Ղասսան Խալիլ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

Ղասսան Խալիլը
UNICEF Armenia/2026/Hieroglyph

Դոկտոր Ղասսան Խալիլը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա է, գիտնական և միջազգային փորձագետ մարդու իրավունքների միջազգային իրավունքի, կրթական կառավարման, սոցիալական քաղաքականության և իրավական բարեփոխումների ոլորտներում։ Ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ զարգացման, ակադեմիական առաջնորդության և կառավարման բնագավառներում։ 

Աշխատել է ավելի քան 70 երկրում՝ նպաստելով տարբեր ոլորտների զարգացմանը, մասնավորապես՝ երեխայի իրավունքների պաշտպանության։ 

Պրոֆեսոր Խալիլը զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՅՈՒՆԻՍԵՖ-ում, այդ թվում եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հունաստանում, Վրաստանում, ավագ խորհրդական Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակում և հատուկ ներկայացուցիչ Լիբիայում։ 

Նա պետական կառավարման, տարածաշրջանային և միջազգային զարգացման ոլորտներում զբաղեցրել է ավագ խորհրդատվական պաշտոններ։ Իր հայրենիքում՝ Լիբանանում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Սոցիալական հարցերի նախարարության իրավական խորհրդատուի և երեխաների հարցերով բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի։ 1997 թվականին ընտրվել է Արաբական պետությունների լիգայի՝ երեխաների հարցերով բարձրագույն կոմիտեի նախագահ։ Մինչ այդ երեք տարի պաշտոնավարել է որպես Դուբայի կառավարության՝ սոցիալական քաղաքականության և ռազմավարական պլանավորման գծով խորհրդական, վեց ամիս զբաղեցրել է հետազոտությունների, քաղաքականության և ռազմավարության գծով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ 

Ղասսան Խալիլը Սորբոնի համալսարանում ստացել է միջազգային հանրային իրավունքի դոկտորի և միջազգային գործարար իրավունքի մագիստրոսի աստիճաններ (երկուսն էլ՝ գերազանցությամբ (Summa Cum Laude)) և Լիբանանի համալսարանում՝ իրավագիտության մագիստրոսի աստիճան (Maitrise)։ 

Պրոֆեսոր Խալիլը դասավանդել է 1990 թվականից ի վեր՝ իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում։ Նա դասավանդել է դպրոցական, այնուհետև՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և թեկնածուական ու դոկտորական կրթական ծրագրերի շրջանակում։ Դասախոսել է աշխարհի ավելի քան 50 համալսարաններում՝ դասավանդելով միջազգային իրավունք, մարդու իրավունքներ, ռազմավարական պլանավորում, զարգացման ուսումնասիրություններ և միջմշակութային բազմազանություն։ Տարբեր համալսարաններում ղեկավարել է մագիստրոսական, թեկնածուական թեզեր, ինչպես նաև՝ դոկտորական ատենախոսություններ։ Եղել է նաև ակադեմիական հարցերով խորհրդատու։ 

Պրոֆեսոր Խալիլը դասավանդում է առաջնորդություն և անցկացնում քոուչինգ ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ մասնագիտական գործունեության շրջանակում՝ համադրելով առաջնորդության տեսությունը, ռեֆլեկտիվ պրակտիկան և ապացուցահեն քոուչինգային մոտեցումները։ Նրա գործունեությունն ուղղված է էթիկական և ներառական առաջնորդությանը, ինքնաճանաչողության զարգացմանը և բարդ կազմակերպական միջավայրերում արդյունավետ որոշումների կայացմանը։ 

Նրա գիտական գործունեությունն ընդգրկում է հեղինակային և համահեղինակային գրքեր (այդ թվում՝ կանանց իրավունքների (1999 թ.) և երեխայի իրավունքների (2001 թ.) վերաբերյալ հրատարակված աշխատություններ), հետազոտական աշխատանքներ, գրախոսվող հոդվածներ, բուհական դասագրքեր, ինչպես նաև կիրառական հետազոտություններ, որոնք ներդրվել են ակադեմիական և պետական հաստատությունների կողմից։ 

Ի գնահատումն նրա ակադեմիական և ինստիտուցիոնալ ներդրումների՝  չորս պետական համալսարանների կողմից նրան շնորհվել է պատվավոր դոկտորի աստիճան, ինչպես նաև՝ Վրաստանի Քութայիսի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Լիբիայի կառավարությունը նրան շնորհել է «Լիբիայի երեխաների բարեկամ» կոչումը՝ 2014-2017 թվականների քաղաքացիական պատերազմի ընթացքում գործունեության համար։ Ի նշան նրա ձեռքբերումների գնահատման՝ Ամերիկյան կենսագրական ինստիտուտը նրան շնորհել է Պատվո միջազգային դիպլոմ Մարդու իրավունքների ոլորտում ունեցած վաստակի համար։