Հիմա ճի՛շտ ժամանակն է մեր վարքագիծը վերանայելու համար

Անհանգստության և առողջապահական վախերի այս շրջանում հույսի շող կա և մենք պետք է հիմա գործենք

ԱՓՇԻՖՏ Հայաստանի մասնակից Վարդան Ղուկասյան
ԱՓՇԻՖՏ Հայաստանի մասնակիցները՝ Վարդանը ևԱստղիկը միասին մաքորւմ են Գյումրու գետակը աղբից։
UNICEF Armenia
23 Ապրիլ 2020

Օր 23:

Ես արթնանում եմ սովորականի պես ոչ թե զարթուցչիս, այլ՝ կենսաբանությանս ուսուցչի Skype-ի զանգից ու փութորեն նետում ինձ զուգարան՝ լվացվելու։ Լվալով ատամներս՝ լսում եմ քրոմոսոմային մուտացիաների և էվոլյուցիայի շարժիչ ուժերի մասին։ Դասերը սկսվում են…

Նախկին ռեֆլեքսի համաձայն՝ ես ջանում եմ, ինչքան հնարավոր է, շուտ վերջացնել դասերս՝ ընկերոջս Արթուրի տուն գնալու և նրան համակարգչային խաղում հաղթելու համար։ Բայց միայն վերջում գիտակցելով տնից դուրս գալու իմ շանսերը՝ հասկանում եմ, որ պետք է ժամանակս տանը մի ձև անցկացնել, ավելին՝ այն հետաքրքիր դարձնել։ Գիտակցում եմ, որ ճիշտ պահն է ինքնազարգացմամբ զբաղվելու համար։ Այսպիսով, որոշում եմ գիրք կարդալ. դուք չեք պատկերացնում՝ գրքերը տանը մնալը հաճելի դարձնելու և ցրվելու միակ հնարավոր տարբերակն են, որ վերջին երկու շաբաթներում տնից դուրս չգալու պատրվակ են դարձել ինձ համար։

Տանը Վարդանի գրասեղանն է՝ վրան գրքեր, տետրեր և հեռախոս։
UNICEF Armenia

Նաև արագ թերթում եմ սոցիալական մեդիայի իմ էջերն ու հետևում լուրերին, որպեսզի հասկանամ, թե մարդիկ ինչ են խոսում։ Ես հետևում եմ այլ երկրների մի քանի բնապահպանական ակտիվիստների ու անկեղծ ասած՝ ուրախանում եմ, երբ համացանցում կարդում եմ, որ չնայած վարակն ագրեսիվորեն տարածվում է, չնայած այնքան շատ մահերի, անշունչ փողոցների, կարոտի ու նեղվածության՝ համենայնդեպս, մի ուրախացնող բան կա։ Ասում են՝ ԵՐԿՐԱԳՈՒՆԴՆ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է։ 🌎

Մի քանի բան թվեմ այստեղ, դուք էլ իմացեք.

✅Ըստ Չինաստանի Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության՝ լավորակ օդով օրերի քանակը աճել է 21.5 %֊ով։

✅ՆԱՍԱ֊-ի արբանյակային նկարները ցույց են տալիս ազոտի երկօքսիդի անհավանական կրճատում։ Էլեկտրակայաններից, մեքենաներից և արդյունաբերական կայաններից արտանետվող այս թունավոր գազի ստեղծած ամպերը Չինաստանի զգալի հատվածում գրեթե վերացել են։ Նույն պատկերն է նաև CO2-ի դեպքում։

✅Որպես աշխարհի ամենամեծ արտանետող՝ Չինաստանին բաժին է ընկնում CO2-ի 30%-ը։ Այժմ ածխի երկօքսիդի արտանետումը նվազել է 25%-ով։

✅Աշխարհում կտրուկ նվազել է նավթի, ածխի և այլ վառելիքների վաճառքը՝ Չինաստանում հասնելով 70%-ի։

✅Ինքնաթիռների թռիչքների կրճատման շնորհիվ մթնոլորտը ազատվել է մեծ աղտոտումից։

❌ Բայց մասնագետները զգուշացնում են, որ եթե արտանետումները մի քանի ամսյա դադարից հետո կրկին շարունակվեն, ապա էկոհամակարգը կկանգնի փլուզման լուրջ վտանգի առաջ։ Իսկ ի՞նչ անենք, որ սա տեղի չունենա։

Թու՛յլ տվեք պատմել ձեզ մի հին պատմություն։

Երկիրը և մի այլ մոլորակ հանդիպում են։ Երկիրը հարցնում է.

- Ինչպե՞ս ես։

- Ընտիր, եղբա՛յր։ Առողջ եմ, օդս մաքուր է, դեմքիս վրա ամեն բան կանաչ է, ջրերս զուլալ են, կենդանիներն ու բույսերը ապրում են խաղաղ ու գեղեցկացնում ինձ։

- Ա՜խ, ցավոք, ես նույնը չեմ կարող ասել։ Ինձ տանջում են՝ դեմքիս վրա մեծ փոսեր անում, անտառներս հատում, օդս աղտոտում, օվկիանոսներս, գետերս ու լճերս աղբի մեջ խեղդվել են, կենդանիներիս որսում են, սպանում, ոչնչացնում։

- Մյուս մոլորակը զարմացած հարցնում է.

- Այդ ովքե՞ր են քեզ այսպես տանջում, մի ցու՛յց տուր, տեսնե՛մ։

Երկիրը ցույց է տալիս մեզ՝ մարդկանց, ու մյուս մոլորակը ծիծաղով պատասխանում է.

- Ա՜խ, սրանցից իմ վրա էլ կային, թափ տվեցի։

Այս օրերին, երբ homo sapiens-֊ը ոչնչացման վտանգի առաջ է բերել արդեն նաև իրեն, կամ բնական ընտրությունը զայրացել է անտեսված լինելուց, իմ միտքը տարօրինակորեն ավելի արթուն է։ Մենք վերջապես պետք է մտածենք՝ ինչ ենք անում Երկիր մոլորակի՝ մեր սեփակական տան հետ։

«Մարդի՛կ, պարզապես եկե՛ք մի քիչ մտածենք։ Մեզ ո՞վ կտա խմելու մաքուր ջուր, երբ այն աղտոտենք ու սպառենք անխղճավարի»։

Gyumriver team after setting up the net in the river.
UNICEF Armenia/2019/Publicis

Երբևէ մտածե՞լ եք որտեղից է ջուրը ծնվում։ 💧Չէ՛։ Իսկ գիտե՞ք՝ հողի մեկ սանտիմետրանոց շերտը քանի միլիոն տարում է առաջանում։

Գիտե՞ք՝ օդին ու ծառերին ինչո՞վ ենք պարտական։ Այո՛, կյանքո՛վ։🏡🌬

Գիտե՞ք՝ համաշխարհային օվկիանոսում օրական քանի տոննա պլաստիկ ու աղբ է թափվում մեր ձեռքով։ 🌊Իսկ ի՞նչ եք կարծում հյուսիսային բևեռում արջերը ինչու՞ հանկարծ որոշեցին սատկել, ծովակովերը վերացան, ծովային թռչունները ինչպե՞ս սատկեցին նավթային աղտոտումից, ձկների ու թռչունների մարսողական օրգաններում որտեղի՞ց այդքան պլաստիկ ու պոլիէթիլեն հայտնվեց։

Ախր, չէ՞ որ այս ամենի պատճառը մե՛նք ենք, ու մե՛նք պետք է քայլեր ձեռնարկե՛նք մեր տունը փրկելու համար։ Հենց Երկրի օրվա առթիվ առաջարկում եմ մտածել այս ամենի մասին, եթե ոչ այսօր, ապա էլ ե՞րբ։

Վարդանը դաս է սովորում երեկոյան իր գրասեղանի մոտ։
UNICEF Armenia

Եկե՛ք

● փողոցում, գետի մեջ,կանաչ տարածքում աղբ չնետենք,🏞

● աշխատենք հնարավորինս խուսափել պլաստիկ տոպրակների օգտագործումից, փոխարենը վերադառնանք կտորից տոպրակներին,

● հեծանիվն օգտագործենք ավելի հաճախ՝ ոչ շատ հեռու վայրեր մեկնելիս, 🚲

● լողանալու ժամանակը կրճատենք 3 րոպեով, 🛀

● ճաշ եփելիս փակենք կափարիչը,

● թուղթն օգտագործենք հնարավորինս արդյունավետ և հանձնենք վերամշակման, 📜📚

● վերաօգտագործենք և նվազեցնենք պլաստիկ իրերը

ու այսպես շարունակ։ ♻️

Իհարկե, այս ցուցակն անվերջ կարելի է շարունակել։ Բայց կարևորը գիտակցելն է, որ հիմա է ճի՛շտ ժամանակը մեր վարքագիծը վերանայելու համար։⏰

Հետո, երբ փողոցները կրկին լցվեն մեքենաներով ու վազող մարդկանցով, առօրյան թաղի մեզ իր հոգսերի մեջ, մենք ոչինչ է՛լ չենք հասցնի նկատել։ Մի էսպիսի օր էլ Երկիրը կորոշի մեզ թափ տալ, եթե չփոխենք մեր վերաբերմունքը իր հանդեպ։

Իսկ այժմ, պարզապես պետք է մնալ տանը. երևում է անելու լիքը բաներ կան։