Հինգ խորհուրդ ձեր թվային «ոտնահետքը» նվազեցնելու համար
Թվային աղտոտումն այն ջերմոցային գազերն են, որոնք առաջանում են թվային տեխնոլոգիաների ստեղծման և օգտագործման արդյունքում։

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Իսկ դուք տեղյա՞կ եք, որ միջինում, մեկ տարվա ընթացքում ստացվող էլեկտրոնային նամակները մարդու ածխածնային «ոտնահետքը» ավելացնում են 136 կգ արտանետմամբ, ինչը համարժեք է ավտոմեքենայով 320 կմ վարելուն։ Թվային աղտոտում ասելով՝ հասկանում ենք ջերմոցային գազեր, որոնք առաջանում են թվային տեխնոլոգիաների ստեղծման, տեղադրման և օգտագործման արդյունքում։ Դրանք կազմում են ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 4 տոկոսը՝ գլոբալ ավիացիոն արդյունաբերության կրկնակին, իսկ մեր աշխատանքն ու կյանքն աստիճանաբար թվային դառնալուն զուգահեռ՝ այս թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Լավ լուրն այն է, որ մենք կարող ենք միջոցներ ձեռնարկել և փոխել մեր առօրյա վարքագիծը ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը։ Ստորև ներկայացնում ենք հինգ խորհուրդ այն մասին, թե ինչպես վերացնել թվային «ոտնահետքը» տանը և գրասենյակում։
1. Ավելի երկար օգտագործեք ձեր սարքերը:
Այսօր տարածված միտում է փոխել սարքերը, լինի դրանք բջջային հեռախոսներ, համակարգիչներ, թե այլ էլեկտրոնային սարքեր՝ շուկայում դրանց նոր մոդելի ի հայտ գալուն պես։ 2021 թվականին աշխարհում 15 միլիարդ սմարթ բջջային հեռախոս է վաճառվել։ Սա նշանակում է 900 միլիոն տոննա CO2-ի արտանետում, դրանց արտադրության համար օգտագործված 1.35 միլիարդ տոննա նյութերի և 204 միլիարդ տոննա ջրի օգտագործում։ Չնայած 2022 թվականին սմարթ բջջային հեռախոսների վաճառքը որոշակի անկում արձանագրեց, կարելի է միայն պատկերացնել թափոնների այն սարերի մասին, որոնք կառաջանան այդ հեռախոսները դեն նետելու դեպքում, որոնք, որպես կանոն, հայտնվում են ցածր եկամուտ ունեցող երկրներում և վերամշակման ստվերային հատվածներում, որտեղ երեխաները ենթակա են ռիսկերի։ Այս վարքագիծը պետք է փոխվի։
Եկե՛ք.
- Վերանորոգենք սարքերը և ամեն երկու-երեք տարին չփոխենք դրանք.
- Գնենք սարքեր, որոնք ենթակա են վերանորոգման, վերափոփման կամ վերամշակման.
- Մարտկոցի լիցքավորման մակարդակը պահենք 20-ից 80 տոկոսի սահմանում, քանի որ այդպիսով մարտկոցի աշխատանքի տևողությունը երկարում է.
- Լիովին լիցքավորված սարքերը երբե՛ք հոսանքին միացրած մի թողեք։ Դրա փոխարեն լիցքավորեք կարճ և կանոնավոր միջակայքերով, քանի որ դա նույնպես օգնում է երկարացնել մարտկոցի կյանքը։

2. Նվազեցնել սարքերի էներգիայի սպառումը:
Էներգիան կլիմայի փոփոխության հիմնական «մեղավորն» է. այն կազմում է ընդհանուր ջերմոցային գազերի արտանետումների շուրջ 60 տոկոսը: Առանց էներգիայի մեր թվային սարքերն ու լուծումները/ծառայությունները չեն աշխատի: Այնուամենայնիվ, կան որոշ պարզ քայլեր, որոնք կարող ենք անել՝ նվազեցնելու մեր սարքերի էներգիայի սպառումը:
Եկե՛ք.
- Երբեք անլար լիցքավորիչներ չօգտագործենք, քանի որ դրանք 50 տոկոսից ավել էներգիա են օգտագործում.
- Հոսանքից հանենք մեր լիցքավորիչները, երբ չեն օգտագործվում.
- Անջատենք մեր սարքերը, երբ չենք օգտագործում դրանք, հատկապես գիշերը (այդ թվում՝ Wi-Fi-ը կամ Bluetooth-ը)
- Խուսափենք օգտվել մեծ էկրաններից կամ երկու էկրանից, եթե իսկապես չկա դրա անհրաժեշտությունը.
- Նվազեցնենք մեր էկրանների պայծառությունը եւ օգտագործենք մուգ ռեժիմ (կամ մոխրագույն ռեժիմ բջջայինի դեպքում): Սա ոչ միայն խնայում է էներգիան, այլև նվազեցնում աչքերի հոգնածությունն ու չորությունը:
- Փակենք հավելվածները, պատուհանիկները և ապաակտիվացնենք տեղորոշման ծառայությունները, երբ չենք օգտագործում դրանք.
- Նվազեցնենք ծանուցումները և անիմացիոն էկրանապահիչների (screen saver) կիրառումը: Սա խնայում է էներգիան:

3. Ավելի քիչ օգտվել էլեկտրոնային փոստից:
Միջինում, մեկ տարվա ընթացքում ստացվող էլեկտրոնային նամակները մարդու ածխածնային «ոտնահետքը» ավելացնում են ևս 136 կգ արտանետմամբ. սա համարժեք է սովորական ավտոմեքենայով 320 կմ վարելուն։ Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն էլեկտրոնային փոստից օգտվելուց առաջ ևս մեկ անգամ մտածել.
Եկե՛ք.
- Միշտ օգտվենք առցանց ֆայլերի հղումներից և նամակներին փաստաթղթեր չկցենք։ Ամպային և նմանատիպ այլ լուծումներ, կօգնեն նվազեցնել նամակների չափը/ծանրությունը:
- Պարբերաբար ջնջենք հին էլեկտրոնային նամակները մեր փոստարկղից.
- «Պատասխանել բոլորին» տարբերակից օգտվենք միայն անհրաժեշտության դեպքում.
- Դադարեցնենք անցանկալի կամ այլևս ոչ անհրաժեշտ նյութերի բաժանորդագրումը։

4. Մաքրե՛նք ֆայլերն ու հավելվածները:
Տվյալների վերաօգտագործման հավանականությունը ժամանակի ընթացքում նվազում է: Տվյալների միայն 5 տոկոսն է ակտիվորեն վերաօգտագործվում պահելուց 90 օր անց: Առցանց պահվող տվյալները տեղ են զբաղեցնում սերվերների վրա, որոնք 24/7 ռեժիմով էներգիա են պահանջում: Նույնը վերաբերում է սմարթ բջջային հեռախոսներ ներբեռնվող ծրագրային հավելվածներին: Հեռախոսներ ներբեռնված ծրագրերի պահպանումը միջինում 90 օրվա ընթացքում հասնում է 5 տոկոսի: Երբ համեմատում ենք այս փաստերը տանն ու աշխատավայրում տվյալների պահպանման ու հավելվածների էսպոնենցիալ (exponential) աճի հետ, ապա մեր գործողությունները վերանայելու անհրաժեշտություն է առաջանում։
Եկե՛ք.
- Պարբերաբար վերանայենք եւ մաքրենք մեր ֆայլերն ու հավելվածները.
- Չպահենք այն տվյալները, որոնք, վստահ ենք, որ այլեւս չենք օգտագործելու.
- Նվազեցնենք մեր փաստաթղթերի, պատկերների, տեսանյութերի և այլ մուլտիմեդիա նյութերի չափը.
- Նոր ֆայլեր կամ նոր հավելվածներ ներբեռնելուց և վերբեռնելուց առաջ ևս մեկ անգամ մտածենք։

5. Առցանց հանդիպումներին առավել կենսակայուն մոտեցումներ դրսևորենք:
Համավարակն արմատապես փոխեց մեր աշխատելու ձևերը։ Քանի որ տնից հեռավար և հիբրիդային (հեռավար և տեղում) եղանակով աշխատելու հնարավորությունն աստիճանաբար սովորական է դառնում, մենք աստիճանաբար ավելի շատ ենք առցանց հանդիպումները նախընտրում։ Սա կազմակերպություններին հնարավորություն է տալիս շարունակել բնականոն աշխատանքը և ողջ աշխարհով համագործակցություններ սկսել՝ միաժամանակ կրճատելով ուղևորությունները, ծախսերն ու կազմակերպության ածխածնային «ոտնահետքը»։ Այսուհանդերձ, առցանց հանդիպումները, ցավոք, ներառում են որոշակի թաքնված ծախսեր, այդ թվում՝ համացանցի օգտագործման տեսքով, ինչն ավելի շատ էներգիայի օգտագործում է ենթադրում։ Տեղադրված հղումով կարող եք ծանոթանալ հաշվիչին, որը թույլ կտա հաշվարկել առցանց հանդիպումների արդյունքում ձեր «ոտնահետքը»: Չնայած միշտ ցանկալի է տեսախցիկը միացրած պահել, ստորև ներկայացված են ածխածնային «ոտնահետքի» նվազեցման որոշ խորհուրդներ։
Եկե՛ք.
- Առցանց զանգի ժամանակ տեսախցիկը միացնենք միայն անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ ծանոթանալու և ողջունելու, փոքր թիմային հանդիպումներին խոսելու համար).
- (Մեր) տեսանյութը կամ աուդիոն ստանդարտ չափով հեռարձակենք (standard stream).
- Նվազեցնենք մասնակցությունը ոչ շատ անհրաժեշտ առցանց հանդիպումներին.
Երբ բոլոր մասնակիցները գրասենյակում են, հանդիպումը կազմակերպենք դեմ առ դեմ, այլ ոչ թե առցանց։