Չարենցավանում բացվել է համայնքի առաջին երիտասարդական կենտրոնը՝ նոր հնարավորություններ ստեղծելով շուրջ 1000 երիտասարդի համար

17 Ապրիլ 2026
Չարենցավանի Երիտասարդական կենտրոնը:
UNICEF Armenia/2026

Ապրիլի 17–ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում տեղի ունեցավ «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը՝ նշանավորելով համայնքում առաջին ժամանակակից, ներառական և միջազգային չափանիշներին համապատասխան երիտասարդական կենտրոնի ստեղծումը և նոր հնարավորություններ բացելով շուրջ 1000 երիտասարդի համար։ Կենտրոնը հիմնադրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ գործընկերությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրում հիմնադրված կենտրոնը գործելու է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ–ի մշակած «Ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը հիմնված է ոչ ֆորմալ կրթության, մասնակցային մոտեցման և երիտասարդների հզորացման սկզբունքների վրա։

Կենտրոնը տարեկան ծառայություններ է մատուցելու 13–35 տարեկան շուրջ 1000 երիտասարդի՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղաբնակ և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդներին։ Այն առաջարկելու է կարողությունների զարգացման ծրագրեր, ինտելեկտուալ ժամանցի հնարավորություններ, անհատական մենթորություն և խորհրդատվություն, ինչպես նաև համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ֆինանսավորում՝ նպաստելով երիտասարդների հմտությունների զարգացմանը, բարեկեցությանը և ակտիվ մասնակցությանը համայնքային ու հանրային կյանքում։

Նորաբաց կենտրոնը նախատեսվում է զարգացնել նաև որպես միջազգային երիտասարդական ծրագրերի հյուրընկալման հարթակ՝ կապելով հայ երիտասարդներին միջազգային ցանցերի հետ, խթանելով միջմշակութային երկխոսությունը և նպաստելով Հայաստանի դիրքավորմանը որպես երիտասարդների ոչ ֆորմալ կրթության գրավիչ ուղղություն։

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ և համայնքի բնակիչներ։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանն իր ելույթում նշեց․ «Մենք Չարենցավանում ստեղծում ենք ոչ միայն ֆիզիկական տարածք, այլ երիտասարդների համար հնարավորությունների ամբողջական էկոհամակարգ։ Սա այն վայրն է, որտեղ երիտասարդները կարող են ձևավորել հմտություններ, զարգացնել գաղափարներ և դառնալ իրենց համայնքի զարգացման շարժիչ ուժը»։

«Յուրաքանչյուր դեռահաս և երիտասարդ պետք է հնարավորություն ունենա իր համայնքում օգտվելու ապահով և ներառական միջավայրից, որտեղ նա կարող է շփվել իր հասակակիցների հետ, համատեղ սովորել ու ստեղծագործել՝ նպաստելով սեփական բարեկեցությանը։ Այս կենտրոնը ոչ միայն ներդրում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի իրականացման գործում, այլև ներդրում է Չարենցավանի դեռահասների և երիտասարդների ապագայի մեջ», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։

Շուրջ 1000 քմ տարածք զբաղեցնող կենտրոնը ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է՝ ստեղծելով ժամանակակից և հարմարավետ միջավայր կրթական, համայնքային և միջազգային ծրագրերի իրականացման համար։ Այն համատեղում է երիտասարդական աշխատանքի, կրթության և հյուրընկալության բաղադրիչները՝ հնարավորություն տալով մինչև 36 երիտասարդի միաժամանակ օգտվել գիշերակացի և սննդի ծառայություններից, ինչպես նաև մասնակցել վերապատրաստումների, ճամբարների և տարբեր միջոցառումների։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել  www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: