Ինչպե՞ս նպաստել օդի որակի բարելավմանը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են 7 պարզ մոտեցում, որ տանը կիրառելու դեպքում կարող եք էականորեն բարելավել տան օդի որակը։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Տան բույսի տերևենրը ցողում են ջրով։
UNICEF Armenia/2020/Margaryan
04 Հունիս 2020
Հո՛գ տարեք օդը մաքրող բույսերի մասին

Բույսերը ոչ միայն զարդարում են տունը, այլև մաքրում են օդը:

Ներսի օդի աղտոտումը պայմանավորված է արհեստական շինանյութերի և աղտոտող այլ նյութերի թունավոր արտանետումներով, որն ավելի է խորանում վատ օդափոխության հետևանքով: Բույսերը կլանում են այդ արտանետումները, անջատում են թթվածին և ավելացնում են խոնավությունը: Մեծ տարածքներում ավելի շա՛տ բույսեր աճեցրեք: Ծանոթացե՛ք օդը զտող բույսերի մասին ուղեցույցին:

 

Տախտակի վրա կիտրոն են կտրտում։
UNICEF Armenia/2020/Margaryan
Պատուհանները լվացե՛ք կիտրոնի հյութով և ջրով

Կիտրոնը հարուստ է կիտրոնաթթվով, որը համարվում է ամենաարդյունավետ բնական մաքրող միջոցներից մեկը ցածր pH-ի և հակաբակտերիական հատկության շնորհիվ: Կիտրոնը հիանալի մաքրում է ապակին և տարբեր մակերևույթները: Մի՛ գործածեք այն բնական քարից պատրաստված կամ արույրով պատված իրեր մաքրելու համար: 24 այլ առարկա, որ կարող եք մաքրել կիտրոնի հյութով։

 

Խոհանոցում ափսեները լվանալու համար կտորի վրա կինը սոդա է լցնում։
UNICEF Armenia/2020/Margaryan
Պատրաստե՛ք էկոլոգիապես մաքուր և համակիրառելի մաքրող նյութ

Հարկավոր է 2 բաժակ թորած ջուր, ½ թեյի գդալ կերակրի սոդա, 1 թեյի գդալ հեղուկ կաստիլային օճառ, 4 կաթիլ եթերայուղ, 1 թեյի գդալ բորակ։ Արդյունաբերական արտադրության մաքրող և լվացող շատ միջոցներ հանգեցնում են սենյակի օդի աղտոտման, թունավոր են, կարող են վնասել շնչելիս կամ դիպչելիս: Մինչդեռ սեփական արտադրության մաքրող լուծույթները բազմաթիվ առավելություններ ունեն: Դրանց պատրաստումը հեշտ է և արագ, և կարող եք ինքներդ ընտրել բույրը՝ առանց ծանր քիմիկատներ օգտագործելու: Դրանք նաև շատ էժան են ստացվում և մաքրում են առանց հետքեր թողնելու: 

 

Կինը մաքրում է փոշին՝ օգտագործելով որ աերոզոլային միջոց։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ընտրե՛ք ոչ աերոզոլային հեղուկացիրներ (սփրեյներ)

Աերոզոլային հեղուկացիրները պարունակում են խտացված գազեր և ցնդող օրգանական միացություններ, որոնք ասթմա առաջացնող ծխամշուշի հիմնական բաղադրիչն են: Ցնդող օրգանական միացություններից շատերը կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Ոչ աերոզոլային հեղուկացիրներում օգտագործվում է պոմպային մեխանիզմ, ուստի դրանք խտացված գազեր չեն պարունակում, սակայն դրանք նույնքան հեշտ է գործածելը: Իմացե՛ք ավելին ցնդող օրգանական միացությունների մասին:

 

Տղան բացել է պատուհանը և մաքուր օդ է շնչում։
UNICEF Armenia/2020/Margaryan

Ամեն օր պատուհանը առնվազն 5 րոպե բա՛ց թողեք։ Պատուհանները բացելը ներսի օդի աղտոտվածությունը նվազեցնելու պարզ և արդյունավետ միջոց է: Քաղաքային բնակավայրերում անգամ դրսի օդը հաճախ ավելի մաքուր է, քան ներսինը, եթե սենյակները բավարար և կանոնավոր չեն օդափոխվում: Այդուհանդերձ, պետք է համոզված լինել, որ դրսի օդը մաքուր է: Բացի այդ՝ հիշե՛ք. եթե օդորակիչը միացված է, պատուհանները պետք է փակ լինեն՝ էներգիայի վատնումից խուսափելու համար:

 

 

Տանը սեղանին բույսի կողքին դրված է բնական ցողիչ։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ինքներդ պատրաստե՛ք բնական ցողիչ՝ օդի թարմացուցիչներ գնելու փոխարեն

Ստեղծե՛ք ձեր սիրելի բույրերը: Խանութից գնված օդի թարմացուցիչները հաճախ վաճառվում են ոչ պիտանի պլաստիկե փաթեթավորմամբ և հաճախ վնասակար քիմիկատներ են պարունակում: Օդի թարմացուցիչ ստանալը հեշտ է, ավելի քիչ թափոններ է գոյացնում և չի թունավորում օդը: Օգտագործե՛ք նեղ բերանով ցանկացած ապակյա տարա, տեղադրե՛ք սնամեջ ձողիկը և եթերայուղերը միմյանց խառնելով՝ ստացե՛ք ձեր ցողիչները: Այստեղ կարող եք գտնել օդի թարմացուցիչ պատրաստելու մի քանի բաղադրատոմս

 

Կինը լվանում է ափսեները տարայի մեջ նախապես հավաքված ջրով և փակ է պահում ծորակը։
UNICEF Armenia/2020/Margaryan
Օգտագործե՛ք էկոլոգիապես ապահով մաքրող նյութեր

Ձեռք բերեք մաքրող միջոցներ, որոնցում ցնդող օրգանական միացությունների պարունակությունը ցածր է, և որոնք ունեն GreenScreen վկայագիր, իսկ Միացյալ Նահանգներում փնտրե՛ք Safer Choice մակագրությամբ միջոցները:

Սովորական մաքրող միջոցները պարունակում են ցնդող օրգանական միացություններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական մաքրող միջոցներում պարունակվող քիմիական նյութերը ոչ միայն թունավոր են մարդկանց համար, այլև չափազանց բացասական ներգործություն ունեն մեր շրջակա միջավայրի, հատկապես օդի և ծովային կյանքի վրա, քանի որ նպաստում են ծխամշուշի գոյացմանը, վատացնում են խմելու ջրի որակը՝ վտանգելով  կենդանիների գոյությունը:

Դուք կարող եք ինքներդ ստեղծել մաքրող նյութեր, մարմնի օճառ և խնամքի այլ միջոցներ՝ այդպիսով հոգ տանելով նաև շրջակա միջավայրի մասին: Ծանոթացե՛ք ձեր խոհանոցի համար էկոլոգիապես մաքուր մաքրող նյութերի բաղադրատոմսի:

 

Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։