Կլիմայի փոփոխությամբ և աղետներով պայմանավորված տագնապայնություն

Ինչպես օգնել երեխաներին հաղթահարել կլիմայի փոփոխության պատճառով առաջացած մտահոգությունները:

ՅՈՒՆԻՍԵՖ
6-7 տարեկան տղան տխուր դեմքով հենվել է հեծանիվի ղեկին:
UNICEF Armenia/2020/MaramAva
13 Օգոստոս 2025

Կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրի դեգրադացիան ազդում են երեխաների առողջության և բարեկեցության գրեթե բոլոր ասպեկտների վրա:  Տարբեր համայնքներում աղետների հետևանքները և պատշաճ տեղեկատվության պակասը երեխաներին և դեռահասներին կարող է սթրես պատճառել՝ առաջացնելով անհանգստություն, ընկճվածություն և ապագայի նկատմամբ անհուսության զգացում:

Թեև այս զգացումները բնական արձագանքներ են աճող համաշխարհային ճգնաժամին, այնուամենայնիվ, դրանք կարող են մտահոգիչ դառնալ, եթե սկսեն խանգարել երեխայի առօրյա կյանքին: Երբ կլիմայական անհանգստությունը սկսում է ազդել երեխայի առաջադիմության, նրա ընկերական կամ ընտանեկան հարաբերությունների վրա, ապա անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության մասնագետի:

1. Ինչպե՞ս է տարբեր աղետների կամ կլիմայի փոփոխության պատճառով առաջացած տագնապայնությունը ազդում երեխաների հոգեկան առողջության վրա:

Քերոլայն: Երեխաներն ու երիտասարդներն ավելի խոցելի են, քան մեծահասակները: Նրանք դեռ գտնվում են ֆիզիկական և զգայական զարգացման փուլում և ավելի շատ են տուժում նաև այն պատճառով, որ կլիմայի փոփոխությունն ու դրանով պայմանավորված աղետները ազդում են ոչ միայն ներկայում նրանց զարգացման վրա, այլև նրանց ապագայի վրա։

Երեխաները կախված են մեծահասակներից, քանի որ չունեն բավարար տնտեսական և քաղաքական ուժ՝ ուղղակիորեն ազդելու աղետներին պատրաստվածության կամ կլիմայի փոփոխությանն առնչվող գործողությունների վրա:

Մոլորակի նկատմամբ նրանց հոգատարությունը ոչ թե ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր է, այլ հոգեկան առողջության և իրազեկման դրական ցուցիչ, որը վկայում է նրանց պատասխանատվության մասին: Երեխաներն անհանգստանում են, քանի որ հոգատար են: Հիմնական խնդիրն այն է, որ նրանց պետք է լսել, լրջորեն վերաբերվել նրանց մտահոգություններին և օգնել լուծել գտնել: 

«Աշխարհում շատ երիտասարդներ լուրջ անհանգստացած են տաքացող մոլորակի վրա իրենց ապագայի համար»։

Տշիամո: Մինչև 13 տարեկան երեխաները, հատկապես նրանք, ովքեր տուժել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ավերածություններից, ինչպիսիք են ջրհեղեղները, անտառային հրդեհները կամ երաշտը, կարող են անհանգստանալ, որ նման երևույթները կկրկնվեն:

  • Նրանք կարող են անհանգստանալ, որ նման աղետներ նորից կարող են պատահել իրենց, իրենց տանը, ընտանիքին, իրենց ընտանի կենդանիներին, ընկերներին, ուսուցիչներին:
  • Ավելի փոքր երեխաները կարող են դժվարությամբ բաժանվել ծնողներից՝ վախենալով, թե նրանք այլևս չեն վերադառնա:
  • Սա կարող է ազդել նրանց քնի վրա, և որոշ երեխաներ կարող են մղձավանջային երազներ տեսնել իրենց համայնքում արդեն տեղի ունեցած աղետի մասին: Դա կարող է առաջացնել մտերիմներին և սիրելի վայրերը կորցնելու վախ:
  • Նման անհանգստությունները կարող են բացասաբար ազդել երեխաների ուսման, խաղի և հուզական զարգացման վրա, հատկապես, երբ այդ վախերն ամրապնդվում են սեփական փորձով կամ շրջակա իրադարձությունների մասին լսած տեղեկություններով:

Փոքր երեխաների համեմատ՝ 13-18 տարեկան դեռահասների տրամաբանական մտածողությունն ավելի զարգացած է, սակայն նրանց ավելի հեշտ հասանելի են լրատվամիջոցները, որոնք լուսաբանում են կլիմայի փոփոխության ավերիչ հետևանքներն ամբողջ աշխարհում: Նրանք գիտակցում են, թե կլիմայի փոփոխությունն ինչ ազդեցություն է ունենում իրենց բնակավայրերում և աշխարհում: Սա կարող է առաջացնել տարբեր հույզեր, այդ թվում՝ վախ, տխրություն, անհանգստություն, զայրույթ և անօգնականության զգացում: Երբ նման հույզերը շարունակվում են, կարող են հանգել տագնապայնության, որն էլ, իր հերթին ազդում է նրանց կենտրոնացման, քնի, ուտելու սովորությունների և հարաբերությունների վրա:

8-9 տարեկան աղջիկը նստել է տարիքով մեծահասակի ուսերին: Նրա ձեռքին բնապահպանական թեմայով պաստառ կա:
UNICEF/UN0547131/Elwyn-Jones

2. Որո՞նք են կլիմայի փոփոխություններով պայմանավորված տագնապայնության վերաբերյալ սխալ պատկերացումները:

Ջոն: Մեկ սխալ պատկերացում է, օրինակ, որ դա հոգեկան խանգարում է, այնինչ այն պարզապես բնական հուզական արձագանք է տեղի ունեցող փոփոխություններին:

Քերոլայն: Հիմնական սխալը կամ թյուրըմբռնումն այն է, որ մարդիկ այն դիտարկում են որպես որոշ անհատների հոգեկան առողջության խնդիր, մինչդեռ իրականում դա առողջ արձագանք է բնապահպանությանն առնչվող մտահոգություններին: Թեև ես համաձայն եմ, որ դրանք հաղթահարելու համար որոշ երեխաներ կարող են որոշակի անհատական հուզական աջակցության կարիք ունենալ, այնուամենայնիվ, շատերը դրա կարիքը չունեն:

Դրա փոխարեն, երեխաները կարիք ունեն վստահության, ըմբռնման, հոգատարության և աջակցության, որպեսզի իրենց միայնակ չզգան: Ես կանդրադառնայի այս սխալ պատկերացումներին՝ «կլիմայական տագնապայնությունը» վերաձևակերպելով որպես «կլիմայի նկատմամբ հոգատարություն»: Դուք դա զգում եք, որովհետև հոգատար եք, և պետք է հպարտանաք, որ այդպիսին եք: 

3. Ո՞ր նշանները կարող են վկայել, որ երեխայի մոտ տագնապայնություն կա:

Տշիամո: Ծնողները պետք է հետևեն երեխայի հույզերի, վարքի փոփոխություններին ու գանգատներին և ուշադրություն դարձնեն այս նշանների տևողությանը: Փոքր երեխաներն ավելի հետաքրքրասեր են և մատնանշում են այն ամենը, ինչ անհանգստացնում է իրենց շրջապատում: Եթե նրանք շարունակում են խոսել դրանց մասին օրեր և շաբաթներ շարունակ, և հատկապես, եթե դա սկսում է ազդել նրանց ակտիվության վրա, նշանակում է, որ անհանգստությունը չի վերանում:

Այդպիսի նշաններ կարող են լինել.

  • Աղետների մասին վատ երազները կամ հաճախակի կրկնվող մղձավանջները։
  • Ծնողներին ավելի կապված լինելը։
  • Եղունգները կրծելու կամ բթամատը ծծելու սովորության կրկին ի հայտ գալը կամ հաճախակի դառնալը:

Քերոլայն: Երեխաներն իրավացիորեն անհանգստանում են, երբ մեծահասակները շտապ կերպով չեն արձագանքում այս խնդիրներին: Նրանք ցուցաբերում են անհանգստության, տխրության, հուսահատության, հիասթափության, հուսալքության, դավաճանված և լքված լինելու և անվստահության նշաններ: Այս ամենը կարելի է բացատրել կլիմայի փոփոխության հարցում անգործության հետևանքով առաջացած մտահոգությամբ:

Այս ախտանիշերը կնվազեին, եթե երկրները ավելի գործուն քայլեր ձեռնարկեին կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար: Անարդար կլինի, եթե երեխային վերաբերվենք այնպես, ասես խնդիրը նրա մեջ է։ 

4. Ինչպե՞ս կարող է ծնողն օգնել իր երեխային՝ հաղթահարելու կլիմայի փոփոխությամբ պայմանավորված տագնապայնությունը:

Ջոն: Ծնողները պետք է ճանաչեն իրենց երեխաների հույզերը և ուշադիր լինեն, թե ինչ տեղեկություններ են նրանց հայտնում կլիմայական ճգնաժամի մասին: Կարևոր է կիրառել երեխայի զարգացմանը համապատասխան մոտեցումներ՝ քաջալերելու նրան ևս քայլեր ձեռնարկելու (օրինակ՝ բույս տնկել, ջուրը խնայողաբար օգտագործել և այլն) և հուսադրվելու՝ թույլ չտալով, որ նա հուզականորեն ճնշվի շրջակա միջավայրի վատթարացման և կլիմայի փոփոխության սպառնալիքների մասին տեղեկություններից:

Երեխաների համար հնարավորություններ ստեղծե՛ք միանալու դպրոցական կամ համայնքային բնապահպանական խմբակների, որպեսզի ունենան հարթակ կլիմայի փոփոխության վերաբերյալ իրենց մտքերն ու զգացմունքներն արտահայտելու համար: Սա կօգնի նրանց հասկանալու, որ միայնակ չեն, և կհուսադրի, հատկապես, երբ նրանք մասնակցում են համատեղ գործողությունների:

«Կլիմայի փոփոխության դեմ գործողությունները կլիմայական տագնապայնության հակաթույնն են»:

Քերոլայն: Ամենակարևոր բանը, որ կարող է անել ծնողը, երեխայի հետ խոսելն է: Հարցրե՛ք նրան, թե ինչպես է իրեն զգում և ինչ է մտածում: Ապրումակցե՛ք նրան, նույնիսկ եթե դուք լիովին համամիտ չեք նրա հետ: Հաճախ երեխաներին անհրաժեշտ է միայն իմանալ, որ իրենց ծնողները կամ սիրելիները տեսնում, լսում և հասկանում են իրենց, և որ իրենք միայնակ չեն իրենց անհանգստությունների հետ:

Սովորեցրե՛ք ձեր երեխային, թե ինչպես լավ զգալ մի աշխարհում, որը միշտ չէ, որ կարող է լավը լինել: 

Ասե՛ք նրան. «Դու կարող ես գոհ չլինել այն ամենից, ինչ կատարվում է, սակայն կարող ես իմաստ գտնել և կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ մենք դեռ ունենք այս աշխարհում. հոգ տանել դրա համար, արժևորել, սիրել և գնահատել այն»:

Երեխաներին անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն գործնական քայլերի, հուզական կարգավորման և դիմակայունության միջև, որպեսզի չմնան վախի և անհանգստության մթնոլորտում, և փոխարենը գիտակցեն իրենց ուժը՝ ավելի լավ ապագա ստեղծելու համար:

Միշտ խորհրդակցե՛ք և օգնությո՛ւն խնդրեք, եթե ձեր երեխան մեկուսանում է և չի շփվում ձեզ հետ: Եվ համբերատա՛ր եղեք, գուցե դեռ ճիշտ ժամանակը չէ խոսելու։

Տշիամո: Թող ձեր երեխան իմանա, որ դուք նկատում եք իր անհանգստությունը: Վստահեցրե՛ք նրան, որ դուք իր հետ եք՝ աջակցելու նրան այս իրավիճակում: Ցո՛ւյց տվեք, որ դուք նույնպես տխուր եք և անհանգստացած, սակայն նրա ներկայությամբ ուշադի՛ր եղեք, թե ինչպես եք մեկնաբանում աղետներին առնչվող ձեր մտահոգությունները։

Հետևե՛ք, թե ինչ ազդեցություն է ունենում նրանց վրա լրատվամիջոցներում աղետների մասին բովանդակությունը: Երբ նրանք մտահոգվում են, առաջարկե՛ք զբոսնել կամ հեծանիվ քշել, միասին ճաշ պատրաստել, խաղալ իրենց սիրելի խաղը կամ շնչառական վարժություններ անել:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաները, որոնք նաև անհանգստացած են կլիմայի փոփոխությամբ, ավելի զգայուն են տագնապայնության հանդեպ: Ծնողները պետք է խոսեն հոգեկան առողջության համապատասխան մասնագետի հետ՝ աջակցություն ստանալու համար: 

7ամյա աղջիկը ջրում է բույսերը: Նա ծնկների վրա է
UNICEF Armenia/2020/Margaryan

5. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին՝ լինելու ավելի դիմակայուն:

Տշիամո: Երեխայի հետ նրա տարիքին համապատասխան զրույցնե՛ր վարեք կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ նրա վախերի շուրջ: Ցուցաբերե՛ք շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վարքագիծ և վերաբերմունք ձեր տանը: Խրախուսե՛ք ձեր երեխային հոգ տանել շրջակա միջավայրի համար, օրինակ՝ միասին տեսակավորեք աղբը կամ ծառեր տնկեք:

Թո՛ւյլ տվեք ձեր երեխաներին արտահայտել իրենց կարծիքը, լսե՛ք նրանց տեսակետները: Նրանք նույնպես ունեն առաջարկներ, թե ինչպես կարելի է հաղթահարել այս խնդիրները, պահպանել և պաշտպանել մեր ունեցածը և բարելավել շրջակա միջավայրը:

Օգնե՛ք նրան գտնելու կազմակերպություններ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի պաշտպանությամբ, և հնարավորությո՛ւն տվեք, որ կամավոր ներդնի իր ժամանակն ու ռեսուրսները՝ աջակցելու այդ գործողություններին:

Քերոլայն: Ծնողները ցանկանում են պաշտպանել իրենց երեխաներին վախեցնող երևույթներից, սակայն կլիմայի փոփոխությունը դրանով չի վերանում, ուստի մենք պետք է առերեսվենք դրան: Ցանկալի է երեխաների հետ խոսել այդ մասին և սովորեցնել, թե ինչպես գործեն դժվարին իրավիճակներում: Oգնեք երեխային հիշել՝ ինչն է կյանքում ամենակարևորը, այն է՝ լավ հարաբերությունները, արժեքները, հավասարությունը, սերն ու հոգատարությունը սեփական անձի, ուրիշների և մոլորակի հանդեպ:

Ջոն: Կարևոր է, որ կառավարությունները, մասնավոր հատվածի ընկերությունները, տեղական իշխանության մարմինները և, ընդհանուր առմամբ, մեծահասակները աղետներին պատրաստվածության և կլիմայի փոփոխության վերաբերյալ ճիշտ և հրատապ որոշումներ կայացնեն՝ ստանձնելով միջսերնդային պատասխանատվություն: Երեխաները պետք է տեսնեն, որ մեծահասակները հոգ են տանում իրենց ապագայի համար և անում են ամեն ինչ, որ ապագա սերունդներն ապրեն բնակելի մոլորակում:

6. Ե՞րբ պետք է դիմել մասնագետի:

Տշիամո: Եթե նկատում եք, որ հետևյալ նշանները շարունակվում են կամ դառնում են մտահոգիչ, ապա դիմե՛ք օգնության.

  • Զգացմունքային նշաններ. տևական տխրություն, գրգռվածություն, անհանգստություն և վախ:
    Վարքագծային նշաններ․ քնի խանգարումներ (անքնություն), անհանգստություն կամ գրգռվածություն, կենտրոնացման դժվարություն, ինքնավնասում:
  • Ճանաչողական նշաններ. կենտրոնանալու անկարողություն, շատ երևույթների նկատմամբ բացասական վերաբերմունք, մղձավանջների կամ վախերի, իրեն կորած կամ դատարկ զգալու մասին մտքեր:
  • Ֆիզիոլոգիական նշաններ․ շնչառության դժվարություն, կրծքավանդակում սեղմվածություն, որովայնի ցավեր, սրտխփոց, խուճապի նոպաներ, մկանային լարվածություն և հոգնածություն:

«Խորհրդատվություն և աջակցություն փնտրե՛ք նախ ձեզ համար՝ որպես ծնող, եթե անհանգստանում եք ձեր երեխայի համար: Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, փնտրե՛ք աջակցության նաև ձեր երեխայի համար»:


Փորձագետները
Քերոլայն Հիքմանը հոգեկան առողջության ոլորտում փորձառու սոցիալական աշխատող է: Միացյալ Թագավորության Բաթի համալսարանի հոգեթերապևտ է և դասախոս, ուսումնասիրում է երեխաների և երիտասարդների հուզական արձագանքները կլիմայի փոփոխությանը՝ ներառյալ էկո-անհանգստությունն ու մտահոգությունը, էկոկարեկցանքը, տրավման, բարոյական վնասը և կլիմային առնչվող անհանգստության ազդեցությունը հարաբերությունների վրա:

Ջոն Ջամիր Բենզոն Ռ. Արուտան դոցենտ է Մանիլայի Դե Լա Սալ համալսարանում: Global Environmental Psychology հանդեսի խմբագրի օգնականն է և BMC Psychology-ի և Nature Communications Psychology-ի խմբագրական խորհրդի անդամ: Դոկտոր Արուտան նաև գործող բժիշկ-մասնագետ է Ֆիլիպիններում, իրականացնում է հոգեկան առողջության գնահատում, խորհրդատվություն և հոգեթերապիա ընտանիքների, երեխաների, դեռահասների և երիտասարդների համար: Նա նաև Կայունության հոգեբանության և առողջության համաշխարհային հետազոտական լաբորատորիայի (SPPHERE Lab) հիմնադիրն ու առաջին տնօրենն է և Ֆիլիպինների հոգեբանական ասոցիացիայի բնապահպանական հոգեբանության հատուկ խմբի նախագահը:

Տշիամո Մաթաբանեն լիցենզավորված կլինիկական հոգեբան է: Աշխատել է երեք հիվանդանոցներում, այդ թվում՝ Նելսոն Մանդելայի անվան մանկական հիվանդանոցում (Հարավային Աֆրիկա), և ունի մասնավոր պրակտիկա:

Հոդվածը տեղայնացվել է Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ: Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Ավստրիական զարգացման գործակալության տեսակետների կամ քաղաքականության հետ: