«Ոչ մի որոշում մեր մասին՝ առանց մեզ»․ LCOY Armenia 2026-ը միավորեց Հայաստանի դեռահասների և երիտասարդների ձայնը կլիմայական օրակարգի շուրջ
CBD COP17-ին և UNFCCC COP31-ին ընդառաջ ավելի քան 100 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից մշակել է Ազգային երիտասարդական հայտարարությունը
- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31, 2026 թվական. 2026 թվականի հուլիսի 30–31-ին Երևանում տեղի ունեցավ Երիտասարդների տեղական համաժողովը՝ LCOY Armenia 2026-ը։ Կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային երիտասարդական համաժողովը կազմակերպվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC)` երեխաներին և երիտասարդներին ներկայացնող պաշտոնական գլոբալ ցանցի՝ YOUNGO-ի շրջանակում։ Այս տարվա համաժողովի կարգախոսն էր՝ «Ոչ մի որոշում մեր մասին՝ առանց մեզ»։
Համաժողովը համախմբեց Հայաստանի բոլոր մարզերից 16–24 տարեկան ավելի քան 100 երիտասարդի՝ քննարկելու կլիմայական ճգնաժամը, կենսաբազմազանության կորուստը և այն քաղաքական լուծումները, որոնց մշակման ու իրականացման մեջ երիտասարդները ցանկանում են ունենալ իրական և շարունակական դեր։
LCOY Armenia 2026-ը կազմակերպել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդը, որը ստեղծվել է 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Համաժողովի կազմակերպման գործում խորհրդին աջակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսական աջակցությամբ և «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամը։
Քննարկումներից դեպի համատեղ առաջարկներ
Երկօրյա ծրագրի առաջին օրը նվիրված էր երեխաների և երիտասարդների կլիմայական ձայնին և դրա ազդեցությանն ազգային ու միջազգային մակարդակում կայացվող որոշումների վրա։ Մասնակիցները քննարկեցին երիտասարդների ներգրավվածությունը 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17) և UNFCCC COP31-ին։ Առանձին պանելում անդրադարձ կատարվեց երեխաների, երիտասարդների ու այլ խոցելի խմբերի մասնակցությանը, կլիմայական կրթությանը և գրագիտությանը, կլիմայական ու բնապահպանական իրավունքներին, ինչպես նաև կլիմայական հարցերի բարձրաձայնման և հասցեագրման հարցում երիտասարդական կազմակերպությունների դերին։
Երկրորդ օրը մասնակիցները խորացրին գիտելիքները միջսերնդային արդարության, երեխաների և երիտասարդների ներառման, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապվածության, արդար անցման, կանաչ տնտեսության, կլիմայական ֆինանսների ու քաղաքականության, ինչպես նաև համայնքներում կլիմայական առաջնորդության վերաբերյալ։
Այնուհետև նրանք աշխատեցին հինգ թեմատիկ խմբերում՝
- կլիմայի փոփոխություն և կենսաբազմազանություն,
- արդար անցում և կանաչ տնտեսություն,
- կլիմայական ֆինանսներ և քաղաքականություն,
- կայուն պարենային համակարգեր և գյուղատնտեսություն,
- երիտասարդների ներառում և միջսերնդային արդարություն։
Խմբերի աշխատանքի արդյունքների հիման վրա մշակվեց Ազգային երիտասարդական հայտարարությունը։
«Որպես երիտասարդ կլիմայական հետազոտող՝ ցանկանում եմ նպաստել Հայաստանում տվյալահեն լուծումների առաջմղմանը և ռազմավարական որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ներուժի ներգրավմանը։ Մենք ապրում ենք կլիմայական ճգնաժամի պայմաններում, իսկ LCOY-ն այն արդյունավետ մեխանիզմներից է, որի միջոցով մենք՝ երիտասարդներս, կարող ենք բարձրաձայնել խնդիրները և առաջարկել երիտասարդակենտրոն լուծումներ՝ ուղղված մեր բարեկեցիկ ապագայի ապահովմանը», – նշել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամ Նարեկ Օհանյանը։
«Երիտասարդները պետք է ակտիվ դեր ունենան կլիմայական քաղաքականության ձևավորման և որոշումների կայացման գործընթացներում։ Վստահ եմ, որ նրանց ձայնը կարող է իրական ազդեցություն ունենալ ազգային և միջազգային կլիմայական օրակարգերի վրա։ LCOY-ի նման նախաձեռնությունների միջոցով ցանկանում եմ ավելի շատ երիտասարդների ոգեշնչել՝ ներգրավվելու կլիմայական գործողություններում և բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում»,– ասել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամ Անի Փալթաջյանը։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հետևողականորեն պաշտպանում է երեխաների և երիտասարդների իրական և իմաստալից մասնակցությունը՝ ոչ միայն նրանց տեսակետները լսելու, այլև իրենց ապագան ձևավորող խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում նրանց ձայնն ու ազդեցությունն ապահովելու համար։ Կլիմայական ճգնաժամը հենց այդպիսի խնդիր է։ LCOY-ն Հայաստանը տարբեր մարզերի երիտասարդներին հնարավորություն է տալիս համատեղ ձևակերպելու իրենց առաջնահերթություններն ու առաջարկները և դրանք ներկայացնելու ազգային ու միջազգային որոշում կայացնողներին։ Երիտասարդները պարզապես կլիմայական քաղաքականության շահառուներ չեն․ նրանք դրա մշակման լիարժեք գործընկերներն են»,– ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեռահասների ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։
«ATP-ի համար երիտասարդների կրթությունը կայուն ապագայի ամենակարևոր ներդրումն է։ Մենք հավատում ենք, որ երիտասարդը փոփոխության ամենահզոր բազմապատկիչն է․ նրա գիտելիքն ու արժեքները տարածվում են ընտանիքից մինչև համայնք։ Հենց այս տրամաբանությամբ է ATP-ն ձևավորել բնապահպանական կրթության ապակենտրոնացված ցանց՝ Բնապահպանական կրթության կենտրոնների և հանրապետության էկոակումբների միջոցով։ LCOY Armenia-ն այդ նույն տեսլականի շարունակությունն է, որի շնորհիվ երիտասարդները հնարավորություն ունեն դառնալու կլիմայական դրական փոփոխությունների օրակարգի ձևավորման ակտիվ առաջնորդներ»,- ընդգծել է «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի Ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։
«Երիտասարդներին առաջնահերթություն տալը նշանակում է ոչ միայն նրանց համար ծրագրեր իրականացնել, այլև լսել նրանց, հաշվի առնել նրանց փորձն ու առաջարկները և հնարավորություն տալ մասնակցելու իրենց ապագայի վրա ազդող որոշումների կայացմանը։ Ավստրիական զարգացման գործակալությունը կարևորում է երիտասարդների՝ որպես փոփոխությունների լիարժեք գործընկերների ներգրավումը և պատրաստ է աջակցելու նրանց գաղափարները գործնական քայլերի վերածելուն՝ համապատասխան գործակալության մանդատին ու կարողություններին»,– շեշտել է Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանը:
Համաժողովի ավարտին՝ հուլիսի 31-ին, մասնակիցները քվեարկությամբ հաստատեցին Ազգային երիտասարդական հայտարարությունը։ Երկլեզու հայտարարությունը կհրապարակվի օգոստոսի 3-ին: Այն կներկայացվի որպես Հայաստանի դեռահասների և երիտասարդների միասնական դիրքորոշում, կներդրվի COP31-ին ընդառաջ Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում և կներկայացվի նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ COP17-ին։
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: