Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ հետազոտություն
Գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի ուսումնասիրություն

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի հետազոտությունն առաջին անգամ իրականացված կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի հետազոտություն Հայաստանի 52 խոշորացված համայնքներում:
Թիրախավորելով թե՛ դեռահասներին, թե՛ մեծահասակներին՝ հետազոտությունը նպատակաուղղված է պարզելու նրանց ընկալումներն այն մասին, թե ինչ է կլիմայի փոփոխությունը, և ինչպես է այն ազդում իրենց համայնքների վրա, նրանց վերաբերմունքը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու բնապահպանական ակտիվության բարձրացմանն ուղղված գործողություններում ներգրավվելու նրանց պատրաստակամությունը:
Հետազոտությունը հստակ մատնանշում է կլիմայական փոփոխությունը և բնապահպանական խնդիրները լուծելու գործում կրթության կենսական նշանակությունը: Այս հետազոտությունը համալրում է այն տեսակետը, որ կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն հօգուտ կլիմայական կրթության և ներառեն կլիմայի փոփոխության ուսուցումը ուսումնական ծրագրերում՝ զուգակցելով այն բնապահպանական միջոցառումների և նախագծերի մասնակցելու համար երեխաներին տրվող հնարավորություններով
Հետազոտությունն իրականացվել է 483 դպրոցների 6-12-րդ դասարանների 1,517 դպրոցականների, այդ թվում՝ հատուկ կրթության կարիք ունեցող 45 աշակերտների շրջանում ինքնալրաց վեբ հարցազրույցների միջոցով, ինչպես նաև 52 խոշոր համայնքներում 710 մեծահասակների շրջանում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Մեթոդոլոգիան և գործիքակազմը հարմարեցվել են տարիքին համապատասխան դարձնելու նպատակով՝ հաշվի առնելով նաև մեծահասակների կարիքներն ու յուրահատկությունները: Դեռահասների շրջանում տվյալների հավաքումն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ:
52 խոշորացված համայնքներում իրականացված հետազոտության հիմնական արդյունքները փաստում են՝
- Երկրի կլիմայի կամ եղանակային պայմանների փոփոխության մասին դեռահասներն (96,2%) ավելի շատ են լսել, քան մեծահասակները (79,8%): Նրանց ճնշող մեծամասնությունը հայտնել է, որ հասկանում է, թե ինչ է նշանակում կլիմայի փոփոխություն, թեև հետազոտությունը բացահայտել է այդ ոլորտում գիտելիքի բացերը՝ հստակ ցույց տալով հօգուտ կլիմայական կրթության ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը:
- Դեռահասները լսել են Երկրի կլիմայի կամ եղանակային պայմանների փոփոխության մասին դպրոցում (68,4%), հեռուստացույցից (43,7%) կամ համացանցից (35,5%), մինչդեռ մեծահասակներն այդ մասին տեղեկացել են հեռուստացույցից (81,9%), համացանցից (44,8%) կամ սոցիալական ցանցերից (34,7%):
- Դեռահասների շուրջ 67.9%-ը, իսկ մեծահասակների 66.0%-ը շատ մտահոգված են իրենց համայնքում կլիմայի փոփոխությամբ, մինչդեռ դեռահասների 58.4%-ը, իսկ մեծահասակների 70.3%-ը շատ մտահոգված են Հայաստանում կլիմայի փոփոխությամբ:
- Դեռահասների 90%-ը պատրաստ է ավելին սովորելու կլիմայի փոփոխության մասին, և նրանց համար նախընտրելի աղբյուրը դպրոցի ուսուցիչներն են և դպրոցի տնօրենությունը:
- Դեռահասների միայն գրեթե կեսն է երբևէ լսել իրենց ուսուցիչներից այն մասին, թե ինչ կարելի է անել կլիմայի փոփոխությունը մեղմելու համար, և ինչ կարելի է անել իրենց և իրենց ընտանիքները կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դեռահասները ոչ միայն կլիմայի փոփոխության մասին լսածների մեջ ամենափոքր մասնաբաժին ունեցող, այլև տվյալ խնդրի վերաբերյալ տեղեկատվության ամենաքիչ աղբյուրներին հասանելիություն ունեցող խումբն են:
