«Կանաչ» ծնողավարության կանոններ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը զրուցել են մի շարք մասնագետների հետ և պարզել, թե ինչ կարող են անել ծնողները շրջակա միջավայրի մասին հոգացող երեխաներ դաստիարակելու համար։

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կլիման չափազանց կարևոր է Երկրի վրա ապրող մարդկանց կյանքի և բարեկեցության համար: Կլիմայի փոփոխությունից ու դրա հետևանքներից խուսափելու համար մարդկանց անհրաժեշտ է վերանայել իրենց առօրյա գործողությունները։ Առավել կարևոր է դաստիարակել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար նոր սերունդ։ Այսօր երեխաներին փոխանցած համոզմունքներն ու արժեքները վաղը ձևավորելու են փոփոխության տանող վարքագծային սովորություններ: Անհրաժեշտ է դաստիարակել սերունդ, որը գիտակցում է՝ մարդը բնության մի մասն է, ոչ թե՝ սպառողը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը զրուցել են մի շարք մասնագետների հետ և պարզել, թե ինչ կարող են անել ծնողները շրջակա միջավայրի մասին հոգացող երեխաներ դաստիարակելու համար։
0-3 տարեկան երեխանների համար
1․ Կիրառե՛ք բազմակի օգտագործման տակդիրներ
Նորածիններին խնամելիս օգտագործվում է մոտ 5-6 տակդիր։ Դրանք բոլորը հայտնվում են աղբարկղում և չեն քայքայվում հարյուրավոր տարիներ։ Իսկ բազմակի օգտագործման տակդիրների կիրառումը կխնայի ոչ միայն բնությունը, այլև՝ ձեր միջոցները։ Բնության հանդեպ հոգատարություն կարող եք սերմանել երեխայի կյանքի առաջին իսկ օրերից։
2․ Կերակրե՛ք կրծքով
Կրծքով կերակրումը ոչ միայն օգտակար է ձեր և ձեր երեխայի համար, այլև խնայում է այն էներգիան ու թափոնները, որ օգտագործվում են արհեստական կաթի արտադրության ու փաթեթավորման մեջ։
3․ Երեխայի ճաշիկները ինքներդ պատրաստե՛ք
Խանութներն ու դեղատները լի են հեշտ ու հարմարավետ մանկական խյուսերով։ Հասկանալի է, որ արագ ու դյուրին է այս եղանակով երեխաներին կերակրելը, բայց սեփական ձեռքով պատրաստած ուտելիքը շատ ավելի էժան ու օգտակար է: Իսկ եթե դրանց պատրաստման վրա քիչ ժամանակ եք ուզում անցկացնել, օգնության կգա համացանցը։ Կան բազում պարզ բաղադրատոմսեր, որոնք կարող են դուր գալ երեխային:
4․ Լվացե՛ք երեխայի հագուստը էկո տարբերակով
Նորածիններին խնամելիս չափազանց հաճախ է լվացք կուտակվում։ Դա անխուսափելի է, բայց, ցանկության դեպքում, հնարավոր է կրճատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Օրինակ, ցանկալի է մեկ անգամ լիովին բեռնել լվացքի մեքենայի խցիկը օրվա մեջ մի քանի անգամ փոքր լվացք կազմակերպելու փոխարեն։ Ցածր ջերմաստիճանով ջրի և էկոլոգիապես մաքուր միջոցների օգտագործումն էլ էականորեն կնվազեցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։

4-6 տարեկանների համար
1․ Անջատե՛ք ավելորդ լույսերը
Դեռ շատ վաղ տարիքից սովորեցրեք երեխաներին խնայել էլեկտրաէներգիան։ Սենյակից դուրս գալիս առաջին հերթին ինքներդ անջատեք լույսը։
Արդեն քայլող փոքրիկները հաճախ սիրում են խաղալ լույսի անջատիչների հետ։ Այդ խաղը փորձեք ի նպաստ օգտագործել։ Օրինակ, սովորեցրեք նրան տան անդամների հետևից անջատել չօգտագործվող լույսերը։
2․ Կենդանի խնամե՛ք
Երեխաները շատ են սիրում կենդանիներին։ Մի՛ խուսափեք ընտանի կենդանի խնամելուց։ Եթե փոքր բնակարանում եք ապրում, կարող եք օրինակ ձուկ կամ նապաստակ խնամել։ Իսկ եթե բացառում եք ընտանի կենդանի ձեռք բերելը, ապա պարզապես երեխայի հետ միասին հոգ տարեք բակում գտնվող կենդանիների մասին․ կերակրեք բակի շներին, կատուներին, պատրաստեք թռչնի բույն և կեր թողեք թռչուններին։
Կենդանի խնամելն օգտակար է երեխայի հոգեկան և ֆիզիկական առողջության համար, սովորեցնում է ապրումակցել, լինել ուշադիր ու կազմակերպված և, ամենակարևորը, հոգ տանել բնության մասին։
3․ Խնամե՛ք տան բույսերը
Բույսեր խնամելը բնությանը մոտենալու փոքրիկ քայլ է այս տարիքի երեխայի համար։
Ջրել, մաքրել, հեռացնել ավելորդ ճյուղերը, հաշվի առնել յուրաքանչյուր բույսի առանձնահատուկ կարիքները, հետևել դրանց աճին․ այս բոլոր գործողությունները կապ կստեղծեն երեխայի և բույսի միջև և հետագայում նա նույն զգացողությունը կունենա բնության մյուս մասնիկների հանդեպ։
4․ Օգտագործե՛ք հին շորերն ու խաղալիքները
Գաղտնիք չէ, որ երեխայի համար նախատեսված գնումները շատ են։ Դրանց մեծ մասը շատ կարճ է կիրառվում։ Եթե ձեր ընկերներից վերցնեք արդեն օգտագործած իրեր ու հագուստ, կխնայեք գումարն ու ավելորդ ապրանք չեք սպառի։ Գրքերի դեպքում օգնության կգան մանկական գրադարանները, իսկ խաղալիքների հարցում օգտակար է հայ ծնողների այս նախաձեռնությունը։
Սովորություն դարձրեք նաև տարին առնվազն մեկ անգամ վերանայել տան հագուստն ու խաղալիքները և, անհրաժեշտության դեպքում, դրանք հանձնեք ձեր ընկերներին, այլ մարդկանց։

7-12 տարեկանների համար
1․ Ստեղծե՛ք ձեր սեփական այգին
Ընտանեկան փոքրիկ այգի ունենալն իրոք հրաշալի է։ Այդտեղ ոչ միայն կզվարճանաք, այլև երեխային կսովորեցնեք աճեցնել սեփական սնունդը։ Նա կարժևորի իր իսկ ձեռքով ստեղծած սնունդը, կգնահատի բնությունը, կսնվի առողջ, իսկ դուք գումար կխնայեք ու չեք աղտոտի բնությունը խանութից գնված տարբեր փաթեթավորումներով ու պլաստիկով։
2․ Շատ ժամանակ անցկացրե՛ք բնության գրկում
Դժվար է երեխայի մոտ սեր արթնացնել բնության հանդեպ, եթե նա չի տեսել դրա գեղեցկությունը։ Ծանոթացրեք երեխային բնության հրաշալիքներին, հաճախ միասին ժամանակ անցկացրեք բնության գրկում։ Կազմակերպեք արշավներ, լեռնագնացություններ, պիկնիկներ կամ պարզապես այցելեք մոտակա այգիներ, կանաչ տարածքներ։ Եթե երեխաները զգան բնության հրաշքը, վստահ եղեք՝ նրանք հոգատար կլինեն դրա հանդեպ։
3․ Տեսակավորե՛ք աղբը
Ձեր երեխային շատ կոգևորեք, եթե նրան աղբի տեսակավորման գործում օգնականի դեր տաք։ Աղբի տեսակավորման կարևորության մասին խոսելուց բացի, երեխային ծանոթացրեք նաև տեսակավորման բոլոր կանոններին․ միասին մաքրեք, մանրացրեք և տեղափոխեք տեսակավորման աղբամանների մեջ։
4․ Պատրաստե՛ք նոր իրեր
Այս տարիքի երեխաները սիրում են ստեղծագործական աշխատանք։ Հին ու անպետք իրերից նոր իրեր պատրաստելը վերամշակման ուրույն տարբերակ է։ Պլաստիկի, պոլիէթիլենի, ստվարաթղթի թափոններից հնարավոր է ստանալ նոր իրեր։ Համացանցում նման գաղափարներն անթիվ են։ Այս սովորույթը երեխային ցույց կտա, որ ամեն ինչ անմիջապես աղբարկղ նետելն ունի հետաքրքիր ու ստեղծագործական այլընտրանք։
5. Խուսափե՛ք սննդի վատնումից
Միջին հաշվարկուվ 30-40% արտադրված սնունդը չի հասնում մեր սեղաններին և թափվում է։ Փորձեք բացատրել ձեր երեխային կերակուրն ավարտելու կարևորությունը։ Սննդի ավելորդ վատնումը գերբեռնում է աղբանոցները։ Ինքներդ էլ այս գործում կարող եք մեծ դեր ունենալ։ Նախապես պլանավորեք շաբաթվա ուտեստները և գնեք միայն այն, ինչ հարկավոր է։ Որոշ ավելորդ մթերքներ կարելի է նաև պահել սառցարանում։
6. Խնայե՛ք ջուրը
Թեպետ Երկրի մակերեսի 75% ջուր է, քաղցրահամ և խմելու ջրի ռեսուրսները հետզհետե ավելի սահամանփակ են դառնում, ինչը նպաստում է երաշտների, վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Սովորեցրե՛ք երեխային խելամտորեն օգտագործել ջուրը․ ատամները լվանալիս փակել ծորակը, ընդունել կարճատև ցնցուղ, խուսափել լոգանք ընդունելուց։
7․ Անջատե՛ք ավելորդ էլեկտրական սարքերը
Նույնիսկ անջատված վիճակում էլեկտրական սարքերն էներգիա են սպառում։ Սովորեցնելով երեխաներին հոսանքից անջատել խաղային համակարգերը, համակարգիչները, լիցքավորիչները կամ աուդիո սարքավորումները, կխնայեք էներգիան։ Երբ սա ընտանիքում սովորություն դառնա, ինքներդ կզարմանաք, թե ինչպես է ձեր երեխան վերահսկում տան էլեկտրական վարդակները։
8. Խրախուսե՛ք գիտական առարկաների ուսումնասիրությունը
Յուրաքանչյուր պատանի պետք է ստանա այնպիսի կրթություն, որը, բացի գրագիտություն սովորեցնելուց, կզարգացնի այնպիսի հմտություններ ու արժեքներ, որոնք օգտակար կլինեն իրենց, իրենց համայնքի ու շրջակա միջավայրի համար։
Բնագիտական առարկաների ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ աշխարհն ու գտնել խնդիրների լուծման լավագույն տարբերակները։
Դասերից դուրս երեխայի համար հաճախ կազմակերպեք ընտանեկան էքսկուրսիաների դեպի տարբեր լաբորատորիաներ, աստղադիտարան, գիտության թանգարաններ և այլն։
9 Ներգրավե՛ք ընկերներին և միասին շաբաթօրյակ կազմակերպե՛ք
Խմբային գործողությունները հաճելի են ու օգտակար։ Ընտրեք բնության որևէ անխնամ ու աղտոտված հատված, հրավիրեք երեխայի ընկերներին և միասին մաքրեք տարածքը։ Այսօրինակ միջոցառումները կսովորեցնեն աշխատել թիմով, ուշադիր լինել շրջակա միջավայրի հանդեպ ու չհանդուրժել բնության աղտոտումը։

13-16 տարեկանների համար
1․ Քայլե՛ք կամ հեծանի՛վ քշեք
Մեքենայով տեղաշարժվելը հարմարավետ ու արագ է մարդկանց համար, բայց վնասակար՝ շրջակա միջավայրի համար: Երկրի աղտոտման գործում տարբեր վառելիքներով աշխատող ավտոմոբիլային տրանսպորտի դերը չափազանց մեծ է։ Եթե դպրոցը հեռու չէ, երեխային ուղեկցեք ոտքով։ Իսկ եթե արդեն ինքնուրույն է դպրոց գնում, կարող եք առաջարկել գնալ հեծանվով։ Քայլելն ու հեծանիվ վարելը օգտակար են ոչ միայն շրջակա միջավայրի, այլև՝ երեխայի առողջության համար։
2. Խոսե՛ք կլիմայի խնդիրների և դրանք կանխելու հնարավոր քայլերի մասին
Խրախուսե՛ք կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցերը, նույնիսկ եթե միշտ չէ, որ կարող եք պատասխանել դրանց: Դեռահասները, որպես կանոն, հետաքրքրասեր են ու սիրում են առաջինը տեղեկանալ գիտական նորություններին, նաև՝ ելնելով քաղաքացիական պատասխանատվության զգացումից: Կարող եք միասին համացանցում փնտրել «լուրջ» հարցերի պատասխանները: Առիթից օգտվելով՝ երեխաներին կսովորեցնեք, թե որտեղից գտնել վստահելի տեղեկատվություն կլիմայի փոփոխությունների վերաբերյալ և թե ինչպես նրանք կարող են տարանջատել ապատեղեկատվությունը վստահելի տեղեկատվությունից։ Երեխաներին միանգամից շատ տեղեկատվություն տալ հարկարվոր չէ, քանի որ այն կարող է ճնշել և ձանձրացնել նրանց, ինչպես նաև՝ կարող են առաջացնել անիրատեսական սպասումներ և անօգտակար ու անպաշտպան լինելու զգացում: Ահա մի քանի անգլալեզու ռեսուրս, որ կարող եք ուսումնասիրել միասին՝ «Դարձեք Կլիմայի փոփոխության ստեղծող», «Աշխարհի ամենամեծ դասը» (globalgoals.org) և Կլիմայի փոփոխության ուղեցույց երեխաների համար - The New York Times (nytimes.com)
3. Թո՛ւյլ տվեք, որ ձեր երեխան կրթի ձեզ կլիմայի փոփոխության վերաբերյալ
Ի վերջո, երբ խոսում ենք կլիմայական փոփոխությունների մասին, պետք է ընդունենք, որ դեռահասները կարող են ձեզնից ավելի տեղյակ լինել, օրինակ, հանածո վառելիքի կամ լուսավորության այլընտրանքային տարբերակների վերջին հետազոտությունների մասին։ Կարևոր է լսել նրանց և սովորել նրանցից։ Հարկավոր է բավականաչափ խոհեմ լինել, որպեսզի կարողանանք վերլուծել մեր էության այն շերտերը, որոնք մինչ այժմ կարիք չենք ունեցել վերլուծելու։ Օրինակ, եթե ձեր բուսակեր երեխան մեղադրում է ձեզ, երբ բուրգեր եք ուտում, հարցերի միջոցով փորձեք լսել նրա մտքերը․ ինչպե՞ս ես որոշել դառնալ բուսակեր, ինչպե՞ս ես զգում, երբ ապրում ես մսակերների ընտանիքում, պատրա՞ստ ես լուծումներ գտնել կամ փոխզիջումների գնալ այս հարցում։
4. Ձեր երեխաներին ուղարկե՛ք փոփոխություն բերող իրենց հասակակիցների մասին նորություններն ու հոդվածները
Կլիմայի երիտասարդական շարժումը ծաղկում է ապրում: Բազում երիտասարդներ կան, որոնց ոգենշնչող օրինակների մասին կարող եք պատմել ձեր երեխաներին։ Պատանիները ոգեշնչվում են, երբ տեսնում են, որ կառավարությունները և մեծահասակները լուրջ են վերաբերվում նրանց: Նրանք հասկանում են, որ իրենց ձայները կարևոր են: Այսպիսով, կօգնեք նրանց խնդրի վերաբերյալ իրենց անհանգստությունն ու վրդովմունքն ուղղել կոնկրետ և վերահսկելի գործողություններ իրականացնելու վրա։ Սա կարևոր է նրանց հոգեկան առողջության համար․ անորոշ կամ դժվար փոփոխվող երևույթների վրա կենտրոնանալը հաճախ սթրեսի ու անհանգստության առիթ են հանդիսանում։
5․ Օրինա՛կ ծառայեք
«Մի՛ դաստիարակեք երեխաներին, նրանք, միևնույն է, ձե՛զ են նմանվելու․ դաստիարակե՛ք ինքներդ ձեզ»։ Ծնողավարման ընթացքում կարևոր է միշտ հիշել անգլիական այս ասույթը։ Ինքներդ ուշադիր ու հոգատար եղեք բնության հանդեպ, էկոլոգիապես մաքուր ապրելակերպ վարեք և ձեր երեխաները հաստատ կսովորեն սիրել մոլորակը։