Երիտասարդները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ակտիվ մասնակիցներ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP28 միջազգային համաժողովին ընդառաջ պատմում ենք, թե ինչ արդյունքներ գրանցեցին հայ երիտասարդները COP27-ում:

Անի Գրիգորյան
Narek and Yerazik, 18, are from the town of Vedi in Armenia's Ararat province. Last year they participated in the United Nations Climate Change Conference, COP27, as the first young delegates from Armenia to represent the voice of their generation.
UNICEF Armenia/2020/Sahakyan
21 Նոյեմբեր 2023

18-ամյա Նարեկն ու Երազիկը Արարատի մարզի Վեդի քաղաքից են։ Նրանք 2022-ի նոյեմբերին Հայաստանում հնարավորություն ստացան առաջին անգամ որպես երիտասարդ պատվիրակ մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջազգային համաժողովին (COP27) և ներկայացնել երիտասարդության ձայնն աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր համաժողովներից մեկում։

COP27-ը անցկացվել է Եգիպտոսում՝ 2022-ի նոյեմբերի 6-18-ը: Համաժողովին մասնակցել են ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովներն անցկացվում են ամեն տարի, որպեսզի կառավարությունները համաձայնեցնեն կլիմայի փոփոխության գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու քայլերը: Դրանք կոչվում են COP՝ (Conference of parties), որ թարգմանաբար նշանակում է «Կողմերի համաժողով»: Կողմերը մասնակից երկրներն են, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի բնօրինակ կլիմայական համաձայնագիրը 1992 թվականին: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Միացյալ ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան 1993 թ. մայիսին։

Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանող 18-ամյա Նարեկը, որը վաղ տարիքից հետաքրքրվել է շրջակա միջավայրի, կլիմայի գիտությամբ, ասում է՝ այս ուղևորությունն իր համար նշանակալի էր, քանի որ առաջին անգամ էր Հայաստանից դուրս մասնակցելու հանդիպումներին, ելույթներ ունենալու:

«Վեդիում մի քանի ընկերների հետ ստեղծել էինք «Կլիմապոլիս» ստարտափը, որի հիմնական նպատակն է կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Մեր մարզը բավական խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, և մենք որոշել ենք այդ գլոբալ խնդրի դեմ պայքարը սկսել մեզնից և մեր համայնքից», -

պատմում է Նարեկը:

Նա նշում է, որ նախագիծը կազմված է երկու բաղադրիչներից. մեկը՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ դասընթացներ իրենց համայնքի երեխաների և երիտասարդների համար, մյուսը՝ սեղանի խաղ, որի միջոցով երիտասարդները կարող են տեսնել, թե կլիմայական փոփոխությունն ինչպես է ազդում իրենց համայնքի վրա։  

Հենց այս նախագծով երիտասարդները մասնակցել էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի մի քանի գործակալությունների և այլ գործընկերների կողմից անկացվող «Սերունդներ առանց սահմանների» (Generation unlimited) միջազգային մրցույթին և հաղթել՝ ստանալով փոքրիկ ֆինանսավորում իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։

18-ամյա Երազիկն էլ նշում է, որ իր բոլոր սպասելիքներն արդարացան:

«Համաժողովի յոթ օրերն ավելի քան հաջող անցան: Ամեն հանդիպումից շատ գոհ էինք։ Ճիշտ է՝ շատ խիտ գրաֆիկ էր, բայց նույնիսկ հոգնածություն չէինք զգում, այնքան մեծ էր ոգևորվածությունը: Մենք Հայաստանից գնացել ենք ոչ միայն որպես ՀՀ պատվիրակության անդամներ, այլև որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկներ՝ ներկայացնելով Արևելյան Եվրոպայի ողջ տարածաշրջանը, որը ևս շատ պատասխանատու էր»,-

անկեղծանում է երիտասարդ աղջիկը։

«Տարբեր երկրներից մեր հասակակիցների հետ քննարկումներ էինք անում, պատմում էինք, թե ով ինչ է արել, ինչու է արել։ Եվ այդ ամենի արդյունքում եզրահանգման եկանք, որ այս պահին մեր գլխավոր նպատակը ոչ թե կլիման, այլ ինքներս մեզ փոխելն է։ Քանի որ մշտապես խոսվում է, որ պետք է փոխել այս կամ այն բանը, բայց երբեք չի խոսվում մեզ փոխելու մասին, թե մենք ինչ քայլեր պետք է անենք, ավելի ճիշտ չանենք», - պատմում է Երազիկը։

Հայաստանի երիտասարդները հանդիպումներ են ունեցել COP27-ի գլխավոր կազմակերպչի, Կլիմայի փոփոխության հարցերով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հատուկ խորհրդականի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Դոմինիկյան Հանրապետության, Օմանի և այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ «Հանդիպեցինք նաև Սերբիայի պատվիրակության անդամների հետ, որոնց հետ քննարկեցինք մեր խաղն ու նվիրեցինք այն նրանց: Այս երիտասարդները Սերբիայում լուրջ հետազոտություն էին արել մթնոլորտի աղտոտվածության վերաբերյալ։ Որոշեցինք համագործակցել և փորձել մեր սեղանի խաղն ադապտացնել նաև նրանց երկրի համար», - պատմում է Նարեկը։

Մտքեր COP27-ից հետո

Նարեկն ու Երազիկը համաժողովի մասնակցությունն ու ձեռք բերած փորձառությունն անկյունաքարային են համարում իրենց գործունեության մեջ։ Երիտասարդները հատկապես կարևորում են ձեռքբերված ծանոթությունների և նոր ընկերների ցանցը։ Երազիկն էլ իր անձնային աճն է հատկապես կարևորում. «երբ ինձ համեմատում եմ նախքան COP-ը և դրանից հետո, շատ մեծ է տարբերությունը. այժմ ավելի ինքնավստահ եմ, ավելի շատ բան գիտեմ կլիմայի մասին ու ավելի լավ գիտեմ, որ դրա դեմ պայքարելու համար որքան ակտիվ պիտի լինեմ ես ու իմ ընկերները»:

Համաժողովից հետո Նարեկն ու Երազիկը, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Մալենայի հետ, կլիմայի փոփոխության վերաբերյալ արշավ կազմակերպեցին և փորձեցին երիտասարդներին իրազեկել կլիմայի փոփոխության մասին:

UNICEF

Այսօր երիտասարդներն ակտիվ զարգացնում են իրենց ստարտափը՝ Կլիմապոլիսը։ Իրենց դասընթացներին մասնակցած երիտասարդներին դեսպաններ են նշանակել, որոնք էլ իրենց համայնքներում են տարածում և խոսում կլիմայի փոփոխության մասին։ «Կրիմապոլիսը ռեստարտ ենք անում, նախատեսում ենք նաև կլիմայի չեմպիոնների ակադեմիա ստեղծել, որը կլինի օնլայն և օֆլայն՝ փոքր ակադեմիա երիտասարդների համար՝ ավելի խորացված կլիմայի փոփոխության ծանոթանալու համար», - նշում է Նարեկը։

COP27-ը՝ մեծ փոփոխությունների սկիզբ

Երիտասարդների մասնակցությունը COP27-ին Հայաստանի բոլոր երիտասարդների համար նոր և հեռանկարային հնարավորություն ստեղծեց։ Որպես COP-ին հաջորդած գործնական քայլ, Հայաստանը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, տարածաշրջանում առաջինը և աշխարհում 38-րդը միացավ Երեխաների, երեիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին:

 

Armenia officially signed the declaration in January 2023, solidifying its dedication to listening to and addressing the concerns of children and young people within climate change initiatives and policymaking.
UNICEF Armenia/2023/Galstyan

«2023-ի հունվարին կնքվեց հռչակագիրը, որով Հայաստանը հաստատեց, որ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ: Եվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես հռչակագրի համակարգող կողմ, նաև հետամուտ է լինելու և ապահովելու է, որպեսզի երիտասարդները լիովին ներգրավվեն որոշումների կայացման գործում, անկաշկանդ արտահայտեն իրենց ձայնն ու առաջարկները, և օգնեն, իրենց ներդրումն ունենան կլիմայի փոփոխության դեմ պայքարում», -

նշում է Մկրտիչ Դալլաքյանը։

2020 թվականից սկսած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Ավստրիական զարգացման գործակալության և ՀՀ շրջակա միջավայրի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ, երիտասարդներին զինում է կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքով և հնարավորություն տալիս նրանց պայքարել կլիմայի փոփոխության դեմ հենց իրենց համայքներում՝ թիմեր կազմելով և նախագծային աշխատանքներ իրականացնելով: 2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներգրավեց երիտասարդներին հայկական պատվիրակության կազմում՝ ոգեշնչելու նրանց, նաև խրախուսելու մյուս երիտասարդներին միանալ Կառավարության կողմից հաստատուն պարտավորությունների կոչին:

ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան նշում է, որ յուրաքանչյուր երեխա ունի իր տեսակետն արտահայտելու իրավունք բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են իրեն և կարող են ազդել նրա ապագայի վրա: Ամբողջ աշխարհում երեխաներն ու երիտասարդները բախվում են կլիմայական և այլ ճգնաժամերի անմիջական և տևական հետևանքների, որոնք կարող են ազդել նրանց ողջ հետագա կյանքի վրա: Եվ նրանք պետք է ոչ միայն մասնակից լինեն կլիմայի վերաբերյալ որոշումների կայացմանը, այլև պետք է լինեն կլիմայի դեմ պայքարի շարժիչ ուժը: