Սննդային անհանդուրժողականություն
«Ծնողական ժողովում» քննարկում ենք լակտոզի և գլյուտենի անհանդուրժողականության թեմաները:։
Երբ երեխայի մոտ ի հայտ են գալիս մարսողական խանգարումներ, մաշկային խնդիրներ կամ այլ անհասկանալի ախտանիշներ, ծնողները հաճախ սկսում են կասկածել, որ պատճառը սնունդն է։
Որոշ դեպքերում կասկածները հաստատվում են, սակայն մասնագետները զգուշացնում են՝ սննդային անհանդուրժողականությունն ու ալերգիան նույնը չեն, և դրանք շփոթելը կարող է հանգեցնել սխալ որոշումների ու անհարկի սահմանափակումների։
«Ծնողական ժողով»-ի այս թողարկման ընթացքում ծնողները պատմում են իրենց փորձի մասին, իսկ մասնագետները ներկայացնում թեման մասնագիտական տեսանկյունից՝ տրամադրելով մի շարք կարևոր մանրամասներ և խորհուրդներ: Բայց նախ, եկե՛ք անդրադառնանք հայտնի միֆերին:
Մի՞ֆ, թե՞ իրականություն
Միֆ: Լակտոզի և գլյուտենի անհանդուրժողականությունը ալերգիայի տեսակ են:
Լակտոզան կաթի մեջ պարունակվող ածխաջուրն է, որը որոշ մարդկանց օրգանիզմում չի մարսվում բավարար քանակությամբ լակտազ ֆերմենտի բացակայության կամ պակասի պատճառով։ Արդյունքում առաջանում են տարբեր գանգատներ։
Գլյուտենը սպիտակուցային համալիր է, որը պարունակվում է ցորենի, գարու և տարեկանի մեջ։ Գլյուտենի անհանդուրժողականության դեպքում գանգատները սովորաբար ի հայտ են գալիս այն օգտագործելուց հետո։
Ալերգիայի դեպքում, սակայն, ակտիվանում է իմունային համակարգը, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա։ Որոշ դեպքերում ալերգենի կրկնակի ազդեցությունը կարող է նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակների պատճառ դառնալ։
Սննդային անհանդուրժողականությունն ու ալերգիան տարբեր երևույթներ են, հետևաբար դրանց մոտեցումներն ու կառավարման եղանակները նույնպես տարբեր են։
Միֆ: Եթե ծնողը կասկածում է սննդային անհանդուրժողականություն, կարող է ինքնուրույն բացառել որոշ մթերքներ երեխայի սննդակարգից
Հետազոտությունների համաձայն՝ ծնողների մոտ 30 տոկոսը կարծում է, որ իրենց երեխան ունի սննդային անհանդուրժողականություն։ Սակայն հետագայում պարզվել է, որ նրանց զգալի մասը չի անցել այն հետազոտությունները, որոնք կարող էին հաստատել կամ հերքել այդ ախտորոշումը։
Մասնագետները նշում են, որ ծնողները հաճախ ինքնուրույն որոշում են, որ երեխան ունի այս կամ այն անհանդուրժողականությունը և առանց լիարժեք հետազոտման՝ սկսում են բացառել սննդամթերքի ամբողջ խմբեր։
Սակայն նման որոշումները կարող են հանգեցնել անհարկի սահմանափակումների և սննդային հավասարակշռության խախտման։
Ե՞րբ դիմել մասնագետի
Սննդային խնդիրները կարող են արտահայտվել տարբեր ձևերով։ Որոշ երեխաների մոտ ի հայտ են գալիս սուր ռեակցիաներ, օրինակ՝ եղնջացան կամ շնչառական խնդիրներ։ Մյուսների մոտ խնդիրները կարող են երկար ժամանակ մնալ չնկատված և արտահայտվել՝
• աճի դանդաղումով,
• ախորժակի բացակայությամբ,
• վիտամինների պակասով,
• մարսողական խանգարումներով։
Հենց այդ պատճառով մասնագետները կարևորում են ոչ թե ինքնաախտորոշումը, այլ բժշկի հետ համագործակցությունը։
Մասնագետի հիմնական խորհուրդները
Հաղորդման հիմնական հյուր-մասնագետը՝ Արաբկիր ԲՀ-ի մանկական գաստրոէնտերոլոգ Տաթև Շահինյանը երեխայի մոտ սննդային անհանդուրժողականության կասկածի դեպքում խորհուրդ է տալիս՝
• չշտապել ինքնուրույն եզրակացություններ անել,
• չբացառել սննդատեսակներ՝ առանց հետազոտության,
• դիմել բժշկի և անցնել անհրաժեշտ հետազոտությունները,
• տարբերակել ալերգիան և անհանդուրժողականությունը,
• բուժման և սննդակարգի փոփոխությունների հարցում առաջնորդվել մասնագիտական ցուցումներով։
Մասնագետը նաև ընդգծում է, որ հատկապես երեխաների դեպքում կարևոր է խուսափել անհարկի սահմանափակումներից, քանի որ աճող օրգանիզմը կարիք ունի բազմազան և հավասարակշռված սնուցման։
Ամփոփելով
Սննդային անհանդուրժողականությունն ու ալերգիան տարբեր երևույթներ են, որոնք կարող են ունենալ նման դրսևորումներ, սակայն պահանջում են տարբեր մոտեցումներ։
Ցանկացած կասկածի դեպքում կարևոր է հիմնվել ոչ թե ենթադրությունների, տան փորձերի, այլ մասնագիտական գնահատման և հետազոտությունների վրա։
Ճիշտ ախտորոշումը ոչ միայն օգնում է երեխային ստանալ անհրաժեշտ խնամքը, այլ նաև կանխում է անհարկի սահմանափակումները, որոնք կարող են ազդել նրա առողջ աճի և զարգացման վրա։
Դիտե՛ք ամբողջական թողարկումը ստորև