Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության
Ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ
- Հայերեն
- English
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին ս.թ. մայիսի 27-ին կայացած ուսուցիչների համաժողովին, որը կրում էր «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագիրը: Այն կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ։
Ամենամյա համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել ոլորտի նորարարություններով: Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից:
Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան, ՀՀ-ում Յունիսեֆի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև կրթության գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների կիրառումը և ռիսկերի ճիշտ գնահատումն ու կանխարգելումը: Ըստ նրա՝ տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունները պետք է դարձնել աշակերտների հետ ավելի արդյունավետ աշխատելու ձևեր. «Տեխնոլոգիաներն այնպիսի արագությամբ են զարգանում, որ պետք է հասցնել ժամանակի հետ համաքայլ գնալ։ Մեր աշակերտները տեխնոլոգիաների դարաշրջանի սերունդ են, որոնք ամեն օր հսկայական ծավալի տեղեկատվություն են ստանում տեխնոլոգիական տարբեր ճանապարհներով: Դպրոցում ակադեմիական կրթությունը պետք է կազմակերպել այնպես, որ այն աշակերտի համար լինի հետաքրքիր, գրավիչ, արդյունավետ՝ հաշվի առնելով այսօրվա սովորողի առանձնահատկությունները»:
«Երևանի պետական համալսարանը իր հիմնադրման առաջին իսկ օրերից եղել է գիտելիքի, գիտության և կրթական առաջընթացի կարևոր կենտրոն։ Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր ԵՊՀ-ում համախմբվել են Հայաստանի մանկավարժական համայնքի ներկայացուցիչները՝ քննարկելու կրթության զարգացման նոր հնարավորությունները, կիսվելու փորձով և ձևակերպելու ապագայի կարևոր ուղենիշները»,- բացման խոսքում նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Կրթության մեջ տեխնոլոգիաների մասին խոսակցությունները չափազանց հաճախ վերածվում են պրոդուկտների մասին զրույցների՝ որ հարթակը, սարքը, հավելվածը։ Թեև այս հարցերը կարևոր են և պետք է քննարկվեն, այն, թե արդյոք տեխնոլոգիաները կբարելավեն ուսումնառությունը, պայմանավորված է դրանց շուրջ ձևավորված համակարգի որակով՝ ուսումնական ծրագրով, մանկավարժական մոտեցումներով, ինստիտուցիոնալ շրջանակով և, ամենակարևորը, ուսուցչով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար պարզ է, որ առանց այս հիմքերի, տեխնոլոգիան չի փակում ուսուցման բացերը։ Որոշ դեպքերում այն ընդլայնում է դրանք, քանի որ տեխնոլոգիաների հասանելիությունը կարող է անհավասար լինել։ Սա թվային աշխարհի ներթափանցումը քննադատելու համար չէ, այլ՝ շեշտելու, որ որպեսզի թվային փոփոխությունները իմաստալից լինեն, դրանք պետք է լինեն ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն։ «Հենց այս համոզմունքն է ձևավորում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքն այս ոլորտում և հիմք հանդիսանում ուսուցիչների համար նախատեսված այն գործիքների ու ուղեցույցների մշակման համար, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրում է ամբողջ աշխարհում»։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Տեխնոլոգիական կրթության դերը արդի դպրոցում» խորագրով պլենար նիստ, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել «Հանրակրթական դպրոցներում ներդրված տեխնոլոգիական կրթության ծրագրերի ազդեցությունը կրթության որակի բարձրացման վրա» թեմայով բանախոսությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գլոբալ ուսումնառության նորարարությունների կենտրոնի (հաբի) կրթության ոլորտի մասնագետ Մատտի Ջուհանի Ռոսսին պլենար նիստի ընթացքում ներկայացրեց Կենտրոնի հիմնական նախաձեռնությունները, որոնք նպաստում են կրթության ոլորտում տեխնոլոգիաների ապացուցահեն, անվտանգ և արդյունավետ կիրառմանը։
Նա ներկայացրեց թվային մանկավարժությունը՝ որպես համապարփակ մոտեցում, «Superstar Teacher Toolbox»-ը՝ որպես ուսուցիչների կողմից դասարանում կիրառվող գործնական գործիք, «EdTech for Good»-ը՝ որպես կրթական տեխնոլոգիական լուծումների (EdTech solutions) բացահայտման, գնահատման և ընդլայնման գործում ուղղորդող սկզբունքներ, Learning Cabinet»-ը՝ որպես առցանց հարթակ, որտեղ բացահայտվում են ազդեցիկ, ընդլայնվող և ճկուն կրթական տեխնոլոգիական գործիքներ, ինչպես նաև «Blue Unicorn Portfolio»-ն՝ որպես բարձր ներուժ ունեցող լուծումների հավաքածու, որոնք նախատեսված են արագացման և լայնածավալ կիրառման համար։
Մատի Ռոսսին ընդգծել է․ «Ուսումնառության գործընթացում տեխնոլոգիաներն ինքնանպատակ չեն կիրառվում։ Թվային գործիքները պետք է կիրառվեն հստակ կրթական նպատակներով, ամուր մանկավարժական հիմքով և սովորողակենտրոն մեթոդներով, որպեսզի աշակերտները կարողանան ակտիվ մասնակցել, համագործակցել, մտածել, ստեղծագործել, կարծիք ստանալ և զարգանալ որպես սովորողներ։ Տեխնոլոգիաները իմաստալից դարձնելու գործում ուսուցչի դերը շարունակում է մնալ առանցքային»։
Տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ տեխնոլոգիական կրթության կազմակերպմանն առնչվող տարբեր թեմաներով:
Մինչ համաժողովի մեկնարկը՝ մասնակիցները ծանոթացել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում բացված դպրոցականների նախագծային աշխատանքների էքսպո ցուցահանդեսին:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: