Ինչպես տանը խնայել էլեկտրաէներգիան

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են 9 պարզ մոտեցում, ինչի շնորհիվ կարող եք խնայել էներգիան, գումարը և բնությունը։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Կինը լվացք է կախում դրսի պարանին։
UNICEF Armenia/2020/Margaryan
04 Հունիս 2020
Չորացրե՛ք հագուստը լվացքի կախիչի կամ պարանի վրա

Հագուստի չորացուցիչը տարվա ընթացքում ծախսում է նույնքան էներգիա, որքան էներգախնայող սառնարանը, հագուստի լվացքի մեքենան և սպասք լվացող մեքենան միասին վերցրած: Կախելով չորացնելը օգնում է գումար և էներգիա խնայելուն: Բացի այդ՝ դրսում չորացնելիս հագուստը ավելի թարմ և փափուկ է մնում: Լվացքը կախելով չորացնելու 10 հիմնական պատճառ:

 

Տղան համակարգչի մոտ նստած մասնկացում է իր առցանց դասին։
UNICEF Armenia/2020/Margaryan
Օգտվե՛ք դյուրակիր համակարգչից

Դյուրակիր համակարգիչները ծախսում են միջինը 20-50 վատտ էլեկտրաէներգիա, մինչդեռ գրասեղանի համակարգիչները՝ միջինը 60-200 վատտ: Դյուրակիր համակարգիչները սնվում են ներքին մարտկոցից, իսկ գրասեղանի համակարգիչները շարունակ միացված են սնման աղբյուրին, որը էներգիա է ծախսում:

Դյուրակիր համակարգիչը կամ հարակցման կայանը ամբողջովին լիցքավորելուց հետո անջատե՛ք վարդակից: Դա ոչ միայն օգնում է նվազեցնելու էներգիայի ծախսը, այլև երկարացնում է համակարգչի օգտագործման ժամկետը: Դյուրակիր և գրասեղանի համակարգիչների համեմատության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն:

 

Սեղանին դրված են տարբեր սարքեր, որոնք անջատված են վարդակից։
UNICEF Armenia/2020/Margaryan
Դուրս գալիս անջատե՛ք բոլոր սարքերը վարդակից

Կարող եք խնայել էներգիա և գումար, եթե չմոռանաք հոսանքից անջատել սարքերը, երբ դրանք չեք օգտագործում:

Էլեկտրականության կորուստ տեղի է ունենում,  եթե անգամ սարքավորումն անջատված է, բայց միացված է վարդակին: Էլեկտրոնային սարքերն ու գրասենյակային սարքավորումները՝ համակարգիչներ, տպիչներ, հեռախոսի լիցքավորիչներ, շարունակում են էլեկտրականություն սպառել անգամ սպասման ռեժիմում: Անջատված կամ սպասման ռեժիմում էներգասպառումը կարող է կազմել սարքավորման կամ կից հարմարանքների սպառած էլեկտրաէներգիայի 15 %-ը:

Չօգտագործվող էլեկտրոնային սարքերն ու կից հարմարանքներն անջատե՛ք վարդակից: Սա կարելի է հեշտացնել՝ օգտագործելով մի քանի վարդակով երկարացման լար, որը թույլ է տալիս բոլոր սարքերը անջատել մեկ սեղմումով: Որպեսզի չմոռանաք անջատել, տեղադրե՛ք երկարացման լարը հասանելի տեղում:

Լուսամփոփի լամպը փոխում են։
UNICEF Armenia/2020/Margaryan

Օգտագործե՛ք լուսադիոդային (LED) լամպեր

Լուսարձակող դիոդային լամպերի ծառայության ժամկետն ավելի երկար է, քան շիկացման կամ հալոգենային լամպերինը: Դրանք էներգախնայող են, երկարակյաց և անվտանգ: Փոխարինե՛ք Ձեր էլեկտրալամպերը էներգաարդյունավետ LED-երով: Հին լամպերից ազատվե՛ք սահմանված կանոններին համապատասխան: Էլեկտրալամպերից ինչպես հարկն է ազատվելու մասին հավելյալ տեղեկատվություն:

Արևային վահանակներ։
UNICEF Armenia/2020/Margaryan

Օգտվե՛ք վերականգնվող էներգիա մատակարարողների ծառայություններից և գործածե՛ք էներգախնայող սարքեր

Փնտրե՛ք վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործող և կայուն, էթիկապես ընդունելի գործունեություն իրականացնող էներգամատակարարների: Արտադրության ընդամենը 6 ոլորտներում էներգախնայող սարքավորումների և այլ պարագաների անցնելու դեպքում էլեկտրաէներգիայի ընդհանուր ծախսը կարող է կրճատվել 10 %-ով: 

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի Էներգախնայող պարագաների և սարքավորումների համաշխարհային դաշինքի մասին հավելյալ տեղեկատվություն:

 

Տղան հեռախոսը դնում է թռիչքի ռեժիմում։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ձեր հեռախոսի մարտկոցը լիցքավորե՛ք թռիչքի ռեժիմում և դա արե՛ք քնելուց առաջ

Հեռախոսը լիցքավորելիս միացրե՛ք թռիչքի ռեժիմը, որպեսզի լիցքավորումը չդանդաղի, քանի որ այն շարունակ էներգիա է ծախսում բջջային կապի աշտարակների հետ կապ հաստատելու և GPS գործառույթի միջոցով ձեզ տեղորոշելու համար: Թռիչքի ռեժիմում մարտկոցն ավելի արագ է լիցքավորվում:

Որքան պայծառ է էկրանի լուսավորությունը, մարտկոցն այնքան շուտ է լիցքաթափվում: Թրթռումը (վիբրացիան) ավելի շատ էներգիա է ծախսում, քան զանգի ձայնը: Նվազ էներգասպառման ռեժիմը ևս երկարացնում է մարտկոցի օգտագործման ժամկետը:

Եվ չմոռանաք վարդակից անջատել լիցքավորիչը, եթե չեք օգտագործում: Հուշումներ ձեր հեռախոսի մարտկոցի էներգիան խնայելու վերաբերյալ:

 

Տղան հեռախոսն անջատում է վարդակից։
UNICEF Armenia/2020/Margaryan
Վարդակից անջատե՛ք բջջային հեռախոսի և դյուրակիր համակարգիչների լիցքավորիչները

Չօգտագործվող էլեկտրական սարքերը և հարմարանքները անջատե՛ք վարդակից: Այդպիսով կխնայեք էլեկտրաէներգիան և ձեր գումարը ու կկանխեք հրդեհները:

Երբ երկարացման լարը միացված է վարդակին, դրան միացված սարքերը շարունակում են էներգիա սպառել և փաստորեն ավելացնում են էներգիայի ծախսը: Բնական պաշարների պաշտպանության հարցերով խորհրդի եզրակացությամբ սպասման կամ քնի  ռեժիմում սարքերի սպառած էներգիան կազմում է բնակարաններում էներգիայի սպառման ընդհանուր թվի մեկ քառորդը: Հավելյալ տեղեկատվություն այն մասին, թե լիցքավորիչները որտեղից են կուտակում իրենց լիցքերը

 

Մայր և տղա նստած են համակարգչի առջև։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ոչ պիտանի ֆայլերը հեռացրե՛ք ամպային պահեստից

Նվազեցրե՛ք ջերմոցային գազերի արտանետումների ձեր հանրագումարը՝ ֆայլերը ավելի ճիշտ դասավորելու և ամպային պահուստից ոչ պիտանի տեղեկությունը հեռացնելու միջոցով:

Տվյալների ամպային պահուստավորում առաջարկող ընկերությունները հագեցած են անընդմեջ աշխատող սպասարկիչ համակարգիչներով և չափազանց շատ էներգիա են ծախսում, քանի որ դրանք գերտաքացումից պաշտպանելու համար օգտագործում են օդորակիչներ: Ծանոթացե՛ք տվյալների պահպանման կենտրոնների հարուցած բնապահպանական վտանգների մասին հավելյալ տեղեկատվությանը:

 

Համակարգչի էկրան, որի վրա երևում է էլհասցեի նամակները։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ջնջե՛ք հին էլեկտրոնային նամակները

Ստացված էլեկտրոնային նամակների 78 %-ը փոստաղբ (spam) է, որի համար ծախսվում է 33 միլիարդ կիլովատտ էլեկտրականություն, և որը տարեկան արտանետում է 20 միլիոն տոննա ածխաթթու գազ: Եթե Ֆրանսիայի յուրաքանչյուր բնակիչ ջնջի 50 էլեկտրոնային նամակ, էներգիայի խնայողությունը համարժեք կլինի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը 42 տարով անջատելուն:

Ձեր էլեկտրոնային փոստարկղը մաքրելով՝ դուք կարող եք խնայել էլեկտրականությունը և նվազեցնել ածխածնային արտանետումները՝ առանց ձեր գրասեղանի մոտից հեռանալու: Հետևե՛ք այս Հուշումներին:

 

Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։ Հավատացե՛ք՝ հնարավոր է։