Համայնքներում երիտասարդների հզորացում. նոր օրենք, նոր գործիքակազմ, նոր հնարավորություն
ԵՄ-ի աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն խթանում են տեղային մակարդակում երիտասարդների ներգրավումը
- Հայերեն
- English
Հայաստանում երիտասարդների 24 տոկոսը, ասել է թե՝ յուրաքանչյուր չորրորդ երիտասարդը ներգրավված չէ կրթական համակարգում կամ աշխատաշուկայում՝ զրկված լինելով սովորելու, ներդրում ունենալու և զարգանալու հնարավորությունից:
Համեմատության համար՝ Եվրոպական միությունում այդ ցուցանիշը շուրջ 11 տոկոս է՝ Հայաստանից ավելի քան կրկնակի ցածր, ինչն ընդգծում է երկրում կայուն, առավել ներառական երիտասարդական քաղաքականության և ծառայությունների ներդրման անհրաժեշտությունը:
Այս խնդիրը հասցեագրելու նպատակով 2025 թվականի մարտի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը «Երիտասարդական քաղաքականության մասին»՝ իրավական ու ինստիտուցիոնալ հիմք ստեղծելով պետական երիտասարդական քաղաքականության համար:
Համաձայն նոր օրենքի՝ երիտասարդների մասնակցությունը պետք է ապահովվի ոչ միայն ազգային, այլ նաև համայնքային մակարդակում: Այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ վերապատրաստման դասընթացների շարք անցկացրեց տեղական ինքնակառավարման մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչների համար: Դասընթացը համայնքներին հնարավորություն ընձեռնեց ամրապնդելու նոր օրենքի կիրարկման մեխանիզմները և խթանելու առավել արդյունավետ փոխգործակցություն երիտասարդների հետ:
«Այս դասընթացը բացեց մեր աչքերը։ Տարիներ շարունակ փորձել ենք երիտասարդների համար ինչ-որ բան անել, բայց հստակ ռազմավարություն չենք ունեցել»։
«Այս դասընթացը բացեց մեր աչքերը։ Տարիներ շարունակ փորձել ենք երիտասարդների համար ինչ-որ բան անել, բայց հստակ ռազմավարություն չենք ունեցել։ Մինչ օրս լրիվ այլ ճանապարհով էինք գնում։ Այժմ ունենք միասնական համակարգ, որում ՏԻՄ-ը, ՀԿ-ները և երիտասարդները միասին են ներգրավվում քաղաքականության մշակման գործընթացում։ Այս օրերին սովորեցինք՝ ինչպես կատարել կարիքների գնահատում, ինչպես համայնքում իրականացնել երիտասարդական քաղաքականություն՝ ամենասկզբից»,- նշում է Արարատի համայնքապետարանի Արարատ բնակավայրի վարչական գրասենյակի աշխատակից Մհեր Մկրտչյանը: «Համայնքային աշխատողներից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես երիտասարդական աշխատող՝ դառնալով համայնքը միավորող ու հզորացնող օղակ։ Մինչ այս աշխատել ենք իներցիայով՝ փորձելով անել այն, ինչ կարծում էինք՝ ճիշտ է։ Չունեինք միասնական տեսլական, անհրաժեշտ գործիքներ կամ հստակ մեթոդաբանություն։ Այս վերապատրաստումը հնարավորություն տվեց վերաիմաստավորելու մեր աշխատանքը և այն համապատասխանեցնելու ժամանակակից չափորոշիչներին», -ընդգծում է Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը:
Երիտասարդական կենտրոնները՝ որպես համայնքը միավորող հանգույցներ
Վերջին չորս տարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին ՀՀ հինգ մարզում ստեղծել է ութ երիտասարդական կենտրոն և երիտասարդակենտրոն տարածք։ Ցանցը հետևողականորեն ընդլայնվում է․ մինչև 2025 թ. ավարտը նախատեսվում է բացել ևս երեք կենտրոն։
«Մենք փորձում ենք հասնել այն համայնքներին, որտեղ երիտասարդական կենտրոններ չկան կամ որտեղ երիտասարդական կազմակերպությունները դեռ ակտիվ չեն, և ներկայացնել երիտասարդների հետ աշխատանքը սկզբից մինչև վերջ։ Սա կարևոր քայլ է՝ ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երիտասարդների համար՝ անկախ նրանից, թե որ մարզում են ապրում», - շեշտում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ վերապատրաստումների շարքով փորձ է արվում գործնական ուղեցույց տրամադրել համայնքային աշխատողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Օրենքի շրջանակում նախատեսվում է, որ յուրաքանչյուր համայնքում պետք է ստեղծվի առնվազն մեկ երիտասարդական կենտրոն։ Համայնքներն իրենք են շահագրգռված այս գործընթացում, իսկ վերապատրաստումն օգնում է ավելի լավ պատկերացնել աշխատանքը ու ավելի գրագետ իրականացնել այն: Սրանից շահելու են մեր երիտասարդները, մեր համայնքն ու արդյունքում՝ մեր պետությունը»,- հավելում է Հասմիկ Ալեքսանյանը։
«Այս պահին, բացառությամբ մեկ-երկուսի, համայնքները չունեն տեղական առանձնահատկություններից բխող երիտասարդական քաղաքականություն։ Այս տարի նախարարության կողմից վեց համայնքներում բացվելու է երիտասարդական կենտրոն, որոնցից երեքն արդեն հաստատված են՝ Հրազդան, Նոյեմբերյան և Վերիշեն։ Այս տարի կհայտարարենք նաև 2026 թվականի համար երիտասարդական կենտրոններ ստեղծելու դրամաշնորհային մրցույթը, որի շրջանակում 11 համայնք դրամաշնորհ կստանա»,- նշում է ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ-Արմենուհի Պետրոսյանը։
Օրենքի կարևոր նորություններից մեկը «երիտասարդական աշխատողի» ինստիտուտի ներդնումն է. վերապատրաստված մասնագետ, որը պատասխանատու է երիտասարդներին աջակցելու և համայնքային մակարդակում երիտասարդական ծրագրերը համակարգելու համար: «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը նպատակ ունի ապահովել, որպեսզի երիտասարդական քաղաքականությունը հասցեագրի տեղական կարիքները, այլ ոչ թե առաջարկի ընդհանրական լուծումներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ ձևավորում է աշխատանքային խումբ՝ զարգացնելու երիտասարդական աշխատողի մասնագիտական կարողությունների և հմտությունների ստանդարտներ, ինչպես նաև համատեղ մշակելու երիտասարդական կենտրոնների գործառնական փաթեթ: Նպատակը մեկն է՝ ձևավորել միասնական մոդել, որը մասնագետներին կօգնի ավելի արդյունավետ աշխատել երիտասարդների հետ։
«Վերջիվերջո սա պարզապես վերապատրաստում չէ: Սա համակարգի ձևավորում է։ Մեր նպատակն է ապահովել, որ ոչ մի երիտասարդ չմնա առանց մասնակցության և իր ներուժը զարգացնելու հնարավորության»,- ընդգծում է Հասմիկ Ալեքսանյանը։