Քաղաքացիական հասարակության ոլորտի ֆինանսավորման գլոբալ կրճատումների պատճառով առաջիկա տարում լրացուցիչ 6 միլիոն երեխա կարող է դուրս մնալ դպրոցից – ՅՈւՆԻՍԵՖ

Կրթության գծով ֆինանսավորումը կարող է մինչև 2026 թվականը նվազել 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր երեխաների ապագան։

03 Սեպտեմբեր 2025
Տարրական դասարանի աղջնակը լուսանկարահանվում է
UNICEF Armenia/2024/Margaryan

ՆՅՈՒ ՅՈՐՔ, սեպտեմբերի 3 2025 թ. Գլոբալ կրթական ֆինանսավորման կտրուկ կրճատման պայմաններում՝ մինչև 2026 թվականի ավարտը լրացուցիչ 6 միլիոն երեխա կարող է դուրս մնալ դպրոցից, որոնց գրեթե մեկ երրորդը, գտնվում է ճգնաժամային պայմաններում: Այս մասին է ասված ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ այսօր հրապարակված նոր վերլուծության մեջ։

Ակնկալվում է, որ կրթության համար տրամադրվող Պաշտոնական զարգացման օգնությունը (ODA) կարող է նվազել 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ այն է՝ 2023 թվականի համեմատ 24 տոկոսով: Ընդ որում, այդ կրճատումների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում երեք դոնոր կառավարության: Նման անկումը կհանգեցնի նրան, որ դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը աշխարհում կաճի՝ 272 միլիոնից հասնելով 278 միլիոնի։ Իսկ սա համարժեք է Գերմանիայի և Իտալիայի բոլոր տարրական դպրոցներին միասին վերցված։

«Կրթությունից կրճատված յուրաքանչյուր դոլարը պարզապես բյուջետային որոշում չէ․ դա երեխայի ապագան է, որը թելից է կախված», – նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Կրթությունը, հատկապես ճգնաժամային պայմաններում, հաճախ երեխայի կյանքի փրկօղակն է, քանի որ սովորաբար համատեղվում են առողջապահական, պաշտպանության ու սննդի կարևոր ծառայությունները։ Կրթությունն ամենազորեղ հնարավորությունն է, որը երեխային թույլ է տալիս հաղթահարել աղքատությունը և ավելի լավ կյանք կերտել»։

Վերլուծության համաձայն՝ 28 երկիր կարող է կորցնել նախակրթական, տարրական և միջնակարգ կրթության համար հատկացվող աջակցության առնվազն մեկ քառորդը։ Ամենամեծ վտանգի առաջ կանգնած են Կոտ դ’Իվուարը և Մալին․ այստեղ, ամենայն հավանականությամբ, դպրոց հաճախող երեխաների թիվը կնվազի համապատասխանաբար շուրջ 4 տոկոսով՝ կամ 340,000 և 180,000 աշակերտով։

Ճգնաժամային պայմաններում, որտեղ կրթությունը միայն սովորելը չէ, այլև տրավմայի ենթարկված երեխաներին կենսական աջակցություն է տալիս, կայունություն և «սովորականի» զգացում, ֆինանսավորումը կարող է կտրուկ նվազել․ որոշ դեպքերում կրճատումը կարող է կազմել ազգային կրթական բյուջեի առնվազն 10 տոկոսը։

Համակարգային մակարդակում լայնածավալ կրճատումները կխաթարեն նաև կառավարությունների կարողությունը՝ ապացուցահեն ծրագրեր կազմելու, ուսուցիչների մասնագիտական զարգացումը պատշաճ ապահովելու և կրթական արդյունքները դիտարկելու տեսանկյունից: Սա նշանակում է, որ անգամ այն երեխաները, որոնք շարունակեն հաճախել դպրոց, կարող են տուժել՝ ուսման որակի անկման պատճառով։ Ընդհանուր առմամբ, բոլոր տարածաշրջաններում շուրջ 290 միլիոն աշակերտ կարող է կրթական անկում ունենալ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում դոնոր և գործընկեր երկրներին գործել հիմա՝ կրթությունը պաշտպանելու համար կատարելու հետևյալ քայլերը՝

  • Վերահավասարակշռել կրթական աջակցությունը՝ այն դարձնել հավասարապես բաշխված ևարդյունավետ՝ աջակցության առնվազն 50 տոկոսը ուղղելով ամենաքիչ զարգացած երկրներին։
  • Պահպանել արտակարգ իրավիճակներում արվող կրթական ֆինանսավորումը և առաջնահերթություն տալ կրթությանը որպես կենսական նշանակություն ունեցող միջամտության՝ այլ կարևոր ծառայությունների հետ մեկտեղ։
  • Կրթական աջակցությունը կենտրոնացնել միջնակարգ ուսուցման վրա՝ կենտրոնանալով վաղ մանկական և տարրական կրթության վրա, որտեղ ակնկալվող արդյունքներն ամենաբարձրն է։
  • Պարզեցնել ֆինանսավորման համաշխարհային կառուցվածքը՝ համաձայն «ՄԱԿ 80» նախաձեռնության՝ բարելավելով արդյունավետությունը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookInstagram և X-ում: