Դեռահասները և մարմնի կառուցվածքի նրանց ընկալումը
Ինչպես օգնել դեռահասներին ընդունել իրենց մարմնի հետ կատարվող փոփոխությունները:
Գեղեցկության արդի անառողջ ստանդարտներով պայմանավորված՝ դեռահաս երեխան կարող է զգայուն վերաբերմունք ձևավորել սեփական մարմնի հանդեպ։ Հոգեբան, գրքերի հեղինակ, երկու երեխաների մայր՝ հ․գ․թ․ Լիզա Դամուրի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես օգնել երեխային հասկանալ և ընդունել մարմնի փոփոխությունները դեռահասության փուլում: ։
Մարմնի կառուցվածքի ընկալումը
Տկն. Դամուր. «մարմնի կառուցվածքի ընկալումը» (body image) վերաբերում է նրան, թե ինչպես ենք մեզ տեսնում և զգում մեր իսկ մարմնում, և ինչպես են, մեր կարծիքով, ուրիշները մեզ տեսնում։ Մարմնի կառուցվածքի ընկալումը սկսում է ձևավորվել դեռ վաղ տարիքից, և փոփոխվում է մեծանալուն զուգընթաց՝ կրելով մեր շրջապատի մարդկանց և մեր տեսածի ազդեցությունը։ Դեռահասների համար իրենց կազմվածքի, չափերի և արտաքին տեսքի վերաբերյալ ունեցած զգացումները կարող են վիթխարի ազդեցություն ունենալ նրանց ինքնավստահության և ինքնագնահատականի վրա: Չնայած լիովին բնական է ունենալ խառը զգացումներ սեփական մարմնի կազմվածքի նկատմամբ, նրանցից ոմանք կարող են խիստ անառողջ պատկերացում ձևավորել իրենց մարմնի և արտաքին տեսքի շուրջ։
Տկն. Դամուր. Մարմնի կառուցվածքի անառողջ ընկալումը ձևավորվում է այն ժամանակ, երբ դեռահասն ասես «ընկնում է» իր արտաքինի մասին բացասական մտքերի թակարդի մեջ։ Նա կարող է խիստ քննադատաբար վերաբերվել հայելու մեջ տեսածին, այն աստիճան, որ խաթարվի սեփական ինքնության զգացումը։ Ցավոք, վերջինս կարող է ազդել նրա վրա, թե ինչպես են դեռահասները հոգ տանում իրենց մասին։ Թեև ավանդաբար տեսել ենք, որ սա հիմնականում աղջիկներին է վերաբերում, սակայն ավելի ու ավելի շատ տղաներ են կենտրոնանում մկանային զանգված ավելացնելու վրա կամ կաշվից դուրս գալիս՝ մարմնի ճարպը նվազեցնելու համար։ Եթե ձեր դեռահասը չափազանց անհարմար է զգում իրեն իր մարմնում՝ այնքան, որ դա ազդում է նրա առօրյա կյանքի վրա, դա նշանակում է, որ նա ունի մարմնի կառուցվածքի մասին անառողջ ընկալում։
Մարմնի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները ոչ միայն քաշին են վերաբերում։ Դրանք առաջանում են նաև այն ժամանակ, երբ պատանին իր արտաքին տեսքի վերաբերյալ ունենում է զգացումներ, որոնք նրա մոտ հարցեր են առաջացնում իր ընդհանուր արժեքի կամ արժանիքների մասին։ Օրինակ՝ երիտասարդները հաճախ իրենց տեսքը համեմատում են սոցիալական ցանցերում տեսած մարդկանց կամ նույնիսկ իրենց ընկերների հրապարակած նկարների հետ։
Դա մեծանալու բնականոն մաս է կազմում, երբեմն թեկուզ անհարմար, սակայն մտահոգիչ է, երբ այդ համեմատությունները դեռահասին ստիպում են մտածել, որ իր արժեքն իր արտաքինով է պայմանավորված։ Պետք է մտահոգվենք նաև այն ժամանակ, երբ պատանիները փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց մարմինը, քանի որ ամաչում են իրենց արտաքին տեսքից։ Օրինակ՝ եթե դեռահասն այնքան է իրեն անհարմար զգում բնածին նշանների, վիրահատական սպիների կամ պզուկների պատճառով, որ նույնիսկ չի ցանկանում տնից դուրս գալ, դա անշուշտ լուրջ մտահոգության պատճառ է։
Որո՞նք են մարմնի կառուցվածքի անառողջ ընկալման հետևանքները
Տկն. Դամուր. Վերը նշված երևույթը կարող է շատ դժվարություններ ստեղծել երիտասարդների համար։ Նախ, նրանք կարող են հաճախ կամ գրեթե միշտ վատ զգալ՝ իրենց արտաքին տեսքի պատճառով։ Մեկ ուրիշ խնդիր էլ այն է, որ այս խնդիրն ունեցող երիտասարդները կարող են չափազանց շատ ժամանակ ծախսել իրենց արտաքինի և դրա մասին հոգ տանելու վրա։ Թեև հրաշալի է լինել լավ մարզավիճակում և մարզվել, հաճելի է տարբեր հագուստներ փորձել կամ դիմահարդարման տարբեր ձևեր փորձարկել, բայց բոլորովին ցանկալի չէ, որ երիտասարդները չափազանց շատ ժամանակ վատնեն «արտաքին պատյանի» վրա, երբ իրականում ամենակարևորը «ներքին բովանդակությունն» է ։
Եվ իհարկե, մյուս ծայրահեղությունն էլ այն է, երբ երիտասարդը դադարում է ընդհանրապես իր մասին և իր արտաքինի համար հոգ տանել որն անշուշտ անհանգստանալու ևս մեկ պատճառ է:
Որտեղի՞ց է սկսվում մարմնի կառուցվածքի անառողջ ընկալումը
Տկն. Դամուր. Մարմնի կառուցվածքի ընկալման խնդիրները կարող են ցանկացած ժամանակ ի հայտ գալ, բայց առավել տարածվածը սեռական հասունացման շրջանն է, քանի որ այդ ընթացքում նրանց օրգանիզմը արտադրում է հորմոններ, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել իրենց և շրջապատի մարդկանց արտաքին տեսքի հանդեպ։ Սա մի շրջան է, երբ մարմինը կարող է աճի կտրուկ թռիչք ունենալ՝ երբեմն մեր ընկերներից ավելի շուտ կամ ուշ։ Այս փոփոխությունները բոլորի հետ են տեղի են ունենում, բայց դեռահասների դեպքում կարող են հանգեցնել տագնապայնության կամ հուսահատության զգացում պատճառել։
Այսօրվա պատանիների և դեռահասների՝ իրենց մարմնի մասին պատկերացումների ձևավորման մեջ մեծ դերակատարում ունի սոցիալական մեդիան։ Նրանք մխրճված են մի աշխարհում, որտեղ սոցիալական մեդիայի պատկերահեն հարթակները նրանց լրահոսը հեղեղում են չափազանց մարզված և նիհար մարմինների նկարներով և տեսանյութերով։ Հարյուրավոր այսպիսի մարմիններ տեսնելը կարող է փոխել նրանց պատկերացումն այն մասին, թե ինչպիսի տեսք «պետք է» ունենա մարմինը, որը թույլ չի տալիս գնահատել իրենց սեփական ինքնատիպ և բնական արտաքինը։
Կան այլ գործոններ, որոնք նպաստում են մարմնի կառուցվածքի անառողջ ընկալմանը։, Պետք է զգուշավորություն ցուցաբերենք «սննդակարգի մշակույթի» նկատմամբ, և թե որքան հաճախ են երիտասարդները ենթարկվում այնպիսի գովազդների ազդեցությանը, որոնք քաշի նվազեցման արտադրանք են գովազդում կամ սննդակարգ առաջարկում՝ խոստանալով օգնել հասնելու իրենց երազած արտաքինին։
Սրան ավելանում է նաև այն խնդիրը, որ երբեմն մեծահասակներն ակամա ավելի են բարդացնում իրավիճակը։ Դա կարող է արտահայտվել, օրինակ, իրենց քաշի կամ կազմվածքի մասին նվաստացուցիչ տոնով խոսելով, դպրոցում անցկացվող դասերով, որտեղ չափազանց մեծ շեշտ է դրվում ֆիզիկական պատրաստվածության վրա, կամ նույնիսկ այն դեպքերում, երբ մեծահասակները մեկնաբանում են երիտասարդի արտաքին տեսքը կամ քաշը՝ ակնարկելով, թե նրա մարմինը պետք է այլ տեսք ունենա։
Ի՞նչ նշաններից կարող են ծնողները հասկանալ, որ իրենց դեռահաս երեխան իր մարմնի կառուցվածքի ընկալման հետ կապված խնդիրներ ունի
Տկն. Դամուր. Որպես սկիզբ՝ ուշադրություն դարձրեք այն նշաններին, որոնք կարող են ցույց տալ ձեր երեխայի՝ իր մարմնի հետ հաշտ չլինելը։ Ֆիքսեք, երբ սկսում են լրիվ այլ կերպ սնվել , խուսափում են որոշակի սննդամթերքից, սննդային հավելումներ կամ սպիտակուցներ են օգտագործում, հրաժարվում են ճաշել, կամ չափազանց տարվում սննդակարգերով ու նորաձև մարզանքներով։ Կան այլ նշաններ ևս,, օրինակ՝ երբ շատ-շատ են անհանգստանում իրենց քաշի համար, քննադատում իրենց տեսքը կամ հրաժարվում մասնակցել միջոցառումների, ։ Այս նշաններից որևէ մեկը տեսնելու դեպքում ժամանակն է ասել. «Ես նկատում եմ, որ քո մարմնի հետ կապված անհանգստությունները շատ ժամանակ և էներգիա են խլում։ Արի խոսենք և հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ինչպես օգնել դեռահասներին ընդունել իրենց մարմնի հետ կատարվող փոփոխությունները»։
Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել մարմնի կառուցվածքի առողջ ընկալում ձևավորել
Տկն. Դամուր. Երեխայի համար իր մարմնի կառուցվածքի առողջ ընկալումը խթանելու համար նախ դուք պետք է սկսեք ընդունել և հարգանքով վերաբերվել ձեր իսկ մարմնին և ձեր շրջապատի մարդկանց մարմիններին։ Ձեր մարմնի վերաբերյալ դժգոհություններ չարտահայտել նույնիսկ այն ժամանակ, երբ այն ձեզ դուր չի գալիս, կամ ուրիշներին չքննադատելը կարող են մեծապես նպաստել այս գործին։
Ձեր դեռահասին օգնեք կենտրոնանալ նրա վրա, թե ինչն է իր մեջ հավանում՝ ոչ միայն տեսքի, այլև անձնային հատկությունների առումով։ Եթե չգիտեք ինչ ասել, ապա փորձեք միասին նրա բազմաթիվ ուժեղ կողմերի ցանկը կազմել։ Նա կարող է պահել այս ցանկը՝ որպես հիշեցում, թե որքան արժեքավոր և արժանի է՝ իր արտաքին տեսքից անկախ։
Անկեղծ զրուցեք սոցիալական մեդիայի մասին և օգնեք նրանց հասկանալ, որ այն ամենն, ինչ տեսնում են առցանց, կարող է բնական չլինել և համեմատվելու նշաձող չէ։ Օգնեք գտնել և հետևել սոցիալական մեդիայի այնպիսի օգտահաշիվներ, որտեղ խրախուսվում են առողջ ստանդարտներ։
Սոցիալական մեդիայի «վերակարգավորում»
Եթե ձեր դեռահաս երեխայի սոցիալական մեդիայի հարթակի ալգորիթմը մշտապես քաշի նվազեցման կամ մարմնի պատկերացման վերաբերյալ բովանդակություն է առաջարկում, նրա հետ փորձեք «վերակարգավորել» իր սոցիալական մեդիայի լրահոսը։ Բացի նոր օգտատերերի հետևելուց, առաջարկեք դադարեցնել որոշ օգտատերերի հետևելը և օգտվեք տվյալ հարթակում հասանելի գործիքներից։ Օրինակ՝ թարմացրեք առաջարկությունների լրահոսը, ջնջեք որոնման պատմությունը, որոշ հրապարակումների դեպքում նշեք «հետաքրքրված չեմ» կամ այլ տարբերակներ, որոնք կսահմանափակեն զգայուն բովանդակությունը։
Խրախուսեք նրան ակտիվ ֆիզիկական կյանքով ապրել հանուն այն զգացողությունների, որոնք դրանք պարգևում են՝ ուժեղ, կարող ևերջանիկ զգալու համար, ոչ թե միայն այն պատճառով, որ դրանք կարող են իր արտաքին տեսքը փոխել։
Եթե կարծում եք, որ իր մարմնի պատկերացման հետ կապված զգացումները նրան զբաղեցնող միակ թեման են դարձել, ապա դիմեք ձեր մանկաբույժին կամ այլ նեղ մասնագետի՝ ուղղորդման համար։
Բայց լավ լուր ունենք. դեռահասի հետ իր մարմնի վերաբերյալ ունեցած զգացումների մասին ջերմորեն, ըմբռնողաբար զրուցելը շատ բան կարող է փոխել։ Ձեր դեռահասի դիրքորոշման նկատմամբ ապրումակցման դրսևորումը և մարմնի պատկերացման մասին ազատ, անկեղծ զրուցելը՝ միաժամանակ հարգելով մեր շուրջը եղած բազմազանությունը, կարող է մեծապես նպաստել նրան, որ ձեր դեռահասն իր սեփական մարմնում սկսի իրեն հարմարավետ զգալ։