Ինչպես կառուցել «Էկոապագա» 14 օրում
Անին և Ալան ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստարական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերի շրջանակում միասին սկսել են իրենց “Ecofuture”/«էկոապագա» նախագիծը։
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Անին ու Ալան ընկերներ են։ Ապրում են Չարենցավանում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստարական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերի շրջանակում միասին սկսել են իրենց “Ecofuture”/«էկոապագա» նախագիծը։ 14 օրվա ընթացքում ընկերուհիներն իրար մարտահրավեր են նետում․ 0-ից սկսում են տանը տեսակավորել աղբը և ողջ ընթացքը ցուցադրում են ինստագրամի պատմությունների միջոցով։
Նախագծի ավարտին աղջիկները մեզ պատմել են, թե ինչ դժվարությունների են բախվել, ինչ են հասկացել ու վերաիմաստավորել այս նախագծի ընթացքում և կանաչ ապրելու ինչ նոր գաղափարներ ունեն։
«Եթե ոչ մենք, բա էլ ո՞վ»
Ալա – Քայլում ես քաղաքում ու տեսնում, որ տեղադրված աղբամաններից ընդամենը մի քանի մետր այն կողմ նոր աղբ կա կուտակված։ Ինչու՞։ Հարկավոր է փոխել մարդկանց վերաբերմունքը երևույթներին։ Իսկ եթե ոչ մենք, բա էլ ո՞վ։ (Ալա- հիմնական նկարում՝ աջից)
Մարդիկ ուզում են տեսակավորել աղբը, բայց չգիտեն՝ ինչպես սկսել։ Որոշեցինք, որ երկու ընկերուհիներով իրար «չելենջ» կանենք ու մեր գրառումների ու վիդեոների միջոցով ցույց կտանք՝ ինչու ու ինչպես է պետք տեսակավորել աղբը, ու ինչ է դա մեզ տալիս։
Անի – Երկուսս էլ նույն գաղափարներն ունեինք ու պատրաստվում էինք մի օր նման բան անել, բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս ծրագիրը մեր գաղափարներն արագ իրականացնելու ու տեղ հասցնելու լավ առիթ էր։
Այս նախագծի ընթացքում մենք շատ բան սովորեցինք՝ ինչպես ճիշտ տեսակավորել, ինչպես ներգրավել մարդկանց, ծանոթացանք լուսանկարելու ու սոցիալական ցանցերից ճիշտ օգտվելու նրբություններին։
«Նորաձևությունը կանցնի, իսկ Երկիրը մեկն է»
Ալա – Ես շատ եմ տեսել, որ մեր տարիքի երեխաները, օրինակ, ծառի ճյուղերն են կոտրում, ծաղիկներն են պոկում, ու դա իմ վրա սարսափելի վատ է ազդում։ Բայց հեշտ չէ մարդկանց դրա վտանգները բացատրելը։
Անի – Ամեն օր լսում ենք, թե ինչպես է ջերմաստիճանը բարձրանում ամենուր, օզոնային շերտը խախտվում է։ Եվ այս ամենի պատճառը մեծամասամբ մեծ քանակությամբ վտանգավոր թափոններն են։ Լսում ենք, որ էլի ծառեր են կտրվում՝ տնկելու փոխարեն։
Ալա - Օրինակ, մեր քոլեջում այնքան էլ հետաքրքրված չէին այս թեմայով, բայց հիմա, երբ տեսնում են մեր վիդեոները, շատերը շահագրգռվում են ու սկսում են հարցեր տալ։ Մինչև սկսելը ինձ խանգարում էին իմ բարդույթները։ Ես վախենում էի, որ մարդիկ ինձ սխալ կհասկանան կամ չեն հասկանա, բայց հիմա գիտակցում եմ, որ իզուր էի վախենում։
Անի – Երբ տեսնում են մեր պատմությունները, ասում են՝ երևի մոդայիկ է, դրա համար եք անում։ Սա ամենացավոտն է։ Չեմ հասկանում՝ նորաձևությունն ինչ կապ ունի մեր արածի հետ։ Նորաձևությունը կանցնի, իսկ Երկիրը մեկն է։
Անտարբեր մարդիկ շատ կան, բայց մենք չենք հուսահատվում։ Երբ շրջապատում իմացան, որ մեր նախագծով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրին ենք մասնակցում, շատերը սկսեցին ավելի լուրջ են մեզ վերաբերվել ու հասկացան, որ մեր կարծիքը կարևոր է։
«Լուծումը մարդն է, որովհետև պատճառն էլ մարդն է»
Ալայի հայրն օրգանիկ ֆերմեր է։ Նրանց ընտանիքը փորձում է վարել էկոլոգիապես մաքուր ապրելակերպ․ տեսակավորում են աղբը, գնում են վերամշակված իրեր, օգտագործում օրգանիկ սնունդ։ Իսկ Անիի ընտանիքը դստեր միջոցով դեռ նոր է ուսումնասիրում այդ ապրելակերպը։ Անիից շատ բան են արդեն սովորել և քայլ առ քայլ փորձում են որոշ սովորույթներ ձևավորել՝ գնումները կատարել էկոպայուսակներով, հնարավորինս կրճատել անիմաստ գնումները։ Աղջիկները կարծում են՝ շրջակա միջավայրի խնդիրները լուծելու համար մարդիկ պետք է միասնական գործեն ու սկսեն փոքր քայլերից։
Ալա – Փորձում ենք ինքնակրթվել, որ ավելի լավ կարողանանք բացատրել մեր արածի էությունը ու ավելի կարևոր հարցեր բարձրաձայնենք։ Մեր սերնդի ձեռքին մի կարևոր գործիք կա՝ լսարան։ Համացանցի միջոցով մեր խոսքն արագ է տարածվում և վարակիչ է դառնում։ Իսկ կարևորը մարդուն խոսքը հասցնելն է, պետք է նրա գիտակցությանը հասցնել, թե ինչը ոնց է պետք անել։ Ի վերջո, լուծումը մարդն է, որովհետև պատճառն էլ մարդն է։
Ալա- Մարդկությունն աճել է, պահանջները մեծացել են, աղբի ծավալն էլ դարձել է անվերահսկելի։ Գուցե այն, որ մենք աղբ ենք տեսակավորում, փոքր քայլ է համարվում, բայց պետք է փոքր քայլերից սկսել, որպեսզի կարողանաս լուծման ճանապարհը բռնել։
«Էկոապագա» նախագծի առաքելությունը մոտիվացնելն է։ Աղջիկները գիտեն, որ կարողանալու են մտքի փոփոխություն անել համայնքում։ Անգամ իրենց շուրջ են հավաքել գաղափարակիցներին, միասին նամակ-դիմում են պատրաստել և անձամբ տարել համայնքապետարան ու պահանջել, որ իրենց համայնքում տեսակավորման աղբամաններ տեղադրվեն։
Անի – Աղբը տեսակավորեցինք, դարձրինք թափոն: Հաջորդ քայլն այն վերամշակման ուղարկելն է, բայց ինչպե՞ս․ նախ միասին ուսումնասիրեցինք դաշտը և պարզեցինք, որ Հայաստանում 24 վերամշակող կամզակերպություն կա։
Շատ են, չէ՞։
Ալա – Բայց ցավոք, մեր համայնքում հատուկ աղբամաններ չկան։ Անիի հետ որոշեցինք, որ մենք՝ որպես համայնքի բնակիչ, նույնպես իրավունք ունենք դիմել համայնքապետարանին՝ Չարենցավանում թափոնների հավաքագրման կետ հիմնելու առաջարկով։ Դիմումն արդեն ուղարկել ենք՝ տեսնենք՝ ինչ արձագանք կլինի։
Ալա – Այս ծրագիրն անավարտ է, մենք միշտ սա անելու ենք, ու մեզ մարդիկ այսպես են ճանաչելու։ Պարզապես ուզում ենք, որ մեզ այլ երիտասարդներ էլ միանան ու իրենց ներդրումն ունենան այս գործում։ Իրականում շատ պարզ քայլեր են պետք, օրինակ՝ փակել ջուրը ատամները լվալիս, ձմերուկը չդնել հոսող ջրի տակ, խնայել էլեկտրականությունը, քիչ սպառել և այլն։
Շրջակա միջավայրի մասին հոգ տանող մարդը սովորական մարդ է, բայց իր գլխում կա առանձին մի հատված, որը պատասխանատու է էկոլոգիայի հանդեպ ու մեխանիկորեն կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը։
Անի –#Էկոխիղճ հեշթեգն ամեն ինչ ասում է: Մարդը պետք է հասկանա, որ իր քայլերը փոխում են ոչ միայն իր, այլ բոլոր մարդկանց կյանքը։ Եկե՛ք #էկոխղճով ապրենք։