Վայքի երիտասարդական տուն՝ նոր հմտություններ ձեռքբերելու վայր

Վայքի երիտասարդական կենտրոնում պատանիներն ու երիտասարդները ոչ միայն հանդիպում ու նոր բաներ են սովորում, այլև ստանում են իրենց անհրաժեշտ աջակցությունը և սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն։

Ժաննա Ուլիխանյան
New youth house in Vayk.
UNICEF Armenia/2026/Martirosyan
31 Օգոստոս 2026

Հայաստանի հարավ ուղևորվողների համար Վայքը հաճախ ճանապարհի ծանոթ ու սիրելի լեռնային կանգառներից մեկն է։ Մի փոքր դադար, սուրճ, և ճանապարհը շարունակվում է դեպի Սյունիք։

Կյանքը Վայքի նման փոքր քաղաքային համայնքներում սովորաբար իր ուրույն տեմպն ունի: Իսկ երիտասարդ լինել փոքր համայնքում հաճախ նշանակում է նաև ունենալ ավելի քիչ հնարավորություններ՝ դպրոցից ու պարապմունքներից դուրս ժամանակն անցկացնելու, նոր մարդկանց ճանաչելու, հետաքրքրություններ բացահայտելու կամ պարզապես հասակակիցների հետ շփվելու համար։

Վերջին տարիներին Վայքը նաև տուն է դարձել փախստական բազմաթիվ ընտանիքների համար։ Իսկ փախստական երեխաներից ու դեռահասներից շատերը ստիպված են եղել նոր միջավայրում նոր առօրյա կառուցել, նոր դպրոց գնալ և նոր ընկերներ գտնել։

16-ամյա Վարդուշը նրանցից մեկն է։ 2023 թվականին իր հայրենի համայնքից տեղահանվելուց հետո նա այժմ ապրում է Վայքում։ Հայրենի համայնքի ընկերները ցրվել են Հայաստանի տարբեր մարզերով, իսկ Վարդուշը նոր միջավայրում ստիպված է եղել նորից կառուցել իր շրջապատը։

Այսօր, երբ ազատ ժամանակ է ունենում, արդեն գիտի՝ ուր գնալ։ 

New youth house in Vayk.
UNICEF Armenia/2026/Martirosyan

«Հենց ազատ ժամանակ եմ գտնում՝ միանգամից գալիս եմ կենտրոն։ Այստեղ ժամանակս հետաքրքիր է անցնում, ուրիշ ոչ մի տեղին նման չէ։ Գալիս եմ, խոսում եմ, շփվում եմ, նոր ընկերներ եմ ձեռք բերում»,- 

ասում է Վարդուշը։

Վայքի երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ 

Այն բաց է Վայք համայնքի 16 բնակավայրերի պատանիների և երիտասարդների համար՝ մեկ վայրում համատեղելով ոչ ֆորմալ կրթությունը, մենթորությունն ու խորհրդատվությունը, առաջնորդության և ձեռներեցության ծրագրերը, ժամանցն ու համայնքային կյանքին մասնակցելու հնարավորությունները։

New youth house in Vayk.
UNICEF Armenia/2026/Martirosyan

«Աշխատում եմ բաց չթողնել այստեղ կազմակերպվող ոչ մի սեմինար կամ քննարկում»,- ասում է Վարդուշը և անկեղծանում, որ ամենաշատը տպավորվել է հոգեբանի հետ հանդիպումներից մեկը՝ անձնական սահմանների և «ոչ» ասել սովորելու մասին։

«Խոսում էինք այն մասին, թե ինչպես ասել «ոչ», եթե ինչ-որ բան քո շահերից չի բխում կամ ուղղակի չես ուզում անել։ Ես միշտ խնդիր եմ ունեցել դրա հետ։ Հիմա արդեն շատ ավելի հանգիստ եմ կարողանում ասել՝ ոչ»,- 

պատմում է Վարդուշը։

Վարդուշը երազում է պատմության ուսուցչուհի դառնալ։ Ուզում է երեխաներին օգնել դասեր քաղել պատմությունից, հիշել կարևոր պատմական դրվագները և ճանաչել այն արժեքները, որոնք ինքն է կարևոր համարում։

Այսօր նա կենտրոն է գալիս ուրիշներից սովորելու։ Բայց արդեն պատկերացնում է, որ մի օր գուցե ինքն էլ այստեղ սովորեցնողի դերում լինի։ «Ո՞վ գիտի, գուցե մի օր ես էլ այստեղ երիտասարդների համար պատմության մի դաս վարեմ»,- ժպտում է աղջնակը։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նման համայնքահեն երիտասարդական կենտրոնները կարևոր հարթակներ են դեռահասների հոգեբանական բարեկեցության ամրապնդման և համայնքում նրանց ներգրավման համար, որն իր հերթին հիմք է սովորելու, մասնակցելու և հասուն կյանքին հաջող անցում կատարելու համար: Բայց Վայքի երիտասարդական կենտրոնում երիտասարդներին առաջարկում են ոչ միայն մասնակցել իրենց համար կազմակերպված միջոցառումներին, այլև հնարավորություն են տալիս սեփական գաղափարները կյանքի կոչել»։

նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։

Վարդուշի հասակակից Նարեն կենտրոն գալիս է հարևան Զառիթափ գյուղից։ Նրա հիշողության մեջ էլ հատկապես մնացել է հոգեբանի հետ քննարկումներից մեկը, բայց այս անգամ թեման շատ ծանոթ էր գրեթե բոլոր դեռահասներին՝ գաջեթներից կախվածությունը։ Մի քանի պարզ հարց բավական էր, որ մասնակիցները սկսեին ավելի ուշադիր նայել սեփական սովորություններին։

New youth house in Vayk.
UNICEF Armenia/2026/Martirosyan

«Կդժվարանամ ասել, որ արդեն հաղթահարել եմ կախվածությունս։ Բայց մի կարևոր միտք հաստատ մնացել է ինձ հետ՝ ժամերով ռիլեր թերթելու փոխարեն ավելի լավ է դուրս գալ, քայլել ընկերների հետ։ Իսկ օնլայն անցկացրած ժամանակի գոնե մի մասը օգտագործել մի նոր բան սովորելու համար»,- 

ասում է Նարեն։

Նարեն արդեն հասցրել է այդ հնարավորությունից օգտվել։

Զառիթափի մյուս երիտասարդների հետ նա ենթադրամաշնորհ է ստացել և սեփական գյուղում ծրագիր իրականացրել։ Նրանց գաղափարը պարզ էր՝ միավորել մարդկանց, որոնք ապրում են նույն համայնքում, բայց միշտ չէ, որ միմյանց ճանաչելու ու շփվելու հնարավորություն ունեն։

Քվեսթի և տարբեր խաղերի միջոցով նրանք մեկ վայրում համախմբել են գյուղում նոր հաստատված և վաղուց այնտեղ ապրող բնակիչներին։

Նարեի համար, սակայն, ամենակարևոր փորձառությունը միայն միջոցառումը չէր։
«Ես 17 տարեկան եմ, բայց ինձ վստահել էին ծրագիր կազմել, բյուջե պլանավորել ու կառավարել։ Դա ինձ համար շատ մեծ փորձառություն էր»,- ասում է նա։

Հատկապես տրավմայի և կորուստի միջով անցած երիտասրադներին այդ վստահությունը փոխանցելն էլ երիտասարդական կենտրոնի գաղափարի կարևոր մասն է։ Երիտասարդներն այստեղ պարզապես ծառայությունների կամ միջոցառումների մասնակից չեն։ Նրանք կարող են իրենք նկատել իրենց համայնքի խնդիրները, գաղափարներ առաջարկել, փորձել դրանք կյանքի կոչել և տեսնել սեփական աշխատանքի արդյունքը։

Վայքի նման համայնքներում նման հնարավորությունները երիտասարդներին ավելի մոտ բերելը հատկապես կարևոր է։ Վայքում սա առաջին երիտասարդական կենտրոնն է և Վայոց ձորի մարզում գործող սակավաթիվ նման հարթակներից մեկը: