Ծառերից անդին. անտառների կարևորությունը երեխաների և երիտասարդների համար
Երևանում կայանալիք COP17 գագաթաժողովին ընդառաջ երիտասարդները և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն անդրադառնում են կենսաբազմազանության հարցին
- Հայերեն
- English
Չնայած տարածված կարծիքի՝ անտառը պարզապես ծառերի և կանաչի հավաքածու չէ, այլ բարդ, մշտապես փոփոխվող կենդանի համակարգ: Անտառը փոխկապակցված և փոխազդող բազմաթիվ բաղադրիչներ ունեցող հսկայական ցանց է։ Յուրաքանչյուր կենսաբանական փոխազդեցություն կարևոր է՝ այս համակարգը գործուն պահելու համար։ Այդ «կյանքի ցանցն» է, որ թույլ է տալիս անտառներին հարմարվել նոր մարտահրավերներին՝ կլիմայական փոփոխությանը, վնասատուներին կամ վարակներին [1]:
Յուրաքանչյուր անտառ կազմված է ծառերը միմյանց կապող սնկային ցանցից: Գիտնականներն այն անվանում են «Wood Wide Web»։ Այս ցանցի միջոցով ծառերը կարող են «հաղորդակցվել», փոխանակել սննդանյութեր և նույնիսկ զգուշացնել միմյանց վտանգների մասին։ Այն, ինչ առաջին հայացքից թվում է առանձին ծառերի հավաքածու, իրականում միասնական, փոխկապակցված համայնք է [2]։
Ինչու են անտառները կարևոր
Սոցիալ-էկոլոգիական համակարգ լինելուց բացի անտառները խորապես կապված են մարդու կյանքի հետ և առանձնահատուկ նշանակություն ունեն երեխաների համար։
Անտառները պահպանում են մեր շնչած օդը, պաշտպանում մեր ջրային ռեսուրսները, մարդկանց համար ապահովում սնունդ և ապրուստի միջոց, ինչպես նաև հարստացնում երեխաների համար նախատեսված խաղի և ուսուցման տարածքները։ Անտառները երեխաներին հնարավորություն են տալիս զարգացնել իրենց երևակայությունը, նվազեցնել սթրեսը, բարելավել ուշադրությունը և առավել զարգացնել շարժիչ հմտությունները։
Հայաստանում անտառները նաև կարևոր դեր ունեն ջրային հավասարակշռության պահպանման գործում. վերջիններս ապահովում են ոռոգման և խմելու ջուր, միաժամանակ նվազեցնում Սևանա լիճ հասնող նստվածքները։ Դրանք կանխում են հողերի էրոզիան և ջրհեղեղները՝ արդյունքում պահպանելով գյուղատնտեսության համար անհրաժեշտ բերրի հողերը, հատկապես այնպիսի խոցելի համայնքներում, ինչպիսին է Ձորագյուղը։ Այդտեղ անտառները վերականգնող նախագծերը պայքարում են անտառահատումների և արածեցման հետևանքով առաջացած դեգրադացիայի դեմ [6]։
Հարավային Կովկասի նման կիսաանապատային շրջաններում անտառների դերը ջրի շրջապտույտի կարգավորման գործում չափազանց կարևոր է: Հայաստանի անտառները գործում են որպես «ջրային աշտարակներ», որոնք կարևոր են հիմնական հոսքը պահպանելու և գյուղատնտեսական հողերի լիակատար չորացումը կանխելու համար: Անտառներն ու ծառերն ազդում են տեղումների քանակի վրա և բարելավում ջրի որակը: Նշված գործառույթները կարևոր են գյուղատնտեսության կայուն զարգացման համար, քանի որ լեռները կարգավորում են ջրի շրջապտույտը և գործում որպես բուֆերներ փոթորիկների և երաշտների ժամանակ [7]:
Կլիմայի փոփոխության հետ մեկտեղ անտառները դառնում են ավելի խոցելի: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի անտառների 70 տոկոսը դեգրադացված է և վերածվում է խոտածածկ տարածքի: Սյունիքի մարզում իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ աճի պայմանների վատթարացման պատճառով առաջիկա տասնամյակներում ավելի քան 17,000 հեկտար անտառ կարող է անհետանալ: Սա կթուլացնի լեռնային էկոհամակարգերի դիմակայունությունը և կմեծացնի հանկարծակի աղետների՝ սողանքների և ջրհեղեղների վտանգը [8]։
Անտառածածկը Հայաստանում և COP17-ի շրջանակում ստանձնած հանձնառությունները
Հայաստանը մնում է «անտառներով աղքատ» երկիր։ Անտառների վիճակը հաճախ գնահատվում է նաև կենդանական աշխարհի միջոցով՝ այսպես կոչված ցուցիչ տեսակների հիման վրա։ Դրանց թվում են ընձառյուծը, բեզոարյան այծը և կարմիր եղջերուն, որոնք ունեն խիստ մասնագիտացված հաբիտատի կարիք: Նրանց գոյությունը կախված է առողջ անտառներից։
Կովկասյան (պարսկական) ընձառյուծը կովկասյան լեռների սննդային շղթայի գագաթնակետում գտնվող վտանգված գիշատիչ է: Պատմականորեն բնակվելով Հայաստանի անտառապատ տարածքներում՝ այն պահանջում է անձեռնմխելի անտառներ և բավարար որսի առկայություն: Այն հանդիսանում է առաջնային անտառային տեսակ Կովկասի էկոտարածաշրջանում [3]:
Բեզոարյան (վայրի) այծը բնակվում է քարքարոտ լանջերին՝ անտառների և թփուտների հարևանությամբ։ Կովկասյան բեզոարյան այծը դասվում է խոցելի խմբերի շարքին և հանդիսանում է Հայաստանի անտառային արգելոցների (օրինակ՝ Խոսրովի և Շիկահողի) հիմնական բնակիչ, ինչը վկայում է անտառային կապակցվածության և կերի որակի մասին:
Կովկասյան կարմիր եղջերուն, որը մի ժամանակ տարածված էր Հայաստանի հյուսիսային և արևելյան անտառներում, պահանջում է խիտ անտառի առնկայություն: Իրականացված մեծածավալ որսի և անտառահատման պատճառով այն վերացել է 20-րդ դարի կեսերին: Դիլիջանի ազգային պարկում և Շիկահողում վերաբնակեցման ներկայիս ջանքերն ընդգծում են դրա դերը որպես անտառների առողջության ցուցանիշ [4]:
Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի անտառածածկույթը կազմում է ցամաքային տարածքի ընդամենը մոտ 11-12 տոկոսը, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան 1990-ականների սկզբին։ Հայաստանը նախատեսում է հատուկ պահպանվող տարածքների բաժինը հասցնել 16,6 տոկոսի մինչև 2030 թվականը։ Քանի որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երկրներին կոչ է անում ապահովել, որ համաշխարհային նշանակության ցամաքային և ծովային տարածքների, հատկապես կենսաբազմազանության համար առանձնահատուկ կարևոր տարածքների առնվազն 30 տոկոսը պահպանվի, Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու իր անտառածածկը պահպանելու և ընդլայնելու ուղղությամբ։
Ինչ կարող ես անել դու:
Անտառների պաշտպանությունը սկսվում է փոքր քայլերից․
- Առաջին քայլը իրազեկված լինելն է. իմացի՛ր, թե ինչու են անտառները կարևոր և օգնի՛ր տարածել տեղեկությունը՝ կիսվելով այս հոդվածով։
- Պաշտպանի՛ր ծառերը՝ կրճատելով թղթի օգտագործումը տանը և դպրոցում։ Խրախուսի՛ր թղթի տեսակավորումը դպրոցում կամ համալսարանում:
- Դպրոցի կամ ընտանիքի հետ արշավելիս կամ բնության մեջ գտնվելիս համոզվի՛ր, որ մաքրել եք տարածքը, և աղբ մի՛ թող, հատկապես կենդանիների համար օտար առարկաներ, ինչպիսիք են պլաստիկը կամ տուփերը։
- Պաշտպանի՛ր վայրի բնությունը. խուսափի՛ր բներին և վայրի բնությանը խանգարելուց, փոխարենը կարող ես թռչնանոցներ կառուցել։ Թո՛ղ քարերն ու ծաղիկները այնտեղ, որտեղ դրանք պետք է լինեն. փոխարենը կարող ես գեղեցիկ լուսանկարներ անել։
- Տնկի՛ր և խնամի՛ր ծառեր. իրականացրո՛ւ սեզոնային համայնքային ծառատունկեր և մաքրման միջոցառումներ, խնդրի՛ր քո դպրոցին կամ համալսարանին ծառեր տնկել և օգնի՛ր դրանք կանոնավոր կերպով ջրել։ Ընտրի՛ր տեղական տեսակներ, ինչպիսիք են հայկական կաղնին, և ուշադրություն դարձրո՛ւ ոռոգմանը, վերահսկի՛ր արածեցումը։ Կարող ես նաև աջակցել անտառավերականգնման ջանքերին, ինչպիսին է «Armenia Tree Project»-ը։
- Վերջապես, նվազեցրո՛ւ հրդեհների ռիսկերը և անմիջապես հաղորդի՛ր ծխի կամ հրդեհի մասին. խուսափի՛ր անտառներում կրակ վառելուց, հատկապես չոր սեզոնին՝ մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Երբեք մի՛ թող խարույկներն աննկատ և մի՛ ներտիր դյուրավառ նյութեր բնության մեջ։
Աղբյուրներ
- Forest Ecosystems. (2019). The functional complex network approach to foster forest resilience to global changes. https://link.springer.com/article/10.1186/s40663-019-0166-2
- AoB Plants. (2015). SPECIAL ISSUE: Using Ideas from Behavioural Ecology to Understand Plants. https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC4497361/pdf/plv050.pdf
- One Earth. Caucasus Mixed Forests. https://www.oneearth.org/ecoregions/caucasus-mixed-forests/
- WWF-Caucasus. Reintroduction of the Red Deer in Armenia.
- The World Bank. (2023). Armenia Forest Landscape Restoration Note. https://documents1.worldbank.org/curated/en/099090523175040850/pdf/P17173805d072503008f460b8c8ded40056.pdf
- The Air Pollution & Climate Secretariat. The importance and role of forests in Armenia. https://www.airclim.org/projects/northern-forests-and-climate-change/importance-and-role-forests-armenia
- The World bank. (2024). European Neighborhood and Partnership Instrument East Countries and Second Forest Law Enforcement and Governance Program. https://ace.aua.am/wp-content/uploads/2019/05/2014-IUCN-Forest-Dependency-in-Rural-Armenia-eng.pdf
- Climate ADAPT. (2024). Climate resilient forest management. https://climate-adapt.eea.europa.eu/en/metadata/adaptation-options/climate-resilient-forest-management
- The World Bank. (2026). Preserving Forests is Key to Armenia's Climate Goals and Economic Sustainability. https://www.worldbank.org/en/news/feature/2021/06/07/preserving-forests-is-key-to-armenia-s-climate-goals-and-economic-sustainability
Նյութը ստեղծվել է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն Ավստրիական զարգացման գործակալության տեսակետներն ու քաղաքականությունը: