Անվտանգության խորհուրդներ անտառային հրդեհներից պաշտպանվելու համար

Իմացե՛ք, թե անտառային և դաշտային հրդեհներն ինչ ազդեցություն կարող են ունենալ ձեր երեխաների վրա, և ինչպես պաշտպանել ձեր ընտանիքը։

ՅՈՒՆԻՍԵՖ
Անտառային հրդեհի պատկեր: Երևում է այրվող դիմացի սարը:
UNICEF/UNI829347/Deep
11 Օգոստոս 2025

Անտառային և դաշտային հրդեհները տարեցտարի ավելի հաճախ են հանդիպում մեր տարածաշրջանում և ողջ աշխարհում։ Օդի ջերմաստիճանի գլոբալ բարձրացման հետևանքով ձևավորվում է շոգ ու չոր միջավայր, որն իդեալական պայմաններ է ստեղծում այս մահացու և աղետաբեր հրդեհների համար։ Հրդեհներն իրենց ճանապարհին հանդիպող ամեն ինչի համար անմիջական վտանգ են ներկայացնում, իսկ ծուխը երկարաժամկետ ու տևական վտանգ է պարունակում հատկապես երեխաների համար։

Հաշվի առնելով անտառային հրդեհների ծավալները և հաճախությունը, ինչպես նաև այն փաստը, որ ծուխը կարող է շատ հեռու տարածվել՝ կարևոր է, որ ծնողներն իմանան ինչպես պաշտպանել իրենց ընտանիքը անտառային հրդեհների ծխի վնասակար ազդեցությունից։ 

Ի՞նչ է անտառային և դաշտային հրդեհը

Անտառային և դաշտային հրդեհը բուսածածկի այրումն է, որն անկանխատեսելի և անկառավարելի է։

Դրանք հաճախ առաջանում են մարդկանց անզգույշ վարքագծի հետևանքով, սակայն եղանակի ծայրահեղ դրսևորումները, ինչպիսիք են երաշտը, ուժեղ քամիները, կայծակը, նույնպես կարող են հրդեհի պատճառ դառնալ կամ էլ փոքր կրակն արագորեն վերածել անկառավարելի հրդեհի։

Անտառային և դաշտային հրդեհների ծուխը կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, ինչպիսին ասթման է, սրտի հիվանդություն, գլխուղեղի և նյարդային համակարգի, հոգեկան առողջության խնդիրներ և այնպիսի հիվանդություններ, ինչպիսին քաղցկեղն է։

Անտառային հրդեհի ծուխն առավել վնասակար է հղի կանանց և երեխաների համար։ Այն կարող է ազդել և՛ հղի կնոջ, և՛ պտղի վրա՝ մեծացնելով հղիության շրջանում շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, վաղաժամ ծննդաբերության, ցածր քաշով ծնունդների, վիժման կամ մեռելածնության ռիսկերը։

Նորածինները և փոքրահասակ երեխաներն ավելի խոցելի են շնչառական հիվանդությունների, նյութափոխանակության և ճանաչողական ֆունկցիայի  խանգարումների նկատմամբ։

Անտառային հրդեհների ազդեցությունը սահմանափակված չէ միայն առողջության խնդիրներով։ Դրանք կարող են հանգեցնել նաև վնասվածքների, հաշմանդամության, ճանաչողական և ստեղծագործական հնարավորությունների կորստի և նույնիսկ տեղահանության։ 

Ինչպե՞ս է անտառային հրդեհի ծուխն ազդում երեխաների վրա

Երեխաների աճին զուգընթաց նրանց զարգացող իմունային համակարգը և թոքերը առանձնակի խոցելի են դառնում անտառային հրդեհների ծխի վնասակար ազդեցության նկատմամբ, որը սովորական աղտոտված օդից շատ ավելի թունավոր է: Անտառային հրդեհների ծխից արտանետվող մանր մասնիկները, որ հայտնի են որպես PM2.5, կարող են ներթափանցել երեխաների թոքեր՝ ունենալով ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն նրանց առողջության ու բարեկեցության վրա:

Նորածիններ
Նորածինների օրգանիզմը զարգացման փուլում է։ Նրանք շնչում են ավելի մեծ քանակությամբ օդ և իրենց ցածր հասակի շնորհիվ գետնին ավելի մոտ են։ Նրանք ավելի շատ են ենթակա հետևյալ վտանգներին.

  • ծննդաբերության պահին ցածր քաշ (որը հետագայում շնչառության խնդիրների և աճի դանդաղման պատճառ կարող է դառնալ),
  • բնածին արատներ,
  • մանկական դիաբետ,
  • մահ:

Մանկահասակ երեխաներ
Այս փուլում շարունակում են զարգանալ իմունային համակարգը, գլխուղեղը և թոքերը։ Երեխաները նաև ավելի շատ են շարժվում և դրսում ժամանակ անցկացնում: Սա մեծացնում է հետևյալ վտանգները.

  • ասթմա և շնչառական հիվանդություններ,
  • թուլացած իմունային համակարգ,
  • ուղեղի ֆունկցիայի խանգարում:

Դեռահասներ
Դեռահասների մտավոր և ֆիզիկական զարգացումը շարունակվում է, նրանք ավելի ակտիվ են: Այս շրջանում նրանք ենթակա են հետևյալ ռիսկերին.

  • ասթմա և շնչառական հիվանդություններ,
  • նյութափոխանակության խանգարումներ, օրինակ՝ գիրություն,
  • արյան բարձր ճնշում (հիպերտոնիա),
  • հոգեկան առողջության խնդիրներ:

Որո՞նք են անտառային հրդեհների ծխի ազդեցության նշանները և ախտանշանները

Երեխաների դեպքում կարող են նկատվել հետևյալ ֆիզիկական ախտանշանները.

  • ցավ և ճնշման զգացողություն կրծքավանդակում,
  • դժվարացած շնչառություն,
  • խզզոց,
  • հազ,
  • այրոց կամ բորբոքում քթում, կոկորդում և աչքերում,
  • գլխապտույտ:

Եթե ձեր երեխան շնչառության խնդիրներ ունի, չի կարողանում քնել կամ առողջության նկատելի խնդիրներ են ի հայտ գալիս, անմիջապես տարե՛ք բուժհաստատություն։

Ինչպե՞ս երեխաներին պաշտպանել անտառային հրդեհի ծխից

Անտառային հրդեհի պատկեր: Այրված ծառեր բլրի վրա
UNICEF/UNI829353/Deep

Եթե ապրում եք անտառային հրդեհի վտանգի գոտում, ապա պետք է ձեր ընտանիքի հետ ամեն տարի վերանայեք հրդեհներից պաշտպանվելու ձեր ծրագիրը, որպեսզի բոլորը պատրաստ լինեն: Պատրաստված լինելը կօգնի ձեր ընտանիքին մնալու անվտանգ և միասին արտակարգ իրավիճակներում:

Մշտապես հետևե՛ք տեղական եղանակի և օդի որակի մասին նորություններին, առողջապահության նախարարության նախազգուշացումներին՝ ներառյալ անտառային ծխի վերաբերյալ: Իմացե՛ք, թե որոնք են ծուխը շնչելու ախտանշանները, որպեսզի անմիջապես գործողություններ ձեռնարկեք՝ կանխելու առողջության հետագա խնդիրները։

«ARMHYDROMET» հավելվածի միջոցով կարող եք իրական ժամանակում ճշգրիտ եղանակային տեղեկատվություն և կանխատեսումներ ստանալ, այդ թվում վտանգավոր երևույթների վերաբերյալ ծանուցումներ։ Առկա է նորությունների բաժին, որտեղից կարելի է տեղեկանալ եղանակային իրադարձությունների, բնական աղետների, շրջակա միջավայրի մոնիթորինգի, միջազգային լուրերի կամ այլ կարևոր իրադարձությունների մասին։ Հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։

Անտառային հրդեհից առաջ
•    Ձեր ընտանիքի հետ խոսե՛ք անտառային հրդեհների մասին: Ձեր երեխային իր տարիքին համապատասխան ձևով բացատրե՛ք, թե ինչ են անտառային հրդեհները և վստահեցրե՛ք, որ պատրաստ եք անելու ամեն ինչ՝ նրան պաշտպանելու համար։
•    Ունեցե՛ք արտակարգ իրավիճակներում տարհանման պլան, ներառյալ, թե ինչ պետք է անի ձեր ընտանիքը, եթե միմյանցից բաժանվեք: Գտե՛ք մոտակա կամ հարակից տարածքներում գտնվող ապաստարաններ և պատրաստե՛ք ձեր երեխաներին՝ հավաստիանալով, որ ունեն ձեր կոնտակտային տվյալները և գիտեն, թե ինչ պետք է անեն ձեզնից առանձնանալու դեպքում։ Երեխայի դպրոցից տեղեկացե՛ք, թե ինչ են ծրագրում անել անտառային հրդեհների ժամանակ։
•    Պատրաստե՛ք «շտապ օգնության պայուսակ», որը կպարունակի չփչացող սննդամթերք, դեղորայք, կանխիկ գումար, առաջին բուժօգնության պարագաներ, կրակմարիչ, N95/ KN95 դիմակներ (մեծահասակների և երեխաների չափսերով), լապտեր, ռադիո, մարտկոցներ և մի քանի օրվա համար նախատեսված ջուր այն դեպքերի համար, երբ առաջանա ձեր տարածքից դուրս գալու անհրաժեշտություն, կամ դադարեցվեն ջրամատակարարման ծառայությունները: Ավելացրե՛ք նաև ձեր ընտանիքի կարիքները հոգալու համար անհրաժեշտ ցանկացած այլ իր, ինչպես նաև կարևոր փաստաթղթերի (ծննդյան վկայական, անձնագիր, տան սեփականության վկայական և այլն) պատճենները։
•    Եթե ապրում եք անտառային հրդեհների ռիսկի ենթակա տարածքում, օրինակ՝ բուսածածկ վայրի կամ անտառի մոտ, հնարավորության դեպքում տան շուրջը հրդեհակայուն գոտի ստեղծեք՝ առնվազն 10 մետր շառավղով զերծ պահելով այն տերևներից, բեկորներից կամ դյուրավառ նյութերից։

Անտառային հրդեհի ժամանակ
•    Եթե ծուխը հասնում է ձեր բնակավայր, բայց տարհանման հրահանգ չկա, երեխաներին պահե՛ք տանը՝ փակելով դռներն ու պատուհանները, եթե հնարավոր է: Եթե օդորակիչ եք օգտագործում, ապա հնարավորության դեպքում միացրե՛ք ներսի օդով աշխատելու ռեժիմը, այսինքն՝ փա՛կ պահեք դրսից օդի մուտքը, որպեսզի ծուխը ներս չթափանցի։ Առկայության դեպքում օգտվե՛ք դյուրակիր օդամաքրիչ սարքից։ 
•    Սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը և ջո՛ւր խմեք, որպեսզի չջրազրկվեք:
•    Սահմանափակե՛ք երեխաների՝ լրատվամիջոցներով տարածվող տագնապալի լուրերի հասանելիությունը։
•    Եթե ձեր երեխան պետք է տնից դուրս գա, օգտագործե՛ք N95/KN95 դիմակ։ Այս դիմակները հաճախ նախատեսված չեն երեխաների համար, բայց 7 տարեկան և բարձր տարիքի երեխաները կարող են դնել մեծահասակների համար նախատեսված դիմակների փոքր չափսերը: Երեխաները չպետք է դիմակ դնեն, եթե դա դժվարացնում է շնչելը կամ եթե չեն կարող ինքնուրույն հանել դիմակը:
 

Անհապաղ դո՛ւրս եկեք տնից, եթե իշխանությունները խորհուրդ են տալիս դա անել, կամ եթե ձեր տունը վտանգված է: Տեղափոխվե՛ք այլ վայր՝ հնարավորինս նվազեցնելու հրդեհի ծխի ազդեցությունը։

Ինչից խուսափել
Օդի աղտոտման այլ աղբյուրներից արտանետումները սահմանափակելու համար անտառային հրդեհի ընթացքում և անմիջապես հետո խուսափե՛ք.
•    ծխելուց
•    գազի, պրոպանի կամ փայտի վառարաններ ու բուխարիներ կամ մոմեր օգտագործելուց,
•    օզոն արտադրող օդամաքրիչներ օգտագործելուց,
•    տանը բնական գազով կամ բենզինով աշխատող գեներատորներ օգտագործելուց,
•    ցողացիր տարաներ օգտագործելուց,
•    սնունդը տապակելուց կամ խորովելուց,
•    փոշեկուլ օգտագործելուց,
•    թափոններ այրելուց:

Նույնիսկ անտառային հրդեհների բացակայության դեպքում տան շրջակա օդի աղտոտվածությունը կարող է լրջորեն ազդել երեխայի առողջության վրա:
 

Իմացե՛ք ավելին երեխաներին օդի աղտոտվածությունից պաշտպանելու մասին:

Անտառային հրդեհից հետո
•    Թույլ մի՛ տվեք, որ երեխաները հրդեհից հետո մասնակցեն տան մաքրության աշխատանքներին։ Մոխիրը և բեկորները պետք է հեռացվեն նախքան նրանց տուն վերադառնալը։
•    Եթե նկատում եք, որ ձեր երեխան ունի վերը նշված ախտանշաններից որևէ մեկը, անմիջապես տեղափոխե՛ք նրան բուժհաստատություն: Հետագա ամիսներին ուշադիր հետևե՛ք բոլոր ֆիզիկական ախտանշաններին կամ հուզական արձագանքներին։
•    Երեխաները հաճախ չեն արտահայտում իրենց ախտանշաններն այնպես, ինչպես մեծահասակները, ուստի ցավոտ իրադարձությունից հետո նրանց հանդեպ պետք է ավելի համբերատար և հոգատար լինենք։
•    Ձեր երեխային հրդեհի մասին խոսելու հնարավորությո՛ւն տվեք և խրախուսե՛ք արտահայտել իր վախերը կամ անհանգստությունները։ Ցո՛ւյց տվեք, որ ուշադիր լսում եք իրեն և խորապես հետաքրքրված եք նրա ապրումներով։
•    Բացատրե՛ք նրան, թե ինչպես է հրդեհը առաջացել, և որ դրա հետևանքները ժամանակավոր են: 
•    Միասին ժամանակ անցկացրեք, հանգստացնող վարժություններ արեք և հաճախակի գրկեք նրան։
•    Փորձեք որոշակի ռեժիմ պահպանել։ Գուցե դժվար է, բայց նույն ժամին քնելը կամ սնվելը կօգնի ձեր երեխային վերադառնալու իր բնականոն կյանքին։

Ուշադրությո՛ւն դարձրեք հուզական անհանգստության նշաններին

Թեպետ շատ երեխաներ աղետից մեկ ամիս անց կարող են ավելի լավ զգալ, սակայն թմրությունն անցնելուց հետո կարող են ի հայտ գալ տրավմայի նշաններ։ Հնարավոր է, որ երեխան որոշ ժամանակ անհանգստություն ունենա, բայց եթե դա շարունակվում է մի քանի ամիս, կամ նկատվում են ավելի ծանր ախտանշաններ, ինչպիսիք են խուճապի գրոհները, իրեն կամ ուրիշներին վնասելու ցանկությունը, անհապաղ դիմե՛ք ձեր ընտանեկան բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետներին:

Հոդվածը տեղայնացվել է Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ: Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Ավստրիական զարգացման գործակալության տեսակետների կամ քաղաքականության հետ: