Երբ աջակցություն ստանում են նրանք, ում երեխաներն ամենաշատն են վստահում
Այն մասին, թե ինչպես են ծնողները սովորում հոգ տանել իրենց մասին՝ միաժամանակ ավելի լավ հոգ տանելով իրենց երեխաների մասին
- Հայերեն
- English
Մարինե Հովհաննիսյանի օրվա մեծ մասն անցնում է ուրիշների մասին հոգ տանելով։ Նորատուս գյուղում մանկապարտեզի դաստիարակ աշխատող և երեք երեխաների մայր Մարինեն լավ գիտի, թե որքան հեշտ է սեփական կարիքները հետին պլան մղելը։ Մինչև վերջերս աշխատանքից տուն վերադառնալուց հետո նրա համար հանգիստ առնելու ժամանակ չկար․ անմիջապես անցնում էր տան գործերին։
«Աշխատանքից տուն էի գալիս ուժասպառ և միանգամից անցնում տնային գործերին»,- պատմում է Մարինեն։ «Հիմա, երբ գալիս եմ տուն, պարզապես ասում եմ տան անդամներին, որ մի քանի րոպե հանգստի կարիք ունեմ»։
Գուցե փոքր փոփոխություն է թվում, բայց Մարինեի համար այդ փոքրիկ քայլը փոխեց շատ ավելին, քան միայն իր առօրյան։
2025 թվականին Մարինեն այն ավելի քան 1,000 ծնողներից մեկն էր, ովքեր ընդգրկվել էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ հոգեսոցիալական աջակցության և փոխօգնության կամավորական ցանցի ծրագրում, որն իրականացվում էր ամբողջ Հայաստանում։ Ցանցը ստեղծվել է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և «Աֆեյան» հիմնադրամի աջակցությամբ։
Մի շարք հանդիպումների և հետագա պարբերական առցանց շփումների ընթացքում թե՛ փախստական, թե՛ ընդունող համայնքներում բնակվող ծնողները սովորեցին, թե ինչպես գործնականում հասկակալ և աշխատել սեփական զգացմունքների հետ, և, ինչպես ասում է Մարինեն, «ավելի դրական շփվելու և առողջ սահմաններ դնելու» համար։
Հանդիպումներից անմիջապես հետո Մարինեն սկսեց սովորածը կիրառել ընտանիքում՝ երեխաների հետ իր հարաբերություններում և նրանց դաստիարակելու իր մոտեցումներում։ Ինչպես նախատեսված էր ծրագրով, նա նաև սկսեց իր նոր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել համայնքի մյուս ծնողներին։
Ծրագիրն ի սկզբանե հենց այսպես էր նախատեսված․ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցությունը միայն մասնագիտացված ծառայությունների միջոցով ստանալու փոխարեն ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ծնողավարման դպրոցը» վերապատրաստել են ծնողների, մասնագետների և դեռահասների, որոնք իրենց հերթին կարող են աջակցել հասակակիցներին։ Այսպիսով, անհրաժեշտ գիտելիքն ու գործնական հմտությունները հասնում են երեխաներին ու ընտանիքներին՝ նրանց առօրյա կյանքի ամենատարբեր իրավիճակներում։ Միասին նրանք արդեն ընդգրկել են ավելի քան 24,000 ծնողի՝ իրենց և հարևան համայնքներում։
Մարինեն խմբային հանդիպումներից առանձնացնում է առողջ սահմաններ թեմայի ուսումնասիրությունը։ Ասում է, որ դասընթացի ժամանակ ծնողներ կային, որ մտածում էին, թե սեփական սահմաններ դնելը նշանակում է արհամարհել մյուսներին, հետո քննարկումների ժամանակ հասկացան, որ սահման դնելը բոլորովին էլ շրջապատն անտեսելու մասին չէ, այլ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցելու մի մաս։
Դեռահաս դստեր մայր Մարինեի համար այդ գիտելիքը շատ արագ տեղ գտավ առօրյա կյանքում։
«Երբեմն, երբ տանը հյուրեր ենք ունենում, աղջիկս պարզապես ուզում է մնալ իր սենյակում։ Եվ ես ընդառաջում եմ իրեն, որովհետև եթե ուզում եմ իմ սահմանները հարգի, ապա առաջինը ես պետք է օրինակ դառնամ»,- ասում է նա։
Մարինեն նաև սովորել է կիրառել շնչառական վարժություններ, որոնք սովորեցնում է նաև իր դստերը։ Երբ աղջիկը անհանգստանում է, Մարինեն օգնում է նրան ուշադրությունը կենտրոնացնել իր շուրջը եղած իրերի, գույների կամ հոտերի վրա, որպեսզի լարված իրավիճակից դուրս գա և վերադառնա ներկա պահին։
Վերջերս նա իր մանկապարտեզի 10 ծնողների հետ հանդիպում կազմակերպեց՝ խոսելու դրական ծնողավարության մոտեցումների մասին։ Հանդիպման ընթացքում Մարինեն նաև կիրառում էր այն տպագիր նյութերից մի քանիսը, որոնք ստացել էր դասընթացների ժամանակ։
«Երբեմն, երբ տանը հյուրեր ենք ունենում, աղջիկս պարզապես ուզում է մնալ իր սենյակում։ Եվ ես ընդառաջում եմ իրեն, որովհետև եթե ուզում եմ իմ սահմանները հարգի, ապա առաջինը ես պետք է օրինակ դառնամ»,- ասում է նա։
Մարինեի պատմությունը լավ է ցույց տալիս, թե ինչպես կարող է մեկ մարդու սովորածը տարածվել ու հասնել շատերին․ դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքը նա տանում է տուն, այնտեղից՝ մանկապարտեզ, իսկ հետո կիսվում է նաև մյուս ծնողների ու երեխաների հետ։
Կարևոր է նաև, որ հասակակիցների փոխօգնության ցանցում ներառված կամավորները մենակ չեն մնում այս գործում։ Նրանք պարբերաբար մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն են ստանում, ինչը նրանց օգնում է հասկանալ, թե երբ ինչ-որ մեկը լրացուցիչ՝ անհատական կամ մասնագիտացված աջակցության կարիք ունի, և անհրաժեշտության դեպքում ուղղորդել նրան համապատասխան ծառայությունների։
«Երեխայի հոգեկան առողջությունը ձևավորվում է ոչ միայն այն ժամանակ, երբ նա հոգեբանի մոտ է։ Այն ձևավորվում է ամեն օր՝ տանը, դպրոցում և համայնքում մարդկանց հետ ունեցած առօրյա հարաբերությունների ընթացքում»,-
ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Վիկտորյա Օհանյանը։ «Երբ ծնողներին, մասնագետներին և դեռահասներին տալիս ենք գործնական հմտություններ և նրանց շարունակական մասնագիտական աջակցություն ենք տրամադրում, հոգեկան առողջության աջակցությունն ավելի հասանելի է դառնում երեխաների ու ընտանիքների համար, այդ թվում՝ փախստական ընտանիքների։ Վերապատրաստված մեկ կամավորը կարող է աջակցել բազմաթիվ մարդկանց և միաժամանակ հասկանալ, թե երբ ինչ որ մեկը լրացուցիչ կամ ավելի մասնագիտացված աջակցության կարիք ունի»։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հիմնադիր, հոգեբան Աննա Վելիցյանի համար այս մոտեցումն արդյունավետ է, որովհետև մասնակիցները, նախևառաջ, իրենց կյանքում են տեսնում սովորածի արժեքավոր լինելը։
«Երբ մարդը վերապատրաստման գալիս է միայն ուրիշին օգնելու համար, մի բան է, իսկ երբ գալիս է առաջին հերթին իր համար, սովորոծը կիրառում է տանը, տեսնում արդյունքը, ապա պատրաստ է լինում սիրով ու եռանդով ստացածը արդյունավետ փոխանցել նաև այն մարդուն, որի հետ առնչվում է կամ աշխատում է»։