Ինչպես պատրաստել ձեր երեխային նոր եղբոր կամ քրոջ գալստին

Մի քանի խորհուրդ այս փոփոխություններն ավելի սահուն դարձնելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ
Ընտանիք մեծ ու փոքր երեխայի հետ
UNICEF Armenia/2023/Galstyan
18 Հունիս 2026

Ընտանիքի նոր անդամի գալստին պատրաստվելն առանձնահատուկ իրադարձություն է, սակայն տան երեխաների համար կարող է բարդ լինել հնարավոր փոփոխություններին հարմարվելը։ Ահա մի քանի խորհուրդ այս փոփոխություններն ավելի սահուն դարձնելու համար:

Նախքան երեխայի ծնվելը

1-2 տարեկանների համար

Եթե ձեր ավագ երեխան դեռ փոքր է, կան եղանակներ, որոնց օգնությամբ նրան կարող եք նախապատրաստել։

  • Նոր երեխայի մասին խանդավառությամբ խոսեք
  • Եթե ընտանիքի նոր անդամի համար արդեն անուն եք ընտրել, երեխայի հետ խոսելիս նշեք այն, որպեսզի ծանոթանա անվանը։
  • Մեծ եղբայր կամ քույր դառնալու և նորածնին տուն բերելու մասին պատմություններ կարդացեք կամ պատմեք։
  • Ներգրավեք նրանց խաղի մեջ, որտեղ իրենք ևս կարող են օգնել երեխայի խնամքում:

2-4 տարեկանների համար

  • Խոսեք նրանց հետ այն մասին, որ շուտով ձեր ընտանիքը ընդլայնվելու է և իրենք մեծ եղբայր կամ քույր են դառնալու։
  • Նրանց պատմեք ծննդաբերության ձեր պլանի մասին և բացատրեք, թե ինչ են իրենք անելու այդ օրերին։
  • Փորձեք ընդգրկել նրանց երեխայի հետ կապված նախապատրաստություններում և առիթը բաց մի՛ թողեք նրանց գովաբանելու համար։
  • Եթե նշանակալի փոփոխություններ պետք է անեք, օրինակ՝ ավագ երեխային նոր սենյակ տեղափոխեք կամ օրորոցից անցում կատարեք մեծ մահճակալի, փորձեք նախքան նորածնի գալն անել, որպեսզի հավելյալ անհանգստության առիթ չդառնա։

Դպրոցահասակ երեխաների համար

  • Նորածնի մասին խոսեք իրենց տարիքին համապատասխան լեզվով։ Անկեղծորեն պատմեք, թե ինչպես է դա ընթանալու, ներառյալ դրական կողմերը (շատ և ջերմ գրկախառնություններ) և ոչ այնքան դրական կողմերը (շատ լաց)։
  • Եթե փոքր երեխա ունեցող ընտանիքի այլ անդամներ կամ ընկերներ ունեք, նրանց հետ ժամանակ անցկացրեք, որպեսզի ձեր երեխան ընտելանա շրջապատում նորածնի ներկայությանը։
  • Ավագ երեխային ներգրավեք տարիքին համապատասխան առաջադրանքներում՝ երեխայի գալստին պատրաստվելու համար, օրինակ՝ նորածնի համար ընթերցելու գրքեր ընտրել կամ պլանավորման աշխատանքներ կատարել։
  • Պատմե՛ք նրանց, թե ինչպիսին էին իրենք այդ ամենափոքր տարիքում, ցույց տվեք իրենց լուսանկարները։

Նորածնի ժամանումից հետո

Երեխայի տարիքից անկախ՝ ընտանիքի նոր անդամի ժամանումն իր հետ կարող է ուրախության, բայց նաև խանդի խառը զգացումներ բերել։ Այս անցումը հեշտացնելու համար փորձեք հետևյալ գործողությունները․

Ավագ երեխային ներառեք տունդարձի միջոցառումներում. hարցրեք, թե արդյո՞ք կցանկանան երեխայի նկարը տանել դպրոց կամ իրենց ընկերներին ու ընտանիքի անդամներին պատմել նրա մասին։

Ներգրավեք նրանց երեխայի խնամքում. գտեք միջոցներ՝ երեխային նորածնի խնամքին ներգրավվելու համար, օրինակ՝ եթե փոքրահասակ են, կարող են բերել տակդիրները, իսկ եթե ավելի մեծ են՝ կարող են փոխել դրանք։

Գովաբանեք դրական վարքագիծը. երբ նկատում եք, որ սիրալիր վերաբերմունք են ցուցաբերում նորածնի նկատմամբ, ասացեք նրանց, որ հրաշալի մեծ եղբայր կամ քույր են։

Հավելյալ ուշադրություն հատկացրեք. հնարավորինս շատ ժամանակ հատկացրեք ձեր ավագ երեխայի հետ առանձին շփվելու համար։ Դա կօգնի, որ նրանք սիրված զգան այդպիսի մեծ փոփոխություններին ընդառաջ։ Նույնը կարող են անել նաև ձեր ընտանիքի մյուս անդամները, ում հետ ավելի մոտ է երեխան, օրինակ՝ պապիկը կամ տատիկը։

Խանդի զգացման կառավարում. Փոքր տարիքի երեխաների և նախադպրոցականների մոտ սովորաբար վարքագծի փոփոխություններ են նկատվում, երբ նորածին քրոջը կամ եղբորը տուն են բերում։ Կարող եք նկատել

  • Կամակորություն, լաց:
  • Ավելի փոքրահասակ երեխային հատուկ վարքագծի դրսևորում, օրինակ՝ իրենց փոքր երեխայի պես են պահում կամ ինքնուրույն զուգարան չեն գնում։
  • Գիշերներն արթնանում են:

Ինչպե՞ս օգնել ձեր երեխային և կառավարել դժվար վարքագիծը

Երեխայի հարմարվելուն աջակցելու համար փորձեք հետևյալը․

  • Գովել դրական վարքագիծը:
  • Երեխային իր տարիքին համապատասխան չափով ներգրավել նորածնի խնամքի գործերում:
  • Գովել երեխային, թե որքան են մեծացել և ինչքան շատ բան են սովորել:
  • Երկուսով հնարավորինս շատ ժամանակ անցկացնել:

Հիշեք՝ նման վարքագիծը միանգամայն բնական է: Անրաժեշտ է ժամանակ, որպեսզի երեխան հարմարվի տան նոր անդամի ներկայությանը, փոփոխված իրավիճակին: Պետք է փորձեք համբերատար լինել և օգնել նրան սահուն անցնել այս շրջանը։