Մանկական շաքարային դիաբետ․ ինչ պետք է իմանան ծնողները

«Ծնողական ժողով»-ի այս թողարկման ընթացքում ծնողները և մասնագետները խոսում են շաքարային դիաբետի մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ, Առաջին ալիք
Ալավերդու մանկապարտեզում երեխաները խաղում են։
UNICEF Armenia/2020/Margaryan
19 Հունիս 2026

Երբ երեխան սկսում է անսովոր շատ ջուր խմել, հաճախ միզել, արագ հոգնել կամ կորցնել քաշը, ծնողները հաճախ այդ փոփոխությունները կապում են շոգ եղանակի, հոգնածության կամ այլ ժամանակավոր պատճառների հետ։

Սակայն երբեմն այս նշանները կարող են վկայել առաջին տիպի շաքարային դիաբետի մասին՝ քրոնիկական հիվանդության, որը պահանջում է վաղ ախտորոշում և շարունակական հսկողություն։

«Ծնողական ժողով»-ի այս թողարկման ընթացքում ծնողները և մասնագետները խոսում են առաջին տիպի շաքարային դիաբետի մասին, դրա վաղ ախտանշանների, տարածված սխալ պատկերացումների և այն մասին, թե ինչպես կարող է երեխան լիարժեք կյանք վարել այս ախտորոշմամբ։

Բայց նախ, եկեք հասկանանք, թե ինչ տարածված միֆեր կան և մասնագետի օգնությամբ պարզենք՝ որն է իրականությունը:

Մի՞ֆ, թե՞ իրականություն

Միֆ: Առաջին տիպի շաքարային դիաբետը քաղցրի չարաշահման պատճառով 

Իրականություն: Մասնագետի խոսքով՝ առաջին տիպի շաքարային դիաբետը կապ չունի քաղցրավենիքի օգտագործման կամ քաղցրի չարաշահման հետ։

Առաջին տիպի դիաբետը աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը վնասում է ինսուլին արտադրող բետա բջիջները։ Այս գործընթացը պայմանավորված չէ երեխայի սննդակարգով կամ քաղցրի օգտագործմամբ։

Միֆ: Առաջին տիպի շաքարային դիաբետն առաջանում է ծնողների բացթողումների պատճառով:

Իրականություն: Մասնագետը շեշտում է, որ ծնողները մեղավոր չեն առաջին տիպի դիաբետի առաջացման համար։

Հիվանդության հիմքում ընկած է աուտոիմուն գործընթացը և գենետիկ նախատրամադրվածությունը։ Թե ինչու է այդ գործընթացը ակտիվանում որոշ երեխաների մոտ, իսկ մյուսների մոտ՝ ոչ, բժշկությունը դեռևս հստակ պատասխան չունի։

Միֆ: Առաջին տիպի շաքարային դիաբետը ժամանակավոր է

Իրականություն: Առաջին տիպի շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է։

Ներկայումս բժշկությունը չի կարող վերականգնել ինսուլին արտադրող վնասված բջիջները, այդ պատճառով երեխան ամբողջ կյանքի ընթացքում պետք է ստանա ինսուլինաթերապիա։

Սակայն մասնագետները շեշտում են մեկ կարևոր հանգամանք․ առաջին տիպի դիաբետը կառավարելի է։

Պատշաճ հսկողության, բուժման և ընտանիքի աջակցության դեպքում երեխան կարող է ապրել լիարժեք կյանքով, սովորել, զբաղվել սպորտով և հասնել իր նպատակներին։

Ինչ նշանների դեպքում պետք է դիմել բժշկի

Մասնագետները կարևորում են առաջին տիպի դիաբետի վաղ ախտորոշումը։

Հատկապես պետք է զգոն լինել, եթե երեխան՝

  • շատ ջուր է խմում,
  • հաճախ է միզում,
  • գիշերամիզություն ունի,
  • կորցնում է քաշը,
  • արագ է հոգնում,
  • անսովոր քնկոտ է դարձել։

Այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկի, քանի որ ուշացած ախտորոշումը կարող է հանգեցնել ծանր բարդությունների։

Մասնագիտական խորհուրդներ ծնողներին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդատու, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան հաղորդման ընթացքում ընդգծեց, որ առաջին տիպի շաքարային դիաբետը ժամանակին ախտորոշելու և արդյունավետ վերահսկելու դեպքում երեխան կարող է ապրել լիարժեք կյանքով։ Ահա մի քանի հիմնական խորհուրդներ. 

Երեխային պետք է պատմել ախտորոշման մասին

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխայից չթաքցնել ախտորոշումը։ Քանի որ երեխան ամբողջ կյանքում ապրելու է այդ վիճակի հետ, նա պետք է հասկանա՝

  • ինչու են անհրաժեշտ ներարկումները,
  • ինչու է կարևոր սննդակարգը,
  • ինչպես է դիաբետն ազդում օրգանիզմի վրա։

Տեղեկատվությունը պետք է փոխանցել երեխայի տարիքին համապատասխան, պարզ և հասկանալի լեզվով։

Ծնողի արձագանքը մեծ նշանակություն ունի

Մասնագետների խոսքով՝ երեխան առաջին հերթին հետևում է ծնողի արձագանքին։

Եթե ծնողը խուճապի է մատնվում, լաց է լինում կամ մշտապես ընդգծում հիվանդությունը, երեխայի հարմարվելու գործընթացը կարող է ավելի բարդ դառնալ։

Սպորտը ոչ միայն թույլատրելի է, այլև օգտակար

Տարածված կարծիք կա, թե դիաբետ ունեցող երեխան պետք է խուսափի ակտիվ կյանքից։

Մասնագետները հակառակն են նշում․ ֆիզիկական ակտիվությունը օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետ օգտագործել գլյուկոզան և կարող է նույնիսկ նվազեցնել ինսուլինի պահանջը։

Երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն իրականացնել բուժական մմիջամտությունները

Երեխայի մեծանալուն զուգընթաց կարևոր է զարգացնել ինքնահսկման հմտությունները։ Անհրաժեշտ է աստիճանաբար սովորեցնել երեխային՝

  • ճանաչել իր օրգանիզմի ազդակները,
  • հաշվարկել սնունդը,
  • հաշվարկել գլյուկոզայի ցուցանիշները,
  • տարիքին համապատասխան մասնակցել սեփական խնամքի գործընթացին։

Ամփոփելով՝

Հաղորդման հիմնական ուղերձը պարզ է․ առաջին տիպի շաքարային դիաբետը երեխայի կամ ծնողի մեղքով չի առաջանում, չի առաջանում քաղցրի օգտագործման պատճառով և ժամանակավոր վիճակ չէ։

Սակայն այն հնարավոր է արդյունավետ վերահսկել։ Ժամանակին ախտորոշումը, ընտանիքի տեղեկացվածությունը, բժշկական թիմի աջակցությունը և երեխայի աստիճանական ներգրավումը սեփական առողջության կառավարման գործընթացում թույլ են տալիս, որ երեխան ապրի ակտիվ, լիարժեք և ինքնուրույն կյանքով։

Դիտե՛ք ամբողջական թողարկումը ստորև

Embedded video follows
ՅՈՒՆԻՍԵՖ, Առաջին ալիք