Ջերմային ալիքներից պաշտպանվելու խորհուրդներ

Ինչպես պաշտպանել երեխաներին և ընտանիքին սաստիկ շոգից

ՅՈՒՆԻՍԵՖ
Ջերմային ալիքներից պաշտպանվելու խորհուրդներ
UNICEF
10 Օգոստոս 2023

Ջերմային ալիքներն ամենևին էլ զվարճանք չեն արևի տակ: Ծայրահեղ շոգն ու խոնավությունը կարող են չափազանց տհաճ և վտանգավոր լինել հատկապես նորածինների, երեխաների, հղիների և տարեցների առողջության համար: Պատշաճ նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում սաստիկ շոգը կարող է հանգեցնել ջերմահարվածի և, որ ավելի վատ է, մահացու լինել: Կլիմայի փոփոխության հետևանքով ջերմային ալիքները ավելի տևական, հաճախակի և ուժգին են դառնում:

Ահա մի քանի խորհուրդներ մասնագետներից, որ կօգնեն պաշտպանելու ձեր ընտանիքին խիստ շոգ եղանակին, ծանոթանալու ջերմահարվածի նշաններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվելիք գործողություններին:

 

Փաստեր ջերմային ալիքի վերաբերյալ

Ջերմային ալիքներից պաշտպանվելու խորհուրդներ
UNICEF

Ինչ է ջերմային ալիքը

Ջերմային ալիքներն առաջանում են, երբ ջերմաստիճանը մի քանի օր շարունակ նորմայից բարձր է լինում: Խոնավության պատճառով այն կարող է շատ ավելի բարձր լինել:

Ինչպես են առաջանում ջերմային ալիքները

Ջերմային ալիքները բնական երևույթ են և առաջանում են մթնոլորտ տաք օդի ներթափանցումից: Դրանց ուժգնությունը և հաճախականությունը մեծանում են կլիմայի՝ ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով առաջացած փոփոխության պատճառով, որոնք ջերմությունն ավելի երկար են պահում:

>> Կարդացեք նաև. Ինչպես խոսել ձեր երեխայի հետ կլիմայի փոփոխության մասին

Ում համար են ամենաշատը վտանգավոր ջերմային ալիքները

Սաստիկ շոգը վտանգավոր է բոլորի առողջության համար: Սակայն ջերմային սթրեսի նկատմամբ հատկապես խոցելի են նորածինները, երեխաները, հղիները և տարեցները:

Շատ բարձր ջերմությունը կարող է ավելի վտանգավոր լինել նորածինների և երեխաների համար, իսկ երեխաների ջրազրկումը կարող է վտանգավոր կամ նույնիսկ մահացու լինել: Երեխաների օրգանիզմի ջերմակարգավորումն ավելի դժվար է ընթանում, և ջերմությունից պաշտպանվելու համար նրանք  մեծահասակների օգնության կարիք ունեն:

Մեծ ռիսկի են ենթարկվում նաև հղի կանայք: Չափազանց բարձր ջերմությունը և ջրազրկումը կարող են երեխայի ցածր քաշի և անգամ մեռելածնության պատճառ դառնալ: Սա կարող է բացասաբար ազդել նաև հղի կանանց վրա, կարող է սկսվել վաղաժամ ծննդաբերություն, ինչպես նաև զարգանալ հղիության շաքարախտ և հիպերտոնիա:

Ինչ անել ջերմային ալիքի ժամանակ

Ջերմային ալիքներից պաշտպանվելու խորհուրդներ
UNICEF

Եղե՛ք պատրաստված

• Իմացե՛ք, թե որքան շոգ և խոնավ է լինելու այսօր, այս շաբաթ և այս ամիս, որ ծրագրեք դրսում ձեր անելիքը:

• Տանը պահե՛ք խիստ անհրաժեշտության պարագաներով պայուսակ, որը պարունակում է օրալ ռեհիդրատացիոն աղի (ՕՌԱ) փաթեթներ, ջերմաչափ, ջրի շշեր, սրբիչներ կամ խոնավ անձեռոցիկներ, մարտկոցով աշխատող շարժական օդափոխիչ կամ ջրցան, ինչպես նաև ջերմային սթրեսի ախտանշանները բացահայտելու և բուժելու նպատակով կազմված ստուգաթերթ:

• Իմացե՛ք ինչպես օգնություն ստանալ: Գրի՛ առեք մոտակա առողջապահական կամ շտապօգնության/տրանսպորտային ծառայությունների կոնտակտային տվյալները:

Զո՛վ պահեք տունը

• Հնարավորության դեպքում օրվա ամենաշոգ ժամերին փակե՛ք վարագույրները, իսկ գիշերը բացե՛ք պատուհանները՝ տունը զովացնելու համար:

• Օգտագործե՛ք օդափոխիչներ և հովացուցիչներ:

Խուսափե՛ք շոգից

• Ամենաշոգ ժամերին խուսափե՛ք տնից դուրս գալուց: Փորձե՛ք պլանավորել ձեր անելիքն օրվա ընթացքում ավելի վաղ կամ ավելի ուշ, երբ արդեն զով է:

• Դրսում օգտագործե՛ք արևապաշտպան քսուք և փորձե՛ք ստվերում մնալ կամ օգտագործե՛ք արևից պաշտպանող գլխարկներ և հովանոցներ:

Շատ ջո՛ւր խմեք և զով վայրո՛ւմ մնացեք

• Կանոնավոր ընդմիջումներով ջուր խմե՛ք նախքան ծարավելը:

• Շոգ ժամանակ շատ շորեր հագնելը կարող է ավելի արագ ջրազրկել ձեր օրգանիզմը և տաքացնել: Այնպես որ, հագե՛ք թեթև և ազատ հագուստ: Բամբակն իդեալական է շոգ օրերին՝ նվազեցնելու ջերմային ցաները և կլանելու քրտինքը: Խորհուրդ է տրվում արհեստական գործվածքից սպիտակեղենը փոխարինել բամբակյա գործվածքից սպիտակեղենով:

• Ջրի շիշ և փոքրիկ սրբի՛չ պահեք ձեզ մոտ, որ կարողանաք այն ձեր պարանոցին դնել զովանալու համար:

Խորհուրդներ նորածինների, երեխաների և հղի կանանց համար

  

Պետք է

Չպետք է

Նորածիններ և երեխաներ
 

Պարբերաբար ստուգե՛ք՝ արդյոք ձեր երեխան ծարավ է, քրտնում է, շոգում է, փսխում է, արդյոք բերանում չորություն է զգում կամ գլխացավեր ունի: Եթե ձեր երեխան նորմալ չի արձագանքում, ունի բարձր ջերմություն, գլխապտույտ կամ արագ է շնչում, ապա նրան անմիջապես բուժհաստատություն տարեք:

Համոզվե՛ք, որ ձեր երեխայի հագուստը ազատ է, դա կարող է օգնել կանխելու ջերմային ցանի առաջացումը և շոգելը:

Համոզվե՛ք, որ ձեր երեխան բավականաչափ ջուր է խմել: Մինչև 6 ամսական երեխաներին կերակրե՛ք բացառապես կրծքով: Կրծքով կերակրող մայրերը պետք է շատ ջուր խմեն, քանի որ ջրազրկումը կարող է ազդել կրծքի կաթի արտադրության վրա: Վեց ամսական և բարձր տարիքի երեխաները պետք է պարբերաբար ջուր խմեն օրվա ընթացքում։

Առանց բուժաշխատողի հետ խորհրդակցելու նորածիններին մի՛ տվեք դեղորայք, եթե նրանք գերտաքացման նշաններ ունեն:

Մի՛ թողեք նորածիններին և երեխաներին չօդափոխվող փակ տարածքներում, օրինակ՝ ավտոմեքենայում կամ փակ պատուհաններով սենյակում:

Թույլ մի՛ տվեք ձեր երեխաներին ժամերով խաղալ դրսում, երբ շոգ է, հետևե՛ք նրանց: Դրսում մարզվելիս կամ խաղալիս թող նրանք հանգստանան 30 րոպեն մեկ: Բարձր ջերմաստիճանի պայմաններում մարզվելը կամ խաղալը կարող է արագ ջրազրկման և լուրջ հետևանքների հանգեցնել:

Հղի կանայք
 

Բժշկին այցերը և ցանկացած անելիք պլանավորե՛ք օրվա այն ժամերին, երբ ավելի զով է, որ կանխեք ձեր և ձեր չծնված երեխայի վրա դրա ազդեցությունը:

Հնարավորության դեպքում քնե՛ք ավելի զով վայրերում, օրինակ՝ շենքի ցածր հարկերում:

Չափից շատ ակտիվություն մի՛ դրսևորեք, երբ շոգ է: Խուսափե՛ք փողոց դուրս գալուց, եթե ջերմաստիճանը գերազանցում է 40°C/104°F-ը: Կարևոր է հնարավորության դեպքում հանգստանալ և խիստ չծանրաբեռնվել: Հղի կանայք կարող են մարզվել ցածր կամ չափավոր ինտենսիվությամբ, այնքան ժամանակ, քանի դեռ պայմանները հարմարավետ են, հեղուկ են ընդունում և հանգստանում են:

Բարձր ջերմությամբ ուղեկցվող հիվանդության նշաններն ու ախտանշանները

Ջերմային ալիքներից պաշտպանվելու խորհուրդներ
UNICEF

Ջերմային սթրեսի ծանր ախտանշանները պահանջում են շտապ օգնություն:

Եթե ընտանիքի անդամն ունի ստորև նշված ծանր ախտանշաններից որևէ մեկը, ապա պետք է շտապօգնություն կանչեք կամ այլ տրանսպորտով նրան բուժհաստատություն տեղափոխեք:

Վստահե՛ք ձեր բնազդներին և առանց վարանելու դիմե՛ք բժշկի օգնության:

  

Մեղմ ախտանշանները (Բուժել տան պայմաններում)

Սուր ախտանշանները (Անմիջապես տեղափոխել հիվանդանոց)

Ընդհանուր բնակչություն
 
  • Շրթունքների չորություն, բերանում կպչունություն
  • Ծարավի սուր զգացում:
  • Չափից շատ քրտնարտադրություն
  • Թուլություն, գլխապտույտ
  • Սրտխառնոց, փսխում
  • Բշտիկներ, ցան
  • Ջերմային ցան (քրտնախաշ)
  • Մարմնի փոքր-ինչ բարձր ջերմաստիճան
  • Ձղաձգումներ, սովորաբար ձեռքերում և ոտքերում
  • Քթից արյունահոսություն (սովորաբար շոգ և չոր միջավայրերում)
  • Շփոթվածություն/ոչ հստակ արձագանքներ, ուշաթափություն, կոմա, ձանձրույթ, քնկոտություն (սուր արտահայտված)
  • Ավելի քան երկու ժամ մարմնի խիստ բարձր ջերմաստիճան (40°C/104°F)
  • Ուշագնացություն
  • Ավելի քան ութ ժամ միզապահություն
  • Քրտնարտադրության բացակայություն (բայց մաշկը կարող է խոնավ և տաք լինել)
  • Մուգ մեզ
  • Արագ սրտխփոց և շնչառություն
Նորածիններ և մանկահասակ երեխաներ (մինչև 4 տարեկան)
 
  • Ջերմային ցան տակդիրի հատվածում
  • Նյարդային վիճակ և/կամ լաց
  • Առանց արցունքների լաց
  • Փոս ընկած աչքեր և/կամ ճակատ
  • Փսխում կամ փորլուծություն
  • Խիստ, սուր արտահայտված դյուրագրգիռություն
  • Ոչ ծանր և քիչ թաց տակդիրներ
Ավելի մեծ երեխաներին և դեռահասներին բնորոշ (4-19 տարեկան)
 
  • Արտահայտված սրտխառնոց
  • Արտահայտված գլխացավ
  • Մկանային կծկումներ (հատկապես բացօթյա մարզումներից հետո, ինչը բնորոշ է այս տարիքային խմբին)
  • Մկանային խոր կամ սուր ցավ (հատկապես բացօթյա մարզումներից հետո, ինչը բնորոշ է այս տարիքային խմբին)
Հղիներ
 
  • Ջերմային ցան մարմնի այն հատվածներում, որոնք հպվում են իրար
  • Մկանային կծկումներ ստամոքսում
  • Մարմնի շատ բարձր ջերմաստիճան
  • Ուժեղ սրտխառնոց
  • Վաղաժամ կծկումներ
  • Մարմնի մասերի այտուցվածություն
  • Մկանային սուր կծկումներ

Ինչպես վարվել ջերմահարվածի և բարձր ջերմությամբ ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում

Ջերմային ալիքներից պաշտպանվելու խորհուրդներ
UNICEF

Կատարե՛ք հետևյալ քայլերը՝ օգնելու ձեր սիրելիին զովանալու, շատ ջուր խմելու և վերականգնվելու.

Եթե ընտանիքի անդամն ունի ջերմությամբ ուղեկցվող հիվանդության լուրջ ախտանշաններ, ապա կարևոր է նախ հովացնել նրան, ապա՝ տեղափոխել:

Օգնե՛ք տուժածին նստելու կամ պառկելու լավ օդափոխված զով, ստվերոտ տարածքում: Փակե՛ք վարագույրները՝ ավելի շատ ստվեր ապահովելու համար: Հնարավորության դեպքում օդափոխիչ կամ օդորակի՛չ միացրեք: Թաց սրբիչով շփե՛ք գլուխը, պարանոցը, թևատակերը և աճուկային ծալքերի շրջանը:

Նորածիններ և երեխաներ. հանե՛ք վերնազգեստը:

Հղի կանայք. եթե հնարավոր է, հանե՛ք ներքնազգեստը: Ցանկալի է, որ նրանք քնեն ձախ կողմի վրա կամ ձախ թեքված:

Եթե մարդն անգիտակից վիճակում է կամ փսխում է, պառկեցրե՛ք նրան կողքի մինչ բուժհաստատություն տեղափոխելը:

Եթե լուրջ ախտանշաններ չկան, ապա բուժե՛ք տանը և անցե՛ք երկրորդ քայլին:

Տեղափոխե՛ք մարդուն զով տարածք: Փակե՛ք վարագույրները՝ ավելի շատ ստվեր ապահովելու համար: Հնարավորության դեպքում օդափոխիչ կամ օդորակի՛չ միացրեք:

Թաց սրբիչով կամ սառը ջրով շփե՛ք մարմինը, հատկապես գլուխը, պարանոցը, թևատակերը և աճուկային ծալքերի շրջանը: Հաճախ փոխե՛ք սրբիչը կամ թաթախե՛ք սառը ջրի մեջ՝ մարմինը սառը պահելու համար:

Օգտագործե՛ք օդափոխիչ և սփրեյ (ցողիչ)՝ մարմնի վրա գոլ ջուր ցանելու, միաժամանակ այն չորացնելու համար: Սառույց կամ թաց սրբի՛չ դրեք պարանոցի, թևատակերի կամ աճուկային ծալքերի շրջանի վրա, ինչպես նաև օգտվե՛ք հովացուցիչից: Եթե չկա օդափոխիչ, ձեռքերով հովացրե՛ք:

Ձեռքերն ու ոտքերը կարելի է դնել սառը ջրի մեջ՝ մարմինն ավելի արագ հովացնելու համար: Ավելի մեծ երեխաները և մեծահասակները կարող են մտնել սառը (բայց ոչ սառույցով լի) ջրի մեջ կամ էլ սառը ցնցուղ ընդունել:

Նորածիններին և շատ փոքր երեխաներին չպետք է շատ սառը ջուրը մտցնել:

Օդափոխիչը հատկապես նորածինների դեմքից հեռո՛ւ պահեք:

Մի՛ տվեք պարացետամոլ/ացետամինոֆեն առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Մինչև վեց ամսական երեխաներ. կրծքով կերակրե՛ք նորածնին ռեհիդրատացնելու համար: Խրախուսե՛ք մայրերին նույնպես, հատկապես կրծքով կերակրող, շատ ջուր խմել:

Վեց ամսականից մեծ երեխաներ. երեխաներին ջուր քիչ-քիչ տվեք, որ ընտելանան դրան:

Եթե երեխան շատ է քրտնել, ջրի մեջ ավելացրե՛ք օրալ ռեհիդրատացիոն աղ (ՕՌԱ): Ուշադրությամբ հետևե՛ք փաթեթի հրահանգներին: Եթե ուղեցույցներ չկան, օգտագործե՛ք հետևյալ ուղեցույցը.

Մինչև երկու տարեկան երեխային անհրաժեշտ է տալ ՕՌԱ հեղուկ՝ բաժակի (250 մլ) առնվազն 1/4-ից 1/2-ը:

Երկու տարեկան և ավելի բարձր տարիքի երեխային անհրաժեշտ է տալ առնվազն 1/2-ից 1 բաժակ (250 մլ) ՕՌԱ հեղուկ:

Եթե նախապես չեք պատրաստել ՕՌԱ հեղուկ, լուծե՛ք վեց թեյի գդալ շաքարավազը և 1/2 թեյի գդալ աղը 1 լիտր մաքուր ջրի մեջ:

Դեռահասներ և հղի կանայք. չափից շատ քրտնարտադրության դեպքում ջրի մեջ ՕՌԱ ավելացրե՛ք: Նրանք պետք է խմեն 100 մլ ՕՌԱ հեղուկ 5 րոպեն մեկ, մինչև ավելի լավ զգան: