Առողջ շրջակա միջավայրի հասանելիությունը ՝ մարդու հիմնարար իրավունք
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նոր բանաձև

- Հայերեն
- English
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հոկտեմբերի 8-ին մաքուր և առողջ շրջակա միջավայրի հասանելիությունը ճանաչել է որպես մարդու հիմնարար իրավունք՝ դրանով իսկ պաշտոնապես կարևորելով կլիմայի փոփոխության և դրա կործանարար հետևանքների դեմ գլոբալ պայքարը:
Կոստա Ռիկայի, Մալդիվների, Մարոկկոյի, Սլովենիայի և Շվեյցարիայի կողմից առաջարկված տեքստը Ժնևում կայացած համաժողովում ընդունվել է 43 կողմ և 4 ձեռնպահ (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) ձայներով՝ ուղեկցվելով բուռն ծափահարություններով:

Առողջ շրջակա միջավայրի հասանելիությունը` մարդու հիմնարար իրավունք
Առողջ շրջակա միջավայրի վերաբերյալ բանաձևն ընդունում է կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ոչնչացման հետևանքով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց հասցված վնասը: Այն նաև ընդգծում է, որ բնակչության ամենախոցելի խմբերին հասցվող վնասն առավել զգալի է: 1990-ականներին առաջին անգամ քննարկված այս բանաձևն իրավաբանական ուժ չունի, սակայն համաշխարհային չափանիշներ ձևավորելու ներուժ ունի: Կլիմային առնչվող դատավարություններում ներգրավված փաստաբանները նշում են, որ բանաձևը կարող է օգնել իրենց՝ շրջակա միջավայրի և մարդու իրավունքների վերաբերյալ գործերում փաստարկներ կառուցելու: Որոշումը կայացվել է Գլազգոյում նոյեմբերի սկզբին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովից (COP26) ընդամենը մի քանի շաբաթ առաջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում մահացության 24%-ը՝ տարեկան մոտ 13.7 մլն մահվան դեպք, կապված է շրջակա միջավայրի հետ՝ պայմանավորված այնպիսի ռիսկերով, ինչպիսիք են օդի աղտոտվածությունն ու քիմիական նյութերի ազդեցությունը: