Հակիրճ տվյալներ․ ավելի քան 347 միլիոն երեխա կարող է հայտնվել աննախադեպ ուժգնության «Էլ Նինյոյի» ազդեցության տակ
- Հայերեն
- English
Ըստ կանխատեսումների, 2026-2027 թվականների «Էլ Նինյո» կլիմայական երևույթը, որի հետևանքով Խաղաղ օվկիանոսի որոշ հատվածներում ջրի ջերմաստիճանը բարձրանում է, իսկ ամբողջ աշխարհում խաթարվում են եղանակային համակարգերը, կարող է դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզոր «Էլ Նինյո» երևույթներից մեկը լինել։
Սպասվում է, որ անսովոր առատ տեղումները և երաշտը կմեծացնեն ծայրահեղ եղանակային երևույթների, այդ թվում՝ ուժեղ ջրհեղեղների և սաստիկ երաշտների վտանգը՝ սպառնալով մոտ 100 երկրներում և տարածքներում ապրող երեխաների կյանքին, առողջությանն ու կրթությանը։
«Երեխաների համար «Էլ Նինյոն» պարզապես եղանակային երևույթ չէ։ Այն կարող է հանգեցնել տեղահանությունների աճի, թերսնուցման, ջրի պակասի և հիվանդությունների տարածման։ Երեխաները կարող են նաև զրկվել դպրոց հաճախելու հնարավորությունից, իսկ ընտանիքները՝ բախվել լրացուցիչ ֆինանսական դժվարությունների», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Քանի որ ավելի քան 347 միլիոն երեխա բնակվում է այնպիսի տարածքներում, որտեղ «Էլ Նինյոյի» հետևանքով սպասվում են սովորականից ավելի չոր կամ խոնավ պայմաններ, մենք պետք է գործենք արդեն հիմա՝ համայնքներն ու երեխաներին պաշտպանելու համար»։
Կլիմայի և «Էլ Նինյոյի» մասին հիմնական տվյալներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մոտ 100 երկրներում և տարածքներում ավելի քան 347 միլիոն երեխա կարող է հայտնվել «Էլ Նինյոյի» հետևանքով առաջացած սովորականից ավելի խոնավ կամ չոր եղանակային պայմանների ազդեցության տակ։ Սա կարող է մեծացնել ուժեղ ջրհեղեղների և երաշտների վտանգը՝ լուրջ հետևանքներ ունենալով երեխաների և նրանց ընտանիքների համար։
- Այս պայմաններից առավել շատ կարող են տուժել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երեխաները՝ 190 միլիոն երեխա։ Նրանց հաջորդում են Արևելյան և Հարավային Աֆրիկան՝ 41 միլիոն, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը՝ 41 միլիոն, Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ 22 միլիոն, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան՝ 20 միլիոն, ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան՝ 20 միլիոն։
- Օրինակ՝ Կոլումբիայում, Ֆիջիում, Պապուա Նոր Գվինեայում և Ֆիլիպիններում բնակվող երեխաները կարող են տուժել «Էլ Նինյոյի» հետևանքով առաջացած սովորականից ավելի չոր եղանակային պայմաններից։ Դրանք կարող են հանգեցնել գյուղատնտեսական երաշտի և ջրի սակավության, ինչն իր հերթին կարող է մեծացնել ընտանիքների տեղահանվելու վտանգը և խորացնել երեխաների սուր թերսնուցումը։
- Միևնույն ժամանակ, Աֆրիկայի Մեծ եղջյուրի տարածաշրջանում, հատկապես Սոմալիում, երեխաները կարող են տուժել սովորականից ավելի խոնավ եղանակային պայմաններից։ Դրանք կարող են հանգեցնել գետերի վարարումների և հանկարծակի հեղեղումների, մեծացնել ջրով փոխանցվող հիվանդությունների տարածման վտանգը և խաթարել երեխաների կրթությունը։
- Աֆղանստանում, Չադում և հակամարտություններից ու ճգնաժամերից տուժած այլ երկրներում բնակվող երեխաների համար «Էլ Նինյոն» կարող է նույնիսկ կյանքին սպառնացող հետևանքներ ունենալ՝ խորացնելով սովն ու թերսնուցումը։ Այս երեխաներն արդեն իսկ խիստ խոցելի են՝ հակամարտությունների, տեղահանության և հիմնական ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորությունների պատճառով։
- Ծայրահեղ եղանակային երևույթների հաճախակիացման և տարածման հետևանքով երեխաները կարող են ավելի մեծ վտանգի ենթարկվել ընտանիքից բաժանվելու, բռնության, շահագործման և վաղ ամուսնության առումներով։ Օրինակ՝ 2022 թվականին Աֆրիկայի Մեծ եղջյուրի տարածաշրջանում երաշտի ժամանակ Եթովպիայի առավել տուժած տարածքներում երեխաների ամուսնությունների թիվն աճել է միջինում 119 տոկոսով։
- Ամբողջ աշխարհում արդեն իսկ 1,1 միլիարդ երեխա՝ աշխարհի երեխաների գրեթե կեսը, ենթարկվում է առնվազն երեք փոխկապակցված կլիմայական վտանգի, այդ թվում՝ երաշտի, ծայրահեղ շոգի և ջրհեղեղների։ Ակնկալվում է, որ «Էլ Նինյոն» ավելի կսրի այս իրավիճակը։
- Եղանակային պայմաններով պայմանավորված աղետների հետևանքով 2016-2023 թվականներին օրական միջին հաշվով ավելի քան 20,000 երեխա ստիպված է եղել լքել իր տունը։ 2026-2027 թվականների «Էլ Նինյոյի» պատճառով տեղահանությունների թիվը կարող է ավելի մեծանալ, քանի որ ծայրահեղ եղանակային պայմանները ընտանիքներին ստիպում են լքել իրենց բնակավայրերը։
- 2025 թվականին կլիմայական երևույթների պատճառով ամբողջ աշխարհում մոտ 171 միլիոն աշակերտի ուսումը խաթարվել է։ Հնարավոր է՝ այս թիվը աճի, քանի որ «Էլ Նինյոյի» հետևանքով ավելի ուժեղ երաշտներն ու ջրհեղեղները կարող են հանգեցնել դպրոցների փակման, խոչընդոտել երեխաների կանոնավոր հաճախումը և մեծացնել դպրոցը վաղաժամ թողնելու վտանգը։
- Աղետների ռիսկերը նվազեցնելու և դրանց կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարի ներդրումը կարող է հետագայում մինչև 15 ԱՄՆ դոլարի խնայողություն ապահովել վերականգնման ծախսերի հաշվին։ Սակայն մարդասիրական օգնության ֆինանսավորման 1 տոկոսից էլ պակասն է այսօր ուղղվում հնարավոր ճգնաժամերին նախապես պատրաստվելու և դրանց հետևանքներին ժամանակին արձագանքելու համար։
Քանի որ կանխատեսումները հնարավորություն են տալիս ամիսներ առաջ պատկերացում կազմել հնարավոր ազդեցությունների մասին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, դոնորներին և գործընկերներին գործել նախքան իրավիճակի սրվելը՝ ժամանակին ներդրումներ կատարելով, ամրապնդելով կլիմայական վտանգների նկատմամբ դիմակայուն համակարգերը, պաշտպանելով երեխաների համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները և նախապատրաստվելով տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: