Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը շուրջ 50 մասնակից է ունեցել. ամփոփվել են արդյունքները
- Հայերեն
- English
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված էր երիտասարդական կազմակերպություններում, կենտրոններում, ինչպես նաև համայնքապետարաններում աշխատող երիտասարդական աշխատողների համար: Ծրագիրն իրականացվել է ԵՄ բյուջետային աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական համագործակցության շրջանակում: Վերապատրաստումն իրականացնելու նպատակով հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի ինստիտուտի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է. «Եթե 10–15 տարի առաջ դեռ փորձում էինք հասկանալ, թե ինչ բնույթի ոլորտ է երիտասարդական աշխատանքը, ապա այսօր և՛ Հայաստանում, և՛ միջազգային մակարդակում ձևավորվել է բավական հստակ պատկեր։ Ուրախալի է, որ երիտասարդական աշխատողի մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ ուսուցման շրջանակում, տարեցտարի ընդլայնվում են։ Ամենակարևորը՝ այս մասնագիտության ճանաչումը հավաստվում է օրենքի մակարդակով․ մենք վերջապես միացանք այն երկրների շարքին, որոնք ունեն երիտասարդական քաղաքականության մասին օրենք»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ փաստելով, որ այս տարի ընդունված օրենքն ամրագրում է պետության կողմից ոլորտում կատարվող քայլերը և կարևոր սկզբունքները:
Օրենքի առանցքային գաղափարներից է, Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ, երիտասարդական աշխատողի ինստիտուտը։ «Մենք հատուկ շեշտադրեցինք, որպեսզի համայնքները հնարավորության դեպքում ունենան առանձնացված հաստիքներ՝ պատասխանատու երիտասարդական քաղաքականության համար։ Մեր ակնկալիքն է, որ հինգ տարվա ընթացքում բոլոր համայնքներն ունենան ոչ միայն մեկ, այլև մի քանի երիտասարդական աշխատողներ։ Դա շահեկան կլինի ինչպես երիտասարդների, այնպես էլ պետական քաղաքականության համար»,- ասել է նա՝ փաստելով, որ երիտասարդական աշխատանքը կարևորվում է նաև համայնքապետերի և ՏԻՄ ներկայացուցիչների կողմից:
«Երիտասարդական աշխատանքի մասնագիտացումը հզոր բազմապատկող ազդեցություն է ունենում, երբ վերապատրաստված երիտասարդական աշխատողները մատուցում են ավելի արդյունավետ ծառայություններ պատանեկան ու երիտասարդական խմբերին՝ համայնքներում ստանձնելով խթանիչ դեր», - նշել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։ Նա նաև հավելել է`ՅՈւՆԻՍԵՖ-ը շարունակելու է համագործակցել ԿԳՄՍ նախարարության ու այլ գործընկերների հետ՝ կյանքի կոչելու «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքով սահմանված տեսլականը և նպաստելու դեռահասների ու երիտասարդների համար ավելի ապահով և հնարավորություններով լեցուն հարթակների ստեղծմանը:
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» եռափուլ դասընթացի նպատակն էր կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք իրականացնող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։ Դասընթացին մասնակցել է շուրջ 50 մասնագետ. միջոցառման ընթացքում նրանց շնորհվել են մասնակցության հավաստագրեր:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: