Ինչ պետք է իմանան դեռահասներն ու երիտասարդները COP17-ի մասին
Ինչպե՞ս կարող են երիտասարդները նախապատրաստվել և ներգրավվել COP17-ի աշխատանքներին
- Հայերեն
- English
Ի՞նչ են COP-երը և ինչո՞ւ են դրանք կարևոր երիտասարդների համար
2026 թվականին Երևանը կդառնա աշխարհի կարևորագույն բնապահպանական գործընթացներից մեկի կենտրոնը։ Տասնյակ երկրներից ժամանած առաջնորդներ, գիտնականներ, ակտիվիստներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և երիտասարդներ կհավաքվեն Հայաստանում՝ քննարկելու, թե ինչպես պաշտպանել բնությունն ու ձևավորել ավելի անվտանգ ապագա։
Հոկտեմբերի 19-30-ը Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը (Conference of the Parties): Համաժողովի ընթացքում երկրները կքննարկեն կենսաբազմազանության պահպանության ոլորտում արձանագրված առաջընթացը, նոր թիրախները և միջազգային համագործակցության հետագա քայլերը։
Սակայն նախքան հասկանալը, թե ինչ է COP17-ը, կարևոր է հասկանալ՝ ինչ են ընդհանրապես COP-երը և ինչու են դրանք կարևոր հատկապես երեխաների և երիտասարդների համար։
COP-ը (Conference of the Parties) միջազգային համաժողով է, որտեղ աշխարհի երկրները հավաքվում են քննարկելու գլոբալ խնդիրները և համաձայնեցնելու համատեղ գործողությունները։
Բնապահպանական ոլորտում գոյություն ունեն երեք հիմնական COP գործընթացներ․
- Կլիմայի փոփոխության COP (UNFCCC COP), որը քննարկում է կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը,
- Կենսաբազմազանության COP (CBD COP), որը կենտրոնանում է բնության, կենդանիների, բույսերի, անտառների և էկոհամակարգերի պահպանության վրա:
- Անապատացման դեմ պայքարի COP (UNCCD COP), որն անդրադառնում է հողերի դեգրադացիային, երաշտներին և գյուղատնտեսական հողերի պահպանությանը:
Այս երեք գործընթացները սերտորեն կապված են միմյանց հետ։ Կլիմայի փոփոխությունը նպաստում է կենսաբազմազանության կորստին և հողերի դեգրադացիային, որոնք էլ իրենց հերթին մեծացնում են կլիմայական ռիսկերը, ազդում սննդի, ջրի և մարդկանց կյանքի որակի վրա։
COP-երը երկարատև բանակցային գործընթացների մասն են, որոնց ընթացքում երկրները մշակում, քննարկում և վերանայում են իրենց միջազգային պարտավորությունները։ Համաժողովներից առաջ և հետո շարունակվում են խորհրդակցությունները, աշխատանքային հանդիպումները և ազգային քաղաքականությունների մշակումը։ Օրինակ՝ 2015 թվականին Կլիմայի COP-ի ընթացքում ընդունվել է Փարիզյան համաձայնագիրը, իսկ 2022 թվականին Կենսաբազմազանության COP15-ի ընթացքում՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը, որի նպատակներից մեկն է մինչև 2030 թվականը պահպանության ներքո վերցնել Երկրի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսը։
Բոլոր COP-երը ունենում են երկու հիմնական տարածք՝ Կապույտ գոտին (Blue Zone) և Կանաչ գոտին (Green Zone)։ Կապույտ գոտին պաշտոնական բանակցային և դիվանագիտական տարածքն է, որտեղ մուտք ունեն ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցները և կոնվենցիայի շահագրգիռ կողմ հանդիսացող մարմինները։ Մինչդեռ Կանաչ գոտին հանրային տարածք է, որտեղ մուտքը ազատ է բոլորի համար։
Ո՞րն է երեխաների և երիտասարդների դերը կլիմայական և կենսաբազմազանության գործընթացներում
ՄԱԿ-ի երեք COP-երն էլ երեխաներին և երիտասարդներին ճանաչում են որպես կարևոր շահագրգիռ կողմ (constituency)։ Կլիմայի փոփոխության (UNFCCC) և կենսաբազմազանության (CBD) գործընթացներում երիտասարդների մասնակցության համար ստեղծվել են նաև պաշտոնական մեխանիզմներ.
- YOUNGO-ն (արտասանվում է՝ «Յունգո») ՄԱԿ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի՝ երեխաներին և երիտասարդներին ներկայացնող պաշտոնական գլոբալ ցանցն է,
- GYBN-ը (արտասանվում է՝ «Գիբն») Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի երիտասարդական պաշտոնական ցանցն է՝ Կենսաբազմազանության երիտասարդական գլոբալ ցանցը (Global Youth Biodiversity Network)։
Վերջիններս հնարավորություն ունեն մասնակցելու COP-երի պաշտոնական գործընթացներին՝ ներկայացնելու երիտասարդների դիրքորոշումները, հետևելու կառավարությունների ստանձնած պարտավորություններին, COP-երի դիվանագիտական Կապույտ գոտիներում հանդես գալու որպես դիտորդներ և որոշ դեպքերում ելույթ ունենալու պլենար նիստերում։
Բայց ինչո՞ւ են երեխաներն ու երիտասարդները կարևոր դեր ունենում այս գործընթացներում:
Նախ, երեխաները և երիտասարդներն ավելի անհամաչափ կերպով են կրում կլիմայական փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետևանքները: Դրանց ազդեցությունը կարող է ավելի երկարաժամկետ ազդեցություն ունենալ նրանց կյանքի, առողջության, կրթության և ապագա հնարավորությունների վրա։ Սա կապված է նաև սերնդային արդարության սկզբունքի հետ, համաձայն որի՝ այսօրվա որոշումները չպետք է վնասեն ապագա սերունդների հնարավորություններին։ Այս սկզբունքը կարևոր հիմք է ինչպես կլիմայական, այնպես էլ կենսաբազմազանության կառավարման ոլորտներում։
Երկրորդ, երեխաներին ու երիտասարդներն ունեն յուրահատուկ տեսանկյուններ, նորարարական գաղափարներ և փոփոխություններ նախաձեռնելու մեծ ներուժ։ Նրանք կարող են նպաստել վարքագծային փոփոխություններին, համայնքային նախաձեռնություններին, կրթական գործընթացներին և նոր լուծումների ձևավորմանը։
Երրորդ, երեխաները և երիտասարդներն ունեն մասնակցության իրավունք: Այս իրավունքն ամրագրված է ոչ միայն ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում, ինչպես նաև Ռիոյի հռչակագրում, որը կարևորում է վերջիններիս մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում։
Այս մոտեցումն ավելի հստակ ամրագրվել է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի Թիվ 26 Ընդհանուր մեկնաբանության մեջ (General Comment No. 26), որտեղ նշվում է, որ պետությունները պետք է ապահովեն երեխաների մասնակցությունը կլիմայական և բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում։
2023 թվականի հունվարի 18-ին Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագրին՝ դառնալով Կովկասի առաջին երկիրը, որն ստորագրել է այն։ Հռչակագիրը նպատակ ունի ընդլայնել երեխաների և երիտասարդների մասնակցությունը կլիմայական և բնապահպանական գործընթացներում՝ կրթության, հմտությունների զարգացման և որոշումների կայացման մեջ ներգրավվածության միջոցով։
Մասնակցության հնարավորությունները COP17-ից առաջ, ընթացքում և հետագայում
Ի տարբերություն ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ: Սա նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է նախագահել գործընթացը մինչ COP18-ը։ Այսինքն՝ երիտասարդների ներգրավվածության հնարավորությունները չեն սահմանափակվելու միայն համաժողովի օրերով։
COP17-ին մասնակցելու համար պարտադիր չէ լինել գիտնական, քաղաքական գործիչ կամ փորձագետ։ Քո մասնակցությունը կարող է սկսվել շատ փոքր քայլերից՝ բնության մասին սովորելուց, համայնքում նախաձեռնություններ սկսելուց կամ երիտասարդական ցանցերին միանալուց։
Ահա մի քանի տարբեր ճանապարհ, որոնց միջոցով կարող ես ներգրավվել COP17-ի աշխատանքներին՝ մինչև համաժողովը, դրա ընթացքում և դրանից հետո։
1) Մասնակցիր նախա-COP-յան երիտասարդների համաժողովին
Յուրաքանչյուր COP-ին ընդառաջ YOUNGO-ն կազմակերպում է Երիտասարդների համաժողով (Conference of Youth – COY), որտեղ քննարկվում են և ամփոփվում են մինչ այդ տարբեր երկրների դեռահասների և երիտասարդների կողմից մշակված առաջարկները։ Այս ամենի հիման վրա YOUNGO-ն կազմում է իր գլոբալ կոչը, որով հանդես է գալիս «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին և փորձում բանակցություններում ներառել երիտասարդների օրակարգային հարցերը։
2026 թվականի հուլիսին Հայաստանում կայանալու է YOUNGO-ի կողմից պաշտոնապես լիցենզավորված Երիտասարդների տեղական համաժողովը (Local Conference of Youth - LCOY): LCOY-ին դիմելու և մասնակցելու համար հետևիր Ինստագրամյան էջին՝ հայտարարությունը բաց չթողնելու համար։ Իսկ մինչ այդ կարող ես ծանոթանալ 2025 թվականի LCOY-ի արդյունքներին, որպեսզի լավագույնս պատրաստվես։
2) Միացի՛ր երիտասարդական ցանցերին և նախաձեռնություններին
2010թ․ հիմնադրված GYBN-ը միավորում է աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին՝ առաջնորդելու, աջակցելու և արագացնելու կոլեկտիվ գործողությունները՝ հանուն բնության հետ ներդաշնակ արդար և հավասար աշխարհի։ 2012 թվականից GYBN-ը ճանաչվել է երիտասարդների մասնակցության միջազգային համակարգող հարթակ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) շրջանակում։
Այսօր ցանցն ունի շուրջ 1.2 միլիոն անդամ աշխարհի 172 երկրներից։ Այն ներառում է ավելի քան 700 անդամ կազմակերպություն և ունի 65-ից ավելի ազգային ու տարածաշրջանային ներկայացուցչություններ (chapters)։ 2026 թվականի մայիսին պաշտոնապես մեկնարկել է նաև GYBN-ի Հայաստանի մասնաճյուղի գործունեությունը, որի նպատակն է համախմբել Հայաստանի և սփյուռքի երիտասարդներին (18-35 տարեկան)՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում ակտիվ մասնակցությունն ապահովելու համար:
GYBN-ին միանալով՝ դու կարող ես․
- ներգրավվել COP17-ի նախապատրաստական գործընթացներում,
- դառնալ COP17 Կապույտ գոտիում երիտասարդական պաշտոնական պատվիրակության անդամ,
- մասնակցել միջազգային քննարկումներին և խորհրդակցության երիտասարդական ձևաչափերին, ինչպիսին է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք Երիտասարդական գագաթաժողովը:
Առաջիկա հնարավորություններից է Ազգային կարողությունների զարգացման աշխատարանը, որը նախատեսվում է անցկացնել հուլիսի 20-24-ը Երևանում։ Այն նախատեսված է Հայաստանից 40 երիտասարդների համար՝ 18-35 տարեկան։ Մասնակիցները կծանոթանան CBD գործընթացներին, COP-ի աշխատանքի տրամաբանությանը և կմասնակցեն COP-ի սիմուլյացիոն վարժանքի։ Դիմումների մասին հայտարարությունը կհրապարակվի մասնաճյուղի պաշտոնական էջերում։
3) Այցելի՛ր COP17 Կանաչ գոտի (Green Zone)
Ինչպես արդեն գիտես, Կանաչ գոտին բաց հանրային տարածք է, որտեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, երիտասարդական քննարկումներ, մշակութային միջոցառումներ և ինտերակտիվ ծրագրեր։ Այստեղ կարող են այցելել բոլոր հետաքրքրված մարդիկ՝ երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ, հետազոտոներ և հասարակական կազմակերպություններ։
COP17-ի Կանաչ գոտին կտեղակայվի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Այստեղ կարող ես՝
- մասնակցել երիտասարդական թեմատիկ քննարկումների,
- լսել միջազգային փորձագետների,
- ծանոթանալ տեղացի և օտարերկրյա հասակակիցներիդ հետ, ովքեր կիսում են բնության հանդեպ քո սերը,
- մասնակցել ցուցահանդեսների և ինտերակտիվ ծրագրերի և այլն:
Եթե պլանավորում ես այցելել Կանաչ գոտի, նախապես պատրաստվիր հագեցած օրվա՝ վերցնելով բազմակի օգտագործման ջրի շիշ և հարմարավետ կոշիկներ։
4) Ներգրավվի՛ր ազգային երիտասարդական հարթակներում
Երիտասարդների ներգրավվածությունը զարգանում է նաև ազգային մակարդակում՝ նոր ինստիտուցիոնալ հարթակների միջոցով։ 2025 թվականին Շրջակա միջավայրի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծվել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ, որը միավորում է 16-24 տարեկան երիտասարդների։
Խորհուրդը նպատակ ունի ամրապնդել երիտասարդների կարողությունները և ապահովել նրանց ներգրավվածությունը կլիմայական քաղաքականության ձևավորման գործընթացներում։ Խորհրդին անդամակցությունը նախատեսված է երկու տարի ժամկետով։ Նոր անդամների ընդունումը կմեկնարկի 2027 թվականի գարնանը: