Գտնելով իրենց պատմությունը պատմելու ձևը

Ինչպես է պատմություններ պատմելն օգնում Հայաստանում փախստական և ընդունող համայնքների դեռահասներին արտահայտել բարդ զգացմունքները, կապ հաստատել հասակակիցների հետ և աջակցություն ստանալ։

Կուշանե Չոբանյան
TelInk three-day media literacy and digital storytelling camp
UNICEF Armenia/2025/Ghazaryan
09 Սեպտեմբեր 2026

17-ամյա Ալլան միշտ փնտրտուքների մեջ է։ Մի օր կիթառ է սովորում նվագել, մեկ այլ օր՝ ճապոներեն։ Նա երազում է սարեր բարձրանալ ու մշակութաբան դառնալ, բայց ամենից շատ Ալլային հետաքրքրում են մարդիկ՝ նրանց ապրումները, զգացմունքներն ու պատմությունները։ Բայց որոշ պատմություններ պատմելը շատ ավելի դժվար է։

Շատ դեռահասների համար բարդ ապրումները միշտ չէ, որ հեշտ է բառերի վերածել։ Տագնապը, կորուստը, տեղահանությունը, բուլինգը կամ պարզապես մեծանալու հետ կապված դժվարությունները կարող են խորապես ազդել դեռահասի վրա, հատկապես, երբ այդ թեմաների մասին խոսելը հեշտ չէ, նույնիսկ ծնողների կամ ընկերների հետ։ 

Փախստական դեռահասների համար այս ամենն ավելի է բարդանում, երբ տեսնում են, թե ինչպես է ամբողջ ընտանիքը փորձում հաղթահարել կորստի հետևանքները։ Իսկ երբ պատասխաններ կամ հանգստություն են փնտրում թվային աշխարհում, միշտ չէ, որ գտնում են ապահով միջավայր, որտեղ իրենց կընդունեն ու կհասկանան՝ առանց մեղադրելու կամ խղճահարության։

Երբեմն լուսանկարը, նկարը, տեսանյութը կամ երաժշտությունը կարող են դառնալ ներսում կուտակվածը արտահայտելու միջոց։ Հենց այս գաղափարից էլ ծնվել է «ԹելInk»-ը։

TelInk three-day media literacy and digital storytelling camp
UNICEF Armenia/2025/Ghazaryan
TelInk three-day media literacy and digital storytelling camp
UNICEF Armenia/2025/Ghazaryan

Յուրաքանչյուր պատմություն սկսվում է մի թելից։ Պատմությունները կարող են տարբեր լինել, բայց բոլորի հիմքում նույն ցանկությունն է՝ հյուսել սեփական պատմությունները։ «Թել» բառին միանում է անգլերեն ink-ը՝ թանաքը, և ստացվում է « ԹելInk»՝ մեդիագրագիտության և թվային պատմասացության եռօրյա ճամբարը։ Այն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Աֆեյան հիմնադրամի աջակցությամբ՝ օգնելով փախստական և ընդունող համայնքների դեռահասներին ստեղծել իրենց թվային պատմությունները և դրանց միջոցով արտահայտել իրենց զգացմունքները:

Նպատակը միայն երիտասարդներին իրենց պատմությունը պատմելու հնարավորություն տալը չէ։ Կարևոր է ստեղծել ապահով միջավայր, որտեղ ստեղծագործական տարբեր միջոցներով նրանք կարող են փորձել հասկանալ իրենց բարդ ապրումներն ու զգացմունքները, ավելի վստահ արտահայտել սեփական ձայնը, ինքնությունն ու տեսակետը։

«Շատ դեռահասների համար այսպիսի ներգրավվածությունը նաև հնարավորություն է ավելի լավ ճանաչելու սեփական զգացմունքները, զարգացնելու հուզական գրագիտությունը, բացահայտելու, որ իրենք միայնակ չեն, որ իրենց հասակակիցներն էլ ունեն նմանատիպ ապրումներ։ Անձնական պատմություններով կիսվելով՝ նրանք կարող են նաև ոգեշնչել միմյանց, զգալ, որ համայնքի մի մասն են, և ավելի վստահ պատկերացնել իրենց ապագան ու ձգտումները այդ համայնքում»,– 

ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը:

«Ստեղծագործական մոտեցումները կարող են հոգեսոցիալական աջակցությունն ավելի արդյունավետ դարձնել։ Դեռահասները հաճախ բառեր չեն գտնում բարդ զգացմունքներն ուղղակիորեն բացատրելու համար։ Ստեղծագործելու միջոցով նրանք կարող են արտահայտել այդ զգացմունքները, այլ տեսանկյունից նայել դրանց և հաղորդակցել այնպիսի ապրումներ, որոնք այլապես կարող էին չարտահայտված մնալ։ Հատկապես կարևոր է, որ այդ ամենը տեղի ունենա ապահով և աջակցող միջավայրում»,– ընդգծում է հոգեբան Ֆաինա Սեյրանյանը։

TelInk three-day media literacy and digital storytelling camp
UNICEF Armenia/2025/Ghazaryan

Ճամբարի ընթացքում Ալլան սովորել է բարդ զգացմունքներն ու մտքերը պատմության վերածելու պարզ հնարքներ։ Հասկացել է՝ վաղուց մտքում պտտվող գաղափարը՝ սեփական փոդքաստ ստեղծելը, այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Լսելով մյուս դեռահասների պատմությունները. 

TelInk three-day media literacy and digital storytelling camp
UNICEF Armenia/2025/Ghazaryan

«Ես հասկացա, որ ինչպես այլ մասնակիցների պատմություները ինձ ուժ տվեցին իմ պատմությանն անդրադառնալու, այնպես էլ իմը կարող է ուժ տալ մյուս դեռահասներին»,– 

ասում է Ալլան։

Հասակակիցների հետ միասին Ալլան ստեղծել է դեռահասների տեսանկյունից դեպրեսիայի թեմային անդրադարձող փոդքաստ։ Հոգեբանի աջակցությամբ մասնակիցները նաև քննարկել են հուզական ծանր ապրումների և կլինիկական դեպրեսիայի տարբերությունը՝ հասկանալով, թե երբ կարող է մասնագիտական օգնության կարիք առաջանալ։

«Մենք ուզում ենք, որ մյուս դեռահասները հասկանան, որ իրենք միայնակ չեն։ Ուզում ենք նաև, որ մեծահասակները հասկանան՝ ինչի միջով ենք մենք երբեմն անցնում՝ հաճախ լրիվ լուռ մնալով»,– ասում է Ալլան։

19-ամյա Լիաննա Եղիշյանը լավ գիտի այդ լռության մասին։ Նա 13 տարեկան էր, երբ ընտանիքի հետ ստիպված էր լքել հայրենի տունն ու ապաստան գտնել Հայաստանում։ Ինչպես ինքն է նշում՝ «թվում էր, կյանքն ավարտվեց»։

«ԹելInk-ի» ընթացքում Լիաննան որոշել է իր պատմությունը ներկայացնել լուսանկարների միջոցով։ Անձնական արխիվից ընտրած լուսանկարներով նա պատմել է տեղահանությունից առաջ և հետո իր կյանքի մասին։

TelInk three-day media literacy and digital storytelling camp
UNICEF Armenia/2025/Ghazaryan

«Շատ երեխաներ, որոնք տեղահանվում են, նոր միջավայրում լրիվ այլ մարդ են դառնում՝ ինքնամփոփ, տխուր, քչախոս։ Ես ինքս անցել եմ այդ ամենի միջով, ապրել եմ անցյալով, փակվել իմ մտքերի ու ապրումների մեջ»,– 

պատմում է Լիաննան։

Իր «Կյանքը շարունակվում է» մուլտիմեդիա պատմությամբ կիսվելը սկզբում հեշտ չէր։ Բայց մյուս դեռահասների պատմությունները լսելուց հետո Լիաննան սկսեց նաև սեփական պատմությանն այլ կերպ նայել։

«Ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Իմ հասակակիցներից շատերն են նույն ապրումներն ունեցել։ Դժվար է, բայց պետք է ապրենք ու կառուցենք մեր ապագան։ Լռելը լուծում չէ»,– 

ասում է նա։
TelInk three-day media literacy and digital storytelling camp
UNICEF Armenia/2025/Ghazaryan

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվել է «ԹելInk-ի» ավելի քան 20 աշխատարան և ճամբար։ «Մենք հանդիպել ենք Հայաստանի տարբեր համայնքներից հարյուրից ավելի երիտասարդների։ Յուրաքանչյուրն իր փորձառությունն ու պատմությունն ուներ, այս երիտասարդներին իսկապես անհրաժեշտ էր մի միջավայր, որտեղ կարող էին անկեղծանալ»,– ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դասընթացների ղեկավար Նարինե Սաֆարյանը։

«Երիտասարդները պատմում էին, որ պատմություններ ստեղծելն իրենց օգնել է խոսել այն ամենի մասին, ինչը երկար ժամանակ պահել էին իրենց ներսում, հաղթահարել անվստահությունն ու խախտել բարդ ապրումների շուրջ լռությունը։ Եվ ամեն անգամ երիտասարդների մոտ փոփոխությունն իսկապես զարմանալի էր․ գրեթե միշտ առաջին օրը հանդիպած երիտասարդը երրորդ օրը կարծես լրիվ այլ անձ լիներ. ավելի բաց, ավելի վստահ, ավելի պատրաստ խոսելու և իր պատմելու իր պատմությունը»։

Դեռահասության տարիներին երեխաները միշտ չէ, որ կարողանում են հասկանալ կամ բարձրաձայնել, որ դժվարությունների միջով են անցնում։ Շատերի համար լուսանկարը, նկարը, գրելը կամ ստեղծագործելու մեկ այլ ձև կարող է դառնալ ներսում կուտակվածն արտահայտելու, դժվար ապրումների հետ հաշտվելու և կյանքում նոր էջ բացելու ճանապարհ։