Ինչպես նախապատրաստվել փոթորկին կամ տորնադոյին

Ապահովե՛ք ձեր ընտանիքի անվտանգությունը փոթորիկների ժամանակ

ՅՈՒՆԻՍԵՖ
Երկու դեռահաս տղա նայում եմ փողոցում առկա տիղմին, որն առաջացել են գետի վարարման հետևանքով
UNICEF Armenia/2024/Margaryan
12 Օգոստոս 2025

Այս տարվա մայիսի վերջին Շիրակի մարզում դիտվեց տորնադո, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։ Տորնադոն վնասներ է հասցրել տներին, պոկել է տանիքներ, վնասել է արևային կայանների վահանակներ։ Որոշ համայնքներում այն ուղեկցվել է կարկուտով։

Ի՞նչ է տորնադոն

Այն առաջանում է ամպրոպային ամպերում և սև կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթ, ունենալով ձագարաձև տեսք։ Տորնադոյի բարձրությունը կարող է հասնել 800-1500 մետրի։ Տորնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, ձգելով փոշի և ջուր։ Այն կարող է անցնել 40-60կմ և ուղեկցվել ամպրոպով, անձրևով և կարկուտով։

Տունը ուժեղ փոթորկից հետո
UNICEF/UNI760114/Gabriel

Ինչպե՞ս նախապատրաստվել փոթորիկներին կամ տորնադոյին։

Նախապատրաստե՛ք ձեր տունը

  • Նե՛րս տարեք դրսի բոլոր իրերը՝ կահույքը, խաղալիքները կամ գործիքները։
  • Ստուգե՛ք տան առաստաղները, դռները կամ պատուհանները և նախապես վերանորոգե՛ք, եթե դրանք վնասված են։
  • Հնարավորության դեպքում տեղադրե՛ք փոթորկի դեմ պաշտպանիչ փակոցափեղկեր կամ պատուհանները ծածկե՛ք նրբատախտակով (ֆաներա) և ամրացրե՛ք բոլոր դռները։
  • Մաքրե՛ք բոլոր ջրհորդանները կամ ջրահեռացման խողովակները՝ ջրի կուտակումը կանխելու համար։ 

Ընտանիքի պատրաստվածության պլան կազմեք

Նախապատրաստվելը կօգնի ձեր ընտանիքին անվտանգ և միասին մնալու արտակարգ իրավիճակներում։

  • Պատրաստե՛ք արտակարգ իրավիճակների ժամանակ «առաջին անհրաժեշտության պարագաների» պայուսակ, որի մեջ կլինեն չփչացող սննդամթերք, դեղորայք, կանխիկ գումար, առաջին օգնության արկղ, լապտեր ու մարտկոցներ և մի քանի օրվա խմելու ջուր։ Ավելացրե՛ք նաև ուրիշ առարկաներ, որոնք հարկավոր են ձեր ընտանիքի անդամների կարիքները հոգալու համար։ Պայուսակը կօգնի, եթե առաջանա ձեր բնակության վայրից հեռանալու անհրաժեշտություն կամ դադարեցվեն կոմունալ ծառայությունները։
  • Պահե՛ք կարևոր փաստաթղթերը, օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթերը, բարձր տեղում կամ օգտագործե՛ք որևէ պաշտպանիչ պատյան (օրինակ՝ փակվող պլաստիկ տոպրակ)՝ վնասվելու վտանգը նվազեցնելու համար։ Այլ կարևոր պարագաներ նույնպես կարելի է պահել պլաստիկ տոպրակներում։
  • Կա՛պ հաստատեք ձեր երեխայի դպրոցի հետ և պարզե՛ք, թե դպրոցը փոթորիկներից պաշտպանվելու ինչ պլաններ ունի։
  • Ձեր տան մյուս մեծահասակների և ավագ երեխաների հետ խոսե՛ք այն մասին, թե անհրաժեշտության դեպքում տարհանման ինչ ուղի եք ընտրելու և ինչ ապահով վայրում կկարողանաք հանդիպել, կամ որտեղ է ձեզ հատկացված ապաստարանը։ Մտածե՛ք, թե ինչ պետք է անել, եթե հանկարծ միմյանցից բաժանվեք։
  • Համոզվե՛ք, որ երեխաները մտապահել կամ գրի են առել այնպիսի կարևոր մանրամասներ, ինչպիսիք են տան հասցեն, տան անդամների անունները և անհրաժեշտ հեռախոսահամարները։
  • Եթե այնպիսի տարածքում եք, որտեղ կա ջրհեղեղի հավանականություն, ապա գտե՛ք ավելի բարձրադիր վայր, որտեղ կարող եք ապաստանել։
  • Մտածե՛ք, թե ինչպես եք հոգալու հաշմանդամություն ունեցող երեխայի կամ ընտանիքի որևէ այլ անդամի կարիքները։

 

 

Ի՞նչ անել փոթորկի ժամանակ

Լսե՛ք տեղական իշխանություններին 
Հետևե՛ք ձեր տեղական լուրերին կամ ռադիոկայանին եղանակի մասին թարմ տեղեկություններ և պաշտոնական ծանուցումներ ստանալու համար։ Եթե ձեզ խորհուրդ է տրվում տարհանվել, ապա վերցրե՛ք արտակարգ իրավիճակների համար նախատեսված ձեր պայուսակն ու անձը հաստատող փաստաթղթերը և անմիջապես հեռացե՛ք։ Եթե տարհանման մասին հրահանգ չկա, ապա պահպանե՛ք հանգստություն, մնացե՛ք տանը և պատուհաններին մի՛ մոտեցեք։

Ապահովե՛ք ձեր տան անվտանգությունը 
Եթե ձեզ ասվել է տարհանվել, և դա կարող եք անել ապահով կերպով [ունեք ժամանակ], ապա նախքան հեռանալը անջատե՛ք բոլոր սարքերը, ինչպես նաև էլեկտրականությունը, գազը և ջուրը։

Հանգստացրե՛ք ձեր երեխաներին 
Երեխաների հետ մեկ անգամ ևս վերհիշե՛ք արտակարգ իրավիճակների ձեր ծրագիրը և նրանց վստահեցրե՛ք, որ ձեր ընտանիքը կազմ և պատրաստ է ու նախապատրաստված։ Նրանց տարիքին համապատասխան ձևով բացատրե՛ք, թե ինչ է տորնադոն, և խրախուսե՛ք, որ տան ցանկացած հարց։ Տեղեկացրե՛ք նրանց, որ իրենք ապահով են, և դուք էլ պատրաստ եք իրենց օգնության հասնելու։ Սահմանափակե՛ք նրանց հասանելիությունը աղետի մասին լրատվամիջոցներով լուսաբանվող բոլոր հաղորդումներին։

Տեղեկացրե՛ք ձեր սիրելիներին 
Երբ արդեն անվտանգ վայրում եք և ունեք հաղորդակցության միջոցներից օգտվելու հնարավորություն, անպայման տեղեկացրե՛ք դրա մասին ձեր ընտանիքի անդամներին կամ մտերիմներին։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունը ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տալիս՝

  • Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր. եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել:
  • Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ արագ տեղափոխվեք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում:
  • Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնացեք էլեկտրասյուներից և լուսային սյուներից. զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից
  • Եթե տանն եք՝ ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են.
  • վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք. մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք)
  • Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝ քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ:
  • Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս:
  • Եթե ավտոմեքենայում եք՝նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում. մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ. պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար. մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ). մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ:
  • Արտակարգ պատահարի դեպքում զանգահարե՛ք 911։
Տեսարան փոթորկից հետո: Ձորագետ է հոսում: Վրան կամուրջ կա
UNICEF/UNI760109/Gabriel

Ինչ անել փոթորկից հետո 

Մնացե՛ք տեղեկացված 

  • Նախքան տնից դուրս գալը կամ տուն վերադառնալը սպասե՛ք, մինչև տեղական իշխանությունները կհաստատեն, որ «ամեն ինչ կարգին է», որպեսզի համոզվեք, որ վտանգն անցել է։ Փոթորիկները կարող են մեծ վնաս հասցնել շինություններին և ենթակառուցվածքներին, օրինակ՝ ճանապարհներին ու էլեկտրահաղորդման գծերին։ Այն ուղեկցվում է նաև ուժեղ անձրևներով, որոնք կարող են առաջացնել ջրհեղեղներ և մեծացնել ջրային ճանապարհով փոխանցվող այնպիսի հիվանդությունների վտանգը։

     

    Շարունակե՛ք հոգ տանել ձեր ընտանիքի անվտանգության համար 

     

  • Բոլորին հեռո՛ւ պահեք կախված լարերից և անապահով շինություններից։
  • Երեխաներին հեռո՛ւ պահեք հեղեղաջրերից․ դրանք հավանական է, որ աղտոտված և վարակված լինեն։
  • Երեխաներին թույլ մի՛ տվեք խաղալ ավերածության վայրում, որովհետև դա կարող է վտանգավոր լինել։
  • Ձեզ և երեխաներին որքան հնարավոր է ապահովե՛ք տաք և չոր հագուստով։
  • Համոզվե՛ք, որ ձեր խմած ջուրն անվտանգ աղբյուրից է, իսկ սնունդը լավ եփված է։
  • Մի՛ կերեք որևէ բան, որը վնասված է [տուփը կամ պատյանը] կամ կարող է փչացած լինել հոսանքի անջատումների պատճառով։
  • Հետևե՛ք, որ երեխաները ձեռքերը լվանան ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո, և դուք էլ մի՛ մոռացեք դա անել։
  • Անհապաղ դիմե՛ք բժշկի, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը ցույց է տալիս հիվանդության նշաններ և ախտանշաններ։

Մաքրություն անելիս պահպանե՛ք անվտանգության կանոնները 

  • Եթե ձեզ անհրաժեշտ է ջուրը տնից դուրս մղել, ապա զգո՛ւյշ եղեք։ Դա արե՛ք դանդաղ և ուշադի՛ր՝ զգուշանալով թափթփված բեկորներից և էլեկտրական լարերից։ Խոնավ հատվածները որքան հնարավոր է չորացրե՛ք 24-48 ժամվա ընթացքում, դրանք լավ օդափոխվա՛ծ պահեք և դե՛ն նետեք այն ամենը, ինչը հնարավոր չէ չորացնել կամ նորոգել։ 
  • Որքան հնարավոր է սահմանափակե՛ք երեխաների մասնակցությունը մաքրության գործին։ Մինչև երեխաների և դեռահասների ապահով վերադառնալը պետք է մաքրել և ախտահանել խաղալիքները, հագուստները և բնակելի տարածքները։ Դե՛ն նետեք բոլոր այն իրերը, որոնք խիստ աղտոտվել են հեղեղաջրերով։

     

  • Խոսե՛ք երեխաների հետ և հնարավորությո՛ւն տվեք նրանց խոսելու 
    Ձեր երեխաներին հնարավորությո՛ւն տվեք խոսելու և արտահայտվելու, թե ինչ են զգացել ցիկլոնի ժամանակ, հորդորե՛ք նրանց պատմել իրենց մտահոգությունների կամ վախի ու անհանգստության մասին։
  • Ցո՛ւյց տվե՛ք, որ ուշադիր լսում և մեծ հոգածությամբ եք վերաբերվում նրանց զգացմունքներին։ 
    Ասացե՛ք, որ փոթորիկն ու դրա հետևանքները ժամանակավոր են, և բացատրե՛ք, որ դրանք բնական երևույթներ են և չեն առաջացել իրենց որևէ արարքի պատճառով։
  • Երեխաներին հանգստացրե՛ք՝ միասին ժամանակ անցկացնելով և հաճախակի նրանց գրկելով։ Միասին կատարե՛ք հանգստացնող վարժություններ։
  • Փորձե՛ք պահպանել ռեժիմ։ Թեև սա կարող է չափազանց դժվար լինել, սակայն միևնույն ժամին քնելը կամ ուտելը կնպաստի, որ երեխան վերադառնա իր նախկին բնականոն կյանքին։ 

Ուշադրությամբ հետևե՛ք հուզական լարվածության նշաններին

Թեև շատ երեխաներ աղետից մոտավորապես մեկ ամիս հետո կարծես թե իրենց լավ են զգում, նրանց թմրությունը կարող է անցնել, և կարող են ի հայտ գալ տրավմայի նշաններ։ Կարճատև անհանգստությունը բնական է, սակայն եթե մի քանի ամիս անց դա չի դադարում կամ, նկատվում են ավելի լուրջ ախտանշաններ, օրինակ՝ խուճապային գրոհներ, իրենց կամ ուրիշներին վնասելու ցանկություն, ապա անմիջապես դիմե՛ք ձեր ընտանեկան բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետներին:

Հոդվածը տեղայնացվել է Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ: Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Ավստրիական զարգացման գործակալության տեսակետների կամ քաղաքականության հետ: