Տատիկ-պապիկների դերը
«Ծնողական ժողով»-ում քննարկում ենք՝ ինչ դժվարություններ կարող են առաջանալ սերունդների միջև և ինչպես կարելի է պահպանել ընտանիքի ներսում առողջ հարաբերությունները՝ առանց երեխային ներքաշելու կոնֆլիկտների մեջ։
Շատ ընտանիքներում տատիկներն ու պապիկները երեխայի կյանքի անբաժանելի մասն են։ Նրանք օգնում են ծնողներին, հոգ տանում թոռների մասին, փոխանցում փորձ և հաճախ դառնում ընտանիքի ամենաջերմ ու համբերատար մարդկանցից։
Բայց նույնիսկ ամենամեծ սիրո և հոգատարության պայմաններում երբեմն առաջանում են անհամաձայնություններ։
«Ծնողական ժողով»-ի այս թողարկմանը քննարկում ենք, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ սերունդների միջև և ինչպես կարելի է պահպանել ընտանիքի ներսում առողջ հարաբերությունները՝ առանց երեխային ներքաշելու կոնֆլիկտների մեջ։
Բայց նախ մի քանի հարց ուղեցինք անցորդներին և մի քանի կետով անդրադարձել ենք նրանց պատասխաններին: Փորձեք նաև դուք պատասխանել այս հարցերին, թեկուզ՝ մտովի:
Երեխայի խնամքի և դաստիարակման ո՞ր հարցերի շուրջ եք ունեցել անհամաձայնություններ տատիկ-պապիկների հետ:
Անցորդները նշում են, որ նման անհամաձայնությունները հաճախ վերաբերում են՝
- երեխայի խնամքին
- դաստիարակության մոտեցումներին
- երեխային չափից շատ երես տալուն
- ծնողի սահմանած կանոնները շրջանցելուն:
Միևնույն ժամանակ ծնողները նաև ընդգծում են, որ տատիկ-պապիկների աջակցությունը հաճախ անփոխարինելի է եղել հատկապես այն փուլերում, երբ ընտանիքը դժվարությունների միջով է անցել։
Ինչպե՞ս եք արձագանքել անհամաձայնություններին և արդյո՞ք կարողացել եք լուծել դրանք
Երբ մեծահասակների միջև կա լարվածություն, երեխան դա զգում է, նույնիսկ եթե կոնֆլիկտը բացահայտ չէ։
Տատիկներից մեկը նշում է, որ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ՝ փորձում է չխառնվել երիտասարդ ընտանիքի հարաբերություններին և «հարթել սուր անկյունները»։
Մյուս մասնակիցները նույնպես կարևորում են փոխադարձ հարգանքը և այն գիտակցումը, որ երեխայի համար ամենավնասակար իրավիճակներից մեկը մեծահասակների միջև մշտական էմոցիոնալ լարվածությունն է։
Ինչու՞ են որոշ ընտանիքներում տատիկ-պապիկների դերը թուլանում կամ առաջանում միջանձնային խնդիրներ:
Քննարկման մասնակիցների կարծիքով՝ նման խնդիրները հաճախ առաջանում են, երբ՝
- մեծահասակները փորձում են մրցել երեխայի սիրո համար
- ծնողի դերը և տատիկ-պապիկի դերը խառնվում են
- ընտանիքում բացակայում է հաղորդակցությունը
- երեխան հայտնվում է մեծահասակների կոնֆլիկտների կենտրոնում
Տատիկ-պապիկների սերը երեխայի համար մեծ արժեք է։ Նրանք հաճախ ավելի համբերատար են, ավելի հանգիստ, ավելի ներողամիտ, իսկ թոռների համար դառնում են հիշողությունների, պատմությունների և ապահովության կարևոր աղբյուր։
Բայց այդ հարաբերությունը առողջ է մնում միայն այն դեպքում, երբ ընտանիքում պահպանվում են հարգանքը, սահմանները և փոխըմբռնումը։
Խորհուրդներ մասնագետից
Թողարկման ընթացքում Ծնողի դպրոց ՀԿ-ի հոգեբան Արմինե Վարդանյանը առանձնահատուկ շեշտադրում է անում ընտանիքում դերերի հստակ բաշխման կարևորության վրա։ Երեխայի համար ամենաառողջ միջավայրը ձևավորվում է այն ժամանակ, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հասկանում է իր դերն ու պատասխանատվությունը։
Ծնողները պետք է մնան երեխայի հիմնական որոշում կայացնողներն ու սահմաններ ձևավորողները, իսկ տատիկ-պապիկները՝ աջակցող և հոգատար դերակատարներ։ Խնդիրները հաճախ սկսվում են այն ժամանակ, երբ այդ սահմանները խառնվում են, և մեծահասակները փորձում են մրցել երեխայի սիրո կամ ուշադրության համար։
Երեխան շատ զգայուն է ընտանիքի ներսում առկա լարվածության նկատմամբ։ Նույնիսկ եթե կոնֆլիկտները բացահայտ չեն, երեխան զգում է էմոցիոնալ անհանգստությունը, և դա կարող է ազդել նրա անվտանգության զգացողության վրա։ Կարևոր է, որ մեծահասակները չներքաշեն երեխային իրենց հարաբերությունների մեջ և չստիպեն նրան ընտրություն կատարել ծնողների ու տատիկ-պապիկների միջև։
Երեխայի համար ամենաարժեքավոր փորձառություններից մեկը համագործակցող ընտանիքն է, որտեղ մեծահասակները միմյանց չեն հակադրում, այլ միասին ստեղծում են աջակցող և վստահելի միջավայր։
Երեխան ամենից շատ կարիք ունի ոչ թե «կատարյալ» հարաբերությունների, այլ կանխատեսելի, անվտանգ և սիրող միջավայրի, որտեղ իրեն սիրող մեծահասակները կարողանում են լսել միմյանց և հարգել միմյանց դերերը։
Ամփոփելով
Տատիկ-պապիկների դերը երեխայի կյանքում կարող է լինել մեծ աջակցություն և սեր,
եթե մեծահասակները կարողանում են լսել միմյանց, մեղմել մոտեցումները և չդարձնել երեխային իրենց անհամաձայնությունների մասնակից։ Երեխան ամենից շատ կարիք ունի անվտանգ և խաղաղ մթնոլորտի, որտեղ իրեն սիրող մեծահասակները ոչ թե մրցում են, այլ համագործակցում։
Դիտե՛ք ամբողջական թողարկումը