Առողջ մաշկ՝ ինքնավստահ դեռահաս

Զրուցել ենք մաշկաբան, Արաբկիր բժշկական համալիրի մաշկաբանության ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի հետ։

Գոռ Պետրոսյան
Ընկերները քայլում են Երևանի փողոցներով։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari
19 Հունիս 2026

Մաշկի գրագետ խնամք, պաշտպանություն, առաջին սափրում, մազահեռացում, ականջի դակում և տատու, մազաթափություն և գերքրտնարտադրություն․․․ Այս և շատ այլ հարցեր դեռահասի կյանք մտնում են գրեթե մեկ օրում։ Դրանցից մի քանիսի մասին զրուցել ենք մաշկաբան, Արաբկիր բժշկական համալիրի մաշկաբանության ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի հետ։ Ահա կարևոր մի քանի մեջբերում զրուցից։

ԱԿՆԵ 

Ակնեն ունի ժառանգական նախատրամադրվածություն։ Բացի գենետիկական հակումից ազդում են նաև արտաքին գործոնները՝ մաշկի սխալ խնամքը, քրոնիկական սթրեսը, օդի աղտոտվածությունը, անառողջ սննդակարգը, կոսմետիկան, կլիման և այլն։ Ակնեն ունի քրոնիկական ընթացք։ Այն պայմանավորված է ճարպագեղձերի գերակտիվությամբ և արտահայտվում է հիմնականում դեմքի, կրծքավանդակի և մեջքի շրջանում, որտեղ ճարպագեղղձերը շատ են։ Դեռահասության փուլում (սեռահասունացման ֆոնին) դիտվում է անդրոգենների մակարդակի բարձրացում, ինչն էլ խթանում է ճարպարտադրությունը։ Ճարպագեղձերն արտադրում են չափից շատ սեբում (մաշկային ճարպ), ծակոտիները խցանվում են, մաշկի մահացած բջիջները խառնվում են ճարպին և փակում ծակոտիները։ Խցանված միջավայրում սկսում են ակտիվորեն բազմանալ Cutibacterium acnes բակտերիաները և բերում են բորբոքման։

Ակնեն դրսևորվում է տարատեսակ ցանավորումներով, որոնք բաժանում ենք երկու հիմնական խմբերի՝ ոչ բորբոքային (կոմեդոններ) և բորբոքային (հանգուցիկներ, թարախաբշտիկներ)։

Ծանր ակնեի դեպքում դիտվում են բորբոքային հանգույցներ, որոնք մաշկի խորը շերտերում գտնվող մեծ, պինդ և շատ ցավոտ գոյացություններ են և կիստաներ, մեծ, փափուկ, հեղուկով կամ թարախով լցված ցավոտ պարկեր, որոնք հաճախ թողնում են խորը սպիներ։

Անշուշտ, դեմքի և մարմնի այլ հատվածներում, ժամանակ առ ժամանակ, ի հայտ եկող թարախաբշտիկները միշտ չէ, որ ախտորոշվում են որպես ակնե։ Դրանք առաջանում են այլ բակտերիաների հետևանքով, լինում են էպիզոդիկ, քրոնիկ բնույթ չեն ունենում և չեն ուղեկցվում կոմեդոններով:

Ակնեի դեպքում խիստ արգելվում է արտաքին, մեխանիկական ցանկացած միջամտություն՝ սեղմել պզուկները, տրորել սքրաբով, չորացնող (սպիրտ պարունակող) միջոցներ օգտագործել։ Անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբանի հետ, որը կտա հստակ ախտորոշում, կորոշի մաշկի տեսակը, ակնեի ծանրության աստիճանը և ըստ այդմ կնշանակի համապատասխան մաշկի խնամք և բուժում։ Ակնեի բուժումը մի քանի օրվա գործ չէ․ հարկավոր է զինվել համբերությամբ և հետևողականորեն կատարել մասնագետի ցուցումները։

Եթե դեռահասը չունի ակնե՝ բավական է ամեն օր կիրառել դեմքը մաքրող միջոց (կարելի է փորձել մի քանիսն ու ընտրել դեռահասի մաշկին ամենահարմարը)։ Եթե դեմքի մաշկը հակված է չորացման (նկատվում է թեփոտություն), ապա կարելի է կիրառել խոնավեցնող միջոց։ Երրորդ միջոցը արևապաշտպան քսուքն է։ Մաքրող, սնուցող, սպիտակեցնող, հարթեցնող տասնյակ միջոցների կարիք դեռահասի մաշկը չունի, բավական են վերը թվարկած երեքը։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԻՑ

Ակնե, ռոզացեա, ֆոտոալերգիկ խնդիրներ ունեցող դեռահասներին արևապաշտպան քսուքներ խորհուրդ ենք տալիս կիրառել «կլոր տարի», բայց երբեմն ասում ենք՝ օգտագործեք գոնե մարտ-ապրիլից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները, երբ մեր երկրում արևն ավելի անողոք է մաշկի նկատմամբ։

Անչափահասների համար նախընտրելի են միներալային (բնական) արևապաշտպանները։ Ընտրելիս եղեք ուշադիր՝ նախընտրելի են այն միջոցները, որոնք պաշտպանում են մաշկը UVB և UVA ճառագայթներից (PA / Broad Spectrum), որոնք կունենան առնվազն SPF30+ պաշտպանություն։

Ցանկացած արևապաշտպան միջոց սկսում է գործել քսելուց 15-20 րոպե հետո, այնպես որ կիրառեք այն ոչ թե անմիջապես արևի տակ դուրս գալուց առաջ, այլ գոնե 15-20 րոպե շուտ։ Արևապաշտպան միջոցը հարկավոր է թարմացնել 2 ժամը մեկ, իսկ լողալու պարագայում՝ ամեն անգամ ջրից դուրս գալուց հետո։

ՍԱՓՐՈՒՄ - ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ

Թե՛ տղաների, թե՛ աղջիկների պարագայում սափրման-մազահեռացման ֆիքսված տարիք չկա։ Եթե առկա է մազածածկույթ, որը խանգարում է, բարդույթավորում է դեռահասին, ապա այն կարելի է հեռացնել։

Տղաների պարագայում հիմնականում խոսում ենք սափրվելու մասին։ Կարելի է կիրառել ինչպես մեխանիկական, այնպես էլ էլեկտրական սափրիչներ։ Գլխավոր կանոնը՝ չսափրվել չոր մաշկով։ Ցանկալի է նախ փափկեցնել մաշկը (դրա համար կան հատուկ գելեր), սափրվել, մանրակրկիտ լվացվել՝ հեռացնելու սափրող նյութի մնացորդները և մաշկին քսել փափկեցնող-հանգստացնող որևէ քսուք։ Ածելին պետք է լինի սուր, որպեսզի մազերը չներաճեն։ Ներաճած մազերը դառնում են մաշկի բորբոքման պատճառ։ Դրանք չի կարելի թողնել այդպես։ Հարկավոր է ստերիլ պայմաններում զգույշ հանել սերտաճած մազը, քսել հակասեպտիկ միջոց։

Աղջիկների պարագայում կիրառվում են մազահեռացման տարբեր միջոցներ՝ սափրումից մինչև մեղրով մազահեռացում, սակայն, դրանց պարագայում մազն ուղղակի կտրվում է, որոշ ժամանակ անց՝ դարձյալ աճում։

Ավելի նախընտրել է լազերային մազահեռացումը։ Այս մեթոդի մասին միֆերը շատ են, բայց պետք է իմանալ, որ այն անվնաս է։ Մազահեռացման այս միջոցի էությունը կայանում է նրանում, որ լուսային ալիքները փոխակերպվում են ջերմության, որն էլ ազդում է մազարմատի վրա։ Այն չունի համակարգային ազդեցություն մարմնի վրա։ Մի քանի պրոցեդուրայից հետո մազերի աճը դադարում է։ Ավելի նախընտրելի է այս միջոցին դիմել 14-15 տարեկանից՝ մազերի աճի ակտիվ փուլի ավարտից հետո, քանի որ ակտիվ փուլում լազերային մազահեռացումը կարող է չտալ ցանկալի արդյունք։

ԱԿԱՆՋՆԵՐԻ ԴԱԿՈՒՄ, ՓԻՐՍԻՆԳ, ՏԱՏՈՒ

Սրանք ճաշակի ու նախընտրությունների դաշտում են։ Մաշկաբանի համար կարևոր է մի բան՝ անվտանգությունը։ Ականջների դակման, փիրսինգի և տատուի պարագայում մաշկի ամբողջականությունը խախտվում է։ Եթե գործիքները, նյութերը, միջավայրը չեղան ստերիլ՝ հավանական է ՄԻԱՎ-ով, հեպատիտներով վարակվելը։ Հարկավոր է ընտրել բարձր վարկանիշով սրահ ու վստահելի մասնագետի։

ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Տարբերակում ենք մի քանի տեսակի մազաթափություն։ Որոշ դեպքերում մազաթափությունը պայմանավորված է տարվա եղանակների փոփոխությամբ, որոշ վիտամինների անբավարարությամբ։ Առատ մազաթափություն կարող է նկատվել նաև որոշ հիվանդություններից հետո՝ թոքաբորբ, ջրծաղիկ և այլն։

Այլ դեպքերում գործ ունենք մազաթափության անդրոգենային, օջախային տեսակների հետ։ Ամեն ինչ սկսվում է մաշկաբանի հետ խորհրդակցությունից, որն էլ անհրաժեշտության դեպքում կարող է երեխային ուղղորդել այլ մասնագետի կաբինետ։ Անդրոգենային, օջախային մազաթափության դեմ մի քանի օրում կամ շաբաթում գործող հրաշագործ միջոցներ չկան, անհրաժեշտ են տևական ու հետևողական գործողություններ, որոնք նշանակում են մասնագետները։

Արգելվում է գլխամաշկին ու մազերին քսել (մերսել) կենցաղային նյութերից պատրաստված թուրմեր կամ քսուքներ։ Ինքնաբուժումը բերում է ժամանակի կորստի, որը հետագայում անդրադառնում է բուժման էֆեկտիվության վրա։

ԱՌԱՏ ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեռահասության փուլում սա էլ հաճախ հանդիպող երևույթ է, որը հիվանդություն չէ, բայց ինչ խոսք՝ կարող է առաջացնել տհաճ զգացողություններ ու բարդույթավորել երեխային։ Պարզապես պետք է ավելի հաճախակի լողանալ ու օգտագործել դեզոդորանտներ և անտիպերսպիրանտներ։ Շատ ծնողներ անհանգստատնում են, թե դրանց պարունակության մեջ կան (կամ կարող են լինել) քաղցկեղածին նյութեր։ Նման պնդումները չունեն հստակ ապացույցներ։ Բայց եթե անհանգստությունը մեծ է՝ կարելի է փնտրել ու գտնել ավելի մեղմ ազդեցության նյութեր։

Դիտե՛ք ուղիղ եթերն ամբողջությամբ ստորև.

Embedded video follows
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան