Ես կարող եմ բացահայտողը լինել

Դավիթը և Դանիելան միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերին ու միասին նկարահանել են տեսահոլովակներ աղբի տեսակավորման թեմայով

Մարինե Քոչարյան
Դավիթը և Դանիելան հերթական նկարահանումներից հետո նստած են միասին։
UNICEF Armenia/2021/Arthur Gevorgyan
23 Օգոստոս 2021

Դավիթ Կավկասյանն ու Դանիելա Հալեբյանն ապրում են Երևանում։ Դավիթի զբաղմունքը վիդեո նկարահանումն է, իսկ Դանիելան հետաքրքրված է հաղորդավարությամբ։ Նրանք միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերին ու միասին նկարահանել են տեսահոլովակներ աղբի տեսակավորման թեմայով։ Մարտահրավերի ավարտին նրանք պատմել են՝ ինչ հոլովակներ են նկարել, ինչ են սովորել այս նախագծի ընթացքում և կիսվել են շրջակա միջավայրի պահպանման մասին իրենց մտքերով։ 

«Խնդիրները լսելը կարևոր է»

Դանիելա - Վիդեոների միտքը հետևյալն է․ նկարում ենք մի շարք մարդկանց, որոնք տեսակավորում են աղբը և մարդկանց, որոնք չեն տեսակավորում աղբը։ Երկու կողմերին էլ լսում ենք և փորձում ենք այս վիդեոների միջոցով հասկանալ՝ ինչպես տեսակավորել, ինչու տեսակավորել կամ հասկանալ՝ ինչն է խնդիրը, որ մարդիկ դեռ չեն սկսել այդ գործընթացը։ Հետո այս վիդեոները կտարածվեն սոցիալական ցանցերի միջոցով ու կարծում եմ՝ մարդիկ շատ կարևոր հետևություններ կանեն դրանցից։  
Դավիթ - Նրանք, ովքեր չեն ուզում տեսակավորել, կոնկրետ նշում են բոլոր պատճառներն ու խնդիրները։ Իսկ խնդիրները լսելը կարևոր է, դա կօգնի մեզ ճիշտ լուծումներ գտնել։ Սրճարաններից մեկում մեզ ասացին, որ պարզապես ֆիզիկապես չեն կարող տեսակավորել աղբը, քանի որ մոտակայքում չկան տեսակավորման աղբամաններ ու նրանք չեն կարող աղբը մոտ 1կմ տեղափոխել, որպեսզի հասցնեն դեպի նախատեսված աղբամանները։ Մենք լսեցինք ու հասկացանք նրանց խնդիրները։ Բայց մյուս կողմից տեսանք այնպիսի մարդկանց, որոնք հաղթահարում են բոլոր դժվարություններն ու տեսակավորում են, քանի որ ցանկությունը չափազանց մեծ է։
 

Դավիթը և Դանիելան հերթական նկարահանումներից հետո նստած են միասին։
UNICEF Armenia/2021/Arthur Gevorgyan

«Պետք է փոխվի մարդու ներաշխարհը»

Դանիելա – Շատերը պարզապես չգիտեն կամ չեն գիտակցում, թե ինչ ազդեցություն ունի կլիմայի փոփոխությունը իրենց կյանքի վրա։ Կարծում եմ՝ կրթությունն է պատճառը։ Եթե տեղեկանան, թե ինչ խնդիրներ կան ու իմանան, թե ինչ քայլեր են անհրաժեշտ խնդիրները կանխելու համար, ավելի զգոն ու մոտիվացված կլինեն։ Օրինակ, ես ինքս այս նախագիծն իրականացնելու ընթացքում շատ բան սովորեցի ու հասկացա։ Բացի այն, որ սովորեցի հարցազրույցներ վարել, ճիշտ խոսել էկրանի առջև, նաև հասկացա, թե ինչքան կարևոր է մարդու մոտիվացված լինելը։
Դավիթ - Մեր հարցազրույցներից հասկացել եմ, որ տեսակավորում են դեռևս միայն էնտուզիաստները։ Նրանք պարզապես իրենց խղճի համար են անում այդ քայլերը։  Անհնար է ստիպել աղբ տեսակավորել այն մարդուն, որը մինչ այս անգամ ծխախոտը ճիշտ տեղում չի նետել։ Պետք է փոխվի մարդու ներաշխարհը, պետք է մարդը հասնի այն գիտակցմանը, որ իր քայլով վնաս է հասցնում մյուսներին։ Պետք է սկսել պարզունակ քայլից․ աղբը փողոցում չնետել։ Հեշտ է թվում, բայց երկար աշխատանք է պետք, որպեսզի մարդիկ հասնեն այդ գիտակցմանը։

Դավիթը և Դանիելան նկարահանում են իրենց հերթական նյութը։
UNICEF Armenia/2021/Arthur Gevorgyan
Դավիթը նայում է վիդեոկամերային՝ տեսնելու, թե ինչպես են ստացվել կադրերը։
UNICEF Armenia/2021/Arthur Gevorgyan

«Մեր քայլերով կարող ենք հանրության ու պետության ուշադրությունն ուղղել այս հարցին»

Դավիթ - Նկատել եմ նաև, որ վերջերս շատ բաների եմ ուշադրություն դարձնում։ Հիմնականում ոտքով եմ քայլում ու ամենաանդուր բանն է, երբ տեսնում ես, թե ինչքան կեղտոտ են փողոցները, մայթերը։ Հասկանում ես, որ չես ուզում մասնակիցը լինել այդ աղտոտմանը ու չես ուզում մեկը քայլելիս տեսնի օրինակ քո նետած կոնֆետի թուղթը։ Դրա համար, եթե մոտակայքում աղբաման չեմ գտնում, բոլոր մանր աղբերը պահում եմ գրպանումս ու երեկոյան տանը նետում եմ իրենց նախատեսված տեղում։
Բայց կդժվարանամ 40-50 տարեկան մարդուն ասել՝ ինչու՞ աղբը նետեցիր գետնին։ Դա, իմ կարծիքով, ոչինչ չի փոխի։ Միևնույն է, նա հետո նույնը կանի։ Կարծում եմ՝ գլոբալ փոփոխություններ են անհրաժեշտ։ Օրինակ, մարդկանց շահագրգռել է պետք։ Եթե Եվրոպայում ապակյա շշով ջուր ես գնում, պիտակի վրա տեսնում ես, որ այդ 3 եվրոյից 25 ցենտը շշի գինն է, այդպիսով շահագրգռվում ես ու հետ են հանձնում շշերը։ Կամ օրինակ Եվրոպայում ծխախոտը գետնին գցելը տուգանվում է։ Նմանատիպ քայլերը մարդկանց մոտ լավ սովորություններ են ձևավորում։ Այսինքն՝ առանց պետության կողմից արվող քայլերի մենք լուրջ փոփոխությունների չենք հասնի։ Միևնույն ժամանակ, մեր քայլերով կարող ենք հանրության ու պետության ուշադրությունն ուղղել այս հարցերին ու հասկացնել, թե ինչքան հրատապ է դրանց  լուծումը։  

«Եթե լինեն համակարգային լուծումներ, մարդիկ կմիանան, քանի որ արդեն կգիտակցեն իրենց դերն ու անելիքը»

Դավիթ - Ես, իհարկե, հասկանում եմ, որ պետք է հեծանիվ քշել ու կրճատել օդի աղտոտումը, բայց հաճախ չեմ կարողանում հետևել այդ կետին միայն այն պատճառով, որ մեր քաղաքը բացարձակ հարմարեցված չէ հեծանիվ վարելուն։ Հեծանիվ վարելը Երևանում մահափորձի է նման։ Մեր քաղաքը շատ է ծանրաբեռնված, նախատեսված չէ այսքան մեքենաների համար։ Բացի այդ, չի վերահսկվում ու չի արգելվում այն մեքենաների կիրառումը, որոնք վտանգավոր նյութեր են արտանետում ու, արդյունքում, մենք շնչում ենք այս վտանգավոր օդը։ Եթե լինեն համակարգային լուծումներ, մարդիկ կմիանան, քանի որ արդեն կգիտակցեն իրենց դերն ու անելիքը։ Օրինակ, եթե Երևանում երթևեկության հարցերը կարգավորվեն, ես կօգտվեմ տրանսպորտից, կվարեմ հեծանիվ ու կլինեմ այն փոքրիկ մասնիկը, որ աշխարհը փորձում է ավելի կանաչ դարձնել։

Երկու երիտասարդ արդեն համակարգչով են նայում իրենց նկարահանած նյութը։
UNICEF Armenia/2021/Arthur Gevorgyan
Երկու երիտասարդ արդեն համակարգչով են նայում իրենց նկարահանած նյութը։
UNICEF Armenia/2021/Arthur Gevorgyan

«Պետք է հասնել նրան, որ մարդը ջրի սպառման վտանգը զգա»

Դավիթ - Ինչու՞ պետք է իմ մայրիկը ավել գումար վճարի ջրի համար, եթե ես կարող եմ պարզապես փակել ծորակը ատամներս լվանալիս։ Առհասարակ շատ մեծ խնդիր է հենց ջրի խնայումը։ Ջուրը շատ թանկ ռեսուրս է այսօր։ Լսել եմ, որ մոտ 200լ ջուր է հնարավոր խնայել պարզապես ատամները լվանալիս ծորակը փակելով։ Ես Սևանա լճում էլ եմ նկարահանումներ արել ու հասկացել եմ, թե ինչ լուրջ էկոլոգիական խնդիրներ կան, Սևանը վտանգի մեջ է։ Բոլոր մասնագետները անդադար դրա մասին են խոսում, երկրներ կան, որ ջրի պատճառով կռիվ են մղում, իսկ մեզ մոտ մարդիկ դեռ այդ խնդիրը լիովին չեն գիտակցում ու պարզապես անիմաստ վատնում են։ Պետք է հասնել նրան,որ մարդը ջրի սպառման վտանգը զգա։ Ու գուցե դրա մասին վիդեոներ անելը այդ միջոցներից մեկն է։

Դավիթը և Դանիելան հերթական նկարահանումներից հետո։
UNICEF Armenia/2021/Arthur Gevorgyan

«Ամեն ոք կարող է իր դերն ունենալ աշխարհը ավելի լավը դարձնելու գործում» 

Դավիթ - Ինձ անհանգստացնում է այն անորոշությունը, որ կա աշխարհում այսօր այս հարցի շուրջ։ Ես օրինակ չեմ պատկերացնում՝ իմ երեխան ոնց է ապրելու Երկիր մոլորակի վրա։ Ինքս էլ չգիտեմ, թե ոնց եմ ապրելու։
Իսկ դրական փոփոխությունները կարող են էքսպոնենցիալ ձևով աճել, եթե որոշ գործողությունների միջոցով շատ սովորույթներ հանրության համար «վարակիչ» դառնան։ Եթե որոշ բլոգերներ, թեկուզ իրենց մարքեթինգային նպատակներից ելնելով, սկսեն աղբ տեսակավորել ու պատմեն դրա մասին, մյուսները կհետևեն նրանց օրինակին։
Դանիելա – Օրինակ ես ժամանակին շատ եմ ոգևորվել Գրետա Թունբերգի շարժումից։ Հասկացել եմ, որ ամեն ոք կարող է իր դերն ունենալ աշխարհը ավելի լավը դարձնելու գործում, եթե ցանկությունը մեծ է։ Դա էր նաև պատճառը, որ շատ ոգևորվեցի այս նախագծով։ Թեման իրոք հոգեհարազատ էր։ Ու ես հույս ունեմ, որ մեր խոսքն էլ տեղ կհասնի ու ինչ-որ մեկին կոգևորի։

Դավիթ – Մենք պատրաստ ենք իրավիճակը փոխելու համար մեր ներդրումն ունենալ։  Օրինակ, ես կարող եմ բացահայտել մեկի ասելիքը կամ առաջարկած լուծումը, որ դեռևս բացահայտված չէ։ Կարող եմ նրանց ասելիքի բացահայտողը լինել, այդ խոսքը տարածողը լինել։