեխայի ապրելու, զարգանալու և իր ամբողջ ներուժն իրացնելու իրավունքը։

 

Շնորհակալություն։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.

Follow UNICEF on Twitter and Facebook