Համաշխարհային կլիմայական ճգնաժամն ու ջուրը. 10 փաստ, որ պետք է իմանալ
Աշխարհը պետք է ջրի ձեռք բերման խելացի մոտեցումներ ցուցաբերի:Յուրաքանչյուրս մեր դերն ունենք, և այլևս սպասել չենք կարող:
- Հայերեն
- English
Կլիմայի փոփոխությունները խախտում են օրինաչափությունները, ինչը հանգեցնում է եղանակային ծայրահեղ դրսևորումների, ջրի հասանելիության անկանխատեսելի մակարդակի, ջրի սակավության և ջրային պաշարների աղտոտման: Նման երևույթները լրջագույն ազդեցություն ունեն ջրի քանակի և որակի վրա, իսկ ջուրը երեխաների կյանքի համար կենսական անհրաժեշտություն է:
Այսօր, հենց ջրի հետ կապված փոփոխություններն են կլիմայի փոփոխության ցուցիչը: Վտանգված է միլիոնավոր երեխաների կյանքը:
- 2001-2018 թվականներին բնական աղետների շուրջ 74 տոկոսը ջրային էին, այդ թվում՝ երաշտներ ու ջրհեղեղներ: Ըստ ենթադրությունների, կլիմայի փոփոխությանը զուգահեռ, նման դրսևորումների հաճախականությունը կարող է մեծանալ:
- Մոտ 450 միլիոն երեխա ապրում է ջրի բարձր կամ ծայրաստիճան բարձր խոցելիություն ունեցող բնակավայրերում: Իսկ սա նշանակում է, որ նրանք առօրյա կարիքները հոգալու համար բավարար ջուր չունեն:
- Աղետների հետևանքով կարող են ոչնչանալ կամ աղտոտվել ջրի ամբողջական պաշարներ՝ մեծացնելով այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են խոլերան և տիֆը:
- Ջերմաստիճանի բարձրացումը աղբյուրներում կարող է մահացու հարուցիչներ առաջացնել քաղցրահամ ջրում՝ այն դարձնելով խմելու համար վտանգավոր:
- Աղտոտված ջուրը հսկայական վտանգ է ներկայացնում երեխաների կյանքի համար: Ջրի և սանիտացիայի հետ կապված հիվանդությունները 5 տարեկանից փոքր երեխաների մահվան հիմնական պատճառներից են:
- Ամեն օր, 700-ից ավելի՝ մինչև 5 տարեկան երեխա է մահանում լուծից, որի առաջացումն անմիջականորեն կապված է ջրի քանակի, որակի, սանիտացիայի և հիգիենայի հետ:
- Կլիմայի փոփոխությանը համընթաց աշխարհում ավելանում են խիստ սահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող գոտիները, ինչի հետևանքով մեծանում է ջրի համար մրցակցությունը՝ հանգեցնելով նույնիսկ բախումների:
- Մինչև 2040 թվականը, աշխարհի գրեթե ամեն 4-րդ երեխան ապրելու է ջրի չափազանց բարձր լարվածություն ունեցող վայրերում:
- Ծովի մակարդակի բարձրացման պատճառով քաղցրահամ ջուրն աղի է դառնում՝ վտանգելով ջրային ռեսուրսները, որոնց ապավինում են միլիոնավոր մարդիկ:
Կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում այսօ՛ր: Պետք է գործենք հիմա՛, իսկ ջրի խնդիրներին անդրադառնալը խնդրի լուծման մի մասն է:
Հայաստանում կլիմայի փոփոխությունն էապես ազդել է Սևանա լճի ջրաջերմային ռեժիմի, ինչպես նաև ողջ էկոհամակարգի վրա: Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ լճի կապտականաչ ջրիմուռներով ծաղկման հիմնական պատճառներն են ջերմային ֆոնի բարձրացումը և ներջրամբարային պրոցեսների արդյունքում կենսածին տարրերի ներգրավումը ջրիմուռների զարգացման և ծաղկման գործընթացներում: Լճի վրա նաև ազդում է գետերով և ոչ գետային ջրահոսքով ավազանից կենսածին տարրերի ավելացումը, որը կենցաղային աղտոտման արդյունք է առափնյա բնակավայրերից և ջրածածկ անտառային շերտից: Այս ամենն, իհարկե, բացասաբար է անդրադառնում և վտանգում է լճի ձկնային պաշարները:
Կլիմայի փոփոխությանը զուգահեռ, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն ու օգտագործումը կպաշտպանի երեխաների առողջությունը և կփրկի նրանց կյանքը: Ջուրն ավելի արդյունավետ կերպով օգտագործելը և արևի էներգիայով աշխատող ջրային համակարգերին անցնելը կնվազեցնեն ջերմոցային գազերի քանակն ու, հետագայում, կպաշտպանեն երեխաների ապագան: Կան նաև բազում այլ լուծումներ:
Աշխարհը պետք է ջուրը «խելացի» օգտագործի: Յուրաքանչյուրս ունենք մեր դերը, իսկ սպասել այլևս չենք կարող:
Ծանոթացեք, թե ինչպես կարող եք տան պայմաններում խնայել ջուրը. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են ինը պարզ մոտեցում, որ կարող եք կիրառել տանն ու խնայել ջուրը: Զրուցե՛ք այս թեմայով ձեր երեխաների հետ և սովորեցրեք, թե ինչպես կարող են մաքուր պահել շրջակա միջավայրն ու ջրային ռեսուրսները: