Ի՞նչ պետք է իմանան ծնողները մանկապարտեզի նոր սննդակարգի մասին
«Ծնողական ժողով»-ի այս թողարկման ընթացքում ծնողները կիսվում են իրենց փորձով, իսկ մասնագետները բացատրում են, թե ինչպես օգնել երեխային սիրել առողջ սնունդը՝ թե՛ տանը, թե՛ մանկապարտեզում։
Մանկապարտեզ հաճախելու առաջին օրերից ծնողների ամենատարածված մտահոգություններից մեկը երեխայի սնունդն է։ Կուտի՞ արդյոք նա առաջարկվող ճաշը, թե՞ ամբողջ օրը սոված կմնա։ Իսկ եթե տանը հրաժարվում է բանջարեղենից կամ նոր ուտեստներից, հնարավո՞ր է, որ մանկապարտեզում իրավիճակը փոխվի։
Այս հարցերն առավել արդիական են դարձել Հայաստանում նախադպրոցական հաստատություններում առողջ սննդակարգի նոր չափորոշիչների ներդրումից հետո։ Սակայն մասնագետները վստահեցնում են՝ նույնիսկ ամենալավ ճաշացանկը չի կարող լիարժեք արդյունք տալ, եթե առողջ սննդային սովորությունները չեն ձևավորվում նաև ընտանիքում։
«Ծնողական ժողով»-ի այս թողարկման ընթացքում ծնողները կիսվում են իրենց փորձով, իսկ մասնագետները բացատրում են, թե ինչպես օգնել երեխային սիրել առողջ սնունդը՝ թե՛ տանը, թե՛ մանկապարտեզում։
Առողջ սնվելու սովորությունը սկսվում է ընտանիքից
Ծնողների փորձը ցույց է տալիս, որ մանկապարտեզն իսկապես կարող է օգնել երեխային բացահայտել նոր համեր և սովորել ուտել ինքնուրույն։ Սակայն սննդային սովորությունների հիմքը ձևավորվում է շատ ավելի վաղ՝ ընտանիքում։
Եթե երեխան տանը սովոր է բազմազան, հավասարակշռված սննդի, ապա նոր միջավայրին հարմարվելն ավելի հեշտ է լինում։ Իսկ եթե սննդակարգում գերակշռում են քաղցր, աղի կամ յուղոտ մթերքները, մանկապարտեզի առողջ ճաշացանկը կարող է անսովոր թվալ։
Ի դեպ, մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել երեխային «չուտող» պիտակավորելուց։ Երեխաները հաճախ ընդունում են մեծահասակների բնորոշումները, իսկ դրանք ժամանակի ընթացքում կարող են ազդել նաև նրանց վարքագծի վրա։
Սկզբում եկեք մի քանի տարածված միֆերի անդրադառնանք և փորձենք պարզել՝ որտեղ է թաքնված իրականությունը:
Մի՞ֆ, թե՞ իրականություն
Եթե երեխան չի ուզում նախաճաշել, ուրեմն պետք չէ ստիպել
Իրականություն... բայց կարևոր է հասկանալ պատճառը։ Երեխային հարկադրաբար կերակրել պետք չէ։ Սակայն դա չի նշանակում, որ կարելի է պարզապես բաց թողնել նախաճաշը։
Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխան բնական ցանկություն կունենա նախաճաշելու։ Նախաճաշից հրաժարվելը հաճախ կապված է ուշ քնելու, ուշ ընթրելու, ռեժիմի բացակայության կամ նույնիսկ որոշ առողջական խնդիրների հետ, այլ ոչ թե պարզապես «չցանկանալու»։
Միֆ: Թեյն ու թխվածքաբլիթը կամ հացը բավական են նախաճաշին
Իրականություն: Քաղցր թեյը, թխվածքաբլիթը կամ միայն հացը երեխային տալիս են արագ, բայց կարճատև էներգիա։ Շուտով արյան մեջ շաքարի մակարդակը կրկին նվազում է, և երեխան կարող է արագ հոգնել, դժվարությամբ կենտրոնանալ կամ կրկին սովածանալ։
Առողջ նախաճաշը պետք է ներառի տարբեր սննդային խմբեր՝ սպիտակուց, բարդ ածխաջրեր, բանջարեղեն կամ միրգ և օգտակար ճարպեր։
Միֆ: Մանկապարտեզում կուտի․ ոչինչ, որ տանը չի ուտում
Իրականություն: Մանկապարտեզը կարող է աջակցել առողջ սովորությունների ձևավորմանը, բայց չի կարող ամբողջությամբ փոխարինել ընտանիքին։
Եթե տանը և մանկապարտեզում սննդի նկատմամբ մոտեցումները տարբեր են, երեխայի համար ավելի դժվար է ձևավորել կայուն սննդային վարքագիծ։
Հենց այդ պատճառով կարևոր է, որ ընտանիքն ու մանկապարտեզը «խոսեն նույն լեզվով»՝ առաջարկելով հնարավորինս նման մոտեցումներ և շարունակելով առողջ սննդային սովորությունները նաև հանգստյան օրերին։
Միֆ: Եթե երեխան առողջ է, ապա նախաճաշը պարտադիր չէ
Իրականություն: Առողջ նախաճաշը երեխայի բնականոն աճի և զարգացման կարևոր մասն է։ Այն օգնում է պահպանել էներգիան, բարելավել ուշադրությունն ու հիշողությունը, ինչպես նաև նպաստում է սովորելու կարողությանը և լավ տրամադրությանը։Առանց նախաճաշի մանկապարտեզ գնացող երեխան ավելի դժվար կարող է մասնակցել օրվա ակտիվություններին և նույնիսկ հրաժարվել մանկապարտեզում առաջարկվող սննդից։
Միֆ: Նախաճաշը պետք է շատ լինի, որպեսզի երեխան շուտ չսովածանա
Իրականություն: Կարևոր է ոչ թե նախաճաշի քանակը, այլ դրա որակն ու հավասարակշռվածությունը։Չափից շատ սնունդը կարող է նույնիսկ ծանրաբեռնել երեխային, իսկ ճիշտ ընտրված, հավասարակշռված նախաճաշը երկար ժամանակ ապահովում է անհրաժեշտ էներգիան։
Մանկաբույժի խորհուրդները ծնողներին
«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սինամ Պապյանը խորհուրդ է տալիս ընտանիքին և մանկապարտեզին լինել նույն թիմում։
Նրա խոսքով՝
- առողջ սննդային սովորությունները ձևավորվում են ամեն օր՝ ոչ միայն մանկապարտեզում, այլև տանը,
- հանգստյան օրերին նույնպես ցանկալի է պահպանել նույն սննդային սկզբունքները,
- յուրաքանչյուր հիմնական կերակուր պետք է հիմնված լինի «առողջ ափսեի» սկզբունքի վրա՝ ներառելով բանջարեղեն, սպիտակուց և բարդ ածխաջրեր,
- նոր մթերքներից հրաժարվելը միշտ չէ, որ նշանակում է, թե երեխան դրանք չի սիրում․ երբեմն անհրաժեշտ են բազմաթիվ փորձեր, մինչև երեխան ընդունի նոր համը,
- եթե երեխայի հասակն ու քաշը համապատասխանում են տարիքային նորմերին, ամենայն հավանականությամբ նա ստանում է բավարար սնունդ, նույնիսկ եթե ծնողին թվում է, թե քիչ է ուտում,
- կարևոր է պահպանել հիմնական սնունդների և միջուտեստների միջև մոտ երկու ժամ ընդմիջում, որպեսզի երեխան սովի բնական զգացողությամբ նստի սեղանի շուրջ։
Ի՞նչ է փոխվել մանկապարտեզների սննդակարգում
2026 թվականից Հայաստանի նախադպրոցական հաստատություններում ներդրվել է առողջ սննդակարգի նոր չափորոշիչ։
Փոփոխությունների արդյունքում՝
- Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
- Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):
- Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն):
- Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:
- Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ. ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:
- Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:
Չի թույլատրվում.
- կրեմային հրուշակեղեն,
- քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,
- շոկոլադ,
- շոկոլադապատ արտադրանք,
- աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),
- կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):
Այս փոփոխությունների նպատակը միայն երեխաներին կերակրելը չէ, այլ առողջ սննդային մշակույթ ձևավորելը։
Առողջ սնվելը սովորություն է, ոչ թե մեկ օրվա փոփոխություն: Երեխաները միշտ չէ, որ պատրաստ են անմիջապես ընդունել նոր համերը։ Բրոկոլին, լոբազգիները կամ այլ անսովոր մթերքները սկզբում կարող են մնալ ափսեի մեջ։
Սակայն մասնագետները վստահեցնում են՝ նոր մթերքի հետ «ընկերանալու» համար երբեմն անհրաժեշտ են բազմաթիվ փորձեր։
Համբերատարությունը, բազմազանությունը և մեծահասակների անձնական օրինակը հաճախ ավելի արդյունավետ են, քան ցանկացած պարտադրանք։
Ամփոփելով
Առողջ սնվելու սովորությունները ձևավորվում են տարիների ընթացքում՝ ընտանիքի և կրթական հաստատության համատեղ աշխատանքի շնորհիվ։
Երեխայի համար կարևոր է ոչ միայն այն, թե որքան է նա ուտում, այլ նաև այն, թե ինչ է ուտում, ինչ միջավայրում է սնվում և ինչ օրինակ է տեսնում իր շուրջը։
Երբ տունն ու մանկապարտեզը միասին ձևավորում են առողջ սննդային մշակույթ, երեխան ոչ միայն ավելի հեշտ է ընդունում նոր համերը, այլև ձեռք է բերում այնպիսի սովորություններ, որոնք կարող են ուղեկցել նրան ամբողջ կյանքի ընթացքում։
Դիտե՛ք ամբողջական թողարկումը ստորև.