Դպրոցականներն ուսումնասիրել են օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրա
Հայաստանի 6 մարզերի դեռահասներն իրականացնելու են նախագծեր՝ նվազեցնելու իրենց բնակավայրի շրջական միջավայրի խնդիրները և կլիմայական ռիսկերը:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ամբողջ 2022-ի ընթացքում Անգելինան, Միլենան և Ինեսան քաղաք Կապանից ամիսը մեկ կամ երկու անգամ բալենու, եղրևանու, ակացիայի և կալե բույսի տերևների փորձանմուշները Սյունիքի մարզից հասցնում էին Երևան, ուսումնասիրելու օդի աղտոտվածության մակարդակը Սյունիքում: Շիրակի մարզի դեռահասներն էլ նմուշներ էին տրամադրում իրենց մարզից: Երևանից փորձանմուշներն ապահովում էր Անահիտը, ով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող է և աղջիկների ձևավորած «Greenology» թիմի նախագծավարը։
Դեռահասներն այս նախագծի շնորհիվ փորձում էին ուսումնասիրել Հայաստանի էկոլոգիան՝ վերլուծելով տարբեր բույսերում քլորոֆիլի, մագնեզիումի և ռադիոնուկլիդների պարունակության փոփոխությունները՝ պայմանավորված օդի աղտոտվածությամբ: «Էկոլոգիան շատ կարևոր ոլորտ է, որը պահանջում է շարունակական ուշադրություն և հետազոտություններ, որ մենք կարողանանք պահպանել մեր քաղաքը, մեր երկիրը, մեր մոլորակը մեզ և մեր ապագա սերունդների համար: Ես վստահ եմ՝ միշտ էլ կան այլընտրանքային տարբերակներ՝ ավելի քիչ վնասելու բնությունը և բնության միջոցով՝ մարդկանց», - ասում է Անգելինան։ 11-րդ դասարանի աշակերտուհին պատմում է, որ իր մասնակցությունն այս նախագծին պատահականություն է: Խոստովանում է՝ ֆիզիկան, քիմիան երբեք էլ առանձնապես չեն հետաքրքրել, իր տարերքը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, սակայն նախագծին մասնակցելուց հետո հասկացել է, որ էկոլոգիան չափազանց հետաքրքիր և օգտակար է։
«Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունքում Հայաստանի 6 մարզերի՝ Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի 33 խոշորացված համայնքներում կլիմայական հիմնախնդիրների վերաբերյալ իրականացվելու են 52 նախագծային աշխատանքներ դեռահասների մասնակցությամբ և այլ մարզային գործընկերների հետ համագործակցությամբ: Մեզ համար կարևոր է, որ երեխաները օգտագործեն տարբեր առարկաներից իրենց ստացած տեսական գիտելիքները և իրականացնելով նախագիծ՝ կարողանան իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ զուգահեռաբար ավելի լավ հասկանալու շրջակա միջավայրի խնդիրներն ու պայքարելու կլիմայի փոփոխության դեմ»,-
«Greenology» թիմի նախագիծը այդ 52-ից առաջինն է, որ իրականացվել է ԱՅԲ կրթական հիմնադրամի հետ համատեղ: Այս թիմի ուսումնասիրության հիմնական մեխերից մեկն էլ ծառերի կարևորությունն էր օդի աղտոտվածության դեմ պայքարում: Թիմն ընտրել է այնպիսի ծառատեսակներ և բույսեր՝ բալենի, եղրևանի,ակացիա և կալե, որոնք ունեն գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակություն: Թիմը ուսումնասիրեց մագնեզիումի և կալցիումի պարունակությունը բույսերում և պարզեց, եթե բույսը բավարար մագնեզիում ունի, այն կարող է մաքրել օդը՝ ածխաթթու գազը թթվածնի վերածելով։ Հետևաբար, հետազոտող թիմը ցանկացավ պարզել՝ արդյոք ծառերը ճիշտ են «աշխատում», թե ոչ։
Դեռահասները պատմում են, որ ծրագրի իրականացման ընթացքում ամենամեծ մարտահրավերը եղել է նմուշների ճիշտ պահպանումը Կապանից Երևանի լաբորատորիա տեղափոխման ժամանակ։ Դրանք պետք է պահվեին սահմանափակ օդային տարածքում, հնարավորինս սառը, հատուկ տարրաներում և հերմետիկ փակված, ինչը հեշտ գործ չէր՝ հաշվի առնելով եղանակային տարբեր պայմանները, երթևեկությունն ու Երևան-Կապան հեռավորությունը։

«Ամիս առ ամիս ենք վերցրել նմուշները և փորձել հասկանալ, թե ինչպես է փոփոխվում քլորոֆիլի քանակությունը: Հետազոտության արդյունքում պարզեցինք, որ քլորոֆիլի քանակի նվազումը վկայում է տարածքի օդի աղտոտվածության մասին, այսինքն, այն բոլոր տեղերում, որտեղ քլորոֆիլի քանակը քիչ է, օդի աղտոտվածության խնդիր կա»,-
Ինեսան պատրաստվում է բժիշկ դառնալ և հատկապես կարևորում է այն, որ նախագիծը բնապահպանությունը և կենսաբանությունը համադրելու հնարավորություն է տվել։ Մասնակիցներից 17-ամյա Միլենա Մկրտչյանն էլ տխրել է, նախագծի ընթացքում հասկանալով և բացահայտելով հանքարդյունաբերության հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրները Կապանում, մխիթարվում է փաստով, որ դրանք լուծելի են:
«Թեև հանքարդյունաբերությունը կարևոր ներդրում է Հայաստանի տնտեսության մեջ, բայց շրջակա միջավայրի բարեկեցությունը պետք է լինի առաջին տեղում, շրջակա միջավայրի մաքրությունը կենսական նշանակություն ունի կենդանի օրգանիզմների առողջության և բարեկեցության համար: Սա ես հասկացա այս նախագծի ընթացքում, այն ինձ տվեց այնպիսի տեսական և գործնական գիտելիքներ, որոնք հաճախ չեն մատուցվում կրթական համակարգերում»,

«2022-ի օգոստոս ամսին, օրինակ, Երևանի կենտրոնում, Աջափնյակ վարչական շրջանի հետ համեմատած, և բալի, և եղրևանու, և կալիի, և մնացած բույսերի մոտ նկատվում էր քլորոֆիլների քանակության կտրուկ անկում։ Շուտով պարզ դարձավ պատճառը՝ Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի դեպքը եղել էր օգոստոսի 14-ին, մենք նմուշառումներն իրականացրել էինք 13 օր հետո։ Սեպտեմբերին, երբ նորից նմուշառեցինք, տեսանք, որ Աջափնյակ թաղամասում է տարածվել նաև օդի նմանատիպ աղտոտվածությունը և այնտեղ էլ բույսերում քլորոֆիլի պարունակությունն իջել է։ Հոկտեմբերին արդեն նմուշներում քլորոֆիլը փորձում էր վերադառնալ նորմային մոտ։ Ռադիոնուկլիդների բարձր պարունակություն ենք հայտնաբերել Կապանում աճող կալեի տերևներում, ինչը շատ մտահոգիչ է, որովհետև կալեն ուտելի բույս է։ Ի հակադրություն, եղրևանին, նույն յասամանը, մեծ քանակությամբ մագնեզիում է կուտակում, ինչը նշանակում է, որ նման բույսերն այդ տարածքում ցանկալի է աճեցնել, քանի որ կկլանեն օդում հայտնված վնասակար այլ նյութերը», - պատմում է գիտաշխատող, նախագծավար Անահիտ Հակոբջանյանը:
Երիտասարդների հետ բնապահպանական խնդիրները և կլիմայի փոփոխությունը թիրախող նախագծային աշխատանքներ իրականացնելը կարևոր միջամտություն է և կարող է մեծ արդյունք ապահովել: Եվ հատկապես կարևոր է, որ մինչ նախագծերն իրականացնելը Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ իրականացնում է Հայաստանի վեց մարզերում կլիմայական ռիսկերի գնահատում:
«Երբ արդեն պարզ լինի յուրաքանչյուր համայնքի շրջակա միջավայրի և կլիմայական ռիսկերը, դեռահասները թիմ կազմելով ընտրելու են տվյալ համայնքի առաջնային խնդիրներից մեկն ու փորձեն նախագիծ մշակել, որով կկարողանան նվազեցնել այդ կլիմայական ռիսկը: Այդ ընթացքում նրանք, իհարկե, կստանան համապատասխան աջակցություն, թե տեսական, թե պրակտիկ գիտելիքներ և թե համապատասխան հմտություններ՝ ինչպիսիք են թիմում աշխատելու, նախագիծ և բյուջե կազմելու, նախագիծը ներկայացնելու և այլ հմտություններ, որոնք նրանց ամբողջ կյանքում պետք կգան»,-

«Ցանկացած տարիքում կարող եք փոփոխություն բերել»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք ավելի քան համաձայն ենք նրա հետ և մենք պարտավորվում ենք երիտասարդներին զինել հմտություններով և գործիքներով, որոնք նրանց անհրաժեշտ են կարևոր փոփոխութոյւններ իրականացնելու համար թե՛ իրենց համայնքներում, թե՛ մեր երկրում և թե՛ ամբողջ մոլորակում:
Այսօր՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, եկեք միավորենք մեր ուժերը և առաջացնենք այն փոփոխությունը, որի կարիքը մեր մոլորակը շատ ունի: Շնորհավո՜ր Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: