Օդի աղտոտում
Ի՞նչ է օդի աղտոտումը, և ինչպե՞ս դրանից պաշտպանել ձեր ընտանիքին։
Օդի աղտոտվածությունը երեխաների առողջությանը սպառնացող մեծագույն վտանգներից է։ Աշխարհի բնակչության իննսունինը տոկոսն ապրում է այնպիսի վայրերում, որտեղ օդը վնասակար է համարվում։ Երբ երեխաները թունավոր օդ են շնչում, դա վնասում է նրանց առողջությանը և վտանգում նրանց ապագան։
Առողջ մեծանալու համար երեխաները մաքուր, անվտանգ օդի կարիք ունեն։ Ստորև ներկայացնում ենք ձեր միջավայրում օդի աղտոտումը նվազեցնելու և ձեր երեխային դրա ներգործությունից պաշտպանելու որոշ եղանակներ։
Օդի աղտոտվածությունը թե՛ ներսում, թե՛ դրսում կարող է առաջացնել շնչառական և այլ հիվանդություններ: Այն մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 10 դեպքից 1-ի պատճառն է։
Section
Երբ վնասակար նյութերը (աղտոտիչները)՝ մասնիկներ, գազեր, արտանետվում են օդ և նվազեցնում դրա որակը, օդն աղտոտվում է։ Երբ այն շատ է աղտոտված, կնկատեք մոխրագույն կամ դեղին մառախուղ։
Օդի աղտոտման աղբյուրները հիմնականում էլեկտրակայանները և գործարաններն են, որոնք հանածո վառելիք (քարածուխ, նավթ, բնական գազ) են օգտագործում, ճանապարհային երթևեկությունը, թափոնների կառավարումը, պարարտանյութերի և թունաքիմիկատների գերօգտագործումը, գյուղատնտեսական թափոնների այրումը, քարածուխով և փայտով աշխատող վառարանները, անտառային և դաշտային հրդեհները։
Օդի աղտոտումն ուղղակիորեն կապված է մահացու հիվանդությունների հետ։ Այն մարդկանց և այլ կենդանի արարածների համար առողջական ու բնապահպանական սպառնալիքներ կարող է ստեղծել։
Օդի մեջ եղած աղտոտիչները պարունակում են մասնիկներ, որոնք հայտնի են որպես PM2.5։ Այս մասնիկները մարդու մազի լայնության մեկ երեսուներորդի չափն ունեն և կարող են հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնել։ PM2.5-ը կարող է մեր թոքերից ներթափանցել արյուն և մեծացնել սրտի և շնչառական հիվանդությունների, կաթվածի և թոքերի քաղցկեղի ռիսկերը, ինչպես նաև հղի կանանց և նրանց երեխաների առողջական խնդիրները։
Օդի աղտոտվածության մակարդակներն օրվա տարբեր ժամերի և տարբեր վայրերում կարող են փոխվել։
Ստուգե՛ք օդի որակի վերաբերյալ տեղեկությունների հասանելիությունը որևէ բջջային հավելվածով։ Կա՞ն ձեր բնակավայրի շրջակայքում գործող էլեկտրակայաններ, գործարաններ, կամ ծանրաբեռնվա՞ծ է արդյոք երթևեկությունը։ Եթե այո, ապա հավանական է, որ դուք ենթարկվում եք օդի բարձր մակարդակի աղտոտվածության ազդեցությանը։ Օդի աղտոտվածությունը միշտ չէ, որ հնարավոր է տեսնել, բայց եթե դրսի օդն աղտոտված է թվում, և մոխրագույն կամ դեղին մառախուղ եք տեսնում, ապա շատ հաճախ դա վատորակ օդի նշան է։
Օդի աղտոտվածության հետևանքով նորածինների մահերի համաշխարհային գործակիցը 20% է՝ ամենից հաճախ կապված ծննդյան ցածր քաշի և վաղաժամ ծննդաբերությունների հետ։
Երեխաները և օդի աղտոտվածությունը
Ինչո՞ւ են երեխաներն ավելի շատ վտանգված։
Աճին զուգընթաց զարգանում են երեխաների թոքերը և գլխուղեղը, ինչը նրանց առանձնապես զգայուն է դարձնում օդի աղտոտման նկատմամբ։
Նրանց իմունային համակարգն ավելի թույլ է, քան մեծահասակներինը, ուստի նրանք ավելի խոցելի են մանրէների, վիրուսների և այլ վարակների նկատմամբ։ Այս ամենը մեծացնում է շնչառական վարակների վտանգը և, միևնույն ժամանակ, նվազեցնում նրանց՝ դրա դեմ պայքարելու ունակությունը։
Փոքր երեխաներն ավելի արագ են շնչում և մարմնի քաշի համեմատ շատ ավելի մեծ քանակով օդ են ներշնչում, հաճախ՝ բերանով, որի ժամանակ ավելի շատ աղտոտիչներ են ներթափանցում։ Նրանք նաև գետնի մակերևույթին են ավելի մոտ, որտեղ աղտոտիչների կոնցենտրացիան ամենաբարձրն է։
Ինչպե՞ս է օդի աղտոտվածությունն անդրադառնում երեխաների վրա:
Օդի աղտոտումը երեխայի առողջության վրա ունի ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ ներգործություն, որը կարող է անդառնալի լինել։
Աղտոտված օդը կապված է շնչառական հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը և ասթման։ Այն կարող է խորացնել առողջական վիճակը և վնասել երեխաների ֆիզիկական ու կոգնիտիվ զարգացմանը։ Ի վերջո դա կարող է անդրադառնալ նաև երեխայի կյանքի այլ ոլորտների վրա։ Օրինակ՝ երբ երեխաները հիվանդանում են, դպրոց չեն գնում, ինչը սահմանափակում է սովորելու և զարգանալու նրանց ներուժը։
Օդի աղտոտվածության հետևանքները կարող են շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում։ Փոքր տարիքում աղտոտված օդի հետ առնչություն ունեցողները հետագայում ավելի շատ են հակված շնչառական ուղիների հիվանդությունների ձեռքբերմանը։
Հղիության ընթացքում. կնոջ օրգանիզմը կարող է օդից վնասակար քիմիական նյութեր պահեստավորել, ապա հղիության և կրծքով կերակրման ժամանակ փոխանցել դրանք երեխային։ Աղտոտված օդը կարող է լրջորեն ազդել պտղի առողջության վրա։ Այն կարող է հանգեցնել հղիության բացասական ելքի, ինչպիսիք են վիժումը, վաղաժամ ծննդաբերությունը և ծննդյան ցածր քաշը, ինչպես նաև այն կարող է ազդել երեխայի ուղեղի առողջ զարգացման վրա։
Օդի աղտոտվածության ազդեցության ի՞նչ նշանների պետք է ուշադիր լինել։
Ներկայացնում ենք մի քանի ախտանշան, որոնք կարող են դրա հետևանք լինել։ Եթե ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի այս ախտանշանները, ապա դիմե՛ք բժշկի։
- Չոր, բորբոքված աչքեր, գլխացավ, հոգնածություն, ալերգիաներ կամ շնչարգելություն։ Նորածինների դեպքում ուշադրությո՛ւն դարձրեք դժվարացած շնչառությանը։
- Ասթմայով հիվանդները կարող են ունենալ սուր նոպաներ, շնչահեղձություն, ցավ կրծքավանդակում, հազ կամ խզխզոց։
Nady
Փոքր տարիքում աղտոտված օդի պայմաններում ապրողները հետագայում ավելի շատ են հակված շնչառական ուղիների հիվանդությունների ձեռքբերմանը։
Ինչպե՞ս երեխաներին պաշտպանել օդի աղտոտվածությունից
Օդի աղտոտումը համաշխարհային խնդիր է և պահանջում է գործողություններ ոչ միայն ընտանիքների ու անհատների, այլև համայնքների ու կառավարությունների կողմից։ Այսուհանդերձ, կան մի շարք բաներ, որոնք անելով՝ կարող ենք նվազեցնել օդի աղտոտումը և դրա ներգործությունը երեխաների վրա։ Ահա մի քանի կարևոր քայլեր, որոնք կարող եք կատարել ձեր ընտանիքի անդամների հետ:
Օդի աղտոտվածությունից երեխաների պաշտպանությունը դրսում.
- Փորձե՛ք հնարավորինս քիչ լինել աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող վայրերում, ինչպիսիք են ծանրաբեռնված երթևեկությամբ կամ արդյունաբերական աղտոտման աղբյուրների շրջակա տարածքները։ Աղտոտված օդի ազդեցությունը կարելի է նկատելիորեն նվազեցնել՝ դուրս գալով օրվա այն ժամերին, երբ օդի աղտոտվածության մակարդակը դեռևս ցածր է։
- Երբ օդի աղտոտվածության մակարդակն առանձնակի բարձր է, ցանկալի է, որ երեխաները խուսափեն ակտիվ խաղերից։ Խաղերը կամ մարզանքը պետք է սահմանափակվեն, մանավանդ եթե երեխաներն արդեն իսկ առողջական խնդիրներ ունեն, ինչպիսիք են ասթման կամ շնչառական ուղիների այլ հիվանդություններ։
- Երբ օդը չափազանց աղտոտված է, օրինակ՝ անտառային հրդեհների ժամանակ, երեխաներին փակ տարածքներո՛ւմ պահեք։
Աղտոտված օդից երեխաների պաշտպանությունը տանը
- Տունը տաքացնելու, լուսավորելու և կերակուր պատրաստելու համար ավելի մաքուր վառելիք և տեխնոլոգիանե՛ր օգտագործեք։ Հնարավորության դեպքում նախապատվությունը տվե՛ք էլեկտրական, բնական գազով, հեղուկ գազով, կենսագազով կամ արևային էներգիայով աշխատող գազօջախներին և ջեռուցիչներին։
- Համոզվե՛ք, որ կերակուր պատրաստելու տարածքը լավ օդափոխված է՝ բացելով պատուհանը կամ օգտվելով օդափոխիչ համակարգից, որպեսզի ջերմությունը և գոլորշին դուրս գան։ Եթե խոհանոցի օդափոխությունը դժվար է ապահովել, ապա փորձե՛ք դրսում եփելու տարբերակը։
- Գազօջախը, ծխնելույզը և այլ սարքավորումների շահագործումը կազմակերպե՛ք այնպես, որ վառելիքն արդյունավետ օգտագործվի։
- Հղի կանանց և երեխաներին աշխատե՛ք ծխից հեռու պահել։
- Փակ տարածքում կամ երեխաների, հղիների շրջապատում մի՛ ծխեք, որպեսզի նրանք չենթարկվեն երկրորդային ծխի ազդեցությանը։
- Տեղեկացե՛ք ներտնային տարածքների աղտոտիչների առավել տարածված աղբյուրներին, որոնցից են շինանյութերը և ներկանյութերը, մաքրող պարագաները և կենցաղային քիմիական նյութերը։ Մի՛ վառեք մոմ կամ խունկ, մի՛ օգտագործեք օդի թարմացուցիչներ, որոնք թունավոր քիմիական նյութեր են տարածում օդում։
- Եթե հնարավոր է, բարձր արդյունավետության օդազտիչ (HEPA) սարքավորումնե՛ր տեղադրեք, որոնք արդյունավետորեն պայքարում են ներտնային տարածքների օդի աղտոտման դեմ։
- Առողջ սննդակարգը և կենսակերպը կարող են նպաստել երեխաների վրա աղտոտված օդի ընդհանուր ազդեցության նվազեցմանը։ Որքան առողջ է երեխան, այնքան քիչ է հավանականությունը, որ աղտոտված օդի ազդեցությամբ առողջության բարդություններ կառաջանան։ Սա ներառում է երեխայի կյանքի առաջին վեց ամիսներին բացառապես կրծքով կերակրումը՝ ապահովելով երեխայի՝ ժամանակին պատվաստումները, առողջ սննդակարգը, ինչպես նաև խաղալու և ֆիզիկապես ակտիվ մնալու բազմաթիվ հնարավորությունները։
Հիշե՛ք. երեխաները շրջակա միջավայրին հիմնականում սիրով են վերաբերվում, և կլիմայի փոփոխության դեմ պայքարը հավասարապես կարևոր է բոլորի համար։ Երեխաները պետք է իմանան, թե օդի աղտոտումն ինչ վտանգներ է պարունակում թե՛ իրենց առողջության և թե՛ շրջակա միջավայրի համար։ Նրանք պետք է իմանան, թե որքան վատ որակի կարող է օդը լինել, և ինչ կարելի է անել դրա կանխարգելման և դրանից պաշտպանվելու համար։ Ներկայացնում ենք երեխաների համար պատրաստված նյութ օդի աղտոտվածության վերաբերյալ, որը կարող եք երկուսով ուսումնասիրել։
Եկե՛ք օդն ավելի մաքուր դարձնենք:
Օդի աղտոտվածությունը հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակ է, և մինչև կառավարություններն ու բիզնեսները դրա նվազեցմանն ուղղված որոշակի քայլեր չձեռնարկեն, երեխաները կշարունակեն ամենաշատը տուժել։ Դուք կարող եք այս հիմնախնդրի ու դրա լուծումների վերաբերյալ իրազեկության բարձրացման գործում կարևոր դերակատարում ունենալ.
- Հետևե՛ք այս խորհուրդներին շրջակա միջավայրի մասին հոգացող երեխա դաստիարակելու համար:
- Ձեր երեխաներին քաջալերե՛ք և աջակցե՛ք ավելի շատ իմանալու բնապահպանական միջոցառումների մասին և մասնակցելու դրանց։ Օրինակ՝ նրանք կարող են միանալ և ուսումնասիրել Voice's of Youth community ՅՈՒՆԻՍԵՖ-ի Breath Life 2030 հանուն մաքուր օդի համաշխարհային քարոզարշավին։
- Օգտվե՛ք հասարակական տրանսպորտից, հեծանվով տեղաշարժվե՛ք կամ պարզապես քայլե՛ք՝ նվազեցնելու ձեր ածխածնային հետքը և, հետևաբար, օդի աղտոտումը։
- Ձեր երեխայի դպրոցի ղեկավարության հետ խոսե՛ք մաքուր օդի, աղտոտումից զերծ գոտիների և անվտանգ խաղատարածքների մասին։ Պարզե՛ք, թե արդյոք դպրոցում գործում են երթևեկության մասին կանոններ և ծխելու արգելք։
- Ձեր համայնքում տեղական կանաչ նախաձեռնությունների՛ սատարեք։
- Ձեր տեղական կառավարման մարմիններին և առողջապահության ոլորտի պատասխանատուներին կո՛չ արեք սատարելու այնպիսի քաղաքականությունների, որոնք նվազեցնում են օդի աղտոտումը և պաշտպանում երեխայի առողջությունը, ինչպիսիք են հասարակական տրանսպորտի համակարգի զարգացումը և դպրոցների ու խաղահրապարակների մերձակայքում օդի աղտոտման աղբյուրների սահմանափակումը, ինչպես նաև ավելի շատ կանաչ տարածքների ստեղծումը: