Երբ ստեղծվում է աջակցության շրջան, և երբ ընկերն առաջինն է նկատում
Հայաստանում դեռահասները սովորում են ավելի լավ ճանաչել իրենց հոգեկան բարեկեցությանը վերաբերող հարցերը և աջակցել հասակակիցներին և հասկանալ՝ երբ և ում դիմել լրացուցիչ օգնության։
- Հայերեն
- English
Երբ 17-ամյա Մոնիկա Մինասյանը նեղված է լինում, առաջինը, ում հետ սովորաբար կիսվում է իր ապրումներով, ավագ եղբայրն է։ Դպրոցում Մոնիկան շատ ընկերներ ունի, որոնց հետ սիրում է ժամանակ անցկացնել, բայց երբ ամեն ինչ հատկապես դժվար է թվում, եղբայրը միշտ նրա կողքին է։
2023 թվականին Մոնիկայի ընտանիքը այն 115 հազար էթնիկ հայ ընտանիքներից մեկն էր, որոնք ստիպված էին լքել իրենց հայրենիքը և ապաստան փնտրել Հայաստանում։ Հիմա նա ապրում է Արտաշատում և լավ է հիշում, թե որքան դժվար էին առաջին ամիսները։ Մի անգամ Մոնիկան համացանցում իր հայրենի գյուղի հետ կապված տեսանյութեր նայելու ընթացքում լացել է, հետո՝ ուշագնաց եղել:
Երբ նոր էր եկել Հայաստան, մտածում էր հոգեբանի դիմել, որովհետև շատ ծանր էր տանում իրավիճակը: Բայց երբ գնացել է դպրոց, ընկերները լավ ընդունել են նրան, փորձել է ինքնուրույն հաղթահարել նոր ու ամբողջությամբ անծանոթ մարտահրավերները: Բայց երբ դպրոցում իմացավ հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով կամավորների դասընթացի մասին ու քանի որ տեղահանումից հետո փորձում է գիտելիքների պակասը լրացնել տարբեր դասընթացների միջոցով, որոշեց մասնակցել: Նրան միացան նաև 14 այլ հասակակիցներ։
Առաջին բանը, որ Մոնիկան հասկացավ, այն էր, որ ուրիշին աջակցելու համար նախ պետք է ինքներդ ձեզ ճանաչեք։
«Այս դասընթացին մասնակցելուց հետո հասկացել եմ, որ առօրյայում ես ինձ երբեք հարց չեմ տվել՝ ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում անել, ի՞նչ եմ մտածում իմ մասին, արդյո՞ք իմ ինքնագնահատականը բարձ է, թե ցածր, ինչու՞ է այդպես։
Գործնական ձեռնարկի օգնությամբ դասընթացների ժամանակ խոսվել է ինքնաճանաչման, ինքնագնահատականի, ինչպես նաև դժվար զգացմունքները հասկանալու և դրանց ճիշտ արձագանքելու մասին։ Մոնիկայի համար հատկապես կարևոր էր վարժություններից մեկը, որի ընթացքում պետք էր ճանաչել սեփական ուժեղ կողմերը։ «Ամենակարևոր բանը, որ քաղել եմ ձեռնարկից այն է, որ սկսել եմ սահմանել իմ ուժեղ գծերը՝ համբերատար եմ, դիմացկուն, չեմ հանձնվում, գիտեմ, որ ոչինչ չի խանգարելու ինձ հասնել երազանքներիս ու սա ինձ մի տեսակ սկսել է ուժ տալ»:
Մոնիկայի պատմությունը նաև մեկ այլ՝ ավելի լայն խնդրի մասին է պատմում։ Դեռահասության տարիներին, երբ երեխաները ծանր հուզական ապրումներ են ունենում, միշտ չէ, որ առաջինը ծնողներին, ուսուցիչներին կամ հոգեկան առողջության մասնագետներին են դիմում։ Երբեմն առաջին մարդը, ում հետ խոսում են, ընկերն է, եղբայրը կամ քույրը։ Փախստական երեխաների համար, որոնք փորձում են հաղթահարել իրենց կրած մեծ կորուստը, միաժամանակ տեսնելով, թե ինչպես են իրենց ծնողները պայքարում նոր իրականության հետ, այս ամենը կարող է ավելի ծանր լինել՝ հատկապես մի համայնքում, որին իրենք դեռ նոր են փորձում հարմարվել։
«Դեռահասներին հարկավոր են վստահելի մեծահասակներ և մասնագիտական ծառայություններ, բայց նրանք նաև պետք է իմանան, թե ինչպես աջակցել միմյանց»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Երեխայի պաշտպանության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Վիկտորյա Օհանյանը։
«Այս դասընթացների նպատակը երիտասարդներին հոգեբան դարձնելը չէ։ Մենք ուզում ենք օգնել նրանց ավելի լավ հասկանալ սեփական հոգեկան բարեկեցությունը, կարողանան առանց դատելու լսել հասակակցին, տեսնել, թե երբ ինչ-որ մեկը լրացուցիչ աջակցության կարիք ունի, և գիտենալ, թե որտեղ կարելի է այդ աջակցությունը ստանալ»։
2025 թվականի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Ծնողի դպրոց» ՀԿ-ի և Աֆեյան հիմնադրամի համագործակցության արդյուքնում Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող 2000 դեռահաս մասնակցել են հոգեբանների հետ հանդիպմանը և դարձել կամավոր՝ իրենց իսկ շրջապատում իրազեկելու հոգեկան առողջության կարևորության մասին և խնդիրների մասին խոսելու և աջակցության դիմելու մշակույթը տարածելու երկրով մեկ: Նրանց տրամադրվել է անվտանգ միջավայր՝ սեփական ուժող կողմերը բացահայտելու, դիմակայունության գործնական հմտություններ զարգացնելու և միմյանցից սովորելու համար։ Ծրագրի ազդեցությունը տարծվեց դասընթացներից անդին․ մասնակիցներն իրենց սովորածը փոխանցեցին նաև հասակակիցներին՝ իրենց համայնքներում ներգրավելով ավելի քան 18,000 երիտասարդի։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հոգեբան Անի Մեսրոպյանի համար համապատասխան միջավայր ստեղծելը շատ էական էր ։ Անին հանդիպումը սկսելուց առաջ նշում էր, որ կարևոր կանոններ կան՝ լսել միմյանց ու ցանկացած տեղեկություն, որ հնչում է դասարանում, պահել այդտեղ: Երեխաներն իրենք էլ են սահմանում կանոններ՝ հեռախոսից չօգտվել, չխանգարել իրար․․․
Այնուհետև սկսվում էին զրույցները։ «Չկան ճիշտ ու սխալ կարծիքներ. երեխաներն անկաշկանդ մթնոլորտում պատրաստակամ են անդրադառնալ հարցերի, որոնք գուցե որևէ այլ մեկի հետ չեն քննարկում»,- ասաց Անին:
Նա նկատել էր, թե ինչպես սկզբում թերահավատ մասնակիցները դառնում էին խմբի ամենաակտիվ անդամներից։ Մի խմբում մի քանի տղաներ եկել էին՝ հարցնելով, թե որքան է տևելու հանդիպումը։ Բայց հենց որ սկսվեցին վարժությունները, մթնոլորտն արագ փոխվեց։
Սակայն Անիի համար ազդեցության ամենաակնհայտ նշանները հաճախ ի հայտ են գալիս հանդիպման ավարտից հետո։ Շատերը հեռախոսահամար են խնդրում, որ անհրաժեշտության դեպքում դիմեն, շատերը սոցցանցերի միջոցով գտնում են մեզ ու կապ պահպանում։ «Պարտադիր չէ՝ մասնակցած դեռահասը դասընթաց կազմակերպի որևէ տեղում իր ընկերներին ներգրավելու, ձեռնարկում առկա հարցերին անդրադառնալու համար: Եթե անգամ տանը, բակում, դպրոցում նա ժամանակ է տրամադրում այս խնդիրներին անդրադառնալու համար, նշանակում է, որ ազդեցություն կա»,- նշում է մասնագետը:
Միմյանց լսելը նրանց հնարավորություն է տալիս հասկանալու, որ թեև իրենց փորձառությունները կարող են տարբեր լինել, բայց անորոշության, միայնության կամ սեփական անձի հանդեպ կասկածներ միայն իրենք չէ, որ ունեն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսանկյունից հասակակիցների միջև այս կապը երեխաների և դեռահասների հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ամրապնդման ավելի լայն ջանքերի մի մասն է։ Այդ աշխատանքը ներառում է ոչ միայն հենց երիտասարդներին, այլև նրանց ծնողներին, մասնագետներին և առաջնագծում աշխատող այն մարդկանց, որոնց աջակցությանը նրանք ապավինում են։
«Հոգեկան առողջությանն ուղղված աջակցությունը չպետք է սկսվի միայն այն ժամանակ, երբ երիտասարդը հայտնվում է ճգնաժամային իրավիճակում։ Այն սկսվում է շատ ավելի վաղ՝ այն պահից, երբ դեռահասը կարողանում է ճանաչել իր զգացածը, ունի վստահելի մեկին, ում հետ կարող է խոսել, և գիտի՝ ուր դիմել, երբ ավելի մասնագիտական աջակցության կարիք ունի։ Երիտասարդներին գործնական գիտելիքներ տալով և միաժամանակ աջակցելով նրանց ծնողներին ու շրջապատող մասնագետներին՝ մենք ստեղծում ենք աջակցության ավելի լայն շրջանակ, որպեսզի ոչ մի դեռահաս ստիպված չլինի դժվարին փորձառությունների միջով անցնել միայնակ»։
Մոնիկայի համար այդ շրջանակը սկսվեց ինքն իրեն մի փոքր ավելի լավ հասկանալու պահից։
Այժմ նա մի բան հաստատ գիտի՝ «Ես տոկուն եմ և չեմ հանձնվում»։