Հայրիկ և մայրիկ. Ինչպես բաշխել երեխայի խնամքի պարտականությունները
Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ խոսել ենք ծնողական պարտականությունների բաշխման և ինքնախնամքի մասին:
Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ խոսել ենք ինքնախնամքի, ծնողական պարտականությունների բաշխման և այն մասին, թե ինչպես է ամենօրյա հոգատարությունից տարիների ընթացքում ծնվում ծնող-զավակ վստահությունը։
ՀԱՐՑ 1: «Սպառվելն» ու «ինքնախնամքը» նոր սերնդի հորինա՞ծ խնդիրներ են, թե՞ փոխվել է ծնողավարման իրականությունը։
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Սերունդների միջև այս բանավեճը միշտ եղել է և, կարծում եմ, միշտ էլ կլինի։ Բայց տարբեր ժամանակների ծնողավարությունը համեմատելը բավական անշնորհակալ գործ է, որովհետև ծնողավարումը չենք կարող առանձնացնել այն միջավայրից, որում այն տեղի է ունենում։ Փոխվում են հասարակությունը, մշակույթը, արժեքները, կյանքի տեմպը, առօրյա պարտականություններն ու մարտահրավերները։ Մենք էլ նույնը չենք, ինչ մեր ծնողները։
Այդ պատճառով կարևոր է առաջնորդվել «այստեղ և հիմա» սկզբունքով։ Նախորդ սերունդներն ունեցել են իրենց խնդիրներն ու դրանց հաղթահարման իրենց միջոցները։ Մենք ունենք այլ իրականություն և այլ մարտահրավերներ։
Ինչ վերաբերում է ինքնախնամքին, ես ավելի շատ սիրում եմ խոսել ինքներս մեր հանդեպ հոգատարության մասին։ Կարծում եմ՝ այն կարևոր է եղել բոլոր ժամանակներում, պարզապես տարբեր կերպ է դրսևորվել։
Օրինակ՝ վերջերս հիշում էի տատիկիս։ Գյուղական կյանքում օրը շատ վաղ էր սկսվում և լի էր ծանր աշխատանքով՝ անասուններին դաշտ ճանապարհել, հող մշակել, ընտանիքի հոգսերով զբաղվել։ Բայց կար մի փոքրիկ ու գեղեցիկ սովորություն. կեսօրին, երբ ընտանիքն արդեն կերակրված էր, որոշ ժամանակ պառկել ու ննջել։ Այսօրվա բառապաշարով դա նույնպես ինքնախնամք էր՝ օրգանիզմին հանգստանալու և վերականգնվելու հնարավորություն տալ։
Այսինքն՝ ինքնախնամքը նոր երևույթ չէ։ Պարզապես այսօր մենք դրան տվել ենք անուն և դարձրել ենք ավելի գիտակցված։ Բայց կարևոր է, որ այն չվերածվի մեխանիկական գործողության՝ «ինչ-որ մեկը համացանցում այդպես է անում, ես էլ պիտի անեմ» սկզբունքով։ Մեկի համար վերականգնվելու միջոցը քունն է, մյուսի համար՝ զբոսանքը, լռության մեջ մնալը, ֆիլմ դիտելը կամ մտերիմ մարդու հետ զրուցելը։
Ինքնախնամքի մեջ, կարծում եմ, երկու կարևոր խնդիր ունենք․ նախ՝ հասկանալ, ինչն է մեզ սպառում, և կարողանալ առողջ սահմաններ գծել։ Եվ երկրորդ՝ երբ օբյեկտիվորեն հոգնել ու սպառվել ենք, ինչը ծնողավարման ընթացքում բնական է, հասկանալ՝ ինչն է մեզ վերականգնում և ինչպես կարող ենք կրկին լիցքավորվել։
ՀԱՐՑ 2: Ինչպե՞ս կանգ առնել ժամանակին, որ «դանակը ոսկորին չհասնի»։
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Առաջին հերթին՝ պետք է հասկանալ, թե ինչն է մեզ սպառում և ինչի կարիք ունենք։ Դա կարող են լինել մեր շփումները, մտքերը, որոշ իրավիճակների նկատմամբ չափազանց զգայունությունը։ Սա միշտ չէ, որ հեշտ է․ ինքներս մեզ ճանաչելը ժամանակ, աշխատանք և կենսափորձ է պահանջում։ Երբեմն պիտի նաև ընկնենք, նեղվենք, բացասական ապրումներ ունենանք, որպեսզի հասկանանք՝ որտեղ են մեր սահմանները։
Բայց շատ կարևոր է ուշադրություն դարձնել սեփական օրգանիզմին։ Մենք ուզում ենք լինել լավագույն մայրիկն ու հայրիկը, ամեն ինչ հասցնել, ամենուր լինել, բայց դրա համար մեզ ռեսուրս է պետք։ Եվ առաջին հարցը պիտի լինի՝ որտե՞ղ եմ ես հիմա, ինչի՞ կարիք ունեմ և ինչպե՞ս կարող եմ այդ կարիքը բավարարել։
Մեր մարմինն ու հոգեբանական վիճակը մշտապես ազդակներ են տալիս՝ գլխացավ, մեջքի ցավ, քնկոտություն, ուժերի սպառում, բարկություն, լարվածություն, հոգնածություն։ Կարևոր է այդ ազդակները չանտեսել ու չասել՝ «ոչինչ, մի քիչ էլ կդիմանամ»։
Եվ վերականգնվելը պարտադիր չէ ինչ-որ մեծ բան լինի։ Դա կարող է լինել ֆիլմ դիտելը, ամուսնու հետ մի քանի ժամով տանից դուրս գալը, մտերիմ մարդու հետ խոսելը կամ պարզապես լաց լինելն ու բարձրաձայն ասելը՝ «էլ չեմ դիմանում, էլ չեմ կարող»՝ առանց դրա համար ամաչելու։
Եթե երկար ժամանակ անտեսում ենք այդ ազդակները՝ ևս մեկ անքուն գիշեր, ևս մեկ օր առանց հանգստի, հարաբերություններն ու սեփական կարիքները մշտապես հետին պլան մղելով, մի օր կարող ենք հայտնվել այն վիճակում, երբ բաժակն արդեն ամբողջությամբ դատարկ է։ Եվ այնտեղից այլևս ոչ ինքներս կարող ենք խմել, ոչ էլ ուրիշին տալ։
ՀԱՐՑ 3: Ծնողի երկարատև հոգնածությունն ինչպե՞ս է ազդում երեխայի հետ հարաբերությունների վրա։
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ Առողջ երկխոսության կարևոր պայմաններից մեկը հենց ծնողի ռեսուրսն է՝ ուժը, էներգիան, դիմացինին լսելու և տեսնելու պատրաստակամությունը։
Երեխանառանձին մարդ է։ Եվ մենք պիտի պատրաստ լինենք լսելու մի կարծիք, տեսակետ կամ մոտեցում, որը կարող է շատ տարբեր լինել մերից։ Բայց ծնողներս հաճախ վախենում ենք դրանից։ Մեր տագնապներից ելնելով՝ կանխավ լռեցնում ենք երեխային, ասում ենք՝ «դա այդպես չէ», «դու սխալ ես մտածում»՝ կարծելով, թե այդ կերպ պաշտպանում ենք նրան։
Իսկ այն, ինչ երեխան տեսել, զգացել, մտածել կամ պարզապես ցանկացել է հարցնել, մնում է իր ներսում։Երբ սա պարբերաբար է տեղի ունենում, երեխան աստիճանաբար փակվում և հեռանում է։ Իրականում մենք՝ մեծահասակներս էլ չենք ուզում մեր մտքերով կիսվել այնտեղ, որտեղ մեզ չեն լսում կամ անընդհատ քննադատում են։ Երեխաներն էլ նույն կերպ են պաշտպանվում։
Այստեղ հատկապես կարևոր է տարիների ընթացքում չքանդել երեխայի հետ հուզական կապը մեր ոչ արդյունավետ արձագանքներով։ Թող երեխան խոսի։ Դա հնարավորություն է նաև իր համար՝ լսելու ինքն իրեն, ձևակերպելու սեփական մտքերը, սովորելու արտահայտել դրանք։ Իսկ մեզ համար՝ հասկանալու, թե իրականում ի՞նչ է կատարվում նրա ներսում, ի՞նչ գիտի, ի՞նչ է մտածում, և հետո միայն կառուցելու մեր արձագանքը։
Հատկապես դեռահասության շրջանում շատ լարված փուլեր կարող են լինել։ Բայց առաջին բանը, որ պիտի անենք, մեր վախերն արտաշնչելն է։ Փորձենք երեխային տեսնել ոչ թե մեր վախերի միջով, այլ իր իրականության մեջ՝ իր խառը մտքերով, հորմոնալ փոթորիկներով, մենակությամբ, երբեմն՝ անզորությամբ։
Մենք չենք կարող օգնել, եթե չգիտենք՝ ինչ է կատարվում նրա հետ։ Իսկ դա իմանալու համար պիտի թույլ տանք, որ երեխան մեզ հետ խոսի՝ առանց վախենալու։
Դեռահասի համար չափազանց կարևոր է իմանալ․ «Գուցե մամային կամ պապային ցավեցնի իմ ասածը, գուցե բարկանան, նեղվեն կամ հուզվեն, բայց իրենք ինձ կլսեն և, միևնույն է, կողքիս են»։
Այդ զգացողությունն ամուր հող է երեխայի ոտքերի տակ։ Եվ երբ մենք նրա կողքին չենք, հենց այդ հենարանն է օգնում նրան դիմակայել մնացած մարտահրավերներին։
ՀԱՐՑ 4: Երեխային լսելն ու նրա կարծիքը հաշվի առնելը նշանակո՞ւմ է հրաժարվել սահմաններից։
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Իհարկե՝ ոչ։ Լսել երեխային նշանակում է հասկանալ՝ ինչի մասին է նա մտածում, ինչպես է մտածում, ինչպես է տեսնում աշխարհը։ Մենք կարող ենք լսել և չհամաձայնել։ Կարող ենք առարկել, սահման դնել և ասել՝ «Կներես, բայց քո ասած այս բանը չի կարող լինել»։ Տարբերությունն այն է, որ այդ ընթացքում մենք չենք կորցնում կապը երեխայի հետ։
Այո՛, նա կարող է նեղվել, վիրավորվել, հոնքերը կիտել։ Բայց դա կանցնի և նստվածք չի թողնի, եթե մենք բացատրել ենք մեր որոշումը և հիմնավորել՝ ինչու այս հարցում համաձայն չենք և ինչու տվյալ սահմանափակումն անհրաժեշտ է։
Դրա համար պետք չէ վախենալ երեխաների խոսելուց։ Պետք է սովորեցնել նրանց խոսել ընտանիքում ընդունելի ձևով, քննարկել, փորձել համաձայնության գալ և, իհարկե, սահմաններ դնել այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են։
Եթե տարիների ընթացքում այսպես ենք հաղորդակցվել, դեռահասության շրջանում, երբ երեխան հատկապես մեր կարիքն ունի, շատ ավելի հեշտ կլինի քննարկել նաև բարդ թեմաները։ Նա կարող է պատմել իր սիրահարվածության, ընկերոջ տանը գիշերելու ցանկության, արշավ գնալու կամ նույնիսկ, օրինակ, ծխախոտ փորձելու մասին։ Եվ սա իրական օրինակ եմ ասում։
Այո՛, գուցե երեխան մեզ մի բան է պատմում, որը բոլորովին չենք ուզում լսել։ Բայց մտածեք՝ վստահության ինչպիսի՜ ցուցիչ է, որ ամենաբարդ բանի մասին նա եկել և պատմել է հենց ձեզ։ Իր համար էլ հեշտ չի եղել դա ասել։
Երեխայի վստահությունը նրա ծննդյան հետ միասին նվեր չենք ստանում։ Այդ վստահությունը տարիների ընթացքում կառուցում ենք։ Իսկ ամենակարճ ճանապարհը շատ պարզ է՝ ես խոսում եմ՝ դու լսում ես, դու խոսում ես՝ ես եմ լսում։
Մենք պարտավոր չենք ամեն հարցում համակարծիք լինել։ Մի անգամ որոշումը կարող է ավելի շատ իմ ուզածով լինել, հաջորդ անգամ՝ քո, երրորդ անգամ գուցե երկուսս էլ հրաժարվենք մեր տարբերակներից ու նորը գտնենք։ Կարևորը երեխայի վստահությունն է, որ՝ «իմ ու ծնողիս միջև կարող է բարդ հարց լինել, բայց չի կարող լինել հարց, որի մասին մենք չենք կարող խոսել»։
ՀԱՐՑ 4: Որքանո՞վ է ծնողական պարտականությունների արդար բաշխումն օգնում խուսափել սպառումից և ինչու է հավասար բաշխումնիսկապես կարևոր:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Այստեղ մի շատ կարևոր բան պիտի հիշենք․ եթե երեխայի կյանքում ներկա են երկու ծնողներն էլ, ապա նրա համար պատասխանատվություն են կրում երկուսն էլ՝ հավասարապես։ Իսկ թե ինչպես կբաշխվեն դերերն ու գործերը, յուրաքանչյուր ընտանիք պիտի որոշի՝ ելնելով իր ռեժիմից, ծնողների զբաղվածությունից և նրանից, թե ինչն է հենց իրենց համար ներդաշնակ։
Խնդիրը հաճախ սկսվում է այն ժամանակ, երբ այդ բաշխման մասին չենք խոսում։ Երեխայի հետ կապված առօրյա գործերը ժամանակի ընթացքում կարող են ինքնաբերաբար կենտրոնանալ ծնողներից մեկի վրա՝ դասերը ստուգել, զբոսանքի տանել, լողացնել, հագցնել, կերակրել, նախաճաշ պատրաստել։ Իսկ մյուս ծնողը կարող է նույնիսկ չնկատել, թե որքան մեծ է դարձել այդ բեռը։
Հաճախ եմ լսում՝ «Բայց ես ինչո՞ւ պիտի խնդրեմ, չի՞ տեսնում, որ պետք է այսինչ բանն անել»։ Բայց եթե տարիների ընթացքում արդեն ընտանիքում ձևավորվել է որոշակի կարգ, այն փոխելու համար հաճախ պետք է դրա մաիսն բաց խոսել և նորից պայմանավորվել՝ ով ինչի համար էպատասխանատու:
Սա միայն ընտանիքում չէ։ Ցանկացած միջավայրում, եթե ինչ-որ գործ միշտ անում է նույն մարդը, ժամանակի ընթացքում շրջապատի համար նույնիսկ հարց չի առաջանում՝ նա հիմա կարո՞ղ է դա անել, ուզո՞ւմ է, ռեսուրս ունի՞, հարմա՞ր է իրեն։ Պարզապես բոլորը գիտեն՝ դա միշտ նա է անում։
Եվ այստեղ մի հետաքրքիր բան է տեղի ունենում․ եթե երեխայի հետ կապված որևէ պարտականություն մշտապես քոնն է, իսկ մյուս ծնողը տասը դեպքից մեկում է դա անում, նա ակամա վերածվում է ոչ թե այդ գործի համար հավասարապես պատասխանատու ծնողի, այլ «օգնողի»։ Մինչդեռ երեխայի խնամքը մեկ ծնողի գործը չէ, որում մյուսը պետք է օգնի։ Դա ընդհանուր ծնողական պատասխանատվություն է։
Սա միայն ծնողներից մեկի սպառումը կանխելու մասին չէ: Ամենօրյա խնամքը նաև երեխաներիհետ հարաբերությունկառուցելու ձև է: Եթե ծնողներից մեկը հիմնականում հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է միջամտել, ինչ-որ բան բացատրել կամ սահման դնել, իսկ երեխայի սովորական առօրյայում քիչ է ներկա, նրանց միջև մտերմությունը ինքն իրեն չի ձևավորվի:
Այդ կապը կառուցվում է տարիների ընթացքում: Երբ միասին խաղում ենք, ծիծաղում, զբոսնում, ինչ-որ տեղ գնում, միասին ինչ-որ բան պատրաստում կամ պարզապես խոսում օրվա մասին: Հենց այդ փոքրիկ դրվագների, խնամքի ու հոգատարության մեջ է ձևավորվում երեխայի վստահությունը, որ ծնողին կարելի է պատմել նաև այն, ինչ իրեն անհանգստացնում է:
Եվ եթե տարիներ շարունակ այդ կապը չի կառուցվել, դժվար է 15 տարեկանում նստել երեխայի կողքին ու հարցնել՝ «Ինչո՞ւ դու ինձ ոչինչ չես պատմում»։ Որտեղի՞ց պիտի երեխայի մեջ ձևավորվեր համոզմունքը, որ քեզ կարելի է ամեն ինչ պատմել:
Երկխոսությունը չի սկսվում այն օրը, երբ երեխան արդեն 15 տարեկան է, և մենք որոշում ենք՝ հիմա պիտի ինձ ամեն ինչ պատմի։ Այն կառուցվում է շատ ավելի վաղ՝ ամենօրյա խնամքի, ներկայության և միասին ապրած փոքրիկ պահերի միջոցով:
Դիտե՛ք ամբողջական զրույցը ստորև.