Հորմոնալ խանգարումներ երեխաների և դեռահասների շրջանում

Էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ զրույցում բացահայտել ենք հորմոնների դերն ու դրանց խափանման ազդանշանները՝ նորածնային շրջանից մինչև դեռահասություն:

Գոռ Պետրոսյան
Usual checkup for the child to follow his growth.
UNICEF Armenia/2023/Ghazaryan
12 Օգոստոս 2026

Մանկական էնդոկրինոլոգիան սոսկ հորմոնալ խանգարումների բուժում չէ, այլ առավելապես՝ զգոն հսկողություն: Ի տարբերությունմեծահասակների, երեխաների դեպքում ակտիվ բժշկական միջամտության կարիք հաճախ չի լինում: Առաջնայինը դիտարկումն է, «կարմիր դրոշակները» ժամանակին նկատելն ու թերապիան միայն անհրաժեշտության դեպքում սկսելը:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և մեծահասակներիէնդոկրինոլոգ, ԵՊԲՀ դասախոս Իրինա Մուրադյանի հետ զրույցում բացահայտել ենք հորմոնների դերն ու դրանց խափանման ազդանշանները՝ նորածնային շրջանից մինչև դեռահասություն:

Կա՞ն էնդոկրին խնդիրներ, որոնք կարևոր է ախտորոշել կամ բացառել հենց կյանքի առաջին օրերին:

Ի․ Մ․ Այո, էնդոկրին խանգարումները կարող են լինել բնածին՝ հիմնականում պայմանավորված գենետիկական գործոններով: Դրանց մի մասն ունի վառ արտահայտված կլինիկական պատկեր, որը նկատելի է դառնում դեռ ծննդատանը:
Սակայն կան բնածին պաթոլոգիաներ, որոնք սկզբնական շրջանում ընթանում են լիովին անախտանիշ, բայց հետագայում լուրջ վտանգ են ներկայացնում երեխայի զարգացման համար: Հենց այս թաքնված հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով էլ ներդրվել է նորածնային սկրինինգը:
Այս հետազոտության սկզբունքը պարզ է. մենք չենք սպասում ախտանիշների զարգացմանը, այլ հետազոտում ենք բոլոր նորածիններին՝ անկախ ընտանեկան անամնեզից կամ երեխայի արտաքին առողջ տեսքից:

Ներկայում Հայաստանում նորածնային պարտադիր սկրինինգ է իրականացվում էնդոկրին երկու հիվանդության՝ բնածին հիպոթիրեոզի և ադրենոգենիտալ համախտանիշի հայտնաբերման համար: Վերջինիս սկրինինգային ծրագիրը համեմատաբար նոր է. այն մեկնարկեց Երևանում, իսկ այժմ արդեն ներդրված է ամբողջ հանրապետությունում:

Ադրենոգենիտալ համախտանիշը կապված է մակերիկամների աշխատանքի հետ։ Այս փոքրիկ գեղձերն արտադրում են կենսական կարևոր հորմոններ (օրինակ՝ կորտիզոլ և ադրենալին), որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարել սթրեսն ու պահպանել նորմալ արյան ճնշումը։ Եթե խնդիրը ժամանակին չի հայտնաբերվում, հետևանքները կարող են կյանքի համար վտանգավոր լինել։ Հենց այդ պատճառով է այս սկրինինգի ներդրումը Հայաստանում այդքան կարևոր հաղթանակ։

Մյուս վտանգավոր հիվանդությունը բնածին հիպոթիրեոզն է, երբ վահանաձև գեղձը ծնված օրից բավարար հորմոններ չի արտադրում։ Պատճառները տարբեր են՝ գենետիկական մուտացիաներից մինչև հղիության ընթացքում մոր ընդունած դեղերը։
Այստեղ մի կարևոր նրբություն կա. «բնածին» դեռ չի նշանակում անբուժելի կամ ամբողջ կյանքի համար։ Հիպոթիրեոզի որոշ տեսակներ ժամանակավոր են ու անցողիկ։

Սակայն, եթե հորմոնների պակասը մշտական է, իսկ բուժումն ուշանում է, հարվածի տակ է դրվում երեխայի ապագան։ Վահանաձև գեղձի հորմոններն ուղղակիորեն «պատասխանատու են» երեխայի ֆիզիկական աճի և մտավոր զարգացման համար։ Դրանց երկարատև բացակայությունը կարող է էականորեն դանդաղեցնել ինչպես մարմնի աճը, այնպես էլ մտավոր առաջընթացը։

Նախադպրոցական տարիքում որ փոփոխություններն են հուշում հորմոնալ խնդրի մասին

Ի․ Մ․ Այս տարիքում հիվանդության առաջին ազդանշաններից մեկը աճի դանդաղումն է։ Ծնողներին հաճախ մի պարզ հարց եմ տալիս՝ ամեն տարի երեխայի համար ավելի մեծ չափսի հագուստ ու կոշիկ գնո՞ւմ եք։ Սա աճը գնահատելու ամենապարզ կենցաղային ձևն է։ Եթե երկար ժամանակ հագուստի չափսը չի փոխվում, դա արդեն լուրջ «կարմիր դրոշակ» է. այս տարիքում երեխան պետք է տեսանելիորեն մեծանա։

Ուշադրության արժանի են նաև վիճակի կտրուկ փոփոխությունները՝ քաշի արագ կորուստը, անընդհատ ծարավի ու անհագ քաղցի զգացումը, հաճախակի միզելը կամ անբացատրելի փսխումները։

Օրինակ՝ հաճախամիզությունը ծնողները հաճախ կապում են մրսածության կամ միզուղիների վարակի հետ։ Բայց եթե դրան գումարվում են ուժեղ ծարավն ու նիհարելը, պետք է ոչ թե սպասել, այլ շտապ դիմել բժշկի։

Եթե այս ախտանշանների համադրությամբ կասկածում ենք շաքարային դիաբետ, ապա որքան շուտ դիմենք բժշկի, այնքան լավ։ Պետք չէ օրերով սպասել՝ տեսնելու համար՝ կանցնե՞ն դրանք, թե՞ ոչ։ Նման նշաններ նկատելիս անհրաժեշտ է անմիջապես դիմել մանկաբույժի, որն էլ երեխային կուղղորդի էնդոկրինոլոգի մոտ։
Ընդ որում, դիաբետի նախնական հայտնաբերումը շատ պարզ է բավական է չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչի համար պարտադիր չէ, որ երեխան քաղցած լինի։

Միաժամանակ պետք է հիշել, որ երեխայի աճն ու առողջությունը մեծապես կախված են նաև միջավայրից։ Շատ կարևոր են սննդի որակն ու բազմազանությունը։ Եթե երեխան լիարժեք չի սնվում, չի ստանում բավարար սպիտակուցներ (միս, կաթնամթերք) և վիտամիններ (բանջարեղեն, միրգ), դա ինքնին կարող է դանդաղեցնել աճը։ Այսինքն՝ աճի խանգարում տեսնելիս պետք չէ անմիջապես ենթադրել, որ պատճառը հորմոնալ է․ նախ պետք է գնահատել երեխայի սննդակարգն ու կենսակերպը։Նույնքան կարևոր է հոգեբանական ու սոցիալական միջավայրը։

Այսպիսով, եթե չկան վերը նշված սուր ախտանշանները, արժե մի քայլ հետ գնալ և գնահատել երեխայի մեծանալու պայմանները՝ ինչպես է սնվում, ինչ միջավայրում է ապրում և որքանով է իրեն անվտանգ զգում։

Ապրելակերպը, ավելորդ քաշը ժամանակի ընթացքում կարո՞ղ են հանգեցնել հորմոնալ և նյութափոխանակության խանգարումների։

Ի․ Մ․ Միանշանակ, և հատկապես ճարպակալման դեպքում այս կապը շատ հստակ է։ Իրականում ավելորդ քաշն ավելի հաճախ է հանգեցնում էնդոկրին խանգարումների, քան հակառակը։
Մեր պրակտիկայում ծնողները հաճախ են դիմում՝ փորձելով գտնել երեխայի ավելորդ քաշի որևէ հորմոնալ պատճառ։ Սակայն դեպքերի ճնշող մեծամասնությունում խնդրի հիմքում ապրելակերպն է՝ սննդային սխալ սովորությունները և ֆիզիկական պասիվությունը։ Իհարկե, կան էնդոկրին հիվանդություններ, որոնք քաշի ավելացում են առաջացնում, բայց դրանք համեմատաբար հազվադեպ են հանդիպում։

Հատկապես մտահգիչ է մանկական ճարպակալումը, քանի որ այն մեծացնում է չափահաս տարիքում առողջական լուրջ խնդիրների վտանգը։ Դրանց թվում են զարկերակային գերճնշումը, բարձր խոլեստերինը, նախադիաբետն ու շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, քնի ապնոէն, հոդերի խնդիրներն ու վերարտադրողական խանգարումները։ Ընդ որում՝ բարդություններ, որոնք նախկինում բնորոշ էին միայն մեծահասակներին, այսօր ավելի ու ավելի հաճախ են հանդիպում երիտասարդների շրջանում։

Որքան երկար է երեխան ունենում ավելորդ քաշ, այնքան ավելի խորն են լինում հետևանքները։ Այդ պատճառով շատ կարևոր է ճարպակալումն ընկալել ոչ թե որպես արտաքին տեսքի հարց, այլ որպես լուրջ հիվանդություն։

Որ նշաններն են դեռահասության տարիքում հուշում հորմոնալ խանգարումների մասին։

Ի. Մ. Դեռահասությունն ամենաբուռն անցումային շրջաններից է՝ ոչ միայն հոգեբանական, այլև հորմոնալ տեսանկյունից։ Երբ այս տարիքում ասում ենք՝ «հորմոններն են խոսում», որոշ չափով ճիշտ ենք։ Հորմոնալ փոփոխություններն այդ շրջանում բնական են և կարող են արտահայտվել, օրինակ, ակնեով կամ գերքրտնարտադրությամբ։

Դեռահասը պետք է նախապես իմանա, որ իր մարմինն այսպիսի փոփոխությունների է ենթարկվելու, և դրանց մեծ մասը լիովին օրինաչափ է։Սակայն կան ահազանգեր, որոնց արժե ավելի ուշադիր լինել։ Առաջինը էներգիայի մշտական պակասն է։ Երբ ծնողն ասում է՝ «երեխաս ոչինչ չի ուզում անել, անընդհատ հոգնած է», ես սովորաբար հարցնում եմ՝ իսկ երբ զբաղվում է իր սիրելի գործով, հոբբիով կամ հայտնվում է իր համար հաճելի միջավայրում, էլի՞ էներգիա չունի։ Շատ հաճախ պարզվում է, որ այդ իրավիճակներում երեխան բավական ակտիվ է։ Իսկ եթե նա չի կարողանում աշխուժանալ նույնիսկ սիրելի զբաղմունքի ժամանակ և ինքն էլ է փաստում, որ դրա համար պարզապես ուժ չունի, դա արդեն ուշադրության արժանի լուրջ նշան է։

Մյուս կարևոր գործոնը քունն է։ Դեռահասների հոգնածության ամենատարածված պատճառներից մեկն անբավարար քունն է։ Պետք է հստակ հասկանալ՝ երեխան չի քնում, որովհետև ուշ ժամի հեռախոսով է զբաղվում, կարդում է կամ պարզապես խախտված ռեժիմ ունի, թե՞ իրոք ցանկանում է քնել, բայց չի կարողանում։ Երկրորդ դեպքում արդեն պետք է խորանալ և պարզել անքնության բուն պատճառը։

Այսինքն՝ առաջին քայլը երեխայի առօրյան վերանայելն է՝ քնի ռեժիմը, ծանրաբեռնվածությունը, ֆիզիկական ակտիվությունը։ Եթե դրանք կարգավորելուց հետո՝ օրինակ՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում, մշտական հոգնածությունն ու էներգիայի պակասը չեն անցնում, արժե դիմել բժշկի և հասկանալ պատճառը։

Կան նաև այլ ախտանշաններ, որոնց պետք է անպայման ուշադրություն դարձնել՝ մազաթափություն, քաշի անհասկանալի կորուստ, արտահայտված ծարավի զգացում, հաճախամիզություն, կրկնվող փսխումներ։ Հատկապես վերջին ախտանշանների և քաշի կորստի դեպքում սպասել պետք չէ․ անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի։ Իսկ ավելի դանդաղ զարգացող փոփոխություններին կարելի է որոշ ժամանակ հետևել․ եթե դրանք պահպանվում են, նույնպես արժե խորհրդակցել բժշկի հետ։

Աղջիկների դեպքում բժշկի դիմելու հաճախակի պատճառներից են նաև դաշտանային ցիկլի խանգարումները։ Պետք է հաշվի առնել, որ դաշտանի սկսվելուց հետո առաջին մեկուկես-երկու տարվա ընթացքում ցիկլը կարող է անկանոն լինել, և դա հաճախ բնական է։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում կարևոր է հասկանալ՝ անկանոնությունը տարիքային նորմայի սահմաններո՞ւմ է, թե՞ լրացուցիչ հետազոտման կարիք կա։

Կարևոր է հետևել նաև սեռական հասունացման ժամկետներին։ Աղջիկների մոտ սեռական հասունացման նշանները սովորաբար չպետք է սկսվեն մինչև 8 տարեկանը, տղաների մոտ՝ մինչև 9-ը։ Մյուս կողմից՝ եթե աղջկա մոտ մինչև 13 տարեկանը, իսկ տղայի մոտ մինչև 14 տարեկանը սեռական հասունացման առաջին նշանները դեռ ի հայտ չեն եկել, դա նույնպես բժշկի դիմելու հստակ պատճառ է։ Այսինքն՝ ուշադրության է արժանի սեռական հասունացման և՛ չափազանց վաղ, և՛ ուշացած սկիզբը։

Ինչ է ինսուլինակայունությունը

Ի․ Մ․ - Նախ մի «գաղտնիք» ասեմ․ ավելորդ քաշ, հատկապես՝ ճարպակալում ունեցող մարդկանց մեծ մասն, ամենայն հավանականությամբ, ունի նաև ինսուլինային ռեզիստենտություն։ Բայց դա ինքնին ախտորոշում չէ։ Եթե երեխան աշխատում է քաշի նվազեցման և ապրելակերպի փոփոխության ուղղությամբ, ինսուլինային ռեզիստենտությունը կարող է հետ զարգանալ ու անցնել։

Որոշ դեպքերում նշանակվում է նաև դեղորայք, բայց ոչ թե հենց ինսուլինային ռեզիստենտությունը «բուժելու» համար։ Դեղորայքի անհրաժեշտություն կարող է լինել, օրինակ, երբ երեխան ունի նախադիաբետային վիճակ։ Ցավոք, այսօր այն ավելի հաճախ է հանդիպում դեռահասների շրջանում։ Սա այն փուլն է, երբ շաքարային դիաբետ դեռ չկա, բայց արդեն ձևավորվել են դրա զարգացման նախադրյալները, և շատ կարևոր է ժամանակին միջամտել։

Սակայն նույնիսկ այդ դեպքում առաջին քայլը դեղորայքը չէ․ ամենակարևորը շարունակում է մնալ ապրելակերպի փոփոխությունը։

Հիմա փորձենք շատ պարզ հասկանալ, թե ինչ է կատարվում օրգանիզմում։
Երբ մենք ածխաջուր պարունակող սնունդ ենք ուտում՝ լինի խնձոր, կոնֆետ, թե հնդկաձավար, մարսողության ընթացքում ածխաջուրը տրոհվում և, ի վերջո, վերածվում է գլյուկոզայի՝ շաքարի։ Գլյուկոզան մեր օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն է։ Իսկ ինսուլինն օգնում է, որ մեր կերած սննդից ստացված գլյուկոզան հասնի բջիջներին, որտեղ էլ օգտագործվում է որպես էներգիա։

Չափից շատ ածխաջուր օգտագործելը հանգեցնում է գլյուկոզայի մեծ քանակի, որի հետ պետք է «հասցնի» աշխատել ինսուլինը։ Հաշվի առնելով, որ մենք այդքան շատ էներգիա պարզապես չենք ծախսում՝ ինչ-որ մի պահ օրգանիզմը կարծես ասում է՝ «ստոպ, այսքանն ինձ պետք չէ», ու սկսում է ավելի թույլ արձագանքել ինսուլինին։ Պարզ ասած՝ բջիջները կարծես այլևս նախկինի պես լավ չեն «ճանաչում» ինսուլինը։ Հենց սա էլ ինսուլինային ռեզիստենտությունն է՝ դիմադրությունը ինսուլինի նկատմամբ։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում հետո։ Մարդը շարունակում է ածխաջուր օգտագործել, գլյուկոզան շարունակում է հայտնվել արյան մեջ, բայց օրգանիզմն արդեն նախկին արդյունավետությամբ չի կարողանում այն յուրացնել։ Որպես արդյունք՝ ժամանակի ընթացքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է։ Այս գործընթացը մեկ օրում չի զարգանում։ Այն կարող է տևել տարիներ՝ հինգ, տասը, երբեմն՝ քսան տարի։ Բայց եթե այդ ընթացքում ոչինչ չի փոխվում, ի վերջո կարող է զարգանալ 2-րդ տիպի շաքարային դիաբետ։ Հենց դրանով էլ ինսուլինային ռեզիստենտությունը վտանգավոր է։