Ներկայացնելով «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի նոր օրենքը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Դեռահասների զարգացման ծրագրի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանի հետ քննարկել ենք օրենքի հիմնական դրույթներն ու գործընթացը, որ նախորդել է օրենքի ընդունմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ
Young people in Armenia
UNICEF Armenia/2020/Biayna Mahari
06 Մարտ 2025

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 5-ին հաստատեց «Երիտասարդական քաղաքականության մասին» երկրի առաջին օրենքը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Դեռահասների զարգացման ծրագրի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանի հետ զրուցել ենք այս գործընթացի մասին և քննարկել, թե ինչ է սա նշանակում Հայաստանի երիտասարդների համար:

Hasmik Aleksanyan with a child drawing a picture.
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Ինչու՞ է կարևոր ունենալ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք Հայաստանում:

Մեր երկրում երիտասարդության ոլորտը բավականին զարգացած է, ունենք հասարակական կազմակերպությունների գիտակ ու ակտիվ համայնք, միջազգային կազմակերպություններ, որոնք երիտասարդներին ուղղված տարբեր զարգացման ծրագրեր են իրականացնում, եզակի համայնքներ, որոնք կարևորում են աշխատանքը երիտասարդների հետ և նրանց համար։ Սակայն պետությունը բավարար իրավական հիմքեր չունի ոլորտի կարգավորման համար, թեև նախորդ տարիներին փորձել է ունենալ ռազմավարություն, գործողությունների ծրագիր:

Այս օրենքի մշակումն ու ընդունումը երիտասարդության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության համար իրավական հիմքի ստեղծումն է, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների ապահովումը, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների միջև ծագող իրավահարաբերությունների կարգավորումը: Եթե պարզ ասեմ, օրենքը լինելու է թվարկածս բոլոր մարմիններին, կառույցներին, անհատներին միավորող, գործիքներ ու միջոցներ տվող մի հիմք, որը կօգնի որպեսզի ոլորտը ոչ թե զարգանա միայն մեկ-երկու համայնքում ու անձանցից կախված լինի, այլ համընդհանուր պատկերացում, համակարգ ու տեսլական ունենանք երիտասարդության ոլորտում։

Ես իմ աշխատանքային փորձի ընթացքում շատ եմ տեսել այս բացի հետևանքները, թե ինչ է լինում, երբ ամեն ինչ կախված է անհատի ցանկությունից, գիտակից լինել-չլինելուց, երիտասարդության կարիքները կարևորել-չկարևորելուց, երբ համայնքում ներդրումները մեկ հպումով վերացնում են, կամ արժեզրկում, որին հուսամ այս օրենքով կկարողանանք լուծումներ տալ:

Թե՛ մասնագիտորեն, թե՛ որպես անձ շատ եմ կարևորում օրենքի մի քանի կետերը, որոնց ազդեցությունը տեսել եմ աշխատանքիս ընթացքում. օրինակ՝ երիտասարդական կենտրոնների ստեղծումը, դրանց գործունեության կարգն ու մեթոդաբանությունը մշակելը, երիտասարդական նախաձեռնող խմբերին աջակցելը, համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման հնարավորությունը, երիտասարդական աշխատողի ներուժի ու վերապատրաստման, որակավորման հզորացումը, իհարկե նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքն ու իրենց ներգրավվածությունը:

Կարևոր կետերից է իհարկե միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտային ռազմավարություններում երիտասարդների կարիքների և ակնկալիքների ներառումը, որը մինչև այժմ բավարար համակարգված չի եղել: 

Ի՞նչ կփոխվի երիտասարդների կյանքում՝ այս օրենքի ընդունումով պայմանավորված:

Գիտեք, ինչպես ցանկացած օրենք կամ իրավական փաստաթուղթ, ժամանակ է պահանջվելու ոլորտում փոփոխություններ բերելու համար: Դժվար է ասել, որ օրենքի ընդունումից անմիջապես հետո այս-այս փոփոխություններն են գալու երիտասարդների կյանքում։ Օրենքին դեռ հետևելու են այլ իրավական ակտեր, որոշումներ, փաստաթղթերի մշակում: Այս պահին կարևոր է, որ մեր պետական գործընկերները իրենց ողջ ուժն ու հնարավորությունները ներդնում են հնարավորինս համապարփակ օրենք ունենալու համար։

Իսկ, ընդհանուր առմամբ, օրենքը կարող է էական փոփոխություններ և հնարավորություններ բերել երիտասարդների համար՝ անդրադառնալով նրանց կարիքներին, մարտահրավերներին, ստեղծելով նոր հնարավորություններ: Երիտասարդները կունենան գործիքներ, ռեսուրսներ, աջակիցներ և հնարավորություններ՝ իրենց ներուժն օգտագործելու, համայնքի զարգացման մեջ ներգրավվածություն ունենալու համար, որն էլ նպաստելու է համայնքի զարգացմանը: Կունենան հնարավորություն ցույց տալու իրենց ներուժն ու նորարարություն բերել:

Երիտասարդներն են մեր այսօրն ու վաղը կերտողն ու ձևավորողը, իսկ դրա համար նրանց պետք են աջակիցներ ու իրենց վստահող ու հավատացող մարդիկ ու կազմակերպություններ: 

Ինչու՞ է ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներգրավված և ինչպե՞ս է աջակցում այս գործընթացին:
 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն, վերջին տարիներին նաև բավականին ակտիվ է երիտասարդական ոլորտում։ Եթե մտածում ենք, որ երեխաների իրավունքները պիտի լավագույնս պաշտպանված և կիրարկված լինեն, ապա պետք է նաև հետևել, որ երիտասարդ տարիքում էլ հնարավորություններ ունենան գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, իրացնել իրենց լավագույն ներուժը և կարողանան իրենց երազած կյանքը կառուցել։ Այդ է պատճառը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես ներգրավված է օրենքի մշակման գործում որպես աջակից միջազգային կազմակերպություն մեր գործընկեր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ:

Աջակցում ենք և՛ տեղական փորձագետների միջոցով, և՛ կազմակերպել ենք այց Լատվիա և Լիտվա՝ փորձի փոխանակման համար։ Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելուն զուգահեռ նաև փորձում եմ օրենքի նախագծի մասին տեղեկատվություն տարածել մեր թիրախային խմբերի շրջանակներում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը նաև նրանում է, որ համոզվենք, որ մշակվող օրենքը կամ իրավական փաստաթուղթը երիտասարդակենտրոն է և արտացոլում է նրանց կարքիները։

Վերջին տարիներին կյանքը շատ արագ է զարգանում, ընթանում։ Մեզ համար կարևոր է, որ երիտասարդների հետ ու նրանց համար աշխատենք ավելի վաղ տարիքից։ Ինչքան շուտ ենք ներդրում ապահովում երիտասարդի զարգացման ու կայացման գործում, այնքան շուտ ու շատ ենք աջակցում նրան իր՝ որպես անհատ կայանալու և իր կյանքում ու համայնքում որոշումներ կայացնելու ու պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար։ 

Այդ տեսանկյունից անչափ կարեւոր քայլ էր օրինագծում տարիքի նվազագույն շեմն իջեցնելը 13 տարեկան։ Դա օգնելու է, որ մեր երիտասարդները հասունության տարիքային շեմին արդեն վստահ քայլերով ու հմտորեն քայլեն դեպի անկախ կյանք։ Ավելացնեմ, որ ինձ համար էլ շատ հետաքրքիր և սովորեցնող փորձառություն էր այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավված լինելը: Արդեն ավելի հստակ եմ պատկերացնում՝ ինչպես են մշակվում օրենքները, ինչ մանրուքների ու բազմաբովանդակ հարցերի են անդրադառնում, ինչպես են տարբեր գերատեսչություններ և ներգրավված կողմեր լուծումներ կամ փոփոխություններ առաջարկում, համաձայնում կամ ընդդիմանում այս կամ այն կետին: 

Սակայն ինձ համար ամենակարևորն այն էր, որ հնարավորինս մասնակցային ու բաց էր օրենքի մշակման գործընթացը, որը Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության մեր գործընկերների ու մյուս գերատեսչությունների պատրաստակամության ու իրական փոփոխություն բերող մասնագետներ լինելու մասին է վկայում: 

Իսկ ի՞նչ դեր ունեն երիտասարդներն օրենքի մշակման և հաստատման գործընթացում:

Ես հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ օրենքի մշակումը շատ մասնակցային էր ու ներառական: Սա ցույց է տալիս, որ տարբեր կառույցների, ոլորտների, կազմակերպությունների ու անհատների կարծիքներն ու կարիքները հաշվի են առնվել, ինչն ապահովում է օրենքի բազմակողմանիությունն ու հավասարակշռվածությունը:

Իհարկե առաջնային կարևորություն են ունեցել երիտասարդների հետ քննարկումները, նրանց մասնակցությունն ու ակտիվությունը այդ գործընթացում: Չէ՞ որ ոլորտի կարգավորումը հենց իրենց համար է արվում և իրենց մասնակցությունը ապահովում է, որ օրենքն արտացոլի երիտասարդների իրական կարիքներն ու խնդիրները:

Մեր տարբեր գործընկերներ թե՛ մայրաքաղաքում, թե՛ ՀՀ տարբեր համայնքներում կազմակերպել են հանդիպումներ, քննարկումներ երիտասարդների հետ օրենքի մշակմանը զուգահեռ: Սա թույլ է տվել հաշվի առնել տարածքային առանձնահատկությունները և երիտասարդների տարբեր խմբերի կարիքները: Մասնակցային գործընթացը ոչ միայն ապահովում է օրենքի արդյունավետությունը, այլև նպաստում է երիտասարդների զարգացմանը՝ դարձնելով նրանց հասարակության ակտիվ և պատասխանատու անդամներ, նաև, ինչը շատ կարևոր է, պահանջատեր:

Ի՞նչպես կարող են երիտասարդները հետամուտ լինել օրենքի իրականացմանը: 

Իմ աշխատանքի կարևոր ու ամենասիրելի մասը հենց երիտասարդների հետ շփումն է, նրանց հետ խոսելը, տեսնելը, թե ինչպես են խանդավառվում տարբեր հնարավորություններից, նոր գիտելիքներից, փորձառություններից: Այս հոդվածի միջոցով էլ երիտասարդներին կխնդրեմ ամեն օր հիշել, որ իրենց երազանքները, գաղափարներն ու ներուժը մեր բոլորիս զարգացման հիմնաքարերն են: Անկախ նրանից, թե որտեղ եք բնակվում, դուք կարող եք դառնալ փոփոխության շարժիչ ուժը, քանի որ ամեն մի փոքր քայլ կարող է մեծ ազդեցություն ունենալ:

Միշտ հիշեք, որ ձեր ձայնն ու կարծիքը շատ կարևոր են և պետք է լսվեն: Մի վախեցեք փնտրել և օգտվել տարբեր հնարավորություններից, ու պահանջեք, որպեսզի այդ հնարավորությունները հասանելի լինեն ձեր մարզում, քաղաքում, համայնքում: Ակտիվ եղեք, իմացեք ձեր իրավունքները, օգնեք ձեր համայնքին, մասնակցեք որոշումների կայացմանը և պահանջատեր եղեք: