Ոչ ֆորմալ կրթություն․ ինչո՞ւ է այն կարևոր երեխայի զարգացման համար

Ծնողական ժողովում փորձում ենք հասկանալ՝ ինչպես են ծնողները վերաբերում ոչ ֆորմալ կրթությանն ու պատասխանել թեմայի վերաբերյալ ծնողների հարցերին:

ՅՈՒՆԻՍԵՖ, Առաջին ալիք
Սպիտակից աղջիկն ու տղան ժյուրիին են ներկայացնում իրենց ծրագիրը։
UNICEF Armenia/2021/Hieroglyph
12 Օգոստոս 2026

Երբ խոսում ենք կրթության մասին, առաջինը սովորաբար պատկերացնում ենք դպրոցը, դասարանը, ուսուցիչներին և գնահատականները։ Սակայն երեխան սովորում է նաև այն միջավայրերում, որտեղ չկան դասագրքեր կամ քննություններ։ Նա սովորում է, երբ քննարկում է, փորձում, սխալվում, նորից փորձում, համագործակցում և նախաձեռնություն է ցուցաբերում։

Հենց այս միջավայրն է ոչ ֆորմալ կրթությունը. կրթության մի ձև, որը վերջին տարիներին Հայաստանում գնալով ավելի հասանելի է դառնում երեխաների և երիտասարդների համար։ Այն օգնում է զարգացնել ոչ միայն գիտելիքներ, այլև կյանքի համար կարևոր հմտություններ՝ ինքնավստահություն, հաղորդակցման կարողություններ, քննադատական մտածողություն և թիմային աշխատանք։

Սակայն շատ ծնողներ դեռևս լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ է ոչ ֆորմալ կրթությունը, ինչով է այն տարբերվում դպրոցից և ինչու կարող է կարևոր դեր ունենալ երեխայի զարգացման գործում։

Ոչ ֆորմալ կրթությունը կազմակերպված և նպատակային կրթական գործընթաց է, որն իրականացվում է դպրոցից կամ բուհից դուրս՝ կամ դրանց զուգահեռ։ Այն ունի հստակ նպատակ, ծրագիր, մեթոդաբանություն և պատասխանատուներ։ Դասընթացները կարող են անցկացվել սեմինարների, քննարկումների, բանավեճերի, խաղերի, կամավորական ծրագրերի, ստեղծագործական կամ բնապահպանական նախաձեռնությունների, սպորտային և այլ ակտիվությունների ձևաչափով։

Ոչ ֆորմալ կրթությունը չի ստեղծվել դպրոցը փոխարինելու համար։ Դպրոցը տալիս է ակադեմիական գիտելիքներ և ապահովում է կրթության հիմնական հիմքը, իսկ ոչ ֆորմալ կրթությունը լրացնում է այդ գործընթացը՝ զարգացնելով այնպիսի հմտություններ, որոնք երեխաներին անհրաժեշտ են առօրյա կյանքում և ապագա մասնագիտական գործունեության ընթացքում։

Այն օգնում է երեխաներին սովորել համագործակցել, ներկայացնել սեփական գաղափարները, աշխատել թիմում, նախաձեռնություններ իրականացնել, պատասխանատվություն ստանձնել և ավելի վստահ զգալ տարբեր իրավիճակներում։ նման ծրագրերը նպաստում են ինքնավստահության, քննադատական և ստեղծագործական մտածողության, ինչպես նաև քաղաքացիական ակտիվության զարգացմանը։

Ծնողներին հաճախ մտահոգում է, որ ոչ ֆորմալ կրթությունը կարող է խանգարել դպրոցական առաջադիմությանը կամ պարզապես ժամանակի վատնում է։ Մյուսները մտահոգվում են, թե ինչ միջավայրում է հայտնվելու երեխան կամ ինչ գաղափարներ են փոխանցվելու նրան։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը նշում է, որ մտահոգությունները հաճախ պայմանավորված են տեղեկատվության պակասով: Իրականում ծնողները միշտ կարող են ու պետք է այցելեն կենտրոն, ծանոթանալ ծրագրերին, հարցեր ուղղել կազմակերպիչներին և համոզվել, որ երեխան սովորում է անվտանգ ու աջակցող միջավայրում։

Փաստ է՝ երեխաների և երիտասարդների մասնակցությունը համայնքային կամ կամավորական նախաձեռնություններին նպաստում է պատասխանատվության, նախաձեռնողականության և համագործակցության հմտությունների զարգացմանը։

Շատ կարևոր է նաև, որ երեխան ներգրավվի այնպիսի ծրագրերում, որոնք համապատասխանում են իր հետաքրքրություններին։ Ծնողների դերը ոչ թե երեխայի փոխարեն ընտրություն կատարելն է, այլ նրա համար հնարավորություններ ստեղծելը, երեխաներին իրենց հետաքրքրությունները բացահայտելը խրախուսելը, նոր փորձառություններից չվախենալը: 

Միաժամանակ ծնողներն ունեն լիարժեք իրավունք հետաքրքրվելու ծրագրերի բովանդակությամբ, թե ովքեր են կազմակերպիչները, արդյոք տարածքն անվտանգ ու ապահով է։ Այդպիսի համագործակցությունը նպաստում է վստահության ձևավորմանը և օգնում է երեխային առավել արդյունավետ օգտվել ոչ ֆորմալ կրթության հնարավորություններից։

Ոչ ֆորմալ կրթությունը կրթության շարունակությունն է՝ մի միջավայր, որտեղ երեխան սովորում է ոչ միայն գիտելիքներ, այլև կյանքի հմտություններ կամ ինչպես հաճախ ենք ասում, 21-րդ դարի հմտություններ։

Դրա օգնությմաբ նա զարգացնում է այնպիսի կարողություններ, որոնք կարևոր են թե՛ դպրոցում, թե՛ ապագա մասնագիտական և անձնական կյանքում։

Ծնողների աջակցությունն ու տեղեկացված ընտրությունը կարող են օգնել, որ ոչ ֆորմալ կրթությունը դառնա երեխայի զարգացման կարևոր և արժեքավոր մասը։

Դիտե՛ք ամբողջական հաղորդումը ստորև

Embedded video follows
ՅՈՒՆԻՍԵՖ, Առաջին ալիք