Փոխել սեփական մոտեցումները, ոչ թե կլիման. «կանաչ» կենսակերպի մարտահրավեր՝ դպրոցականներից
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցիչները ներկայացնում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի իրենց նախագիծը:
- Հայերեն
- English
Եղեգնաձոր համայնքի շուրջ 2 հեկտար տարածք զբաղեցնող աղբավայրում աղբի քանակը նվազեցնելու համար շաբաթական 1,5-2 տոննա աղբ է այրվում: «Աղբավայրի տարածքը ցանկապատված չէ, կենդանիների միջոցով կարող են ամենատարբեր հիվանդություններ տարածվել, այրվող աղբի ծուխը բացասաբար է ազդում մոտակա տարածքների բնակիչների առողջության վրա: Մեր աշխատանքը կանաչ ապրելու մարտահրավերն է. պետք է փոխենք մեզ, ոչ թե՝ կլիման»,- նշում է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Անրի Ալեքսանյանը:
Համայնքային աղբավայրից զատ աղբն ու խոզանը (չորացած տերևներ) այրում են նաև քաղաքացիները՝ չգիտակցելով հասցրած վնասների մասին: Թիմի անդամ Միլենա Մելիքյանը նույնպես քաջատեղյակ է աղբի այրման հետևանքով շրջակա միջավայրին ու մարդկանց հասցված վնասների մասին: Նրա բնութագրմամբ՝ աղբն այրելը կամ այն շրջակա միջավայր դեն նետելը մի շղթա է, որն առաջին հերթին վնասում է իրենց:
«Այրման հետևանքով արտանետվում է ածխածնի երկօքսիդ (CO2), որը կարող է պատճառ դառնալ զանազան հիվանդությունների առաջացման, այդ թվում՝ քաղցկեղի: Միևնույն ժամանակ մթնոլորտում ավելանում են ջերմոցային գազերը, որի արդյունքում ջերմոցային էֆեկտ է տեղի ունենում: Սա բերում է գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության, որպես հետևանք ակտիվանում են անապատացման դեպքերը»,-
Անրին և Միլենան Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի 15 աշակերտներից կազմված խմբով ամիսներ շարունակ ուսումնասիրել են կլիմայի փոփոխության պատճառներն ու դրանից բխող վտանգները: ՅՈՒՆԻՍԵՖի վերապատրաստումներին մասնակցած ուսուցիչներ Վերոնիկա Հակոբյանի և Աղավնիկ Եղիազարյանի գլխավորությամբ իրականացրել են նախագծային աշխատանք, վեր են հանել աղբի այրման վնասակարության վերաբերյալ հարցերն ու թափոնների քանակի նվազեցմանն ուղղված առաջնահերթությունները:
Այս նախագծի գլխավոր նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, մշակել առաջարկներ՝ թափոնների կառավարումը բարելավելու և աղբի այրման բացասական հետևանքները նվազեցնելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է եռամյա ծրագիր, որի շրջանակում Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 33 խոշորացված համայնքների ավելի քան 400 ուսուցիչներ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի (ԿԶՆԱԿ) և ԱՅԲ հիմնադրամի հետ համագործակցությամբ կլիմայական հիմնախնդիրների և ուսումնական նախագծային աշխատանքների կատարման վերաբերյալ դասընթացների են մասնակցել: Արդյունքում՝ դպրոցականների մասնակցությամբ 275 նախագծային աշխատանքներ են իրականացվել: Ավելին, դրանցից 52-ը դրամաշնորհ ստանալու և կյանքի կոչվելու հնարավորություն կունենա:
Խոսելով դասընթացների մասին՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Վերոնիկա Հակոբյանը ընդգծում է, որ արդյունքում խորացան դասապրոցեսից դուրս խմբային աշխատանք իրականացնելու, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործիքակազմով առավել արդյունավետ աշխատելու, դասն ավելի խորը պլանավորելու ու աշակերտների հետ ավելի շատ համագործակցելու հմտությունները:
«Արդեն կարող եմ իրականացնել արդյունավետ առարկայական, միջառարկայական նախագծային աշխատանքներ, նաև՝ օժանդակել մյուս ուսուցիչներին իրականացնելու նման աշխատանքներ: Հասկացա, թե որքան կարևոր է աշակերտների հետ դասապրոցեսից դուրս շփումը, նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանն ուղղված զանազան հնարքների ու մեթոդների կիրառումը: Նախագիծ իրականացնելիս հաճախ աշակերտներն ինքնուրույն են տեղեկատվություն փնտրում, գիտելիք ձեռք բերում, ինչը նպաստում է նրանց մոտիվացիայի բարձրացմանը: Արդյունքում աշակերտներն ունենում են կայուն առարկայական գիտելիքներ, թիմում աշխատելու ձևավորված հմտություններ, անհրաժեշտ ինֆորմացիայի ձեռքբերման և հավաստի աղբյուրներից օգտվելու կարողություններ»,-
Աշխատանքի արդյունավետության նպատակով Եղեգնաձորի դպրոցի նախագծում ընդգրկված երեխաները բաժանվել են ենթախմբերի:
Տեղեկատվական խմբի երեխաները վեր են հանել կլիմայի փոփոխության և աղբի այրման կապը, դրա առաջացրած բացասական հետևանքները, գլոբալ տաքացման ու ջերմոցային գազերի առաջացման հետևանքները:
Օրենսդրական խումբն ուսումնասիրել է խնդրին առնչվող օրենսդրությունն ու այդ ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը, համեմատել տարբեր երկրների վարած քաղաքականությունը:
Լրագրողական խմբի նպատակն էր բնակիչների, շրջակա միջավայրի ոլորտի պատասխանատուների ու մասնագետների հետ հարցազրույցների միջոցով ֆիլտրել մյուս երկու խմբերի հավաքագրած տեղեկատվությունը, համեմատել վիճակագրական տվյալներն ու ամբողջի հիման վրա վերլուծություն կատարել:
Միլենայի խոսքով՝ նախագծային աշխատանքը փոխեց իրենց վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ:
«Հասկացանք, որ մոլորակի վրա տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների ետևում կանգնած ենք նաև մենք ու մեր համաքաղաքացիները: Տարբեր կայքերից կլիմայի փոփոխության վերաբերյալ նյութեր ենք դուրս բերել: Այդ ամենը վերանայել ենք ուսուցիչների հետ և արդեն մատչելի տեղեկություններ փոխանցել ցածր դասարաններում սովորող երեխաներին»,-
Աշխատանքի արդյունքում ստեղծված տեսանյութերը, տեղեկատվական թերթիկներն ու թեմատիկ սահիկաշարերը դպրոցում շրջանառելը արդյունավետ է եղել: 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները ձեռք բերած գիտելիքների հիման վրա ստեղծել են կլիմայի փոփոխության և աղբի այրման վնասների մասին տեղեկություններ պարունակող պաստառներ, որոնք փակցվել են դպրոցում՝ ի տես մնացած երեխաների: Մի խումբ երեխաներ էլ երկրորդ կյանք են տվել թափոններին՝ դրանցից նոր առարկաներ պատրաստելով:
Դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Աղավնիկ Եղիազարյանը նշում է, որ դպրոցականները բնակիչներին իրազեկել են կոմպոստի պատրաստման եղանակի մասին, որպեսզի խոզանն այրելու փոխարեն վերամշակեն: «Կոմպոստը հարստություն է: Տերևներն այրելու փոխարեն հնարավոր է պատրաստել արժեքավոր պարարտանյութ՝ ավելի էժան ու բնական: Կոմպոստն օրգանական պարարտանյութ է, որն առաջանում է միկրոօրգանիզմների ազդեցության տակ: Այն նման է հումուսի, ֆինանսական տեսանկյունից ծախսատար չէ», - նշում է նա:
Տերևների այրումը կանխելու նպատակով՝ աշնանը կմեկնարկի հիմնական աշխատանքը: «Կամավորական խմբերը բացատրական ու իրազեկման արշավ պետք է տանեն այդ օրերին: Մարդիկ գուցե գիտակցում են, որ աղտոտում են շրջակա միջավայրը, բայց տեղյակ չեն այլընտրանքի մասին: Մեր նպատակն է գիտելիք փոխանցել նրանց կոմպոստի պատրաստման մեխանիզմի ու դրա արդյունավետության վերաբերյալ»,- ասում է Աղավնիկ Եղիազարյանը: Նա առաջարկում է դպրոցներում էկոկրթության դասաժամեր ներառել:
Կարևորելով ուսուցիչների դերը շրջակա միջավայրի և բնության հանդեպ հոգատար քաղաքացիների դաստիարկելու հարցում՝ Վերոնիկա Հակոբյանը նկատում է. «Մենք մեր ամենօրյա գործունեության, դասերի ընթացքում պետք է հնարավորինս շատ անդրադառնանք էկոլոգիական խնդիրներին և դաստիարակությանը: Պետք է ամեն հնարավորություն օգտագործել՝ կլիմայի փոփոխության թեման շրջակա միջավայրի խնդիրների հետ կապելու համար»:
Եղեգնաձորի թիվ երկու դպրոցում ուսուցիչներն ու աշակերտները մեկ թիմ են դարձել, միջոցառումներ կազմակերպել մեկ կարևոր գաղափարի շուրջ՝ ունենալ ավելի մաքուր, ավելի խնամված մոլորակ: Բայց առանց պետության աջակցության չի լինի: Անրին նշում է, թե նախագծային աշխատանքի ընթացքում ընկերների հետ ինչ առաջարկներ են վեր հանել. «Անհրաժեշտ է աղբի այրման համար սահմանել շոշափելի տուգանքներ, կառուցել աղբի վերամշակման գործարան ու սանիտարական նորմաներին համապատասխանող աղբավայրեր, իրականացնել բնակչության իրազեկման աշխատանքներ՝ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու, աղբը տեսակավորելու և ավելի քիչ պլաստիկ օգտագործելու համար»:
Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է և այն հենց հիմա արդեն իր ազդեցությունն է թողնում թե՛ երեխաների և թե՛ ամբողջ բնակչության վրա: Երեխաները և դեռահասները, որպես կանոն, ամենից շատ են տուժում բոլոր, այդ թվում նաև՝ կլիմայական ճգնաժամերից:
«Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, կլիմայի փոփոխությանը նպաստող երևույթները, խնդիրները շատ են: Դրանք լուծելու կամ գոնե մեղմացնելու և այս պայքարում հաջողելու համար պետք է միավորվեն բոլոր ուժերը՝ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, ընտանիքները: Համագործակցելով բոլոր ուժերի հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վստահ է, որ նաև այս ոլորտում դեռահասներն ասելիք ունեն և կարող են լինել այն շարժիչ ուժը, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել արդյունքների առանձին համայնքներում՝ հանուն ամբողջ երկրի և Երկիր մոլորակի»,-