Մաքրության և հիգիենայի հետ կապված խորհուրդներ՝ ՔՈՎԻԴ-19 վարակը ձեր տնից հեռու պահելու համար

Լվացքից մինչև սննդի պատրաստում. ամենօրյա գործողություններ, որոնք կօգնեն պաշտպանել ձեր ընտանիքը

ՅՈՒՆԻՍԵՖ
Փոքրիկ աղջնակը լվանում է տան մուտքի մոտ գտնվող փայտե նստարանը, նրա կողքին է նաև մանկական սայլակում դրված արջուկը։
© UNICEF/UNI316270/Bajornas
23 Ապրիլ 2020

Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուս (ՔՈՎԻԴ-19) ձեռք բերել սննդի միջոցով: Այս պայմաններում ինչպե՞ս պետք է լվացք անեմ:

Առօրյա կենցաղային գործերը վերածվել են անորոշության ու տագնապի աղբյուրների, քանի որ ընտանիքները փորձում են անել տարրական տնային գործերը՝ միաժամանակ պահպանելով սիրելիների ապահովությունն ու առողջությունը: Վիրուսի մասին համատարած ապատեղեկատվությունը ռիսկի է ենթարկում յուրաքանչյուրին և ավելացնում է իրականությունը կեղծիքից զատելու հետ կապված սթրեսը:

Մինչ ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված հետազոտությունները շարունակվում են, մենք արդեն գիտենք, որ վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառությունից գոյացող օդակաթիլային արտազատումների հետ ուղղակի շփման հետևանքով (հազալիս և փռշտալիս), ինչպես նաև վիրուսով ախտահարված մակերևույթներին դիպչելիս: Վիրուսը մակերևույթների վրա կարող է գոյատևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Սակայն կա նաև լավ լուր. հասարակ ախտահանիչները իզորու են վերացնել վիրուսը: Եվ այսպես՝ ինչպե՞ս է դա անդրադառնում ձեր տան վրա:

Ծնողներին օգնության ձեռք մեկնելու համար մենք մեկտեղել ենք ամենաթարմ տեղեկատվությունն այն մասին, թե ի՛նչ է հայտնի ՔՈՎԻԴ-19-ի մասին, ինչպես նաև տրամադրել խորհուրդներ՝ վիրուսը ձեր տնից հեռու պահելու վերաբերյալ:

ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանվելու համար մաքրության և հիգիենայի հետ կապված խորհուրդներ՝

Անձնական հիգիենա

Տան մաքրություն

Հագուստի մաքրում

Սննդի մշակում և պատրաստում

Անձնական հիգիենա

Հիգիենայի տարրական կանոնները կարող են օգնել ձեր ընտանիքի և այլոց առողջության պահպանման հարցում:

Մի՛ դիպչեք ձեր դեմքին: Խուսափե՛ք ձեր աչքերին, քթին և բերանին դիպչելուց:

Մի՛ հազացեք կամ փռշտացեք ձեր ձեռքի մեջ: Հազալիս կամ փռշտալիս արմունկով կամ անձեռոցիկով փակեք ձեր բերանը և քիթը: Գործածված անձեռոցիկը անմիջապես նետեք աղբամանը:

Պահպանե՛ք անհրաժեշտ հեռավորությունը: Պահպանե՛ք առնվազն 1 մետր (3 ոտնաչափ) հեռավորություն հազացող կամ փռշտացող մարդկանցից:

Լվացե՛ք, լվացե՛ք և ևս մեկ անգամ լվացե՛ք ձեռքերը: Այո՛, դուք սա լսում եք ամենուրեք, որովհետև սա պաշտպանության լավագույն միջոցն է: Ձեռքերը հաճախակի լվացե՛ք օճառով և ջրով՝ առնվազն 20-30 վայրկյան տևողությամբ: Երեխաների հետ այդ ժամանակահատվածը հաշվարկելու հեշտ եղանակ է՝ «Happy birthday» երգը երկու անգամ սկզբից մինչև վերջ երգելը:

Քիթը մաքրելուց, փռշտալուց, զուգարանից օգտվելուց հետո, տնից դուրս գալիս և վերադառնալիս, սնունդ պատրաստելուց կամ ուտելուց, դիմահարդարվելուց, ինչպես նաև աչքի կոնտակտային լինզաները տեղադրելուց առաջ անպայման լվացեք ձեռքերը:

Ձեռքի ախտահանիչ օգտագործելիս՝ համոզվեք, որ այն պարունակում է առնվազն 60 տոկոս ալկոհոլ, արեք այնպես, որ այն տարածվի ձեռքի բոլոր մասերի վրա և երկու ձեռքը միասին տրորեք 20-30 վայրկյան՝ մինչև ձեռքերի չորանալը: Եթե ձեռքերը ակնհայտորեն կեղտոտ են, դրանք միշտ լվացեք օճառով ու ջրով:

Գիտեի՞ք արդյոք. Թե՛ սառը, և թե՛ տաք ջուրը հավասարապես արդյունավետ են մանրէներն ու վիրուսները վերացնելու գործում. եթե, իհարկե, օգտվում եք օճառից և ձեռքերը լվանում եք՝ ինչպես հարկն է:

Փոքրիկ Անին ավելը ձեռքին պատրաստվում է մաքրել տան փայտե աստիճանները։
UNICEF Armenia/2019/Margaryan

Տան մաքրություն

Ձեր տան՝ հաճախակի շփման մակերևույթները կանոնավոր մաքրելը և վարակազերծելը կարևոր նախազգուշական միջոց են՝ վարակվելու ռիսկը նվազեցնելու առումով:

Հետևե՛ք մաքրող նյութերի գործածման հրահանգներին՝ դրանց ապահով և արդյունավետ օգտագործման համար, այդ թվում՝ պահպանե՛ք այդ նյութերից օգտվելու նախազգուշական միջոցները. ձեռնոցներ հագեք և ապահովեք լավ օդափոխություն:

Հաճախակի շփման մակերևույթների մաքրումը և վարակազերծումը։

Յուրաքանչյուր տուն տարբեր է յուրովի, սակայն բոլորին հատուկ են հաճախակի շփման հետևյալ մակերևույթները. դռան բռնակները, սեղանները, աթոռները, բազրիքները, խոհանոցի և լոգարանի մակերևույթները, ծորակները, զուգարանները, լույսի անջատիչները, բջջային հեռախոսները, համակարգիչները, պլանշետները, ստեղնաշարերը, հեռակարավարման վահանակները, էլեկտրոնային խաղերի կառավարման սարքերը և սիրելի խաղալիքները:

Ի՞նչ գործածել մաքրելու և վարակազերծելու համար։

Եթե մակերևույթը կեղտոտ է, նախ այն մաքրեք օճառով կամ լվացող նյութով և ջրով: Ապա գործածեք (շուրջ 70 տոկոս) ալկոհոլ պարունակող ախտահանող նյութ կամ սպիտակեցնող հեղուկ: Խորհուրդ չի տրվում գործածել քացախ կամ այլ բնական նյութեր:

Հնարավոր է, որ շատ վայրերում ախտահանող ցողանյութեր և անձեռոցիկներ գտնելը դժվար լինի: Նման դեպքերում շարունակեք մաքրել օճառով ու ջրով: Սպիտակեցնող հեղուկի հիմքով լուծույթները ևս կարող են գործածվել որոշ մակերևույթների վրա:

Ինչպես վարակազերծել։

Կարևոր է մաքրող լուծույթները չսրբել մակերևույթին քսելուց անմիջապես հետո: Ախտահանող շատ նյութեր, ինչպիսիք են՝ անձեռոցիկներն ու ցողանյութերը, պետք է մակերևույթի վրա թաց վիճակում մնան մի քանի րոպե, որպեսզի արդյունավետ ներգործություն ունենան: Միշտ կարդացեք հրահանգները՝ որպեսզի նյութերն օգտագործեք ինչպես հարկն է, և խուսափեք այնպիսի զգայուն առարկաները վնասել , ինչպիսիք են՝ բջջային հեռախոսները և էլեկտրոնային այլ սարքերը: Ձե՛ռք բերեք էլեկտրոնային սարքերը սրբվող շերտով պաշտպանելու այլ տարբերակներ:

Սեփական տան բալկոնում լվացք է փռած։
UNICEF Armenia/2019/Margaryan

Հագուստի մաքրում

Առայժմ պարզ չէ, թե ՔՈՎԻԴ-19-ը վիրուսը որքան կարող է գոյատևել գործվածքի վրա, սակայն հագուստի որոշ պարագաների վրա կան պլաստիկ և մետաղյա տարրեր, որոնց վրա վիրուսը կարող է գոյատևել մի քանի ժամից մինչև մի քանի օր:

Գործեք զգուշությամբ և ողջախոհությամբ: Ճիշտ է՝ տուն մտնելիս կոշիկները հանելը, մարդաշատ վայրերում լինելուց հետո տուն վերադառնալիս մաքուր հագուստ հագնելը, դրանից անմիջապես հետո ձեռքերը օճառով և ջրով լվանալը:

Լվացքը տանը անելը

Կանոնավոր լվացե՛ք անկողնային սպիտակեղենը, սրբիչները և հագուստը:

  • Թափ մի՛ տվեք կեղտոտ լվացքը՝ վիրուսը օդի միջոցով տարածելու հնարավորությունը նվազեցնելու համար.
  • Իրերը լվացե՛ք օճառով և լվացող նյութերով՝ թույլատրելի սահմաններում տաք ջրով, և լիարժեք չորացրեք դրանք. երկու քայլն էլ օգնում են սպանել վիրուսը.
  • Ձեռքերը լվացեք օճառով և ջրով կամ դրանից անմիջապես հետո օգտագործեք ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչ.
  • Լվացե՛ք կամ ախտահանե՛ք նաև լվացքի պարկը կամ զամբյուղը: Փորձեք լվացքը հավաքել մեկանգամյա օգտագործման տոպրակներում:

Եթե լվացքի հնարավորություններ առկա չեն, հագուստը լվացեք ձեռքով՝ տանը՝ օճառով կամ լվացող նյութով և թույլատրելի սահմաններում տաք ջրով:

Տան խոհանոցում փոքրիկ տղան խմոր է պատրաստում և թխվածքաբլիթներ թխում, իսկ նրա քույրիկը օգնում է շարել դրանք։
UNICEF Armenia/2019/Margaryan

Սննդի մշակում և պատրաստում

Թեև ներկայումս ապացուցված չէ, որ մարդիկ ՔՈՎԻԴ-19-ով կարող են վարակվել սննդի կամ սննդի փաթեթավորման միջոցով, հնարավոր է, որ մարդիկ վարակվեն՝ վիրուսով ախտահարված մակերևույթին կամ առարկային դիպչելուց հետո սեփական դեմքին հպվելու հետևանքով:

Ամենամեծ ռիսկը կապված է դրսում առևտուր անելիս կամ սննդի առաքանին ստանալիս այլ մարդկանց հետ սերտ շփվելու հետ (ինչպես և տեղում վարակվելու հնարավորություն ունեցող բոլոր վայրերում ցանկացած առաքանի ստանալիս): Ինչպես միշտ, սնունդը մշակելիս լավ հիգիենան կարևոր է՝ սննդի հետ կապված հիվանդության կանխարգելման հարցում:

Սննդի փաթեթավորման և մշակման հետ կապված նախազգուշական միջոցներ

  • Հեռացրե՛ք ցանկացած ոչ անհրաժեշտ փաթեթավորումն ու այն նետե՛ք կափարիչ ունեցող աղբամանի մեջ.
  • Սնունդը հանե՛ք առաքման համար նախատեսված տարաներից, դրե՛ք այն մաքուր ափսեի վրա, իսկ տարան նետե՛ք աղբամանը.
  • Այնպիսի փաթեթավորումը, ինչպիսիք են պահածոյի տուփերը, կարելի է նախքան բացելը կամ տեղավորելը սրբել ախտահանիչով.
  • Հոսող ջրով խնամքով լվացե՛ք չփաթեթավորված մթերքը, օրինակ՝ միրգն ու բանջարեղենը.
  • Այս ամենից հետո ձեռքերը լվացե՛ք օճառով ու ջրով կամ գործածե՛ք ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչ:

Սննդային հիգիենայի ընդհանուր խորհուրդներ

  • Նախքան որևէ սնունդ պատրաստելը և նախքան ուտելը՝ ձեռքերը խնամքով լվացեք օճառով ու ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ.
  • Հում միս և ձուկ պատրաստելիս՝ գործածե՛ք կտրատելու առանձին տախտակներ.
  • Սնունդը պատրաստե՛ք խորհուրդ տրվող ջերմաստիճանի պայմաններում.
  • Հնարավորության դեպքում արագ փչացող մթերքը պահե՛ք սառնարանում կամ սառցարանում և ուշադրություն դարձրե՛ք պահպանման ժամկետին.
  • Փորձե՛ք սննդի մնացորդներն ու փաթեթները վերամշակել կամ ոչնչացնել պատշաճ և սանիտարական պայմաններում՝ խուսափելով աղբի կուտակումից, որը կարող է գրավել միջատների.
  • Միշտ օգտվե՛ք մաքուր խոհանոցային սպասքից ու ափսեներից: