Ինչպես են կանաչ տարածքները նպաստում երեխաների զարգացմանն ու ինչպես ստեղծել ու պահպանել դրանք
Կանաչ տարածքները կարող են զգալիորեն նպաստել երեխաների ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացմանը ծնունդից մինչև չափահասություն

- Հայերեն
- English
Զբոսանքն այգում կարող է զգալիորեն բարելավել երեխաների կենտրոնանալու ունակությունը: Դպրոցի պատուհաններից դուրս երևացող կանաչ տեսարանները ուղիղ համեմատական են ուսման առաջադիմության հետ: Ավելի կանաչապատ թաղամասերում մեծացող երեխաները հաճախ ավելի քիչ են ընկճված, ճնշված և հիմնականում ավելի առողջ ու երջանիկ են:
«Կանաչ տարածքը» դեռևս համընդհանուր սահմանում չունի, գոյություն չունեն քաղաքային կանաչ տարածքի միջազգայնորեն ընդունված նվազագույն չափորոշիչներ: Կանաչ տարածքը առնվազն բուսականությամբ ծածկված հողն է: Կանաչ տարածքի օրինակներ կարող են լինել հանրային և մասնավոր զբոսայգիները, մարգագետինները, մասնավոր և համայնքային պարտեզները, խաղահրապարակները, գյուղատնտեսական հողերը, գերաճած չօգտագործվող հողամասերը, փողոցի ծառերը, ճանապարհի կանաչ եզրաշերտերը և կանաչապատ տանիքները:
Ինչպես կանաչապատ տեսարաններն ու շրջապատը, այնպես էլ կանաչ տարածքներում անցկացրած ժամանակը երեխաների համար բերում են մտավոր, ֆիզիկական և սոցիալական զարգացման բազմաթիվ օգուտներ և խթանում նրանց աճը` դառնալու էկոլոգիապես տեղեկացված և պատասխանատու քաղաքացիներ: Դեռ ավելին, երբ կանաչ տարածքները հավասարապես հասանելի են, դրանք նվազեցնում են առողջական մի շարք խնդիրներ, որոնց ենթակա են սոցիալ-տնտեսական առումով խոցելի երեխաները:
Ահա թե ինչու է երեխաների համար նպաստավոր կանաչ տարածքին մոտ ապրելը՝
- Ծննդյան պահին ավելի մեծ քաշ
- Ավելի շատ ֆիզիկական ակտիվություն
- Ավելի լավ հավասարակշռություն և շարժողական կոորդինացիա
- Կարճատեսության զարգացման ավելի քիչ հավանականություն
- Ճանաչողական զարգացման բարելավում և ուսման առաջադիմություն
- Ծնողների մոտ սթրեսի ազդեցության նվազում
- Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորում
- Ավելի ամուր հանրային կապեր և սոցիալական համախմբվածություն
- Վարքագծային և սոցիալական ավելի քիչ խնդիրներ
- Հոգեկան առողջության և կենսակերպի բարելավում, ինչպես նաև սթրեսի ու դեպրեսիայի նվազում, այդ թվում` այնպիսի անբարենպաստ հանգամանքներում, ինչպիսիք են մարդասիրական ճգնաժամերը։

Անվտանգ և հասանելի կանաչ տարածքների ավելացումը ոչ միայն ուղղակիորեն նպաստում է երեխաների ամբողջական զարգացմանը, այլ նաև ապացուցված է, որ մի շարք զգալի առողջական օգուտներ է բերում մեծահասակների համար, ինչպես նաև տնտեսական ու շրջակա միջավայրի տեսանկյունից օգուտներ է ապահովում քաղաքների համար, օրինակ՝ առողջապահական ծախսերի նվազում, բռնության և հանցագործությունների մակարդակի նվազում, պաշտպանություն ջրհեղեղներից և այլն:
Այնուամենայնիվ, երեխաների համար դաշտերի, անտառաշատ վայրերի և այլ կանաչ տարածքների հասանելիությունը արագորեն նվազում է: Ամբողջ աշխարհի երեխաները, հատկապես նրանք, որոնք մեծանում են քաղաքներում, շատ ավելի հազվադեպ են դրսում խաղում, քան իրենց ծնողներն էին խաղում, իսկ աղջիկներն ու զարգացող երկրների երեխաները՝ էլ ավելի քիչ:
Քաղաքում ապրելը կարող է բացասաբար ազդել երեխաների զարգացման վրա վաղ մանկությունից մինչև պատանեկություն և բնականաբար, դրանից հետո: Քաղաքները, ի տարբերություն գյուղական բնակավայրերի, հաճախ զուգորդվում են հոգեկան առողջության խնդիրների մեծ մասի ավելի բարձր ցուցանիշների հետ: Ուսումնասիրություններից մեկը պարզել է, որ գյուղական բնակչության համեմատ քաղաքային բնակչության դեպրեսիայի մակարդակը բարձր է գրեթե 40%-ով, իսկ տագնապի արտահայտումը՝ մոտ 20%-ով։ Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ քաղաքային կյանքը կարող է կրկնապատկել շիզոֆրենիայի զարգացման ռիսկը:
Այս պահին աշխարհի բոլոր երեխաների մոտ 55%-ը՝ գրեթե 1,5 միլիարդը, ապրում է քաղաքներում: Եվ թվերն արագորեն աճում են: Մինչ 2050 թվականը քաղաքներում երեխաների թիվը կմոտենա 1,9 միլիարդի: Շատերն էլ երբեք չեն զգա գետում լողալու, մրգեր ու ծաղիկներ հավաքելու կամ ընկած գերանի վրա հավասարակշռությունը պահելու ուրախությունը:
Ներկայում և այս նոր ապացույցների առկայության պարագայում համայնքները, հաստատությունները և իշխանությունները կարող են անհապաղ միջոցներ ձեռնարկել քաղաքներում նոր կանաչ տարածքներ ստեղծելու և առկա կանաչ տարածքները բարելավելու համար` առաջնահերթ համարելով դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների տարածքների կանաչապատումը:

Առաջարկվող գործողություններ համայնքների համար
- Պարբերաբար կազմակերպել մաքրման աշխատանքներ համայնքի կանաչ տարածքներում:
- Հետևել համայնքի՝ երեխաների կողմից սիրված կանաչ տարածքները` բացառելու անծանոթ անհատների կամ խմբերի կողմից դրանց օգտագործումը՝ ի վնաս երեխաների:
- Կանաչ տարածքների բարելավման նպատակով համագործակցել մասնավոր հատվածի հետ:
- Ձևավորել տեղական խմբեր և կազմակերպություններ, որոնք երեխաներին կառաջարկեն բնապահպանական կրթական ծրագրեր:
- Շարունակաբար գնահատել իրականացվող աշխատանքների առաջընթացը և տեղական ինքնակառավարման մարմիններին հաշվետու պահել:
- Երեխաներին ներգրավել համայնքի ակտիվ խմբերում՝ իրավիճակը քարտեզագրելու, ռեսուրսներ հավաքագրելու և տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դպրոցներին ու մանկապարտեզներին, անվտանգ և հասանելի կանաչ տարածքները պահպանելու, բարելավելու, հիմնելու և խնամելու գործում ներգրավելու համար:
Առաջարկվող գործողությունները դպրոցների և մանկապարտեզների ու երեխաների զարգացման կենտրոնների համար
- Հաստատության տարածքում պահպանել, բարելավել, ստեղծել և խնամել անվտանգ և հասանելի կանաչ տարածքներ:
- Բնապահպանական կրթությունը ներառել ուսումնական ծրագրում՝ ներառյալ դրա դպրոցական և արտադպրոցական բաղադրիչները:
- Օրվա ընթացքում ժամանակ հատկացնել երեխաների բացօթյա հանգստին:
- Միջոցներ ձեռնարկել տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի աջակցությունն ու ֆինանսավորումը ներգրավելու ուղղությամբ:
- Համագործակցել տեղական համայնքների հետ՝ դպրոցական ժամերից դուրս կանաչ տարածքներ անվտանգ մուտքի թույլտվություն ապահովելու համար:
Առաջարկվող գործողություններ տեղական ինքնակառավարման մարմինների համար
- Սահմանել երեխաների համար հարմար շենքերի և ենթակառուցվածքների կանոնակարգեր, հողօգտագործման չափորոշիչներ և ծրագրեր, այդ թվում` անվտանգ և հասանելի կանաչ տարածքների չափորոշիչներ:
- Աջակցել կառուցապատողներին` նոր կառուցապատումների միջոցով բավարարելու և գերազանցելու ապահով և հասանելի կանաչ տարածքներ ներառելու վերաբերյալ կանոնները:
- Տեղական համայնքների՝ ներառյալ երեխաների հետ խորհրդակցելով՝ միջոցներ և փորձագիտական աջակցություն տրամադրել հանրային կանաչ տարածքները որպես կանաչ տարածքներ ճանաչելու, քարտեզագրելու, վերականգնելու և վերափոխելու համար:
- Տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն` դպրոցներում և երեխաների խնամքի կենտրոններում և դրանց շրջակայքում անվտանգ և մատչելի կանաչ տարածքներ ստեղծելու համար:
- Աջակցել համայնքային այն խմբերին, որոնք խնամում են կանաչ տարածքները և կազմակերպում երեխաների համար պատշաճ խնամված զբոսանքի վայրեր:
Առաջարկվող գործողություններ տեղական իշխանությունների համար
- Սահմանել անվտանգ և մատչելի քաղաքային կանաչ տարածքների նվազագույն ազգային չափորոշիչներ:
- Ներառել անվտանգ և հասանելի քաղաքային կանաչ տարածքների նոր չափորոշիչներն ու զարգացումները ազգային քաղաքականության մեջ:
- Ստեղծել գերատեսչական/միջգերատեսչական տեխնիկական մարմիններ քաղաքային կանաչապատումը, այդ թվում ռեսուրսների բաշխումը և մշտադիտարկումը վերահսկելու և ուղղորդելու նպատակով:
Երեխաները և համայնքի բնակիչները պետք է լիովին մասնակցեն և լսված լինեն նախագծման ցանկացած գործընթացում: Պլանավորման և նախագծման գործընթացներում երեխաներին ներգրավելու մեթոդները, ի թիվս այլոց, ներառում են կանաչ տարածքների մոդելների գաղափարների մշակումը, խմբերով նկարազարդումը (դիզայնի ստեղծումը) ու ֆոկուս խմբային քննարկումները:
Յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից, թե քաղաքի որ հատվածում է բնակվում, պետք է ապրի անվտանգ և հանրային օգտագործման կանաչ տարածքին մոտ: Մեր երեխաների առողջությունն ու երջանկությունը պաշտպանելու համար մենք պետք է առաջնահերթ համարենք մեր արագ ընդլայնվող քաղաքներում կանաչ տարածքների պահպանումն ու ստեղծումը:
Ապացույցները համոզիչ են, իսկ օգուտները` ակնհայտ:
Գործելու ժամանակն է: